Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան 23 Մայիսին հետեւեալ ուղերձը յղեց՝ արտաքին ու ներքին մարտահրաւէրներուն վերաբերեալ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդէն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական յանցաւոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխուող իրադարձութիւններ, որոնք ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն իրենց ազդեցութիւնն են թողնում տարածաշրջանի եւ, մասնաւորապէս, Արցախի Հանրապետութեան եւ մեր ժողովրդի վրայ: Չնայած ստեղծուած իրավիճակին ու օրէցօր ահագնացող մարտահրաւէրներին` Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հաւաքական իրաւունքների ու ազատութիւնների համար` շարունակելով նախնիների սուրբ գործը:
Շրջափակմամբ եւ արտաքին այլ գործօններով պայմանաւորուած ռիսկերին (վտանգները) աւելանում է նաեւ Արցախի ներքին կեանքի հիմնախնդիրների սրումը եւ ներքաղաքական ապակայունութիւնը: Իսկ ահա լայն տարածաշրջանում եւ Հայաստան-Ադրբեջան միջպետական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապէս խորացնում են Արցախի մարտահրաւէրներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խօսել Արցախի քաղաքացիների եւ ամբողջ հայ ժողովրդի հետ` ուղերձի ձեւաչափով:
Արտաքին քաղաքական եւ անվտանգային ուղղութիւններում այժմ առկայ են մի շարք գործօններ, որոնք ուղղակիօրէն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրայ: Կ՛ուզէի դրանցից առանձնացնել հետեւեալները`
– Արցախի աւելի քան հնգամսեայ շրջափակումը` փուլ առ փուլ ահագնացող հումանիտար (մարդկային) ու քաղաքական մարտահրաւէրներով եւ անվտանգային սպառնալիքներով.
– Արցախի կենսական նշանակութեան ենթակառուցուածքների շարունակական խափանման հետեւանքով հումանիտար վիճակի վատթարացումը եւ ռիսկերի մեծացումը.
– Ադրբեջանի կողմից Արցախի հանդէպ ռազմական նոր ագրեսիայի (բռնարարքի) ռիսկի շարունակական աճը եւ էթնիկ (ցեղային) զտման իրականացման անթաքոյց նկրտումները.
– 2020ի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած` Արցախի ժողովրդի անվտանգութեան ռուսական երաշխիքների լրջագոյն ճեղքումը.
– Ռուս-ուկրաինական հակամարտութեամբ պայմանաւորուած` տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարուածութեան եւ Ադրբեջանի ագրեսիւութեան (յարձակողականութեան) աճը.
– Միջազգային իրաւակարգի շարունակական թուլացումը եւ միջազգային հանրութեան ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգութեան ու հիմնարար իրաւունքների ապահովման, ինչպէս նաեւ` միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.
– Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղուած քայլերը:
Հաշուի առնելով վերոնշեալ եւ այլ էական գործօնները` դիմում եմ`
– Արցախի իմ հայրենակիցներին` չվհատուել եւ պատրաստ լինել պայքարի շարունակութեանը` մի կողմ թողնելով ներքին տարաձայնութիւնները եւ մէկ բռունցքի պէս վճռական կերպով ծառայել նոյն նպատակին` Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկայ է լրիւ միասնական մօտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի երէկուայ յայտարարութիւնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից հնչեցուած մտքերի վերաբերեալ` ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ դրա իրացման փաստն անտեսող ցանկացած յայտարարութիւն եւ փաստաթուղթ: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բաւարար վճռականութիւն` իր իրաւունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, եւ ոչ միայն համայն հայութիւնն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլեւ միջազգային դաշտում նոյնպէս կը գտնուեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ` անելանելի, եւ Արցախի իշխանութիւնները կատարում եւ կատարելու են հնարաւոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրաւէրներին դիմակայելու ուղղութեամբ:
– Հայաստանի Հանրապետութեան ժողովրդին` ակտիւ (աշխոյժ) ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչուել Ադրբեջանի մաս եւ շարունակում էք տէր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարեւորագոյն կտորին: Վերջ ի վերջոյ, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է` իր բացառիկ նշանակութեամբ թէ՛ հայոց պետականութեան եւ թէ՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետութեան տէրը, եւ ինքն էլ պէտք է վճռի նման համազգային ու կարեւորագոյն նշանակութեան հարցերը:
– Սփիւռքի մեր հայրենակիցներին` թօթափել հիասթափութեան, անզօրութեան ու անտարբերութեան զգացողութիւնը եւ քաղաքացիութեան երկրների կառավարութիւններից ու Հայաստանի Հանրապետութիւնից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան երաշխաւորման ուղղութեամբ: Ակնկալում ենք, որ իւրաքանչիւր սփիւռքահայ անհատ ու կառոյց բոլոր հնարաւոր միջոցները կը ձեռնարկեն աջակցելու Արցախին եւ զսպելու ադրբեջանական յանցաւոր գործողութիւնները: Սփիւռքն ունի չիրացուած հսկայական ներուժ, որն ի զօրու է լրջագոյն յաջողութիւններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում:
– Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին` ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողութիւնից ու յայտարարութիւնից` հաւատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտաւորութիւններին եւ համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով յետպատերազմեան ժամանակահատուածում Հայաստանի Հանրապետութեան խոցելի վիճակը` մենք ըմբռնումով ենք մօտեցել տարբեր զարգացումների եւ գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիւ զրկանքներ` չէզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետութեանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան յստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի եւ անթոյլատրելի ենք համարում: Եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայութեան գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչուող գործողութիւններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետութեան համար գլխաւոր ուղենիշը պէտք է լինի Արցախի ժողովրդի կամարտայայտութիւնը, որն աներկբայ կերպով դրսեւորուել է անկախութեան եւ սահմանադրական հանրաքուէներով` Հայաստանի Հանրապետութեան եւ ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական յարաբերութիւնների կարգաւորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնից լրիւ անջատ տրամաբանութեամբ եւ Արցախի ժողովրդի կենսական իրաւունքների ու շահերի հաշուին, որոնք, ի դէպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրաւունքների ու շահերի անբաժանելի ու կարեւոր մասը:
– Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւններին եւ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ապահովել Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները` բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչութեանը ահաբեկչական պատանդառութիւնից եւ կանխելով ադրբեջանական ագրեսիւ գործողութիւնները Արցախի ժողովրդի հանդէպ: Անկախ Եռակողմ յայտարարութեան միւս կողմերի գործողութիւններից` Ռուսաստանը ստանձնել է յստակ պարտաւորութիւններ, որոնք լրջագոյն հիմք են եղել պատերազմից յետոյ Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտաւորութիւնների անշեղ ու վճռական կատարում` յանուն Արցախի ժողովրդի եւ Ռուսաստանի դաշնութեան շահերի, ինչպէս նաեւ` հայ ու ռուս ժողովուրդների դարաւոր բարեկամութեան:
– Ադրբեջանի ժողովրդին ու իշխանութիւններին` վերջ տալ Արցախի ժողովրդի հանդէպ ատելութեան ու ցեղասպանական քաղաքականութեանը, պատրաստ լինել իրապէս ընդունել ժողովուրդների իրաւահաւասարութեան սկզբունքը եւ Արցախի հանդէպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրաւունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձեւաչափով երկխօսութեան, հակամարտութեան կարգաւորման եւ խաղաղութեան, սակայն միջազգային իրաւունքի սկզբունքների, յատկապէս` ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վէճերի խաղաղ կարգաւորման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների հիման վրայ: Մենք որեւէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդէպ, սակայն, միւս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանութեան իրաւունք, իսկ Արցախի Հանրապետութիւնը` սեփական ժողովրդին պաշտպանելու պարտաւորութիւն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին` վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիւ միջավայրի կերտումը եւ դարաւոր թշնամութեան աւարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:
– Միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին եւ յատկապէս ՄԱԿի Անվտանգութեան խորհրդին` առաջնահերթօրէն ապահովել ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023ի Փետրուարի 22ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպէս նաեւ անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխաւորել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը` ՄԱԿի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կ՛ուզէի անդրադառնալ նաեւ ներքին կեանքին առնչուող որոշ հարցերի: Պատերազմից յետոյ Արցախը ժամանակ առ ժամանակ յայտնւում է ներքին վայրիվերումների յորձանուտներում, սակայն այս ընթացքում մեզ յաջողուել է ընդհանուր առմամբ ապահովել ներքին համերաշխութեան ու կայունութեան որոշակի մակարդակ: Տարբեր քաղաքական ուժեր ու դերակատարներ տարբեր պահանջներ են ներկայացնում, երբեմն` հիմնաւոր, երբեմն` ոչ: Այս ընթացքում իմ գործունէութիւնը քննադատուել է ամենատարբեր շրջանակների կողմից` մի մասն օբյեկտիւօրէն (առակայական) ու անկեղծօրէն, միւս մասը` սուբյեկտիւ (ենթակայական) եւ ուղղորդուած կերպով: Կարեւոր է արձանագրել, որ երբեմն արտաքին տարբեր ուժեր եւս փորձում են խթանել ներքին ցնցումներն Արցախում, ինչը լրացուցիչ լարուածութեան պատճառ է դառնում:
Այնուամենայնիւ, անկախ քննադատութիւնների ու պահանջների բովանդակութիւնից ու նպատակներից, ներքին իրաւական կարգաւորումների շրջանակներում ես կատարել եմ առաւելագոյնը` ապահովելու փոխադարձ յարգանքի ու երկխօսութեան քաղաքական միջավայր եւ մեզ համար այնքան անհրաժեշտ ներքին կայունութիւն: Այո՛, երբեմն դա արել եմ շատերի համար անսպասելի չափի հանդուրժողականութեամբ, բայց արդիւնքում կարողացել ենք զերծ պահել հանրապետութիւնը կործանարար ցնցումներից ու ներքին սուր բեւեռացումից:
Վերջին օրերին Արցախում կրկին կատարուել են ներքաղաքական լարուածութիւն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ իրենց յայտարարութիւններով, գործողութիւններով կամայ թէ ակամայ ստեղծում են ներքին անհամերաշխութեան ու ապակայունութեան լրացուցիչ պայմաններ:
Քննարկուել են սահմանադրական փոփոխութիւնների, ընտրութիւնների կազմակերպման հետ կապուած հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահութեան հանրաքուէ անցկացնելու եւ պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:
Ես ամենեւին կառչած չեմ նախագահի պաշտօնից, յանուն Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութեան` պատրաստ եմ համագործակցութեան ցանկացած կարող ուժի ու անհատի հետ եւ իմ գործունէութեան ընթացքում փորձել եմ անել ամէնը, որ այդպիսի երեւոյթները գնահատուեն որպէս սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, միւս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխութիւնն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժէքներ են, որոնց պաշտպանութեան թիւ մէկ պատասխանատուն ես եմ:
Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացուածը նոյնպէս ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առաւել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առաւելութիւն: Հէնց այդ հանգամանքն է, որ յաճախ, յանուն երկրի ներքին խաղաղութեան ու համերաշխութեան, ինձ դրդում է համագործակցութեան այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թւում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թոյլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչութիւնը, անձնական նկրտումների բաւարարման փորձերը: Այս մօտեցումը որդեգրել եմ` հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, քաղաքական խորհրդակցութիւնները, վերջին օրերին հասարակութեան բազմաթիւ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացուած պահանջները, իմաստուն գնահատականները եւ ներքին կայունութեան ու ամրութեան առանձնայատուկ կարեւորումը:
Այդ ամէնի առնչութեամբ յայտարարում եմ հետեւեալը.
– Արցախի Հանրապետութիւնում կառավարումը կարող է իրականացուել բացառապէս Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեամբ նախատեսուած մարմինների միջոցով:
– Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցութեան, որոնք ունեն պետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան առնչութեամբ տեսակէտներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցութեան հիմնական հարթակը Անվտանգութեան խորհուրդն է, որտեղ, ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա կարող են իմ կողմից հրաւիրուել բոլոր ուժերի ներկայացուցիչները` առանց բացառութեան:
– Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպէս նաեւ` վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկուած վստահութեան հանրաքուէ կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Յորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կեանքի կայունութիւնը, կրկին ձեւաւորել ճամբարներ, ինչը մերօրեայ պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռեւս 2020ի Դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս` բարենպաստ պայմանների առկայութեան առաջին իսկ դէպքում հրաժարական տալու եւ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու:
– Սահմանափակելու եմ հաւաքների ազատութիւնը: Անընդունելի եմ համարում յատկապէս այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հաւասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետեւանքներն ու մեր երկրի շահերի վրայ ազդեցութիւնը լիարժէք գնահատելու` այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողութիւնները` ուղղուած Արցախի անվտանգութեան դէմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարւում են բացառապէս Արցախի Հանրապետութեան ժողովրդի շահերով եւ, նման յայտարարութիւնների, կոչերի անհրաժեշտութեան դէպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատուութիւնը:
– Արցախի Հանրապետութեան իրաւապահ մարմիններին, մասնաւորապէս` ազգային անվտանգութեան ծառայութեանն ու ոստիկանութեանը յանձնարարում եմ` ուժեղացնել հասարակական անվտանգութեան պահպանութեանն ուղղուած ջանքերը եւ ցանկացած օրինախախտման դէպքում ցուցաբերել համարժէք արձագանգ` խախտում թոյլ տուած անձանց ենթարկելով պատասխանատուութեան: Ներքին կարգապահութիւնը պէտք է լինի մեզանից իւրաքանչիւրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականութիւնը կրում են իրաւապահները:
Ապահովէ՛ք ռազմական դրութեան պայմաններում տեղեկութիւնների հրապարակման յատուկ կարգով սահմանուած պայմանները: Իսկ խախտումներ թոյլ տուող եւ երկրի անվտանգութեանն առնչուող տեղեկութիւններ հրապարակող անձանց ենթարկէ՛ք պատասխանատուութեան եւ ապահովէ՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնութիւն, որպէսզի բոլորին պարզ դառնայ, որ նման արարքները անթոյլատրելի, անօրինական ու դատապարտելի են:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բոլորին յայտնի է ու անհերքելի, որ 2020ի 44օրեայ պատերազմից յետոյ ես ունեցել եմ ամենամեծ պատասխանատուութիւնը, սակայն, այդքանով հանդերձ, երբեք չեմ խուսափել պատասխանատուութիւնից եւ շարունակաբար աշխատել եմ պետականապահպանութեան ուղղութեամբ: Այսօր եւս շարունակում եմ կրել իմ բաժին պատասխանատուութիւնը` ստանձնած ժողովրդի բարձր քուէով, նպատակ չունեմ խուսափել դրանից եւ բաց եմ համագործակցութեան ցանկութիւն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ եւ կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատուութիւնը:
Այս ծանր պայմաններում մենք բոլորս պէտք է մեր ուշադրութիւնը սեւեռենք բացառապէս արտաքին մարտահրաւէրների յաղթահարման ջանքերի վրայ, եւ ներքին որեւէ գործընթացով չպէտք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կեանքի կոչմանը: Հաւաստիացնում եմ, որ մեզնից կախուած հնարաւորինս կատարում ենք շրջափակման վերացման եւ դրա հետեւանքների մեղմացման ուղղութեամբ, եւ այդ ջանքերի մասին պետական լիազօր մարմինները հնարաւորութեան սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակութեանը:
Վստահ եմ, որ մենք կը կարողանանք միասնականութեամբ, ներքին համերաշխութեամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետութեան ու համայն հայութեան սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները եւ ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիւ ապագան:
Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականութեան եւ իմաստնութեան մէջ է:
Լինե՛նք արժանի մեր սուրբ նախնիներին:
Լինե՛նք պատասխանատու մեր յաջորդ սերունդների առջեւ:
Ամրութիւն եւ խոհեմութիւն մեր ժողովրդին»: