Ինպէս արդէն գիտէք, Փարիզում սկսուեց Ֆրանսայի մէջ Հայաստանի տարին, նուիրուած Հայաստանի վերանկախացման 15րդ տարեդարձին։ Այս ամսից սկսեալ մէկ ամբողջ տարի, Ֆրանսայի ժողովուրդը հնարաւորութիւն է ունենալու ծանօթանալու հայ մշակոյթին, արուեստին ու գիտութեանը։ Մինչեւ իսկ աշխարհահռչակ Լուվրը, բոլոր ազգերի տենչանքը գոնէ մէկ ժամով այնտեղ ցուցադրուելու, տրամադրում է իր սրահներից մէկը մեր հայ դարաւոր մատենագրութեանը, ձեռագրերին ու խաչքարերին։ Առաջին անգամ մեր դարաւոր մշակոյթից մեզ հասած մասունքները, մեր երկրի սահմաններից դուրս գալով, ներկայացնելու են մեր ժողովրդի դիմագիծը այն էլ հռչակաւոր արուեստի տաճարում՝ Լուվրում։
Լուվրը այս հարցում միայնակ չէ։ Փարիզի նոյնքան աշխարհահռչակ Գիտութիւնների ակադեմիան իր նիստերի դահլիճը տրամադրում է Նոյեմբերի 13ին սկսուող հայ գիտնականների «Արարատ» միջազգային ակադեմիայի աշխատանքներին։
«Արարատ» ակադեմիայի նիստը, որի անդամները աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ եւ օտար անուանի գիտնականներ ու մտաւորականներ են, այս տարի կենտրոնացած է գիտութեան ու բժշկագիտութեան հարցերի վրայ։
Ակադեմիան իր աշխատանքներն սկսեց Նոյեմբի 13ին բժշկագիտութեան ու գիտութեան նուիրուած հայ հին ձեռագրերի ու գրքերի ցուցադրումով, որը տեղի ունեցաւ Փարիզի Բժշկագիտութեան ազգային ակադեմիայի դահլիճում։ Նոյն ակադեմիայի նախագահ Տենիս Փելերինը Փարիզից, Հայաստանի առողջապահութեան նախարար՝ Նորայր Դաւիթեանը, Ռուսաստանի Բնագիտութեան ակադեմիայի նախագահ՝ Ռաֆայէլ ՄելիքՕհանջանեանը, «Արարատ» ակադեմիայի նախագահ՝ Յակոբ Գրքեաշարեանը բացելու են նիստը, որը տեւելու է երեք օր։ Այդ երեք օրուայ նիստերում Երեւանից, Մոսկուայից, Սոֆիայից, Փլովտիւից, Մատրիտից, Լիոնից, Պէյրութից, Պելկրատից, Ամերիկայից ժամանած գիտնականներն ու բժշկագիտութեան հետազօտողները քննելու են լազերային եւ յարակից միջոցների օգտագործման հնարաւորութիւնների պայմանները Հայաստանում, հիւլէների մեքանիզմների, զանազան մանրէների, հիւանդութիւնների եւ յատկապէս Միջերկրականեան ջերմ անունով տարածուած ախտի բուժման միջոցները, ինչպէս եւ տիեզերական առարկաների, աստղագիտութեան, նրանց զարգացման եւ հետազօտութիւնների նորութիւններն ու հեռանկարները։
Ակադեմիան իր նիստերը աւարտեց Նոյմբեր 15ի երեկոյեան, տոքթ. Յակոբ Գրքեաշարեանի փակման խօսքով։ Իր այս եռօրեայ նիստով, ինչպէս միշտ, այս անգամ էլ «Արարատ» ակադեմիան իր որոշակի ներդրումը բերեց հայ եւ միջազգային գիտութեան ու բժշկագիտութեան զարգացմանը։
ԷԼԲԱԿԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ
Նոյեմբեր 24ին, փարիզաբնակները ըմբոշխնելու են հայ տաղանդուոր թենոր Ռուբէն Էլբակեանի ելոյթը, որը տեղի է ունենալու Փարիզի երաժշտանոցի «Կոլումպիա» սրահում։ Համերգը հովանաւորւում է Ֆրանսայի ներքին գործերի նախարար Նիքոլա Սարքոզիի կողմից, որը երիտասարդ թենորի ջերմ երկրպագուներից է։
Ռուբէն Էլբակեան, փարիզաբնակ երգիչ, ծանօթ անուն է արդէն Ֆրանսայի երաժշտասէր հասարակութեան համար։ Նրա Լիւքսեմպուրկեան պալատում ունեցած ելոյթների մասին, ձայնի մաքրութեան, տարողութեան եւ կատարման որակի մասին բարձր գնահատականներ են տուել ֆրանսացի նշանաւոր արուեստաբանները, մեծ ապագայ խոստանալով հայ անուանի երգչին։
Նոյեմբեր 24ի համերգը, որը նոյնպէս նուիրուած է Ֆրանսայում Հայաստանի տարուան, արուեստի ձեռնարկներից առաջինն է, ուր Ռուբէն Էլբակեանը համաշխարհային մեծ անունների կողքին ներկայացնելու է նաեւ Կոմիտաս։
Այս տարի Հայաստանում լոյս տեսաւ Էլբակեանի միայն Կոմիտասի կատարումների երգապնակը, որը մեծ յաջողութեամբ ընդունուեց երաժշտասէր հասարակութեան կողմից։
Նոյեմբերի 24ին, երիտասարդ տաղանդաւոր թենորը ներկայացնելու է արուեստի մի գեղեցիկ ընտրանի՝ Վերտի, Մոցարտ, Ռոսինի, Չայքովսքի, նափոլիական երգեր եւ Կոմիտաս։
Ռուբէն Էլբակեանին նուագակցելու է դաշնակահար Կրէկըրի Աբրահամեանը։ Իսկ Նոյեմբերի 21ին, Ռուբէնը հրաւիրուած է իր մասնակցութիւնը բերելու Ժաք Շիրաքի կողմից Հայաստանեան տարուայ պաշտօնական բացումին։
Ռուբէն Էլբակեան Փարիզից յետոյ համերգները շարունակելու է Ֆրանսայի այլ քաղաքներում՝ Մարսէյլ, Լիոն, Պորտօ, Վալանս, Նիս։