Վերջին շրջանում, յատկապէս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրավիճակի կտրուկ սրման ենթահողի, երեւանեան եւ թիֆլիսեան քաղաքական բանավէճերում կրկին արդիականացաւ երկկողմ յարաբերութիւնների հիմնախնդիրը։ Տարբեր ընկերաբանական հարցումների տուեալները ցոյց են տալիս, որ Հայաստանի եւ Վրաստանի հասարակութիւնը յաճախ տարբեր կերպ է ընկալում երկու երկրների քաղաքական փոխգործակցութեան հեռանկարները։ Բնական է, որ Վրաստանի եւ Հայաստանի փոխյարաբերութիւնները վերլուծելիս կարեւորագոյն գործօն է Չաւախքի հիմնախնդիրը, ինչպէս նաեւ բազմաթիւ հարցեր, որոնք առնչւում են Վրաստանի միւս շրջաններում ապող հայ բնակչութեանը։
Երկու երկրների առջեւ ծառացած խնդիրների ամբողջ շառաւիղի իրատեսական վերլուծութիւնը, չնայած վերոգրեալ բոլոր խնդիրներին ու դժուարութիւններին, թոյլ է տալիս յուսալ, որ հայ-վրացական յարաբերութիւնները դեռեւս ունեն բոլոր հեռանկարները՝ մնալու կայուն ամուր եւ բարիդրացիական, իսկ հետագայում ձեռք բերելու ռազմավարական գործընկերութեան բնոյթ։
Հարիւրամեակների ընթացքում հայերի մեծ դրական աւանդը վրացական պետականութեան եւ մշակոյթի զարգացման գործում կարող է կարեւոր տարր հանդիսանալ, որը կը նպաստի երկու երկրների եւ ժողովուրդների յարաբերութիւնների խորացմանը, չնայած, այսպէս կոչուած, «վիճելի հայկական եկեղեցիների» հետ կապուած պատմութիւնը ցոյց է տալիս, որ դա բաւական նուրբ ու ցաւոտ թեմա է վրաց հասարակութեան համար։
Շատ առումներով դա կապուած է ներկայ վրացական քաղաքական կեանքում վրացական ուղղափառ եկեղեցու խաղացած անհամամասնական մեծ դերի հետ (ընդորում՝ օրէնսդրօրէն ամրագրուած)։ Եւ միշտ չէ, որ վրաց հասարակական-քաղաքական կեանքում ՎՈՒԵի առանձնայատուկ տեղը կայունացնող դեր է ունենում Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի՝ վրացական պետութեան կամ վրաց հասարակութեան հետ փոխյարաբերութիւններում։
Գաղտնիք չէ, որ կենտրոնական վրացական իշխանութիւնը կարող էր վաղուց լուծել 6 «վիճելի հայկական եկեղեցիների» պատկանելիութեան հարցը եւ դրանք վերադարձնել ՀԱԵին, եթէ չվախենար ՎՈՒԵի լայն բացասական հասարակական արձագանգից եւ ճնշումից։
Միւս կողմից՝ երկու երկրների անկախութեան վերականգնումից յետոյ Վրաստանը հանդէս եկաւ եւ շարունակում է հանդէս գալ որպէս Հայաստանի հաղորդակցական ու տնտեսական կարեւոր գործընկեր, եւ համագործակցութեան ուժականութիւնը այդ ոլորտում կայուն զարգանում է ու խորանում, իրականացւում են համատեղ ներդրումային նախագծեր։
Հայաստանի համար Վրաստանի հաղորդակցային նշանակութեան հիմնախնդիրը չպէտք է լինի ինքնանպատակ կամ իւրօրինակ սահմանափակիչ, որը կը խոչընդոտի հայկական կառավարութեան եւ հայ հասարակութեան՝ վրաց գործընկերների հետ երկու երկրների յարաբերութիւնների բոլոր մակարդակներում առկայ խնդիրներն ու բարդութիւնները քննարկելու անհրաժեշտութեան աշխոյժ նախաձեռնութեանը։
Ցաւօք, վրացական իշխանութիւնների բոլոր գործողութիւնները Չաւախքում յաճախ յանգում են միայն զուտ հռչակագրային եւ գեղագիտական միջոցառումների։ Պատահական չէ, որ Հայաստանի իշխանութիւնները ամենաբարձր մակարդակներում յատուկ նշում են սոյն հիմնախնդիրը։
Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է վարչապետ Ա. Մարգարեանի՝ 2006թ. ամռանը Վրաստանի ղեկավարութեան հետ ունեցած հանդիպումների արդիւնքներով արած յայտարարութեանը։ Վերջին շրջանում դա հայկական կառավարութեան ամենախիստ յայտարարութիւններից մէկն է Չաւախքի հիմնախնդրի առնչութեամբ՝ յատկապէս հաշուի առնելով, որ հասցէագրուած էր հէնց պաշտօնական Թֆիլիսին։
Եւ իրօք, 62րդ ռուսական խարիսխիի (որը որոշակի դրական ազդեցութիւն ունէր Չաւախքի ընկերային-տնտեսական իրավիճակի վրայ) դուրսբերման գործընթացների խորապատկերին, փաստօրէն, նկատելի չէ վրացական կառավարութեան որեւէ իրական միջոցառում շրջանում իրավիճակը բարելաւելու ուղղութեամբ։
Պաշտօնական Թիֆլիսի յղումները՝ Սամցխէ-Չաւախքում հանապազօրեայ հոգսերը լուծելու նպատակով «Հազարամեակի մարտահրաւէրները» ամերիկեան ծրագրի շրջանակներում մի շարք նախագծեր շուտափոյթ իրականացնելու մասին, արդէն բաւականաչափ համոզիչ չեն ընկալւում ո՛չ հայկական իշխանութիւնների, ո՛չ Չաւախքի բնակչութեան կողմից։
Սոյն ամերիկեան ծրագիրը (որի մասնակի իրականացումը շատ առումներով հնարաւոր դարձաւ ԱՄՆի հայ համայնքի ճնշմամբ) Չաւախքում կը սկսի իրականանալ միայն 2007ի սկզբից եւ կասկածելի է, թէ արագ արդիւնք կը տայ՝ կարճաժամկէտ հեռանկարում բարելաւելու համար տեղի բնակչութեան վիճակը։
2005թ. ընթացքում Չաւախքում մի շարք միջադէպերից եւ իրադարձութիւններից (որոնք հիմնականում կապուած էին Վրաստանից ռուսական խարիսխի դուրսբերման շուրջ ծաւալուող գործընթացների հետ) յետոյ, 2006ի սկզբից իրավիճակը շրջանում համեմատաբար կայուն է։
Առաւել խոշոր եւ վտանգաւոր միջադէպեր էին այս տարուայ Մարտի 9ին հայ պատանի Գ. Գէորգեանի սպանութեան (եւ եւս երկու հոգու վիրաւորուելու) հետ կապուած իրադարձութիւնները հայաբնակ Ծալկայի շրջանում։ Ինչպէս յայտնի է, վրացական իշխանութիւնները 1990ականների կէսերից սկսած այդ շրջանում աշխոյժ քաղաքականութիւն են վարում ժողովրդագրական պատկերը փոխելու եւ այն էթնիք վրացիներով, սուաններով ու աճարներով բնակեցնելու ուղղութեամբ։
Դա բազմաթիւ էթնիք եւ կենցաղային միջադէպերի կը յանգեցնի վրացի վերաբնակների եւ Ծալկայի շրջանի բնիկ հայ-յունական բնակչութեան միջեւ։ Տուեալ սպանութիւնը, որը հայ հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչների կարծիքով, ունէր վառ արտայայտուած էթնիք երանգ, պատճառ դարձաւ Չաւախքի հայ բնակչութեան մի շարք միթինկների եւ բողոքի գործողութիւնների։
Վերջին շրջանում Չաւախքում (ինչպէս նաեւ ամբողջ Վրաստանում) հասարակական-քաղաքական գործընթացներն անցան 2006 թ. Հոկտեմբերի 5ին նշանակուած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ազդեցութեան ներքոյ։
Ինչպէս յայտնի է, թէեւ աւելի շուտ ասուել էր, թէ դրանք տեղի են ունենալու այս տարուայ Դեկտեմբերից ոչ շուտ, քաղաքական ընտրանու եւ հասարակութեան համար բաւական անսպասելի Վրաստանի իշխանութիւններն այդ ընտրութիւնները նշանակեցին շատ աւելի շուտ։ Ասւում է, թէ դա արուեց, որպէսզի ընդդիմութիւնը չկարողանայ պատրաստուել ընտրութիւններին, ինչը առաւելութիւն է տալիս կառավարող կուսակցութեանը՝ հաշուի առնելով Մ. Սահակաշւիլու եւ կառավարող «Ազգային շարժման» բաւական նուազած վարկանիշը։ Չաւախքի հայ հասարակական-քաղաքական շարժումները եւս անպատրաստ էին իրադարձութիւնների նման ընթացքին, ինչը դժուարացաւ այն հանգամանքով, որ, համաձայն գործող վրացական օրէնսդրութեան, նրանք չեն կարող գրանցուել որպէս քաղաքական կուսակցութիւն, որը կարող է մասնակցել ընտրութիւններին։
Այդուհանդերձ, Չաւախքի հայկական առաջատար հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները մասնակցեցին ընտրութիւններին կա՛մ անհատական կարգով, կա՛մ էլ (ըստ հաստատուած քաղաքական փորձի) գրանցուեցին որպէս համավրացական քաղաքական կուսակցութիւնների՝ ինչպէս կառավարամէտ, այնպէս էլ ընդդիմադիր, ներկայացուցիչներ։
Մասնաւորապէս՝ «Միասնական Չաւախք» շարժումը Ախալքալաքի շրջանում մասնակցեց «Արդիւնաբերութիւնը կը փրկի Վրաստանը» ընդդիմադիր կուսակցութեան ցուցակներով, իսկ Քուեմօ-Քարթլիին յարող Ծալկայի շրջանում հայ թեկնածուների մեծ մասը գրանցուեց «Արդարութիւնը կը փրկի Վրաստանը» վրացական կուսակցութեան ցուցակներով։
Այդուամենայնիւ, Հոկտեմբերի 5ի տեղական ընտրութիւնների նախնական արդիւնքներով, Չաւախքում հիմնականում ընտրուեցին «Ազգային շարժում» կառավարող շարժման ներկայացուցիչները, թէեւ ընդդիմութեան ներկայացուցիչները պնդում են, թէ դա տեղի ունեցաւ միայն զանգուածային կեղծումների արդիւնքում։
Ընդհանուր առմամբ, յատկանշական է, որ վերջերս շրջանում մի քիչ փոխուել են հասարակական-քաղաքական իրավիճակը եւ փոխյարաբերութիւնները գործող քաղաքական կազմակերպութիւնների միջեւ։ Կարելի է նշել նաեւ, որ վերջերս նկատւում է մի շարք հայկական բարեգործական կազմակերպութիւնների գործունէութեան աշխուժացում, ինչը դրականօրէն է անդրադառնում շրջանի ընկերա-տնտեսական, մշակութային եւ կրթական կեանքի վրայ։
Միաժամանակ, հայկական հասարակական-քաղաքական շարժումների որոշ փորձագէտներ ու ներկայացուցիչներ մտահոգութիւն են յայտնում, որ Չաւախքի հակամարտային ներուժի յարաբերական կայունացումն ու նուազումը կապուած են միայն վրացական ղեկավարութեան՝ ժամանակ շահելու եւ մինչեւ 62րդ ռուսական խարիսխի դուրսբերման աւարտը իրադարձութիւններ չսադրելու ցանկութեամբ։
Դրանից յետոյ, նրանց կարծիքով, պէտք է վրացական իշխանութիւնների կողմից սպասել ճնշման եւ քաղաքական գործընթացների աշխուժացման նոր շրջափուլի։ Ախալքալաքից ռուսական խարիսխի դուրսբերման գործընթացը շարունակւում է համաձայն ժամանակացոյցի։ Սակայն մտահոգութիւն է առաջացնում այն հանգամանքը, որ հնարաւոր է՝ Ատրպէյճանով դուրս բերուող ռազմական սարքերի եւ սպառազինութեան մի մասը ռուս զինուորականութիւնը պաշտօնապէս յանձնում է ատրպեճանական կողմին։
Մասնաւորապէս, համաձայն որոշ տեղեկատուութեան, 62րդ խարիսխից Ատրպէյճանին պաշտօնապէս յանձնուել է 8 հատ T-72 հրասայլ՝ իբր տարանցման դիմաց վճարի փոխարէն, ինչպէս նաեւ ուրիշ սպառազէնք եւ ռազմական գոյք։
Ըստ ռուսական ռազմակայանի աշխատակիցների տեղեկութիւնների՝ Ատրպէյճանի տարածքում բազմիցս եղել են խարիսխի ունեցուածքով բեռնուած ամբողջական վակոնների «կորստեան» փաստեր։
Ինչեւէ, 2007ի վերջին, երբ կը ծառանայ ռուսական խարիսխի լիակատար փակման հարցը, Չաւախքում կարելի է սպասել քաղաքական գործընթացների աշխուժացման եւ նոյնիսկ սրման, որոնք կարող են լրջօրէն անդրադառնալ հայ-վրացական յարաբերութիւնների զարգացման եւ տարածաշրջանային անվտանգութեան վրայ։