Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպանը հրապարակեց զեկոյց մը՝ Ատրպէյճանի զինուած ուժերու ներթափանցող խումբին կողմէ 5 Մարտ 2023ին կատարուած ահաբեկչական գործողութեան մասին: Զեկոյցին մէջ ամփոփուած են ահաբեկչական գործողութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաււնքներու պաշտպան (ՄԻՊ) հաստատութեան կողմէ հաւաքագրուած փաստերը, որոնք ստացուած են իրականացուած փաստահաւաք աշխատանքներուն իբրեւ արդիւնք, իրաւասու մարմիններէ եւ բաց աղբիւրներէ:
«Ըստ հաւաքագրուած փաստերի նախօրօք պլանաւորուած (ծրագրուած) ահաբեկչական գործողութիւնը տեղի է ունեցել Մարտի 5ին ժամը` 10ի սահմաններում: Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժուել է 9:30ի սահմաններում, մինչ այդ կայանուած էր Առցախի Հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան ոստիկանութեան վարչական շէնքի դիմաց: Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից` փոխգնդապետ Արմէն Մայորի Բաբայեան, մայոր Դաւիթ Վալերիի Դանիէլեան, լէյտենանտ Արարատ Թելմանի Գասպարեան եւ լէյտենանտ Դաւիթ Աշոտի Յովսէփեան:
«Հաւաքագրուած փաստերից յստակ երեւում է, որ մեքենան շարժւում է Ստեփանակերտից, ուստի անհիմն եւ կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թէ իբր մեքենայով հայկական կողմը Հայաստանի Հանրապետութիւնից զէնք-զինամթերք էր տեղափոխում Արցախ: Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զէնքը:
«Մօտաւորապէս 30-40 րոպէ երթեւեկելուց յետոյ մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթեւեկելի հատուածում շարուած են քարեր, որոնք խանգարում են երթեւեկութեան: Մեքենան կանգ է առել:
«Քարերի հետեւից դուրս են եկել ադրբեջանական դիւերսիոն (ներթափանցող) խմբի թուով 5 անդամներ` զինուորական հագուստով, դիմակաւորուած, ինքնաձիգերով զինուած եւ ինքնաձիգերի փողերը դէպի մեքենան ուղղած:
«Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել աւտոմեքենան (ինքնաշարժը), սակայն նոյն պահին ադրբեջանական դիւերսիոն խմբի նշեալ 5 անդամները` դիմացից, ինչպէս նաեւ ճանապարհի աջ եւ ձախ հատուածում դարանակալած դիւերսիոն խմբի եւս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել աւտոմեքենայի ուղղութեամբ: Կրակահերթերը շարունակուել են մօտ 10 րոպէ:
«Մեքենայի արտաքին զննութիւնը յստակ ցոյց է տալիս, որ մեքենայի ուղղութեամբ ադրբեջանական դիւերսիոն խմբի կողմից արձակուել են հարիւրաւոր գնդակներ:
«Կրակը դադարելուց յետոյ ադրբեջանական դիւերսիոն խմբի 3 անդամներ մօտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի եւ վարորդի մօտ նստած ուղեւորի ուղղութեամբ: Սակայն, ըստ փրկուած ոստիկանի վկայութեան, ադրբեջանցիները մեքենայի յետնամասի սրահի դուռը չեն բացել` ենթադրաբար չնկատելով, որ յետնամասի սրահում եւս ուղեւորներ կան:
Այնուհետեւ ադրբեջանական դիւերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ յանցագործութեան վայրից դէպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայուած իրենց զինուած յենակէտեր:
«Ադրբեջանցիների` յետ քաշուելու ընթացքում հայկական կողմից բացուած պատասխան կրակի հետեւանքով ադրբեջանական դիւերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր եւ վիրաւորներ:
«Ահաբեկչական յարձակումից մօտ 30-40 րոպէ յետոյ տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զօրակազմի ներկայացուցիչները: Նրանց միջամտութիւնից յետոյ կրակը դադարեցուել է:
«Ռուսական կողմի միջամտութիւնից յետոյ ադրբեջանական կողմը շարունակել է յետ քաշուել` իր հետ տանելով ադրբեջանական դիւերսիոն խմբի զոհուած անդամներին եւ վիրաւորներին:
«Ռուսական խաղաղապահները Ա. Գասպարեանին եւ Դ. Յովսէփեանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնութիւն եւ տեղափոխել հիւանդանոց», կ՛ըսուի զեկոյցին մէջ:
Զեկոյցը պատրաստուած է բաց եւ փակ տարբերակով` հայերէն եւ անգլերէն: Անիկա ուղարկուեցաւ միջազգային կազմակերպութիւններուն եւ իրաւապաշտպան կառոյցներուն: