ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Անցեալ դարի 60ականների նախաշեմին, յուլիսեան տապ օրերից մի օր, երբ ես ծիրանի ծառի վրայ գերհասած (կարծեմ նոր բառ է) շալախ որակի ծիրան էի հաւաքում, բակում յայտնուեց մի ամուսնական զոյգ: Հայրիկս անմիջապէս գնաց ընդառաջ ու հրաւիրեց յարմարաւետ տեղաւորուել հսկայ ծառի շուքի տակ դրուած թախտի (առանց յենակի փայտէ բազմոց) վրայ:
– Հենրիկ տղաս, իջիր ներքեւ, բաւարար է հաւաքածդ ծիրանը, հիմա Մարիէտան էլ մի սուրճ կը պատրաստի մեր հիւրերի համար, կ՛ասենք, կը խօսենք, ասաց հայրիկս:
Իջայ ծառից առանց հիւրերին մօտենալու, այգու ծորակի տակ ծիրանը մի լաւ լուալուց յետոյ, լի թասը ձեռքիս մօտեցայ հիւրերին:
– Արշակ, ծանօթացիր, Հենրիկն է, փոքր տղաս, կոնսերվատորիայում (երաժշտանոց) է սովորում: Կարծեմ քեզ ասել եմ այդ մասին:
– Այո, այո~, գիտեմ, գիտեմ աւելին…, իմացայ որ Սեպտեմբերին էլ Լեհաստան է գնալու «Վարշաւեան աշուն» երաժշտական ֆեստիվալին (փառատօն) մասնակցելու:
Մէկ վայրկեան շուարումի մատնուեցինք: Այդ մասին քչերը գիտէին: Լռութիւնը խախտեց ինքը՝ Արշակ (անունը փոխուած է, ժառանգները ողջ են եւ յաճախ են երեւում Դիմատետրում) կոչեցեալը:
– Էդ ինչի՞ զարմացաք, ես՝ իմ աշխատանքի բերումով շատ բան գիտեմ…, դէ լա~ւ, հեն ա, Մարիէտան սուրճը ձեռին մեզ է մօտենում:
Իբր բան չեղածի պէս »մոռացուեց« միջադէպը: Ես անմիջապէս հասկացայ, թէ ում հետ գործ ունենք:
Հիւրերի գնալուց յետոյ, հրաման արձակելու պէս՝ հայրիկս ասաց. »Խնդրում եմ Արշակի ներկայութեամբ քաղաքականութեան մասին երբեք խօսք չբանալ«:
Որքան մօտենում էր 1965 թուականը, այնքան աւելի յաճախ էին դառնում Արշակի այցելութիւնները: Նրան յաջողուեց ծանօթանալ մեր բոլոր հարեւանների հետ, որոնք նկատելի արգահատանքով էին արտայայտւում նրա մասին: Ինքս էլ՝ առաջին իսկ վայրկեանից չսիրեցի նրան:
Ապրիլ 24ի նախօրերին, Արշակը մեր հարեւաններին յորդորել է մասնակից չդառնալ համաժողովրդական ցոյցին եւ այլանդակ որակումով փնովել Դաշնակցութեանը, որ իբր թէ նրանց սարքած գործն է եւ, ըստ իրեն, վտանգաւոր է մասնակից դառնալը նման զանգուածային ցոյցին, որովհետեւ կառավարութիւնը խստագոյն միջոցներ է ձեռնարկելու ցուցարարների նկատմամբ:
Ապրիլ 24ից յետոյ Արշակի ոտքը վերջնականապէս կտրուեց թէ՛ մեր տնից եւ թէ մեր թաղից: Սակայն մենք ջերմ յարաբերութիւններ ունէինք նրա աղջկայ ընտանիքի հետ եւ գնալ-գալը անպակաս էր, որոնց ընթացքին մշտապէս բացակայ էր Արշակը: Մի գաղտնիք կար, որ ինձ մշտապէս տանջում էր: Ի՞նչ էր պատահել հայրիկիս եւ Արշակի յարաբերութիւնների մէջ, որ այդպէս լռութեան մատնուեց KGB-ի գործակալի անունը մեր ընտանիքում:
Գաղտնիքը բացուեց հայրիկիս մահից (1988) յետոյ: 2004ին հանդիսաւոր պայմաններում Երեւանում նշուելու էր նշանաւոր պատմաբան, հայագէտ, մատենագէտ, գիտնական Յակոբ Անասեանի ծննդեան 100ամեակը: Այդ առնչութեամբ, հրատարակութեան էի պատրաստում նրա «Նամակների Ընտրանի»ն: Եւ, ի՞նչ էք կարծում, ի՞նչ գտայ դրանց մէջ, հայրիկիս նամակը՝ ուղղուած մեր »հերոս« Արշակին: Նամակի բովանդակութիւնը կարդալուց յետոյ, առաջին վայրկեանին ընթերցողին կարող է թուալ, թէ դա զուտ անձնական բնոյթ է կրում, սակայն բնաւ էլ այդպէս չէ: Նամակում երկու գործող անձ են, մէկը՝ իշխանութիւններին ծախուած KGB-ի գործակալ, իսկ միւսը՝ ճշմարիտ հայրենասէր, Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարող հաւատաւոր զինուոր:
Այժմ, հայրիկիս՝ այս օրերի համար չափազանց համահունչ նամակի բովանդակութիւնը: Գրութիւնը ներկայացնում եմ, առանց որեւէ միջամտութեան, եղածի պէս.
«Երեւան, 4 Հոկտեմբերի, 1965թ.
Արշակ —ին,
Ես կարող էի չպատասխանել քո գրութեանը (Օգոստոս 1965թ.), որը պարզապէս կեղծիք է, բայց, այնուամենայնիւ, որոշեցի մի քանի բառ ասել, որպէսզի չկարծես, թէ սարից-ձորից բերած կցկտուր խօսքերով համոզել ես ինձ: Ես նորից եմ կրկնում՝ «Իմ ժողովրդի դաւաճանողին՝ ես ընկեր չեմ լինի«, եւ այդ պատճառով էլ այդ խօսքերը ուրիշ շատերի ներկայութեամբ քո երեսին արտասանելիս՝ մերժել եմ սեղմել ձեռքդ:
Շատ հետաքրքիր է որ, եթէ ես, եւ կամ էլ մէկ ուրիշը ասում է »իմ ժողովուրդը«, դու այդ բառով հասկանում ես Դաշնակցութիւնը (ըստ քո նամակի 3րդ եւ 4րդ տողերի), եւ այսպէս թէ այնպէս, քեզ իրաւունք ես տալիս լիաթոք հայհոյելու Հայ Ժողովրդին: Թէ ինչպէ՞ս,- ես քեզ կը յիշեցնեմ: Կը յիշեցնեմ թէ ինչը ինչպէս եղաւ:
Դեռ Եղեռնի 50ամեակի՝ Ապրիլի 24ի նախօրեակին, դու յաճախակի գալիս էիր մեր եւ հարեւանների տները, եւ չգիտեմ ո՞րտեղից ստացած թելադրանքի համաձայն, անընդհատ պատուիրում էիր, որ Ապրիլի 24ի օրը ոչ ոք տնից դուրս չգայ, թող իր տանը նստի եւ իր մեռելներին սգայ: Անընդհատ այդ էիր կրկնում: Եւ սակայն, քեզ ու քեզ նմաններին չլսեց մեր ժողովուրդը եւ այդ օրը, աւելի քան 300 հազար մարդ (հայ ժողովուրդը) դուրս եկաւ ցոյցի՝ մէկ անգամ եւս քաղաքակիրթ աշխարհի առջեւ ապացուցելու, որ Հայ Ժողովուրդը երբեք չի մոռանալու թուրքերի կատարած անլուր բարբարոսութիւնը՝ նրանց ձեռքով կատարուած առաջին Ցեղասպանութիւնը աշխարհում:
Բայց յաջորդ օրը, Ապրիլի 25ին Երեւանում եղան ձերբակալութիւններ եւ այդ նոյն օրը, երեկոյեան ժամը 11ին, երբ ես իմ տիկնոջ հետ տուն էի վերադառնում, ավտոբուսում (հանրակառք) պատահեցի քեզ: Հարբած էիր, քթիդ ծայրը չէիր տեսնում, ծամածռուած դէմքիդ վրայ շնական ծիծաղով, մօտեցար մեզ եւ բարձր ձայնով, ի լուր անծանօթ բազմութեան՝ ասացիր.
– Հը~, տեսա՞ր հիմա…, հողե~ր, հողեր էին ասում, տեսա՞ր ինչպէ՜ս են հաւաքում ու բոլորին ծակը կոխում, դրանց բոլորին, բոլորին պիտի…, այստեղ արդէն անբարոյ, լկտի հրէշաւոր հայհոյանքդ լսեց աւտոբուսում (հանրակառք) քարացած ժողովուրդը:
Կարո՞ղ էի որեւէ ձեւով պատասխան տալ այդտեղ: Ի հարկէ՝ ո՜չ, որովհետեւ Հայ Ժողովրդի պաշտպանութեան համար իմ կողմից արտասանուելիք որեւէ խօսք՝ քո կողմից, անծանօթ բազմութեան առջեւ պիտի որակուէր, պաշտպանութիւն Դաշնակցութեանը (ինչպէս ցոյց է տալիս քո ներկայ գրութիւնը): Եւ դու մնացիր անպատասխան, «յաղթական»:
Հիմա յիշեցի՞ր քո լիաթոք հայհոյանքը մեր պաշտելի ժողովրդի հասցէին, խուժանի, թուրքավարի հայհոյանքը, այն էլ, նրա ամէնանուիրական մէկ օրում: Դու քեզ շատ ազատ էիր զգում, որովհետեւ համարում էիր, որ իշխանութիւնները քեզ հետ համաձայն կը լինէին (բայց, քաւ լիցի, ընկ. Զարոբեանը համաձայն չէր լինի): Եւ դրա համար էլ մի քանի օր յետոյ, երբ դու նորից երեւացիր մեր կողմերում, ուզում էիր ողջունել ինձ՝ ես քեզ մերժեցի:
Ինչ խօսք, որ դու քո պարտականութեան վրայ էիր, քանի որ այդ շրջանում իշխանութիւնները հաշտ աչքով չէին նայում Հայ Ժողովրդի ազգային զգացումների ազատ արտայայտութեանը: Դու շատ լաւ էիր կատարում քո պարտականութիւնը Ապրիլի 24ին: Դրանից յետոյ էլ դու շարունակում էիր կատարել քո սեւ գործը: Ժողովրդի մէջ տարածելով, թէ այդ ցոյցը »խուլիգանական« տարրերի, ինչպէս նաեւ դաշնակների եւ դաշնակցականամիտ տարրերի գործն էր:
Իսկապէս որ դու քո տարերքի մէջ էիր, որովհետեւ, իրօք որ այդ շրջանում իշխանութիւնները փորձում էին նման գնահատական տալ Եղեռնի 50ամեակին նուիրուած համաժողովրդական այդ շարժումը՝ քեզ նմանների օգնութեամբ:
Ես այսօր կարող եմ անվախ խօսել այդ մասին, որովհետեւ իշխանութիւնները մի քանի ամիս շարունակ ժողովրդի այդ գիտակցական շարժումը վարկաբեկելուց յետոյ տեսան, որ սխալ բան էր այդ եւ անցան նրա պաշտպանութեան կողմը: Իսկ դու՝ հիմա դարձեալ քո տարերքի մէջ ես: Պաշտպանո՞ւմ են՝ դու էլ ես պաշտպանում: Այդպէս չէ՞: Եւ այժմ Հայ Ժողովրդի հասցէին լիաթոք հայհոյելուց չորս ամիս յետոյ, ինձ գրում ես հայրենասէրի տոնով.
«Յետագայ օրերում, երեւոյթներին ու եղելութիւններին աւելի մօտիկից իրազեկ դառնալուց յետոյ, ես հանգել եմ այն եզրակացութեանը, որ 24ի ելոյթը, որպէս ժողովրդական կամքի արտայայտութիւն եւ, միաժամանակ, որպէս արձագանգը համահայկական մասշտաբով (ծաւալ) մի նշանակալի ՏԱՐԵԴԱՐՁԻ (տարելից,-այդքան է մարդու գրագիտութիւնը,- ի՞նչ կարող ես անել,- Հեն. Ա.), անխուսափելի էր, եւ պէ՜տք է, որ տեղի ունենար»:
Քեզ հակասելով ես գրում այդ տողերը, որովհետեւ Ապրիլի 24ի օրերին պայքարում էիր նրա դէմ, եւ միայն չորս ամիս յետոյ ես ընդունում նրա արդարացի լինելը: Ինչո՞ւ,- որովհետեւ հիմա այդպէս է նոր թելադրանքը: Դու փորձում ես ցոյց տալ, թէ այլ ձեւով է առաջացել քո մէջ բեկումը:
«Այդ օրերին,- շարունակում ես,- այսինքն Ապրիլի 24ի օրերին, առիթ եմ ունեցել մասնակցելու ժողովների, մտքերի փոխանակութեան: Ինձ յայտնի են դարձել 8-10 կազմակերպութիւններ՝ այդ առթիւ կայացրած որոշումներն ու բանաձեւերը (Գրողների միութիւն, համալսարան եւն,) եւ ես կանգնել եմ վերոյիշեալ տեսակէտի վրայ»:
Ո՜չ բարեկամ, այդպէս չէ: Արի ճիշդը խօսենք: Դու չես կանգնել «վերոյիշեալ տեսակէտի վրայ», այլ մեր իշխանութեան ողջամիտ ներկայացուցիչները, իսկ քեզ հարկաւոր է եղել այս անգամ էլ դրանից օգտուել, որպէսզի ես եւ ուրիշներ համոզուենք, որ դու մեր ժողովրդի շահերին դաւաճանող չես, այլ ընդունում ես, որ Եղեռնի 50ամեակը «Ժողովրդական կամքի արտայայտութիւն» էր:
Իրականութիւնն այն է, որ դու գիտես շարժուել միայն թելադրանքներով՝ մի օր այսպէս, մի օր այնպէս:
Յ. Ս. ԱՆԱՍԵԱՆ: