ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամէնամեայ «Ըդվենս Արմինիա» (Advance Armenia) կարգախօսով գալան Լոս Անջելեսում կայացաւ Մայիսի 11ին: Դրամահաւաք ձեռնարկի այս տարուայ նպատակն էր նպաստել կազմակերպութեան յատկապէս երկու` «Ըդվենս» դրամաշնորհային (Advance Grants) եւ «Արհեստական բանականութեան սերունդ» (Generation AI) ծրագրերի ընդլայնմանը:
Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր` մոլեկուլային (մասնիկներու) կենսաբան, նեարդաբան, բժշկագիտութեան ոլորտում Նոբելեան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափութեանը:
«Ասպարէզ»ի հետ զրոյցում նա նշեց, որ չափազանց կարեւոր է իւրաքանչիւր միջոցով նպաստել Հայաստանում գիտութեան եւ տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) ոլորտի զարգացմանը: «Անցեալ տարի ես այցելել էի Հայաստան, եւ շատ տպաւորուած էի գիտութեան նկատմամբ երիտասարդ գիտնականների ոգեւորութիւնից: Ուրախ էի լսել, որ ՀՀ կառավարութիւնը մեծացնում է գիտական հետազօտութիւններին տրուող ֆինանսաւորումը, որ չափազանց կարեւոր է: Ես էլ փորձում եմ աջակցել ոլորտի զարգացմանը Սփիւռքից` տարբեր յանձնախմբերի եւ հնարաւոր բոլոր միջոցներով, այդ թւում` Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի, որը շատ կարեւոր ներդրում ունի այդ հարցում: Իւրաքանչիւր նախաձեռնութիւն, որը նպաստում է երիտասարդների ներգրաւմանը գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում` շատ կարեւոր է», նշեց Փաթափութեանը: Նա պատմեց դէպի Նոբելեան մրցանակ իր ուղու մասին, որ անցել է վայրիվերումներով` սկսած Լիբանանից: Ամերիկահայ գիտնականը խորհուրդ տուեց երիտասարդներին գտնել իրենց կոչումն ու նուիրուել սիրելի աշխատանքին, ինչի դէպքում յաջողութիւն անպայման կը լինի:

Փաթափութեանը Նոբելեան մրցանակի է արժանացել ջերմաստիճանի եւ հպման համար պատասխանատու մոլեկուլի (մասնիկի) յայտնաբերման համար: «Մոլեկուլը շատ օգտակար է տարբեր ուղղութիւններով, այդ թւում` ցաւի, արեան ճնշման հետ խնդիրները կարգաւորելու հարցերում: Արդիւնաւէտութեան մասով բացայայտումները շարունակւում են, եւ այժմ աշխատում եմ այդ ուղղութեամբ», իր ընթացիկ գործունէութեան մասին յայտնեց Փաթափութեանը:
Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի ձեռնարկի մասին մանրամասները` «Ասպարէզ»ի առաջիկայ համարներում: