Հարցազրոյցը վարեց՝ ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Մեզանից աւելի քան երկու հազարամեակ առաջ ապրած յոյն մեծ բժիշկ եւ բժշկութեան հայր համարուող Հիպոկրատի անուան հետ է կապւում բժշկի երդումը: Այդ երդումը չափազանց բարդ եւ կարեւոր մասնագիտութիւն ընտրող իւրաքանչիւր բժշկի համար է:Այն պարտաւորեցնում է որեւէ տեղ եւ որեւէ ժամանակ լինել հիւանդի կողքին եւ կատարել իր մասնագիտական պարտականութիւնը: Երկար դարերի ընթացքում բազմաթիւ բժիշկներ հաւատարիմ են մնացել այդ երդմանը, գիշեր թէ ցերեկ, խաղաղ թէ պատերազմական ժամանակներում, գրելով իրենց անունը թէ՛ իրենց ազգի, թէ՛ աշխարհի բժշկութեան պատմութեան մէջ: Խառնակ ու անբարոյ այս ժամանակներում նկատելի է, որ չափազանց նուազել է Հիպոկրատի երդումին հաւատարիմ մնացած բժիշկների թիւը:Մեծաթիւ են այն բժիշկները, որոնք իրենց յոյժ մարդասիրական մասնագիտութիւնը դիտում են որպէս վաստակի միջոց, արհեստ եւ ոչ աւելին: Մինչդեռ բժշկի մասնագիտութիւնը ոչ միայն ենթադրում է գիտելիք եւ հմտութիւն, այլ նաեւ արուեստ եւ մարդ լինելու կարողութիւն: Ներկայ հարցազրոյցը Հիպոկրատի երդումին հաւատարիմ մնացած հազուադէպ բժիշկներից մէկի՝ Աշոտ Աշոտեանի մասին է:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Յարգելի բժիշկ, դուք լայնօրէն ծանօթ էք բժշկական աշխարհին թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Ընթերցողին փափաքում ենք ներկայացնել կենսագրական որոշ տուեալներ: Հայաստանի բոլոր գաւառներն էլ թէ՛ անցեալում, թէ՛ այսօր, ազգին պարգեւել են տաղանդաշատ զաւակներ: Դուք այդ զաւակներից մէկն էք եւ պատիւ էք բերում հայութեան եւ ձեր ծննդավայրին: Խնդրեմ, ձեր ծննդավայրի եւ ուսումնառութեան մասին որոշ տեղեկութիւններ փոխանցէք հանրութեան:
ԱՇՈՏ ԱՇՈՏԵԱՆ.- Ծնուել եմ Հայաստանի Արարատ քաղաքում, 1947ին, որտեղ ստացել եմ իմ միջնակարգ կրթութիւնը: Բարձրագոյն ուսումս շարունակել եմ Երեւանի Մխիթար Հերացու անուան Բժշկական հիմնարկում, որն աւարտել եմ գերազանց վկայականով եւ անմիջապէս աշխատանքի եմ նշանակուել որպէս վիրաբոյժ տարբեր հիւանդանոցներում, ինչպէս 4րդ հիւանդանոցում եւ այլուր: Եղել եմ Օրթոպեդիայի (ոսկրաբանական) եւ Վնասուածքաբանութեան հիմնարկի աւագ գիտաշխատող: 1992ին պաշտպանել եմ իմ թեկնածուական թէզը՝ոսկրաբանութեան վերաբերեալ եւ ստացել բժշկական գիտութիւնների թեկնածուի աստիճան: Արցախեան առաջին պատերազմի ժամանակ Շահումեանի շրջանում գործուն մասնակցութիւն եմ բերել որպէս բժիշկ, կատարելով բազմաթիւ վիրահատութիւններ: 2010ին Մոսկուայում պաշտպանել եմ իմ դոկտորական թէզը, որի համար ինձ շնորհուել է բժշկական գիտութիւնների դոկտորի կոչում: Դասաւանդել եմ աւանդական բժշկութեան հիմնարկներում: Ուսանողական տարիներից ուսումնասիրել եմ գրաբար հայերէնը, որի շնորհիւ կարողացել եմ ծանօթանալ հայ միջնադարեան բժշկապետների աշխատութիւններին, ինչպէս՝ հայ դասական բժշկութեան հիմնադիր, 12րդ դարի մեծ բժշկապետ Մխիթար Հերացի,15րդ դարի մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացի, Բունիաթ Սեբաստացի (12րդ դար), նաեւ՝ Գրիգոր Տաթեւացի եւ ուրիշներ: Նշուած մեր մեծերի գործերում օտար բառերի հայերէն թարգմանութիւններ եմ կատարել: 2007ին ռուսերէն լեզուով հրատարակուել է իմ առաջին գիրքը՝ «Լեչեբնիկ»ը (բժշկարան), 600 էջերից բաղկացած, որն ընդունուել է առողջապահութեան նախարարութեան կողմից, որպէս դասագիրք բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համար: Այդ գրքի համար 2011ին ինձ շնորհուել է Մոսկուայի Բժշկական արհեստագիտութիւնների ակադեմիայի իսկական անդամի կարգավիճակ, իսկ 2013ին՝ Ռուսաստանի բնական գիտութիւնների ակադեմիայի պատուաւոր պրոֆեսորի կոչում: 2012ին հրատարակուել է իմ «Ալկամա» 400 էջանոց գիրքը: Գրքի վերնագիրը սանսկրիտով եւ հին արաբերէնով նշանակում է Աստուծոյ պարգեւը եւ գրքում ներառուած բոյսերը ներկայացուած են որպէս արարիչի պարգեւ: Միջնադարի հայ բժիշկները մեծ նշանակութիւն են ընծայել բոյսերի միջոցով կատարուող բուժումներին: Բուսական աշխարհը դեղատուն է մեր ոտքերի տակ, քայլում ենք դեղատան վրայով եւ գնում ենք դեղատնից թունաքիմիկատներ գնելու, որոնք աւերում են մեր մարմինը:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ակներեւ է, որ դուք մեծ սէր եւ հետաքրքրութիւն ունէք բուսական աշխարհի հանդէպ: Ե՞րբ է ծնուել այդ մեծ սէրը, որի շնորհիւ դուք գիտական յայտնագործութիւններ էք կատարել, օգնել եւ շարունակում էք օգնել մարդկանց, առանց քիմիական դեղամիջոցների, որոնք թերեւս բուժում, բայց անպայմանօրէն կողմնակի վնաս են հասցնում մարմնի մէկ ուրիշ օրգանի: Ընդհանուր առմամբ աւելի շատ վնասում, քան դարմանում են հիւանդին:
ԱՇՈՏ ԱՇՈՏԵԱՆ.- Վաղ տարիքից մշտական հետաքրքրութիւն եմ ունեցել, թէ անցեալում մարդիկ չունենալով այսօրուայ դեղորայքն ու գիտական ձեռքբերումները, ինչպէ՞ս են բուժուել:Այդ հետաքրքրութիւնն ինձ տարել է Մատենադարան, դէպի մագաղաթների մէջ ամբարուած անչափ արժէքաւոր գիտելիքների աշխարհը եւ ուսումնասիրել եմ բոյսերին վերաբերող հայ եւ օտար գրականութիւն:
Աւելացնեմ եւ շեշտեմ, որ Հայաստանն եղել է հին աշխարհի դեղատունը իր հարուստ բուսական աշխարհով: Ուզում եմ դարձեալ կարեւորել եւ մեր ազգի գիտակցութեան մէջ արմատաւորել այն միտքը, որ Հայաստանն Աստուծոյ դրախտն է: Մենք ապրում ենք այդ դրախտում առանց դա գիտակցելու եւ գնահատելու:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Հայաստանին եւ հայութեան մատուցած ձեր ծառայութիւնները չեն սահմանափակւում միայն բուժական օգնութիւն ցոյց տալով: Դեղաբոյսերին վերաբերող եւ զանազան հիւանդութիւնների համար բուսական դեղամիջոցներ առաջարկելուն առընթեր, ձեր գրքերը հարստացնում են ընթերցողի բառապաշարը. դուք տալիս էք բոյսի հայերէն եւ այլալեզու անուանումները: Այն հնարաւորութիւն է տալիս ընթերցողին ճանաչելու սեփական երկիրը եւ սիրելու այն, որովհետեւ սիրել կարելի է միայն ճանաչելու դէպքում: Ձեր աշխատութիւնները նաեւ ճանաչողական արժէք ունեն, հետեւաբար կրկնակիօրէն գնահատելի են: Ձեր թարգմանութիւններով դուք հարստացրել էք հայոց լեզուի բառապաշարը եւ այն դարձրել հանրութեան սեփականութիւնը: Կարելի է ցանկանալ, որ մեր կրթական համակարգում հնարաւոր լինի ձեր եւ ձեզ նման մասնագէտների մասնակցութեամբ աշակերտների համար արշաւներ կազմակերպել դէպի հայրենի բնութիւն եւ սովորեցնել նրանց սիրել եւ ձուլուել մեզ ծնող եւ պահող բնութեան: Մեզ սովորեցնում են, որ մարդը պէտք է նուաճի տիեզերքը, որն անմիտ եւ ամբարտաւան արտայայտութիւն է: Մարդը տիեզերքի մասն է. չի կարողացել եւ չի կարողանալու նուաճել անհունը: Նա կարող է եւ պարտաւոր է ճանաչել այն, սիրել, սովորել բնութիւնից եւ առաւելագոյնս օգտուել նրանից:
ԱՇՈՏ ԱՇՈՏԵԱՆ.- Բնականաբար այդպէս է: Ես սիրով եմ վերաբերում բնութեան եւ ոչ միայն ստեղծել եմ բնական բուժամիջոցներ, որոնք չունեն իրենց փոխարինողը, այլեւ ստեղծել եմ զանազան քսուքներ, ինչպէս՝«Անահիտ», «Մարիա», որոնք գեղարարական (cosmetic) գործածութեան համար են եւ մեծապէս օգնում են մարդկանց, յատկապէս կանանց, հետեւելու իրենց գեղեցկութեան եւ հնարաւորինս երկար պահելու արարիչից իրենց տրուած գեղեցիկ տեսքն ու թարմութիւնը: «Անահիտ» քսուքը օգնում է մանր կնճիռների հարթեցմանը, ունի նաեւ ցաւազերծող յատկութիւն: Նոյնպէս «Մարիա» քսուքը շատ օգտակար է, կանխում է նոր կնճիռների առաջացումը, ունի սպիտակեցնող յատկութիւն, ապաքինում է վէրքերը: Այս առնչութեամբ բազմաթիւ օգտակար խորհուրդներ եւ դեղատոմսեր կարելի է գտնել «Գեղեցկութիւնը Ձեր Ձեռքերում» եւ «….Միշտ Քեզ Հետ», իմ եւ դստերս, նոյնպէս բժիշկ՝ Լիլիթ Աշոտեանի համահեղինակութեամբ գրքերում: Այդ դեղատոմսերը կարելի է պատրաստել դիւրութեամբ եւ տնային պայմաններում: Թէ՛ տարբեր հիւանդութիւների համար իմ պատրաստած դեղամիջոցների, թէ՛ գեղարարական քսուքների մասին իմ գիտելիքները փոխանցել եմ հանրութեանը Հայաստանի Հանրային հեռուստատեսութեամբ իմ վարած բազմաթիւ հաղորդումների ժամանակ, որոնք դիտել են Հայաստանից բացի աշխարհի 72 երկրներում: Ներկայումս հաղորդումներ եմ վարում TV-21 հեռուստաալիքով Հայաստանում եւ Ամերիկայում՝ Վրէժ Աղաջանեանի հեռուստաալիքով սփռուող Նունէ Աւետիսեանի «Բարեւ» հաղորդաշարի միջոցով: Հիւանդներին օգնում եմ ոչ միայն ընդունելով նրանց իմ գրասենեակներում, երկրում եւ արտերկրում, այլեւ հէնց հեռուստատեսային հաղորդումների միջոցով: Աւելի քան 40 գիտական յօդուածների հեղինակ եմ:

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ինչպէս նշեցիք, դուք օգնում էք մեր ազգակիցներին ոչ միայն Հայաստանում, այլեւ Ամերիկայում ձեր կարճատեւ այցելութիւնների ժամանակ: Դուք ոչ միայն հիանալի բժիշկ, այլ նաեւ հիանալի մարդ էք, օժտուած մարդկանց լսելու եւ օգնելու, մշտական եւ հետեւողական հոգածութիւն ցուցաբերելու առաքինութեամբ: Հիւանդները հաւատում են ոչ միայն ձեր գիտելիքներին, այլեւ ապաւինում են ձեր մարդկային յատկանիշներին, որ շատ կարեւոր դեր է խաղում բուժման ընթացքում: Դուք նաեւ սովորեցնում էք մարդկանց սիրել բնութիւնը, որի մասն ենք բոլորս: Ի՞նչ էք ցանկանում փոխանցել մեր ժողովրդին:
ԱՇՈՏ ԱՇՈՏԵԱՆ.- Մեր ազգին մաղթում եմ ամենաանհրաժեշտը՝ առողջութիւն, յորդորում եմ դիմել բնական միջոցների եւ օգտուել Աստուծոյ առատօրէն տուած պարգեւներից եւ իրեն բնութեան անբաժանելի մաս զգալ: Սիրել բնութիւնը, յատկապէս մեր բնօրրան Հայաստանի բնութիւնը, նրա բուսական աշխարհը՝ մեր մեծ եւ վստահելի դեղատունը: Մենք ոչ թէ բնութեան տէրն ենք, այլ բնութեան զաւակները եւ որդիական սիրով պէտք է տոգորուենք բուսական եւ կենդանական աշխարհի հանդէպ, որ նշանակում է սիրել Արարիչին:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Բժշկութիւնը ձեր ամենամեծ սէրն է, որին հաւատարիմ էք մնացել առ այսօր: Դրան առընթեր, անտարակոյս, ունէք նաեւ այլ հետաքրքրութիւններ եւ սէրեր: Որո՞նք են դրանք:
ԱՇՈՏ ԱՇՈՏԵԱՆ.- Շատ եմ սիրում պատմութիւն եւ բանաստեղծութիւն.ինքս ստեղծագործում եմ եւ բազմաթիւ բանաստեղծութիւնների հեղինակ եմ:
Բժշկին կարելի է դիմել Երեւան, Պուշկինի փողոց, 38 հասցէով եւ բժշկի՝ մեր շրջան կատարուող այցելութեան ժամանակ, Վ. Աղաջանեանի AABC հեռուստակայանով հեռարձակուող Ն. Աւետիսեանի «Բարեւ» հաղորդումների միջոցով: