Նոր՝ 2007 թուականի առաջին օրերին Ատրպէյճանի բնակչութիւնը սեփական, ներեցէք արտայայտութեանս համար, կաշուի վրայ համոզուեց, որ երկրի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչների խոստումները ոչինչ չարժեն։ Ամբողջ անցած տարում նախագահ Ալիեւը, շրջագայելով հանրապետութեան շրջաններում, շարքային ատրպէյճանցիների համար նկարեց արագ հարստանալու եւ բարգաւաճելու վարդագոյն պատկերներ։ Նաւթային եկամուտների հաշուին՝ բնականաբար։ Սակայն արդէն Յունուարի 6ին ԱՀ կառավարութիւնը ընդունեց որոշում, որն ամանորեայ տօները վերածեց մղձաւանջի։
Ինչպէս գրում է տեղի մամուլը, Ատրպէյճանի բնակչութիւնը ցնցուեց ուժանիւթի (ելեքտրականութեան, պենզինի, կազի) սակագների բարձրացումից։ Իբրեւ հետեւանք՝ բարձրացան փոխադրամիջոցների, ջրի, հանրային ծառայութիւնների գները։
15%ով բարձրացան սննդամթերքի գները։ Սպասւում է հացամթերքի թանկացում։ 50%ով բարձրացան որոշ թերթերի, մասնաւորապէս, խոշորագոյն ռուսական պարբերականների, «Զերքալօ» եւ «Էխօ» թերթերի, ինչպէս նաեւ ատրպէյճաներէն լոյս ընծայուող՝ ընդդիմադիր ուղղուածութեան անկախ թերթերի ու տպագիր պարբերականների գները։
Ատրպեճանական փորձագէտները քմծիծաղ են տալիս կառավարութեան՝ գների կտրուկ աճը այն հանգամանքով բացատրելու փորձերի վրայ, թէ շուկայական տնտեսութեան պայմաններում ուժանիւթի ներքին գներն իբր պէտք է հասցուեն համաշխարհային մակարդակի, դէպի հարեւան երկրներ մաքսանենգութեան հնարաւորութիւնների կասեցման անհրաժեշտութեամբ, ինչպէս նաեւ այդ կերպ ելեքտրականութեան բնագաւառում մասնաւոր պիզնէսի զարգացման համար պայմաններ ստեղծելու հանգամանքով։
Նրանք նաեւ ուշադրութիւն են հրաւիրում այն բանին, որ պենզինի գներով Ատրպէյճանն արդէն առաջ է անցել է ԱՄՆից, եւ դա այն պայմաններում, երբ միջին ամերիկացու տարեկան եկամուտը կազմում է մօտ 40 հազար տոլար, իսկ միջին վիճակագրական ատրպէյճանցին տարեկան աշխատում է ընդամէնը մօտ 2 հազար տոլար։ Սննդամթերքի գների հերթական բարձրացումը, որոնք կարգաւորում է կառավարութիւնը, կարող է անկառավարելի արժեզրկման ալիք առաջացնել Ատրպէյճանի սպառողական շուկայում՝ մինչեւ 50%, համոզուած են փորձագէտները։
Ատրպէյճանի ընդդիմադիր քաղաքական ուժերը կառավարութեան որոշումը որակեցին որպէս սեփական ժողովրդի հանդէպ կողոպտիչ քաղաքականութեան շարունակութիւն։
«Նաւթամթերքի, ելեքտրականութեան, ջրի եւ այլ հանրային ծառայութիւնների ու փոխադրամիջոցների գների կտրուկ բարձրացումը մեծ հարուած է այդ երկրի բնակչութեան մեծամասնութեան համար, որտեղ բնակչութեան 5%ն օլիկարխներ են, իսկ միւսներն ստիպուած են ամէնօրեայ պայքար մղել գոյատեւման համար», յայտարարեց «Ազգային միասնութիւն» շարժման ղեկավար Լալա Շովքաթը Day.Az-ին։ Նրա խօսքերով՝ Ատրպէյճանի սակագնային խորհրդի մի որոշմամբ, փաստօրէն, ամբողջովին ոչնչացուել է հանրապետութիւնում ծնունդ առնող միջին դասը. «Նա, ով դրան էր պատկանում դեռ Կիրակի օրը, Երկուշաբթի արդէն դարձաւ մեր բարդ կեանքում տարրական գոյատեւման համար պայքարող մարդ։
«Այս ամէնը վկայում է, որ Ատրպէյճանի իշխանութիւնները չունեն մտածուած տնտեսական ծրագիր, որ մեր երկիրը այդպէս էլ չի անցել կառուցուածքային եւ հիմնարկային տնտեսական բարեփոխումների, տնտեսութիւնը չի դարձել թափանցիկ, ըստ էութեան կաթուածահար է ոչ թէ նաւթային բնագաւառը, այլ երկրի տնտեսութիւնը աւելի խոր է մխրճւում կախուածութեան մէջ «նաւթային ասեղից»։
Ատրպէյճանի քաղաքական ուժերի որոշ ղեկավարներ դիմել են բնակչութեանը՝ բողոքի զանգուածային քայլերի մասնակցելու կոչով։ Ուրիշները, սակայն, կասկածում են, թէ ուժանիւթի եւ դրա հետ կապուած միւս ապրանքների գների աճը կարող է ընկերային պայթիւնի յանգեցնել Ատրպէյճանում։
«Համոզուած չեմ, որ Ատրպէյճանի քաղաքացիները, անկախ քաղաքական պատկանելութիւնից կամ ապաքաղաքականացուածութիւնից, դուրս կը գան փողոցներ, որպէսզի արտայայտեն իրենց դժգոհութիւնը իշխանութիւնների կողմից իրենց նկատմամբ այդպիսի վերաբերմունքից եւ փորձեն պայքարել սեփական իրաւունքների համար։ Եւ ինձ թւում է, որ մեր ժողովրդի բնաւորութեան յատկապէս այդ գծի յստակ գիտենալն էլ հէնց թոյլ է տալիս Ատրպէյճանի իշխանութիւններին ընդունել նման որոշում…», ասել է Լ. Շովքաթը։
Այդ առումով յատկանշական է «Հարաւային Կովկաս» հետազօտական կենտրոնի պլից-կանխատեսումը 2007 թուականի համար. «Երկիրը «կ’ուռչի» նաւթատոլարներից, ինչը կառավարութեան համար խթան կը հանդիսանայ էլ աւելի յաւակնոտ նախագծերի։ Կը սկսուի նոր ենթակառուցուածքային նախագծերի իրականացում, հնարաւոր է՝ նաւթատոլարների փայլը կ’արտացոլուի արդիւնաբերական բնագաւառում։
«Դրամագլխի խոշոր ծաւալները կ’ալեկոծեն նաեւ կառավարութեան ռազմական յաւակնութիւնները։ Ընդ որում՝ «հոլանտական ախտանիշը» մեր դուռն աւելի բարձր կը բախի։ Հասարակութեան ընկերային շերտաւորումը նոյնպէս աւելի ակնառու կը դառնայ։ Կառավարութիւնը գումարներ կը ծախսի պարտադրուած վերաբնակների կեանքի պայմանների բարելաւման, աշխատավարձերի եւ ընկերային նպաստների բարձրացման (ոչ զգալի չափով) համար, ինչը կը յանգեցնի զգալի արժեզրկման։
«Կ’աճեն ամէն ինչի գները։ Ուժանիւթի եւ հանրային ծառայութիւնների գնի բարձրացումը կը յանգեցնի հովհարային թանկացման բացարձակապէս բոլոր ուղղութիւններով։ Ատրպէյճանցի գաղթական բանուորներին Ռուսաստանից վտարելու դէպքում դժուարին կացութիւնում կը յայտնուեն երկրի շրջանները։
«Բայց դա ոչ մի կերպ չի յանգեցնի «ընկերային ցնցումների», քանզի Ատրպէյճանի քաղաքացիների դիմադրութեան զգացումը նուազագոյնի իջեցուել է։ Ցուրտ ամիսներին տեղի կ’ունենան կազի եւ ելեքտրականութեան մատակարարումների ընդհատումներ, յատկապէս կը տուժեն երկրի շրջանները։ Ընդհանուր առմամբ, ամբողջ տարուայ ընթացքում երկիրը կը հարստանայ, բնակչութիւնն էլ կը փորձի յարմարուել բարձրացուած գներին»։
Ի դէպ, նուազագոյն աշխատավարձը Ատրպէյճանում կազմում է մօտ 50 տոլար, իսկ, համաձայն Պաքուի մամուլի տուեալների, եթէ հաշուի առնուի կեանքի իրական եւ սպառողական նուազագոյնի արժէքը, Ատրպէյճանի 70%ն ապրում է աղքատութեան գծից այն կողմ, եւ միայն 7%ն է ապահովուած ու հարուստ։