ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Այո, ժողովուրդ ջան, պահն օրհասական է: Մեր հանրապետութեան իշխանաւորները ձգտում են ժամ առաջ կործանել հայրենիքը: Դրանում «լծուած» են ծախուած, Նիկոլի «թելը թելող» բազմաթիւ «վերլուծաբաններ», «քաղաքագէտներ» թէ՛ ՀՀում եւ թէ՛ արտասահմանում:
Վարչապետի Ապրիլի 18ի խորհրդարանում ելոյթից յետոյ յստակեցուեց, որ Նիկոլը ձգտում է ժամ առաջ կատարել այն պայմանաւորուածութիւնները, որոնց մասին խօսում են իր կամ իր ենթակաների հանդիպումներից յետոյ, երբ նրանք հանդիպում են ռուս կամ ադրբեջանցի իրենց պաշտօնակիցների հետ:
Արցախի հարցում, Նիկոլը լրիւ պարտուողական քաղաքականութիւն է վարում: Մեղքը գցելով նախկինների (սրանք էլ իրականում իրենց մեղքի բաժին ունեն) վարած բանակցային գործընթացներին, թէ նրանք արձանագրել են, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Ինքն էլ յետաձգում է Արցախի հարցի կարգաւորման գործընթացը` խոստովանելով, որ դրանով պէտք է զբաղուեն Ստեփանակերտն ու Բաքուն` մոռանալով, որ ՀՀն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է: Շեշտում է, որ իրեն արցախցին չի ընտրել, եւ ինքը չպէտք է զբաղուի այդ հարցով:
Ապրիլ ամսուայ սկզբին Գլենդել ուղեւորուեցին Արման Բաբաջանեանը, Ռուբէն Մեհրաբեանը եւ Դաւիթ Գիրգորեանը: Նրանք, կարծում եմ, «գործուղուել էին», Նիկոլի տեսակէտները ներկայացնելու պայմանով: Իրանահայ միութիւնում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք հնչեցրին Նիկոլի քաղաքականութեան դրոյթները: Շատ լաւ բեմադրուած «ներկայացում» էր, որտեղ բանախօսները հանդիսատեսներին համոզում էին, որ Նիկոլի քաղաքականութիւնը շատ ճիշդ է, որ, ի հարկէ, ցաւոտ տարածքային զիջումներ են լինելու (այս մտքի հնչեցման ժամանակ դահլիճում քար լռութիւն էր), բայց այս թուրքը, ադրբեջանցին առաջուանը չեն: Նրանց հետ պէտք է բարեկամանանք, առեւտուր անենք, ճանապարհները բացենք, որ «զարգանանք»: Զարգացումը չակերտների մէջ եմ առել, որովհետեւ դա զարգացում չի լինելու, դա ազգի կործանում է լինելու:
Ինչպէս 1917ի յեղափոխութիւնից յետոյ բոլշեւիկներն էին համոզում, թէ այժմեան թուրքերը «կարմիր» թուրքեր են եւ նրանց հետ հարկաւոր չէ կռուել, հիմա էլ այս յեղափոխականներն են մեզ համոզում, թէ հարեւանների հետ ուզենք, թէ չուզենք, պէտք է բարեկամութիւն անենք, առեւտուր անենք, չպէտք է պահանջատէր լինենք եւ տարածքներ պահանջենք: Նիկոլը հէնց այդպէս էլ յայտարարեց, որ մենք հարեւաններից տարածքային պահանջներ չունենք: Ինչպէ՞ս կարելի է Սփիւռքի հայութեան, 12 միլիոն հայութեան անունից այս յայտարարութիւնը կատարել:

Հարց․ Բա ինչպէս վարուենք Վուդրօ Վիլսոնի «իրաւարար վճռի» հետ (կայացուել է 1920ի Նոյեմբերի 22ին), որտեղ յստակ գծուած է հայ-թուրքական սահմանը: Ինչպէս վարուենք Ազգերի լիգայի 1920ի Դեկտեմբերի 10ի փաստաթղթի հետ, որտեղ գծուած են Հայաստանի սահմանները եւ, նրա տարածքը կազմում է 70,551 քառ․ կմ․: Ընդ որում նշւում է, որ այն կարող է հասնել 214․000 քառ․ կմ․ի, որովհետեւ Վուդրօ Վիլսոնը «իրաւարար վճիռ» է կայացնելու եւ այն յետադարձ ուժ պէտք է ունենայ:
Այս բոլորը տրուած են Հայաստանին, բայց Նիկոլը եւ նրա մանկլաւիկները չեն ցանկանում դրանց անդրադառնալ: Ընդհակառակը, Նիկոլը ձգտում է ժամ առաջ վերաբացել Մարգարայի սահմանային կամուրջը, որպէսզի թուրքական ապագայ ներխուժումը առաւել արագ ու ապահով ընթանայ:
Եթէ 30 տարի ի վեր առեւտուր ենք արել առանց թուրքական սահմանի բացման, չենք ապրե՞լ: Միթէ Աջարիայի օրինակը ոչ ոք չի տեսնում: Իսկ Հայաստանի սահմանները բացելուց յետոյ, թուրքական նման ներխուժմանը մեր տնտեսութիւնը բոլորովին չի դիմանայ:
Նիկոլը ցանկանում է ժամ առաջ ստորագրել խաղաղութեան պայմանագիր` չլսելու տալով, որ Ալիեւն անընդհատ խօսում է Արեւմտեան Ադրբեջանի մասին, որ հայերն իրենց երկրում եկուորներ են, որ ցանկանում է ոչնչացնել Հայաստանը: Սա էլ է մտնում պայմանաւորուածութիւնների թեմայի մէջ, որպէսզի ինչքան կարող են շատ եւ շուտ տարածքներ յանձնեն Ադրբեջանին:
Նիկոլը չի դիմում ՄԱԿի Անվտանգութեան խորհրդին, որ Հաագայի դատարանի որոշումն իրականացնեն` բացեն Լաչինի «միջանցք»ը: Դրան հակառակ, համաձայնւում է, որ ՀԱՊԿը դիտորդական առաքելութիւն իրականացնի մեր սահմաններում: ՀԱՊԿն, իր կանոնադրութեան համաձայն, փոխանակ վերականգնի ՀՀի սահմանները, գալիս է, որ, ապահովի Ադրբեջանի անվտանգ առաջխաղացումը եւ փաստի առաջ կանգնացնելով, պարտադրի ուժի դիրքերից կնքելու խաղաղութեան պայմանագիրը:
Նիկոլը ցանկանում է բարեկամութիւն անել մի ժողովրդի հետ, ով ցանկանում է վերացնել հայ ազգը եւ հայոց պետականութիւնը: Ոչ ոք դէմ չէ բարեկամութեանը, բայց եթէ ցանկանում են բարեկամութիւն անենք, թող այդ «բարեկամ» պետութիւնները վերադարձնեն իրաւացիօրէն մեզ պատկանող տարածքները, մենք էլ շատ լաւ բարեկամութիւն կ՛անենք:
Առանց արդարութեան հաստատման խաղաղութիւն, խաղաղութեան պայմանագիր չի կարող կնքուել․․․
* Լրագրողների միջազգային միութեան անդամ