ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆ, ԼՈՆԴՈՆԻ «ԿՈՄԻՏԱՍ» ԻՆՍՏԻՏՈԻՏԻ ՏՆՕՐԷՆ ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Ես մարդ եմ սպաննել, բայց յանցագործ չեմ»: Ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի այս խօսքերը, գերմանական դատարանն արդարացի համարեց ու հայ երիտասարդին չդատապարտեց Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից` Թալէաթ փաշայի սպանութեան համար:
Առաջին անգամ անգլերէնով լոյս է տեսել «Սողոմոն Թեհլիրեանի Վերյիշումները. Թալէաթ Փաշայի Սպանութիւնը» գիրքը, որի հրատարակութիւնն իրականացրել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը (հիմնարկը)` Արա Սարաֆեանի ղեկավարութեամբ: «Թեհլիրեանի յուշագրութիւնը ընթերցւում է որպէս Թալէաթ փաշային սպանելու իր ընտրած ճանապարհի անկեղծ, ժամանակագրական նկարագրութիւն: Թեհլիրեանը հաստատում է, որ հայերի դէմ իրականացուած վայրագութիւնների համար պատասխանատու է համարել Թալէաթին 1915 թուականի Մայիսից սկսած, երբ առաջին անգամ ականատես եղաւ օսմանեան բանակի կողմից իրականացուած սարսափելի սպանութիւններին ու բռնութիւններին: Գրքի անգլերէն թարգմանութիւնը կատարել էր Պետօ Տէմիրճեանը, եւ փնտռում էր հրատարակիչ: Երբ հանդիպեցինք, ես հետաքրքրուած էի, սակայն պէտք է դիտարկէի գրքի գիտական արժէքը: Ծանօթանալուց յետոյ որոշեցի հրատարակել, որովհետեւ գրքում տեղ գտած արխիւային փաստերը յստակ են, եւ շատ արժէքաւոր», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է պատմաբան, Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրէն Արա Սարաֆեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պատմական առումով ի՞նչ կարեւորութիւն ունի Թեհլերեանի յուշագրութիւնը:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- «Սողոմոն Թեհլիրեանի Վերյիշումները. Թալէաթ Փաշայի Սպանութիւնը» գիրքը յատուկ նշանակութիւն ունի որպէս գրական գործ, եւ որպէս Թալէաթի սպանութեան հաշուետուութիւն: Այն առաջին անգամ հայերէնով տպագրուել է 1953 թուականին Կահիրէում, «Յուսաբեր» հրատարակչատանը: Գիրքը ստեղծուել է երեք մարդու կողմից Բելգրադում 1942-43 թուականներին: Հիմնական նիւթը տրամադրել է Թեհլիրեանը, որը գրի է առել հասարակական գործիչ, գրող Վահան Մինախորեանը, ով ինքն էլ Ցեղասպանութիւնը վերապրող էր եւ ունէր անձնական յուշեր, եւ երրորդ անձը, որ մասնակցել է` Արշալոյս Աստուածատուրեանն էր, ով դաշնակցական էր: Վերջնական խմբագրողը եղել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Սիմոն Վրացեանը:

Գիրքն ուսումնասիրելիս գտայ այլ աղբիւր, որտեղ ներկայացուած էր Թեհլիրեանի նամակագրութիւնը խմբագիրների հետ եւ մանրամասներ իրենց ներքին անցուդարձի մասին: Դա բացառիկ կարեւորութիւն ունի, որովհետեւ տեսնում ենք, թէ ով է գրել, ինչպէս է գրուել, որքանն է իրողութիւն եւ որքանը քարոզչութիւն: Թեհլիրեանը խոստովանում է, որ ընդունել է Թալէաթի սպանութեանը մասնակից մի շարք անձանց անունները թաքցնելու Վրացեանի առաջարկը` հրապարակումից յետոյ նրանց անվտանգութիւնը ապահովելու նպատակով եւ օգտագործուել են կեղծանուններ: Թեհլիրեանը նաեւ համաձայնել է չնշել Շահան Նաթալիի անունը` պայմանաւորուած կուսակցութեան հետ նրա յարաբերութիւններով, սակայն առաջարկել է պատմել նրա դերի մասին:
Այդուհանդերձ, Մինախորեանն ու Ասուածատուրեանը նրան յորդորել են պատմութիւնը չզրկել փաստերից եւ գնալ ամբողջական հաշիւ տալու ուղիով: Եւ օրինակ, առաջին անգամ այստեղ է յիշատակւում, որ 1919 թուականին Թեհլիրեանը սպաննել էր հայ դաւաճանի: Ինչպէս ինքն էլ բացատրում, գնացել էր այդ քայլին, որովհետեւ Յարութիւն Մկրտչեան անունով այդ անձը համագործակցել էր թրքական իշխանութիւնների հետ հայերի ցեղասպանութեան հարցում, եւ ջարդից յետոյ շարունակել էր յարմարաւէտ կեանք վարել Կոստանդնուպոլոսում:
Գրքի նպատակը պարկեշտ հաշիւ տալու մէջ էր, եւ այդ պատճառով այս աշխատութիւնը իմ համար շատ վստահելի է, որ յաճախ չի յուշագրերի դէպքում: Ներածութեան մէջ իմ խօսքում ակադեմիական մօտեցում եմ ցուցաբերել, որպէս պատմաբան եմ մօտեցել յուշագրութեանը, եւ քննադատութեամբ եմ հանդէս եկել, թէ արդեօք սա կարո՞ղ է դիտարկուել որպէս քարոզչութեան նպատակով ստեղծուած կուսակցական աշխատանք: Նոյնիսկ փորձել եմ գրքի որոշ տուեալներ հերքել, եւ չեմ յաջողել, եւ նաեւ դրա համար է, որ արժեւորում եմ գիրքը: Եթէ ես սխալ գտնէի գրքում, առաջինը կը լինէի այն նշելու համար, եւ սա իմ մշտական մօտեցումն է նման աշխատութիւնների դէպքում: Երբեմն մարդիկ դրա համար ինձ քննադատում են ասելով, որ գաղափարական հիմքի վրայ շեղւում եմ: Բայց դա չի նշանակում, որ ես վատ հայ եմ: Մենք ուզում ենք նոյն չափանիշներն օգտագործել, ինչպէս պատմութիւնը հերքողների դէպքում ենք կիրառում: Ընդհանրապէս ճիշդ կը լինի, որ մեր պատմագրութեան առաջին քննադատները մենք լինենք, որպէսզի մեր մատուցածն աւելի վստահելի լինի ոչ-հայերի համար: Այս գրքի ուժը նրանում է, որ իրողութեան վրայ է հիմնուած:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թեհլիրեանն ի՞նչ է պատմում Թալէաթ փաշայի սպանութեան իր դրդապատճառների մասին:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Թեհլիրեանն իր յուշերը սկսում է Սերբիայից Վասպուրական ճամբորդութիւնից, երբ առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, տակաւին երիտասարդ, մեկնում է Կովկաս Թուրքիայի դէմ պայքարելու եւ միանում է Անդրանիկի գնդին: Այստեղից արդէն ակնյայտ է դառնում նրա ազգային ջիղը: Թեհլիրեանն ականատեսն է դառնում Հայոց Ցեղասպանութեան, եւ յուշերում ներկայացնում է վկայութիւններ, սակայն ոչ շատ մանրամասն: Ցեղասպանութիւնն այնպիսի ազդեցութիւն է ունենում երիտասարդ Թեհլիրեանի վրայ, որ նա հոգեխանգարմունք է ունենում, եւ իր հաղորդած տեղեկութիւններից այն զգացողութիւնն ես ստանում, որ նրա մօտ առաջացել էր Թալէաթ փաշային վերացնելու ցանկութիւն: Թեհլիրեանը պատմում է, թէ ինչպէս է փնտռում ցեղասպանին, որ սպաննի, սակայն նա փախել էր Թուրքիայից: Երիտասարդ Սողոմոնը Թալէաթի հետքերով գնում է Փարիզ, օգնութիւն է որոնում, որ գտնի նրան, սակայն ձախողում է: Եւ յուսահատութեան այդ ժամանակաշրջանում է, որ նրան գտնում եւ մօտենում են «Նեմեսիս» գործողութեան կազմակերպիչները:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հրաւէրով Թեհլիրեանը մեկնում է Ամերիկա, որտեղ հանդիպում է Արմէն Գարոյին` «Նեմեսիս» գործողութեան հիմնասեանը, եւ նրանից հրահանգներ ստանալով` գնում է Ժնեւ, այնուհետեւ Բեռլին գործն իրականացնելու: Մի շարք հանգամանքների բերումով է, հաւանաբար, որ նրան էին ընտրել այդչափ պատասխանատու գործի յանձնարարումը, ինչպէս օրինակ այն, որ Թեհլիրեանը զինուորական փորձառութիւն ունէր, երիտասարդ էր եւ ամուսնացած չէր: Նրա յուշերից հասկանում ես, որ Թալէաթի սպանութիւնն իր համար ոչ թէ գաղափարախօսութիւն էր, կամ կուսակցական յանձնառութիւն, այլ առաջին հերթին իր սեփական ցանկութիւնն էր:



Մինչ այս յուշագրի լոյս ընծայումը, Թեհլիրեանի կենսագրութեան եւ Թալէաթի սպանութեան մասին տեղեկութիւնները դատավարութեան զեկոյցից էին, սակայն այնտեղ մանրամասներ չկան, եւ որոշ տուեալներ էլ չեն համապատասխանում իրականութեանը: Օրինակ`այն, որ նա իբր ականատես է եղել իր ընտանիքի անդամների, այդ թւում` քրոջ սպանութեանը, սակայն իրականում նա քոյր չունէր: Յուշերի այս գիրքը վերջնական, աւելի ճշգրիտ պատկեր է տալիս:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Անգլերէն գրքում բնագրից տարբերութիւններ կա՞ն:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Անշուշտ մենք ցանկացել ենք հաւատարիմ մնալ հայերէն բնագրին, բայց երբ ուսումնասիրեցինք Վրացեանի թղթերը, որոշ կէտեր կան, որ Թեհլերեանը, երբ աշխատում էր գրքի վրայ` ճշդումներ է կատարել, որ հայերէնի մէջ չեն ընդգրկուել, եւ դա մենք աւելացրեցինք անգլերէն թարգմանութեան մէջ: Օրինակ հայերէնում, որոշ գործող անձիք ներկայացուած են ծածկանուններով, քանի որ, երբ գիրքը հրատարակուեց, նրանք տակաւին ողջ եւ կարող էին քրէական պատասխանատուութեան ենթարկուել: Անգլերէն գրքում, այդ մարդկանց ներկայացրել ենք իրենց ճիշդ անուններով: Նաեւ, զետեղել ենք քարտէզներ ու լուսանկարներ: Բնագրից տարբերութիւնները նշածս փոփոխութիւնների արդիւնքում բնաւ չեն նուազեցրել գրքի արժէքը:
Գիրքը գրական բացառիկ արժէք ունի: Այն առաջին անգամ է հրապարակուել անգլերէնով: Շատ դիւրին է ընթերցւում, եւ չափազանց կարեւոր է, որ այսօր երիտասարդները կարդան այն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թեհլիրեանի գործողութիւնն ի՞նչ արժէք ունի ազգային գաղափարախօսութեան առումով:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Սողոմոն Թեհլիրեանն ասում էր, որ Մինախորեանն ու Աստուածատուրեանը Թալէաթի սպանութեան կարեւորութիւնը հասկանում էին իբր մեր ազգային նկարագրի մաս: Դա մի բան է, որ մեր ինքնութիւնն է արժեւորում: Այս պատմութիւնը մեր նկարագրի հպարտ կողմն է, ինչո՞ւ չպէտք է հայն իրեն պաշտպանի, ինչո՞ւ չպէտք է պայքարի իր իրաւունքների համար: Մենք որպէս ազգ ցանկանում ենք գոյատեւել, պէտք է հաշիւ պահանջենք, եւ նոյնիսկ վրիժառու լինենք` մեր ազգային արժէքներին համապատասխան: Սա գրքում տեղ գտած կարեւոր գիծ է: Մարդիկ կարող են վիճել այս տեսակէտի հետ, սակայն դժուար է որեւէ արդարացում գտնել այդ մարդկանց խօսքում` հաշուի առնելով, թէ ով էր Թալէաթ փաշան: Ահաբեկչութեան հարցը պէտք է քննարկուի, բայց նշելով, որ Թեհլիրեանը նախեւառաջ ականատես էր, եւ երեւակայեցէք, թէ ի՛նչ է տեսել, որ նման քայլի դիմի եւ նման գործողութիւն անի: Այս գրքով, եւս մէկ անգամ ապացուցւում է, որ հայը միայն զոհ չի եղել, եւ եթէ մենք ուզում ենք գոյատեւել` պէտք է մեր տեսակէտը պաշտպանենք տարբեր ձեւերով, եւ եթէ պէտք լինի` նոյնիսկ արեան գնով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տարիներ առաջ, անդրադառնալով հայ-թրքական յարաբերութիւններին, ասել էիք, որ «մինչ այժմ մենք ապրել ենք թշնամիների նման, սակայն սրանից յետոյ պէտք է աշխատենք յանուն խաղաղութեան»: Ի՞նչ դիրքորոշում ունէք այսօր, երբ Թուրքիան բացայայտ եւ տարբեր միջոցներով արտայայտում է թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Հայաստանը որպէս պետութիւն իր շահերն ունի, յատուկ կացութիւն ունի, եւ իմ խօսքը Հայաստանի Հանրապետութեան գործողութիւնների մասին չէ: Ես այլ ուղղութեամբ եմ աշխատում եւ հարցը, պարզ` հայ-թրքական յարաբերութիւնների տեսակէտից չեմ դիտարկում: Ես աշխատում եմ Թուրքիայում, եւ տեսնում եմ, որ այդ երկրում էլ բաժանումներ կան, եւ քանի որ նշեցիք խաղաղութեան մասին, կարծում եմ, տակաւին կարելի է Թուրքիայում լայն տեղ գրաւել` մեր տեսակէտը ներկայացնելու, խաղաղ վերլուծութեան համար, եւ այդ ուղղութեամբ կարելի է աշխատել: Այդ առումով ես ինձ ձախողած չեմ համարում: Աշխատում եմ հայանպաստ նախագծերի վրայ, որոնք իրականացնելու հարցում Թուրքիայում ամենակարեւոր աջակիցներս քրդեր ու թուրքեր են, եւ սա առիթ է լաւատես լինելու:
Մեր խնդիրը թուրք ազգայնամոլ խաւի հետ է, որ զօրաւոր է, որոշ պետական ուժ եւ մենաշնորհ ունի` հայերին ներկայացնելու որպէս ահաբեկիչ: Մեր գործն է այս հարցով զբաղուել Թուրքիայում` ապացուցելով, որ այդ տեսակէտը հիմնուած է ազգային, ցեղասպան գաղափարախօսութեան վրայ, որ նոյն ձեւով է վերաբերւում նաեւ Թուրքիայում բնակուող այլ ազգերի, եւ այդ թւում ամենակարեւորը` քրդերին:
Այսօր Թուրքիայի դիրքը հայերի դէմ աւելի տկար կարող էր լինել, սակայն մենք արտօնել ենք, որ թրքական պետութիւնն իր ազգայնամոլ գաղափարախօսութիւնը գործադրի իր ժողովրդի նկատմամբ, եւ դրա հետեւանքներն այսօր էլ տեսնում ենք` շատերը հաւատում են դրան: Բայց Թուրքիայում աշխատելով, եւ հասարակ ժողովրդի հետ յարաբերուելով, կարող ենք ինչ որ ձեւով թրքական պետութեան դիրքը տկարացնել` իրողութեան մասին բաց խօսելով: Օրինակ, Թեհլիրեանի մասին իրենք ասում են, որ ահաբեկչութիւն է իրականացրել, հայերը ահաբեկիչ են, եւ սա օգտագործում են հայերի դէմ: Սրան հաւատացողներ կան Թուրքիայում: Սակայն, ես այսօր շատ հանգիստ կարող եմ այս գիրքը ներկայացնել Թուրքիայում, եւ ոչ որպէս ահաբեկչութեան կողմնակից, այլ` ներկայացնել իմ պատճառները: Շատերը, որ հաւատում են իրենց կառավարութեանը, ասածիս մէջ ճշմարտութեան տարր կը գտնեն, եւ կարող են փոխել իրենց հակահայ դիրքորոշումը, որոշներն էլ` մեղմացնել, որովհետեւ կը տեսնեն, որ իրենց ստել են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք հաւաստիացնում էք, որ նման հնարաւորութիւն այսօ՞ր էլ կայ:
ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ես երեսուն տարի է, որ այս նիւթի մասին խօսում եմ, բայց ինձ չեն հաւատում: Երբ ցանկանում էի Թուրքիայի արխիւներն ուսումնասիրել, ինձ ասում էին, որ չեն թողնի: Այնինչ, 90ականներին սկսեցի եւ յաջողեցի: Երբ ասում եմ, որ կարելի է Թուրքիայի մէջ ձայն ունենալ, ասում էին, երազում ես: Բայց սկսեցինք գիտաժողովների այցեր, գրքեր հրատարակել Թուրքիայում եւ մեր տեսակէտները ներկայացնել: Ես իմ օրինակով եմ ցոյց տալիս, որ սա կարելի է անել: Իրենց հարիւրի դէմ մենք մէկին ունենք, սակայն եթէ կազմակերպուած աշխատենք`շատ գործ կարող ենք անել: Հարցը նրանում է, որ աշխատողի պակաս ունենք, որ նիւթականով պայմանաւորուած չէ, խօսքը նուիրումի մասին է:
Հայ Սփիւռքը կարծես տրամադրուած չէ այս գործի մէջ մտնելու: Եթէ դա է իրողութիւնը, ապա ասենք, որ պատրաստ չենք մեր տեսակէտը պաշտպանել խոհեմ ձեւով, եւ յանձնուենք: Մարդիկ, երբ Թուրքիա են գնում, զարմանում են երբ ժողովրդի հետ խօսում ես յարգանքով, իրենք էլ նոյն կերպ պատասխանում են, եւ նոյնիսկ պատմում ջարդերի մասին: Մենք չենք ցանկանում այդ գործը ստանձնել, որովհետեւ շատ դիւրին է ասել, որ անձնական անվտանգութեան խնդիր կայ եւ գործ չանել: Այնինչ, յստակ հնարաւորութիւն կայ. այսօր քրդական մի ողջ շարժում կայ, որ մեզ ի նպաստ է, եւ այս հնարաւորութիւնը չպէտք է մսխենք: Մենք պէտք է ստանձնենք այս պատասխանատուութիւնը, նոր մօտեցում ձեւաւորենք եւ ցոյց տանք, որ հարցը վերլուծելու այլ ձեւեր էլ կան, եւ ոչ թէ արտօնենք, որ թուրք ազգայնամոլները նորից խաղացնեն իրենց հակահայկական ցեղապաշտ սկզբունքները: Սա խոհեմ մօտեցման հարց է, եւ ոչ միլիոնաւոր դոլարների:
Տեղեկանք.- «Սողոմոն Թեհլիրեանի Վերյիշումները. Թալէաթ Փաշայի Սպանութիւնը» գիրքն անգլերէնով կարելի է ձեռք բերել առցանց` «Կոմիտաս» ինստիտուտի կայքում՝ www.gomidas.org, ինչպէս նաեւ` Amazon-ից, սակայն, նախընտրելի է, որ գիրքը ձեռք բերուի «Կոմիտաս» ինստիտուտից` աջակցելու այդ հիմնարկին շարունակելու գոյութիւնը որպէս անկախ հրատարակչատուն: Գիրքը վաճառւում է նաեւ «Ապրիլ» գրատանը:
ԳԻՏԱԿՑԵՆՔ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԳՆԴԱԿԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՉԱՓԸ։ ԱՅՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ԶՈՒՅԳ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔ Է ՈՒՆԵՑԵԼ
Թալեաթ փաշայի սպանությունը վրեժխնդրականից բացի, նաև այլ երես ունի, որին առայժմս միայն մենք ենք անդրադառնում։
Թալեաթ փաշայի սպանությունը, և ընդհանրապես “ՆԵՄԵՍԻՍ” գործողությունն ամբողջությամբ՝ Եվրոպային և աշխարհին փրկել են բոլշևիկա-քեմալական համատեղ պատերազմական աղետից։
“ՆԵՄԵՍԻՍ” գործողությունն է խարխլել բոլշևիկա-քեմալական պատերազմական դաշինքը։
“ՆԵՄԵՍԻՍ” գործողությունն է Իզմիրում գամված պահել Դեպի Եվրոպա ներխուժման համար կազմ ու պատրաստ բոլշևիկա-քեմալական պատերազմական զորախմբերին։
Եթե “ՆԵՄԵՍԻՍ” գործողություն չլիներ, ապա Առաջին համաշխարհային պատերազմում կրած կորուստների հետևանքով Եվրոպական պետություններն այդ պահին ի վիճակի չէին դիմադրել բոլշևիկա-քեմալական համատեղ պատերազմական ուժին։ Եվրոպայում բոլշևիկյան աղետն անխուսափելի էր լինելու։
“ՆԵՄԵՍԻՍ” գործողությունն է աշխարհին պարտադրել Լոզանի կոնֆերանսը, Լոզանի պայմանագրի ընդունումը։
“ՆԵՄԵՍԻՍ” գործողություն հետևանքով Լոզանում ընդունված պայմանագրերի ու որոշումների հիման վրա՝ 1922 սեպտեմբերից Միջերկրական ծովում հայտնված Պրոլետարիատի դիկտատուրայի սահմանը, փոխադրվել Լոզանում սահմանված ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՐԵՎԵԼՔ՝ ներկայիս հայ-թուրքական և վրաց-թուրքական սահմանագիծ․․․