Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութիւն» վէպին ներկայացման այսօրուան բաժնով, Արգամ Մանասեանին հետ պիտի վերադառնանք տուն, ուր Նորայրն ու Արգամի տղան՝ Նայիրին, պատերուն վրայ ծաղկաւոր թուղթ կը փակցնեն:
Նայիրին տասնվեց տարեկան է եւ կարգ մը պատանիներու նման՝ հարցեր ունի ընտանիքին հետ: Իրիկունները ուշ կը մտնէ տուն, կը խմէ, չի պատասխաներ հօրը հարցումներուն: Արգամ կը յիշէ, թէ ինչպէս գրեթէ մէկ տարի՝ հայր ու տղայ չէին խօսած իրարու հետ…
***
«Արգամը չէր կարողանում հանգիստ խօսել որդու հետ, այսինքն՝ սկզբում աշխատում էր հանգիստ պահել իրեն, բացատրում, յորդորում, համոզում էր կտրել կապը յղփացած, անբան տղաների հետ, մարդավարի սովորել: Բայց զգում էր, որ իր խօսքերը տեղ չեն հասնում: Տղան լռում էր, կամ էլ պատասխանում էր միավանկ, հեգնանքով: Այդ ժամանակ արդէն սպառւում էր Արգամի համբերութիւնը. նա սկսում էր գոռալ, վիրաւորական խօսքեր ասել որդուն ու նոյնիսկ յարձակւում էր նրա վրայ բռունցքներով: Խփում էր որտեղ պատահի, եւ խեղճ Յասմիկին հազիւ էր յաջողւում պոկել որդուն գազազած, իրեն կորցրած հօր ձեռքից»:
***
Յասմիկը, վախնալով վերոյիշեալ ընդհարումներէն, կը վախնար Արգամին գանգատելէ Նայիրիին անընդունելի արարքներուն մասին եւ այնպէս մը կ՛ընէր, որ հայր ու տղայ իրարու չհանդիպէին…
Սակայն օր մը, Արգամ կ՛որոշէ հանդարտ մնալ եւ «խելքի բերել» իր անառակ որդին:
***
«- Որտե՞ղ էիր, տղաս, – հարցրեց Արգամը:
– Գուրգէնենց տանը, – ասաց Նայիրին:
– Ի՞նչ էիք անում:
– Կինօ (շարժապատկեր) էինք նայում:
– Ի՞նչ կինօ էր:
– «Կնքահայրը»:
– Ամերիկեա՞ն:
– Ըհը:
– Քանի՞ անգամ ես տեսել:
– Մի տասն անգամ:
– Եւ հետաքրքի՞ր է:
– Շատ:
– Լաւ կինօ է, – ասաց Արգամ Մանասեանը: – Ինձ էլ է դուր գալիս: Յիշո՞ւմ ես, երբ ես Յունաստանից եկայ, քեզ պատմեցի այդ նկարը: Այնտեղ էի տեսել:
– Յիշում եմ, – ոչինչ հասկանալով ասաց տղան:
– Հենց այնպէ՞ս ես կինոն նայում, թէ՞ մտածելով, սովորելով:
– Հենց այնպէս:
– Ի զուր, – ասաց Արգամ Մանասեանը: – Այդ նկարում մի շատ կարեւոր բան կայ: Ուշադրութիւն դարձրե՞լ ես, թէ տղաները ինչպէս են յարգում իրենց հօրը: Ինչպէս են միաւորւում ու վերափոխւում, երբ վտանգ է սպառնում իրենց ընտանիքին:
– Իսկ քեզ ի՞նչ է պատահել, որ…
– Միթ՞է քեզ հետ պատահածը ինձ չի վերաբերում, տղաս, – ասաց Արգամ Մանասեանը: – Միթէ՞ դու բնական ես համարում, որ տասնվեց տարեկան տղան գիշերուայ ժամը մէկին է տուն գալիս:
– Ինձ համար էլ վիտէօ (տեսագրութիւններ դիտելու գործիք) առ, ամբողջ օրը տանը կը մնամ:
– Ի՞նչ, – չլսեց կամ չհասկացաւ Արգամը:
– Տեսամակնիթոֆոն (տեսագրութիւններ դիտելու գործիք):
– Կ՛առնեմ, – անմիջապէս համաձայնեց հայրը: – Ես չգիտեմ, դա մանկավարժական է, թէ հակամանկավարժական, բայց անպայման կ՛առնեմ, միայն դու սովորես, տուն գաս ժամանակին:
– Ճի՞շդ, պապա, – միանգամից ուրախացաւ Նայիրին: – Մանկավարժական է, մանկավարժական… Գուրգէնի հայրը ամէն ինչ հաշուել է, պատմեց մեզ:
– Ի՞նչ է հաշուել:
– Մի անգամ ասաց՝ տղերք ջան, Գուրգէնս ձեռքից գնում էր, ինձ մի օր քաղմաս (ոստիկանատուն) էին կանչում, մի օր դպրոց: Ես էլ նստեցի ու հաշուեցի. Եթէ այսպէս գնայ, տղաս մի պատմութեան մէջ կ՛ընկնի, կը բանտարկեն: Որ բանտարկեն, ահագին փող եմ տալու, որ քիչ նստի (բանտարկուի): Յետոյ էլ շաբաթը մէկ շուկայ պիտի մտնեմ, ահագին մթերքներ առնեմ, որ տեսակցութեան գնամ: Հաշուեցի ու տեսայ, որ եթէ վիտէօ առնեմ, աւելի էժան կը նստի ու միանգամից երկու հատ առայ: Հիմա տղաս տնից դուրս չի գալիս, տեսնում էք, չէ՞…
Արգամ Մանասեանը օրօրեց գլուխը:
– Շա՜տ հետաքրքիր է, – ծիծաղեց նա: – Հաշուապա՞հ է այս մարդը:
– Չէ, հայրիկ, գիւղտեխնիկայի (գիւղական ճարտարագիտութիւն) կառավարիչ է:
– Եւ գիւղտեխնիկայի կառավարիչը ինչքա՞ն էր վճարել հեռուստատեսային այդ տեխնիկայի (ճարտարագիտութիւն) համար:
– Քսան հազար ռուբլի:
Արգամն անկեղծ զարմանքով նայեց որդուն.
– Քսան հազա՞ր:
– Երկու հատի համար, պապ: Յետոյ դա մի տարի առաջ էր: Հիմա էժանցել են՝ վեց-օթը հազարով կարելի է գտնել:
– Գտնե՜լ, – կրկնեց Արգամ Մանասեանը: – Իսկ չե՞ն ասում, թէ այդ վեց-եօթ հազարը որտեղի՞ց կարելի է գտնել»: