ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ստացանք Պերճ Չոլաքեանի հեղինակած «Մենախօսութիւններ» (Berj Cholakian, “Monologues”, Published in the USA, 2015) անգլերէն հրատարակութիւնը՝ 8 տարիներ յետոյ: Տպագրութեան որակը, ներկայանալիութիւնը անառարկելի՛ էին:
Ժամանակը չէր ազդել գրքի նպատակի, դրա համամարդկային տարողութեան վրայ, եւ մենախօսութիւնները տարածում են հեղինակի իւրօրինակ եզրակացումները մեր ապրած կեանքի մասին:
Ընթերցման ընթացքում, նոյնիսկ անգլերէնի մեր ոչ-բարձրակարգ իմացութեամբ, առանձնացան մտքեր, որ փորձեցինք ներկայացնել՝ ըստ մեր ըմբռնման եւ կարողութեան:
Չնայած Պերճ Չոլաքեանի համար՝ «Երէկը հանգուցեալ է, վաղը չծնուած է, եւ այսօրը անստոյգ է» (էջ 16), նա այնուամենայնիւ փորձում է վերլուծել կեանք կոչուած առեղծուածը: Ըստ հեղինակի՝ կեանքը մի դրուագ է անսահմանութիւնից, անպտուղ մի ձեւականութիւն, կործանիչ փիլիսոփայութիւն, սակայն նա դեռ երազում է. «Երբեք մի՛ յանձնիր երազը» (էջ 28) կամ «Երազները մենք պէտք է փոխարկենք ուժեղ եւ աշխարհիկ հաւատք» (էջ 33): Արժեւորելով երազանքը՝ նա հաստատում է. «Որեւէ իրականութիւն կեանքում սկսում է երազով» (էջ 41):
Վերլուծում է նաեւ ժամանակի հասկացողութիւնը. «Ժամանակը դառնում է անիմաստ՝ առանց գոյութեան» (էջ 29): Նաեւ՝ «Մենք կեանքում կարող ենք ունենալ համարեայ ամէն բան, բացի աւելի ժամանակից»(էջ 42), այս ձեւով՝ գերակայելով ժամանակի արժէքը:
Սիրոյ գաղափարի վերլուծումը Չոլաքեանը կատարում է իր անձնական կեանքի վերիվայրումներից ելնելով, մանաւանդ իր պատանի զաւակի անժամանակ կորուստը ստիպում է նրան փիլիսոփայել, եւ այդ ձեւով կարծես փորձում է դարմանել ներքին վիշտը, նաեւ հաղորդակից դարձնել շրջապատը իր մտորումներին: Սէրը նրա համար տխուր իրականութիւնից դուրս գալու մի լուսաւոր զգացում է. «Դա այն կրակն է, որ նոյնիսկ եթէ տարիքը նուազեցնում է այն, այդ վայելքի ծայրակէտը ապրում է քո հոգու ընդերքում» (էջ 31):
Զարմանալի էին մեզ համար հեղինակի բնազանցական մտածումները. «Դրախտի հասկացողութիւնը… արդիւնքն է մարդկութեան հնարամիտ երեւակայութեան, որպէս մեքենայութեան գործիք, կաշառք կամ առեւտուր» (էջ 50): Բաւական վերլուծութիւններից յետոյ, «Դրախտի դիցաբանութիւնը» մենախօսութեան մէջ, հեղինակը յանգում է հետեւեալ եզրակացութեան. «Անձնապէս ես կը նախընտրեմ հաւատալ «Աստծուն»՝ չհաւատալով «Կրօնին« եւ «Դրախտ»ի դիցաբանութեանը« (էջ 52): Հեղինակը վստահեցնում է, որ տարբեր կրօնների գոյութինն է, որ պատճառ է դառնում երկարամեայ պատերազմների, դարաւոր բախումների՝ մեր միջեւ: Չոլաքեանը հաւատ եւ Աստուած գաղափարները տարանջատում է միմեանցից:
Շարունակելով փիլիսոփայել Աստծոյ մասին՝ նա գրում է. »Աստծոյ մտապատկերը՝ իր ամենազօրութեամբ, որպէս ծայրագոյն հեղինակութիւն… ստեղծուած է մարդու կողմից, վախից եւ անգիտութիւնից անյայտութեան մասին« (էջ 67): Ու ստեղծուած մտապատկերին հակադրում է սէրը, որպէս բարութեան վերջնական յաղթանակ չարի նկատմամբ:
Ու դարձեալ վերլուծում է կեանքը՝ այն համարելով «յաւիտենականութիւնից գողացուած ժամանակահատուած», նաեւ՝ ակնթարթ, ներկայ վայրկեանը, որ շարժւում է առաջ (էջ 77):
Արդեօք այսքա՞ն կը խորանային հեղինակի մտածումները, եթէ չունենար անկիւնադարձային պատահարներ: Որդեկորոյս հօր վիշտը դեռեւս չի սպիանում, եւ նա երկար խօսակցելուց յետոյ հանգուցեալ որդու հետ, մնաք բարով է ասում իր սիրելիին՝ շուտով տեսնուելու հաւատքով:
Չոլաքեանը գրելով փորձում է «մոլեգնաբար» ազատուել իր մտածումներից, որ լրջօրէն չարչարում են իր հոգին երկար ժամանակ (էջ 87): Շատ են այդ մտածումները. փնտռում է արժէքի ըմբռնումը, գաղափարը, փնտռում է սէրը՝ մարդու համար կարեւորելով դրա պահանջքը այնպէս, ինչպէս բոյսերն են կարօտում անձրեւին:
Դարձեալ ու դարձեալ գալիս է խորհրդածութիւնը մեր ապրած կեանքի մասին. «Արդեօք այն յուզումնային տրամաբանութի՞ւն է, թէ բանական յուզում» (էջ 90), կամ էլ՝ «Կեանքը մի կարճ շրջան է ծննդեան եւ մահուան միջեւ»: Գրողը անարդար է համարում կեանքը՝ նոյն արցունքներով ես ընդունում թէ՛ ուրախութիւնը, թէ՛ վիշտը:
Իր գրքի վերջաւորութեան, նա իր պարտքն է տալիս հօրը, «ում ազգանունն է կրում պատուով», նաեւ՝ մօրը, «ում ծիներն է կրում խոնարհաբար»: Չոլաքեանը այդ մենախօսութիւնը նուիրում է հօրը՝ որպէս Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածի, եւ շշնջում է նրա ականջին. «Փոթորիկն անցել գնացել է, եւ գարունը միշտ պիտի առկայծի քո ողորմած յիշատակով»:
Լիբանանում ծնուած եւ մեծացած, Պէյրութի Ամերիկեան համալսարանից Առեւտրական գործերի կառավարչի եւ Ժամանակակից փիլիսոփայութիւն ու հոգեբանութիւն զոյգ մասնագիտութիւններով շրջանաւարտ Պերճ Չոլաքեանը, հասուն տարիքում, այս բանաստեղծական մենախօսութիւններով իր կտակն է տալիս մարդկութեանը: Հատորը նուիրուած է հեղինակի վաղամեռիկ որդուն՝ Սեւակին, եւ դստերը՝ Թամարային:
Այսքան մանրակրկիտ վերլուծումներից յետոյ կարելի է ակնկալել, որ Պերճ Չոլաքեանը դեռեւս ասելիքներ ունի մարդկութեանը: