Ճիշդ սնուելը միշտ է կարեւոր է: Բոլորս էլ համոզուած ենք, որ մեր օրգանիզմի առողջութիւնը կախուած է մեր ընդունած սննդարար նիւթերից եւ ճիշդ նիւթափոխանակութեան ապահովմամբ: Այսօրուայ խորհուրդները կը վերաբերեն շոգ եղանակին սնուելու կանոններին:
Նախապատուութիւնը պէտք է տրուի այն մթերքներին, որոնք կը լրացնեն օրգանիզմի հանքային նիւթերի ու ջրի պակասը: Այդպիսի յատկութիւն ունեն մրգերն ու պտուղները, յատկապէս՝ սեխ, ձմերուկ, տանձ, խնձոր, ծիրան, ելակ, ազնուամորի եւայլն: Շատ կարեւոր է նաեւ բանջարեղէնը՝ վարունգ, պոմիդոր (լոլիկ), տաքդեղ, սամիթ, մաղադանոս (ազատքեղ), նեխուր, անանուխ: Չմոռանանք սպանախի (շոմին) մասին, որը հարուստ է մագնիզիումով ու լիւթէյնով, որոնք պաշտպանում են մեր մաշկն ու աչքերը արեւի ճառագայթներից:
Անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների․
1. Աւելի շատ հեղուկ օգտագործել. գերադասելի է ջուր եւ ոչ քաղցր կանաչ թէյ:
2. Հրաժարուել բարձր կալորիականութիւն ունեցող սննդից, յատկապէս խմորեղէնից:
3. Սնունդ ընդունել օրուայ համեմատաբար զով ժամերին:
4. Օգտագործել աւելի շատ վիտամիններով (կենսանիւթ) հարուստ սննդամթերք, այն է՝ միրգ եւ բանջարեղէն. անհրաժեշտ է յիշել, որ դրանք օգտագործելուց առաջ պէտք է լաւ լուանալ:
Շոգ եղանակին մթերքներն աւելի արագ են փչանում, իսկ դա նշանակում է, որ անգամ պիտանիութեան չսպառուած ժամկէտով մթերքները կարող են պիտանի չլինել սննդում օգտագործուելու համար։ Այս առնչութեամբ արժէ ուշադրութիւն դարձնել դրանց արտաքին տեսքին, համին եւ հոտին։
Տապ եղանակին սննդաբաժնից բացառել կաթը, ալկոհոլը (ոգելից ըմպելի) եւ պահածոները, որոնք կարող են սրել սննդային թունաւորումը։ Ցանկալի չէ նաեւ ամռանը հում եւ թթու մթերքներ օգտագործելը՝ մեղրը, կիտրոնը, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը։
Նրանց, ովքեր իրենց հանգիստն անցկացնում են օտար երկրներում, խորհուրդ է տրւում զգուշութեամբ օգտագործել տեղի խոհանոցի կերակուրները, քանի որ դրանց մեծ քանակութիւնը կարող է դժուարութեամբ իւրացուել օրգանիզմի կողմից։