
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ս. Յովհաննէս Կարապետի տօնն առանձնայատուկ նշանակութիւն ունի Հոլիվուդի հայ համայնքի համար, քանզի Փոքրիկ Հայաստանի սրտում գործող Մայր եկեղեցու անուականոչութեան օրն է նաեւ: Աւանդոյթի համաձայն, այս տարի եւս, Ս. Կարապետ Մայր եկեղեցում յատուկ կերպով նշուեց Յիսուս Քրիստոսի գալուստն աւետած Յովհաննէս Մկրտչի՝ Կարապետի ծննդեան տօնը: Յունուարի 15ին, Ս. Պատարագ մատուցեց եւ հաւատացեալներին քարոզով դիմեց Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը:
«Իւրաքանչիւր մարդ, կեանքի ընթացքում կարիք ունի հոգեւոր սնունդի, ինչպէս մարմինը՝ նիւթական սնունդի, եւ այդ հոգեւոր սնունդը պարգեւողն Աստուածորդի Յիսուս Քրիստոսն է: Աստուած մեր կեանքին միջամտում է այնքան, որքան բաց է մեր հաւատքի դուռը, եւ եթէ փակենք՝ չի կարող բաւարար լինել, եւ կը զրկենք մենք մեզ աստուածային զօրութիւնից եւ սուրբ միջամտութիւնից: Հաւատքով զօրանանք, թուլութիւնն ու տկարութիւնը հանենք մեր միջից: Աստուած ասում է. «Քեզ պատուիրում եմ՝ զօրացիր եւ քաջասիրտ եղիր, մի՛ վախեցիր, քանզի քո Տէր Աստուածը քո հետ պիտի լինի ուր երթաս», Աստծու խօսքը պատարագին ներկաներին փոխանցեց առաջնորդ սրբազանը՝ աղօթք բարձրացնելով առ Աստուած, որ օրհնութիւնն անպակաս լինի ազգի զաւակներից, մասնաւորապէս՝ Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր առաջնորդներից, հոգաբարձուներից ու երեսփոխաններից, եւ բոլոր նուիրեալներից, ովքեր Մայր եկեղեցու պայծառութեան համար ներդրում ունեն:


Թորգոմ եպս. Տօնոյեանը պատարագի ժամանակ նաեւ օծումը կատարեց Մայր եկեղեցուն նուիրաբերուած երկու սրբապատկերների՝ «Սրբոց Քառասնից Մանկանց» նկարը, որը հոգաբարձութեան անդամ Մանուկ սարկաւագ Չուլեանի նուէրն էր, եւ «Սրբոց Նահատակաց»ը՝ Գոռ եւ Դաւիթ Մաթեւոսեանների կողմից:
Սուրբ սեղանը սպասարկում էին Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը, սարկաւագներն ու դպիրներ: Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ մատաղի օրհնութիւն, որն այնուհետեւ բաժանուեց ներկաներին:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, տօնական մթնոլորտը տեղափոխուեց »Կարապետեան« սրահ, որտեղ կայացաւ փոքրիկ հանդիսութիւն: Ամէնամեայ այս հաւաքը բացառիկ առիթ է համախմբելու Հոլիվուդի համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչների, բարերարների, շրջանում գործող հայկական կառոյցների ներկայացուցիչների, նուիրեալների:
«Մէկ անգամ եւս որպէս մէկ ընտանիք հաւաքուել ենք մեզ համար այնքան հարազատ այս սրահում՝ նշելու Սուրբ Հովանու Կարապետի տօնը սիրոյ ճաշով: Ողջունում եմ եկեղեցու հոգաբարձութեանը, ազգային երեսփոխաներին, յարակից մարմինների անդամներին եւ ներկայութիւնը Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի մեր սիրելի առաջնորդ սրբազանի: Ովքեր մօտիկից հետեւում են ծխական եւ թեմական մակարդակներում ծաւալուող աշխատանքներին, անպայման իրենց սրտի խօսքից Աստծուն փառք են տալիս, որ նման դժուարին պայմաններում մեր թեմն օրհնուեց Թորգոմ եպս. Տօնոյեանի ներկայութեամբ, եւ մենք, հոգէորականներս, մեր աջակցութիւն ենք յայտնում նրա աստուածահաճոյ եւ հայաշէն աշխատանքներին»:
Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն այնուհետեւ ներկայացրեց խորանի նուիրատուներ տէր եւ տիկին Յակոբ եւ Հայկուհի Տաղլեաններին, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս ազգային վարժարանի տնօրինուհուն եւ հոգաբարձուներին, Ազգային վարչութեան, ՀՕՄի, Հոլիվուդի, ՀՄԸՄի, «Ասպարէզ» օրաթերթի ներկայացուցիչներին, եկեղեցու Տիկնանց միութեանը, հոգաբարձուներին, կիրակնօրեայ դպրոցին՝ երախտագիտութիւն յայտնելով մշտապէս եկեղեցու կողքին լինելու համար:
Ս. Կարապետ Մայր եկեղեցու հոգեւոր հովիւն ընդգծեց, որ նուիրեալների շնորհիւ է, որ յաջողուել է բարեկարգել եկեղեցին: Նա յիշատակեց այդ գործում մեծ ներդրում ունեցող, եկեղեցու օծման կնքահայր Վահէ Կարապետեանին, ով քառասուներեք տարի մշտապէս ներկայ է եղել եւ հովանաւորել է արարողութեանը՝ ափսոսանքով նշելով, որ այս տարի, առողջական խնդիրների պատճառով Կարապետեանը բացակայում է, թէեւ կատարել է նուիրաբերութիւնը:


«Եկեղեցին ամուր պահելու համար մի քանի տարբերակ կայ՝ ֆիզիկական ներկայութիւն, մտային օգնութիւն՝ խորհուրդ, կարծիք, նիւթական օժանադակութիւն, եւ ծառայութիւն՝ այս կամ այն կերպով սերունդներին կրթելու, Աստծոյ խօսքը փոխանցելու մեր նորահաս սերունդներին», նշեց Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը, եւ չխախտելով աւանդոյթը՝ ներկայացրեց օրուայ մեծարեալին՝ Կիրակնօրեայ դպրոցի տեսուչ Րաֆֆի Թորոսեանին, բազմավաստակ մասնագէտի, ով նշանակալի ներդրում ունի սերունդներին հոգեւոր ու ազգային կրթութիւն տալու հարցում: «2022 թուականին լրացաւ Թորոսեանի՝ կիրակօրեայ վարժարանում աշխատելու քառասուն տարին: 1982 թուականից ի վեր, նա անխափան, անտրտունջ, անշշուկ ծառայել է դպրոցին, եւ եկեղեցու հոգաբարձութիւնը որոշեց երախտագիտութիւն յայտնել Րաֆֆի Թորոսեանին գործունէութեան համար», յայտարարեց տէր Վիգէնն, ու Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդի եւ եկեղեցու հոգաբարձութեան ներկայացուցիչ Մատլէն Աշճեանի հետ միասին գնահատականի յուշատախտակ նուիրեցին նրան:
Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւը նշեց, որ պայմանների բերումով, հանդիսութեան ձեւաչափն այս տարի փոքր ինչ փոփոխուել է, սակայն խոստացաւ, որ յաջորդ տարին այն կը նշուի ինչպէս աւանդաբար տօնւում է: Նա նաեւ յայտարարեց, որ եկեղեցին պատրաստւում է մեծ շուքով նշել Ծաղկազարդը:
Ս. Յովհաննու Կարապետի տօնն այս տարի եւս մէկ հոգեպարար էջ աւելացրեց Մայր եկեղեցու պատմութեան գրքում: