ԱՐՄԻՆԷ ԱԿՈՋԵԱՆ
Օգոստոսին Ախալքալաքից ԱՄՆի Օհայօ նահանգ կը մեկնի Ռիմմա Շիրինեանը: Նա միակն է, ով այս տարի երկու՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետներից (քաղաքապետութիւններու), յաջողութեամբ յաղթահարել է ապագայ առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) բոլոր փուլերը:
Ռիմման ապրում է Ախալքալաքում, սովորում է քաղաքի թիւ 1 հանրային դպրոցի 11րդ դասարանում: Դեռ չի որոշել որտեղ է ուզում ստանալ բարձրագոյն կրթութիւն, մտածում է՝ թէ Երեւանի, թէ Թբիլիսիի համալսարանների մասին, պէտք է դառնայ կամ իրաւաբան, կամ էլ IT մասնագէտ: Իր ապագան չի տեսնում Ախալքալաքում: Նա ցանկանում է տարբեր նախագծերի դիմել եւ գնալ նաեւ եւրոպական տարբեր երկրներ:
FLEX-ին մասնակցելը եղել է Ռիմմայի երկու տարուայ նպատակը: Նախանցած տարի չի մասնակցել, քանի որ ցանկացել է աւելի լաւ պատրաստուել: Հիմա արդէն շատ ուրախ է, զբաղուած է նախապատրաստական աշխատանքներով:
«Մինչեւ իմ դիմելը իմ ծանօթն էր դիմել Flex նախագծին ու ինքն ինձ ասաց՝ փորձիր, ընթացքում, ի հարկէ, նա ինձ բացատրել էր ամէն ինչ: Ես ընտանիքիս հետ խորհրդակցելուց յետոյ որոշեցի դիմել: Որ ասեմ, ինձ համար դժուար էր երեւի այդքան էլ չէ, եթէ դիմորդն անգլերէն A2 մակարդակի իմանայ, ապա շատ դժուար չի լինի», ասում է Ռիմման:
Անգլերէն սովորելու համար Ռիմման անհատական չի պարապել, դպրոցում է սովորում եւ ֆիլմեր է նայում, օգտւում է տարբեր կայքերից, որտեղ անգլերէն են սովորեցնում:
Ինչպէս մեր հերոսուհին է նշում իր համար առաջին երկու փուլը դժուար չի եղել, մի քիչ բարդ է եղել երրորդ փուլը, երբ «էսսէյ»ներ (գրական նախափորձ) են գրել, խմբային աշխատանքներ ներկայացրել եւ հարցազրոյց տուել:
Ռիմման այդքան էլ վստահ չի եղել, որ կ՛անցնի, սակայն երբ զանգել ու ասել են, շատ է ուրախացել:
«Անկեղծ ասած, ես այդքան էլ յոյս չունէի, որ կ՛անցնէի: Կարծես մէջիս մի կէսը համաձայն էր, եւ յուշում էր ինձ, որ կ՛անցնեմ, իսկ միւս կէսը՝ հակառակը: Յետոյ կարծում էի, որ «էսսէյ»ի մէջ սխալ եմ գրել, կարծում էի հարցազրոյցի ժամանակ սխալ եմ խօսել եւ ինքս ինձ ներշնչեցի, որ դժուար անցնեմ», ասում է Ռիմման:
Նախագիծն անցնելուց յետոյ շատ բան չեն պահանջել, անձնագիր, պատուաստումներ եւ նպանատիպ այլ հարցեր:
«Երբ որ անցայ շատ-շատ ուրախացայ, կարծում էի, որ արդէն ամէն ինչ լաւ է, ու ոչ մի խնդիր այլեւս չկայ: Հիմա աւելի խորն եմ մտածում: Մէկ տարի պէտք է առանձին ապրեմ, եւ հիմնականում դա է, որ մտածել է տալիս», աւելացնում է նա:
Մեր հերոսուհին կարծում է, որ նախագծին դիմելու համար կարեւոր է ունենալ այլ մտածելակերպ եւ աշխարհահայեացք, ասում է՝ փնտռում են այնպիսի մարդկանց, որ ազատ լինեն, լիդեր լինեն:
«Նրանք փնտռում են այնպիսի մարդկանց, որ կարողանան մէկ տարի դիմանալ այնտեղ: Երրորդ փուլին հարցազրոյցը հէնց դրան էլ վերաբերւում էր, քանի որ հոգեբանը նոյնպէս ներկայ է լինում այդ հարցազրոյցին»:
Նա արդէն կապ է հաստատել այն ընտանիքի հետ, որտեղ ապրելու է, դեռ նախնական շփումից ասում է՝ լաւ մարդիկ են երեւում եւ յոյս ունի, որ ոչ մի խնդիր չի ունենալու:
Ռիմմա Շիրինեանը միշտ փորձել է անկախ լինել, անգամ փոքր ժամանակ դասերն անելուց փորձել է չդիմել ծնողների օգնութեանը եւ կարծում է, որ այս նախագծով գնալը մարդուն դարձնում է աւելի անկախ, աւելի վստահ սեփական ուժերի նկատմամբ:
Երբ իմացել է, որ իրեն են ընտրել, որոշել է ոչ ոքի չասել այնքան ժամանակ, մինչեւ պաշտօնապէս չգայ պատասխանը, ուսուցչուհին կարծել է, թէ նա չի անցել, եւ հարցրել է.
«Ռիմմա ջան չե՞ս անցել, որ ձայն չես հանում, ասացի՝ անցել եմ, նա շատ ուրախացաւ եւ ուրախացան նաեւ դասարանցիներս, ասացին մաղարիչը իրենց վրայ», ժպտալով պատմում է Ռիմման:
Ռիմման գնում է Օհայօ նահանգ, չնայած, որ ինքն ուզում էր կամ Կալիֆորնիա, կամ Նիւ Եորք:
Մեր հերոսուհին տիրապետում է վեց լեզուի՝ հայերէն, ռուսերէն, անգլերէն, վրացերէն, իսպաներէն եւ թուրքերէն:
Նրա ընտանիքը նոյնպէս հաճելի անակնկալի է եկել, դժուար է նրանց պատկերացնել մի տարի իրենց աղջկան ովկիանոսից այն կողմ, սակայն նրանց համար Ռիմմայի ապագան առաջին հորիզոնականում է:
Ռիմմայի հետ այս ծրագրով Ախալքալաքից եւ Նինոծմինդայից 4ական դիմորդներ են եղել, սակայն նրանցից ոչ ոք չի անցել: Ռիմման տխրել է նրանց համար: Ասում է՝ երբ գայ ԱՄՆից եւ օգնութեան կարիք ունենան, ապա կ՛օգնի բոլորին:
Նա խորհուրդ է տալիս բոլորին՝ ունենալ մեծ վստահութիւն սեփական ուժերի նկատմամբ:
«Շատ կարեւոր է, լինել անկախ, գիտակցել, որ այնտեղ ոչ ոք քեզ չի օգնի եւ շատ աշխատել»:
Ապագայում ցանկանում է Ախալքալաքում բացել տարբեր կենտրոններ, որոնք երիտասարդներին կ՛օգնեն դասերից յետոյ զբաղուել այլ հետաքրքրութիւններով:
Յիշեցնենք, որ «Future Leaders Exchange Program» (FLEX) մշակութային փոխանակման ծրագիրն աւագ դպրոցի աշակերտների համար ստեղծուել է 1992 թուականին՝ սենատոր Բիլ Բրէյդլիի կողմից:
Աղբիւր՝ jnews.ge