
Կորոնավարակի անցած մի քանի տարիների ընթացքում կոճապղպեղի (ginger) օգտագործումը մեծ տարածում ստացաւ եւ շատերն էին օգտւում դրա օգտակար յատկութիւններից: Եղանակները ցրտել են եւ ժամանակն է յիշել դրանք:
Կոճապղպեղն օժտուած է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող յատկութիւններով եւ այդ պատճառով էլ շատ օգտակար է մրսածութեան, հարբուխի բուժման եւ կանխարգելման հարցերում: Այն ամրապնդում է մարմնի դիմադրողական համակարգը եւ լաւացնում ինքնազգացողութիւնը:
Կոճապղպեղն օգնում է կարգաւորել արեան շրջանառութիւնը, նպաստում է արեան մաքրմանը, խոլեստերոլի մակարդակի նուազմանը, ամրացնում է սրտամկանը եւ անօթների պատերը:
«Օնկոլոգիական» հիւանդութիւնների կանխարգելման հիանալի միջոց է կոճապղպեղը, որ լաւացնում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը եւ լաւացնում է ախորժակը:
Կոճապղպեղն օգնում է մարմնից դուրս բերել խարանները եւ թունաւոր նիւթերը եւ նպաստում է մարմնի նիւթափոխանակութեան արագացմանը:
Այն հրաշալի օգնական է աւելորդ քաշի դէմ պայքարողների համար, վերացնում է բերանի տհաճ հոտը եւ նպաստում բերանի խոռոչի հիւանդութիւնների բուժմանը:
Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի, յղի կանանց «տոքսիկոզ»ի եւ գլխապտոյտի դէմ: Այն նաեւ օգնում է յաղթահարել դաշտանային ցաւը:
Կոճապղպեղը նաեւ օժտուած է ցաւազրկող յատկութեամբ, ինչպէս նաեւ «աֆրիոդիզիակ» է, նպաստում է սեռական հակման բարձրացմանը:
Այն լաւացնում է տրամադրութիւնը, օգնում է հանգստանալ եւ ազատուել ճնշուածութիւնից: Լաւացնում է յիշողութիւնը: Դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
Կոճապղպեղի թէյ կարելի պատրաստել թրմուող կանաչ կամ սեւ թէյին կոճապղպեղի մի փոքր արմատ աւելացնելով:
Կոճապղպեղի խիւս պատրաստելու համար` 2 հատ (մօտ 250 գրամ) կոճապղպեղը մանր քերիչով անցկացնել: Կտրատել եւ մանրացնել 3 հատ լիմոն, աւելացնել կոճապղպեղը: Համասեռ զանգուած ստանալու համար կարելի է նաեւ յարել հարիչով (blender): Վերջում աւելացնել 400 գրամ մեղրը: Խիւսը յարմար է պահել սառնարանում եւ օգտագործել թէյերի եւ այլ ըմպելիքների մէջ:
Մասնագէտները կարծում են, որ կոճապղպեղը լիովին անվնաս է օրգանիզմի համար, սակայն հազուադէպ կարող է նաեւ կողմնակի ազդեցութիւն ունենալ` այրոց, փորկապութիւն եւ այլն: Բացի այդ` յիշէք, որ անգամ ամենաօգտակար մթերքը չափից շատ օգտագործելու դէպքում կարող է վնասել: