Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Կը յիշէ՞ք ինչպէս Սամսոն Իվանիչը ընդունած էր անթոյն ծխախոտի արտադրութեան հարցը լուծել եւ Արգամ Մանասեանին ըսած էր, որ երկու օրէն հեռաձայնէր իրեն: Երբ երկու օր ետք Մանասեան կը հեռաձայնէ նախարարին՝ ոչ ոք կը պատասխանէ, որովհետեւ օրը… Շաբաթ էր: Երբ երկու օր ետք կրկին կը հեռաձայնէ՝ քարտուղարուհին կը յայտնէ, թէ նախարարը Մոսկուա կը գտնուի…
***
«- Ե՞րբ է թռել, Մարինէ:
– Շաբաթ օրը, առաւօտեան, – ասաց քարտուղարուհին ու ցած դրեց լսափողը:
«Ստոր շան որդի, – մտքում սրտանց հայհոյեց Արգամ Մանասեանը: – Անամօթ մարդ, բա պայմանաւորւում ես ու… Ասում ես՝ լաւ, կը լուծենք քո ծխախոտի արտադրութեան հարցը ու թողնում, փախչո՞ւմ ես: Ասենք, թէ անակնկալ կանչ էր: Ի՞նչ կայ որ, հնարաւոր բան է: Բայց հնարաւոր չէ՞ր տուն զանգ տալ ու ասել, թէ ինչ է եղել: Ի՞նչ կը լինէր: Ամէն դատարկ բանի համար զանգ էիր տալիս, հիմա ի՞նչ պատահեց»:
Գործարանի նախկին տնօրէնը ի հարկէ ընդհանուր առմամբ իրաւացի էր իր զայրոյթի մէջ: Նա իրաւացի չէր միայն մի հարցում: Որ կարծում էր, թէ մինիստրը (նախարար) անհրաժեշտ կարգադրութիւններ չի արել աննիքոթին ծխախոտի արտադրութեան վերաբերեալ: Եւ դրանում համոզուեց ուղիղ մէկ վայրկեան անց, երբ հնչեց հեռախօսի զանգը:
– Արգամ Պետրովիչ, դո՞ւք էք, – լսեց նա անծանօթ մի կնոջ յուզուած, լացակումած ձայնը:
– Ես եմ, – ակամայ տագնապ զգաց Մանասեանը:
– Բակուրի կինն է, Նազիկը:
– Լսում եմ, Նազիկ, ի՞նչ է պատահել, – հարցրեց Արգամը՝ աշխատելով յիշել նրա դէմքը:
– Բակուրին քիչ առաջ տուն բերեցին, սրտի նոպայով (կաթուածով), – հեռախօսալարի այն ծայրում հեծկլտաց կինը:
– Հիմա գալիս եմ, – ակամայ գոռաց Արգամը: – Կինօ (շարժապատկերի սրահ) «Հայրենիք»ի մօտ էք ապրում, չէ՞…
– Հա, բայց Բակուրը խնդրում է, որ նախ գործարան գնաք: Ձեր ցեխը (արտադրամասը) քանդել են:
Լսափողը բռնած ձեռքի ափը միանգամից քրտնեց:
– Ո՞վ է քանդել, – ձեռքը սրտին տարաւ Մանասեանը: – Ո՞վ է քանդել… Ինչպէ՞ս թէ քանդել են…
– Չգիտեմ, – ասաց կինը: – Դէ ես գնամ Բակուրի մօտ, տունը բժիշկներով լցուած է:
***
Արգամ Մանասեան ինքզինք կորսնցուցած՝ կը հագնի ու դէպի փողոց կը վազէ. մեքենային մէջ հազարումէկ մտածումներ կ՛ունենայ:
***
«Եթէ յանկարծ իսկապէս քանդուած, աւերուած լինի մեր աշխատանքը, – ասաց ինքնիրեն Արգամ Մանասեանը, – ես կը խելագարուեմ: Ես դրան չեմ դիմանայ: Ես կը սպանեմ նրան, ով կարգադրել է:
Գործարանի մուտքի մօտ նա գրեթէ ցատկեց դեռեւս վերջնականօրէն կանգ չառած աւտոմեքենայից (ինքնաշարժ), առանց ուշադրութիւն դարձնելու պահակներին, վազքով անցաւ նրանց մօտով եւ հեւ ի հեւ, վայրկեան առ վայրկեան սպասելով, թէ հիմա ուր որ է կը պայթի սիրտը, նետուեց դէպի նոր, փորձնական արտադրամասը:
Այն, ինչ ինքն ու Բակուրը եւ էլի տասնեակ ինժեներներ (ճարտարագէտներ) ու բանուորներ կառուցել էին ամիսների ընթացքում, երկու օրուայ մէջ, ընդամէնը երկու օրուայ մէջ աւերուել էր: Մեքենաները չկային, անհետացել էին նաեւ մամլիչները, նոր ծխախոտի հումքով լցուած պարկերը, տուփերով ու պարկուճներով բեռնուած արկղերը: Միայն մի դատարկ տուփ էր ընկած հենց ոտքերի մօտ: Վերցրեց, գրպանը դրեց ու դուրս եկաւ:
Դէ խելագարուիր, ասաց ինքնիրեն Արգամ Մանասեանը: Եթէ մարդ ես, պիտի խելագարուես այն դժբախտ քանդակագործի նման, այն ճանապարհողների նման, որոնց աչքերի առաջ կրակի փոշի դարձան իրենց հարազատները: Չէ՞ որ սա էլ քո արձանն էր ու քո տիեզերական թռիչքը, Արգամ Մանասեան:
Բայց նա չխելագարուեց: Ընդհակառակը՝ ուղեղն ասես թէ պարզուեց ու նա նոր միայն հասկացաւ, թէ ինչ էին նշանակում Սամսոն Իվանիչի խօսքերը. «Այդ արտադրութեան հարցը կը լուծենք»: Մարդն իր խօսքի տէրը եղաւ, էլ ի՞նչ ես ուզում: Ասել է՝ կը լուծենք, եւ լուծեց: Ուրեմն ի՞նչ անել, ողբերգութի՞ւն սարքել եւ ինքնասպա՞ն լինել: Չէ՜ մի: Նրանց ուզածն էլ հենց այդ չէ՞: Չէ՜, վճռեց Արգամ Մանասեանը յուսահատութիւնից ծնուող կատաղութեամբ, սա իսկական կռիւ է: Ուրեմն պէտք է կռուել: Միմիայն կռիւ: Նրանք մեր արտադրամասն են աւերել, ուղեղս էլ հո աւերուած չէ՞: Նորից կը սկսեմ, ինչ գնով էլ լինի, ինչ միջոցներով էլ լինի, թէկուզ որպէս բանուոր կը մնամ գործարանում ու կ՛անեմ իմ գործը: Կամ ինչո՞ւ անպայման գործարանում, նոյնը Քարամէլի գործարանում չե՞մ կարող անել կամ մի ուրիշ տեղ: Ինձ միայն մի փոքրիկ լապորատորիա (գիտաշխատանոց) եւ երկու-երեք մեքենայ տուէք»:
***
Երբ այսպէս վճռակամ՝ Արգամ Մանասեան կը մտնէ իր նախկին ընդունարանը, նախկին քարտուղարուհին՝ Սուսաննան կը փորձէ ամէն գնով թոյլ չտալ, որ ան Վռամ Մաշուրեանի գրասենեակը ոտք դնէ: Սակայն Մանասեան թեթեւ մը կը հրէ զինք եւ …
***
«Երբ Մանասեանը ներս մտաւ, Վռամ Մաշուրեանը նստած չէր աթոռին: Կիսաբաց դռնից լսել էր Արգամ Պետրովիչի եւ Սուսաննայի ձայները ու հիմա կանգնած էր դռան մօտ, հանգիստ, բայց գունատ դէմքով:
– Արգամ Պետրովի՞չ, ինչ լաւ է, որ եկար, ես էլ հենց նոր քեզ էի ուզում զանգ տալ, – ասաց նա փութով: – Ես այնքան բարկացած, այնքան վիրաւորուած եմ, որ մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս: Այդ Բակուր Եկանեանը կատարեալ խուլիկան (ստահակ) է: Տես, թէ ինչ է արել, տե՜ս…
Նա դէպի լուսամուտը գնաց՝ Արգամ Մանասեանին ինքնաբերաբար հրաւիրելով իր մօտ, եւ լոյսի տակ գլուխը թեքելով ցոյց տուեց ծնօտի կապտուկը:
– Տե՜ս, – ասաց, – տես ինչ է արել: Սա՛ էլ տես, – ասաց նա բարձրացնելով թեւքը ու ցոյց տալով պիջակի (բաճկոնի) պատռուածքը: – Ես սա այսպէս չեմ թողնի: Արձանագրութիւն եմ կազմել տուել, կը նստեցնեն՝ նոր խելքի կը գայ: Կարծում է, որ եթէ խուլահամր է կը մարսի (անպատիժ կը մնայ), հա՞: Տեսնէիք, թէ ինչ հայհոյանքներ էր տալիս, ամբողջ բանուորութեան ներկայութեամբ, աշխատանքի ժամին:
– Համր մարդը ո՞նց էր հայհոյում, Վռամ, – հարցրեց Արգամ Մանասեանը: – Դա ո՞վ կը հաստատի:
Վռամ Մաշուրեանը քմծիծաղ տուեց.
– Ծաղրում ես, հա՞: Ուրեմն շրթունքների շարժումից չէր երեւո՞ւմ: Ինքն էլ շան նման հասկացաւ, որ երգը երգուած է, դրա համար ձեւացրեց, թէ իբր վատացաւ սիրտը ու թողեց փախաւ գործարանից: Բայց ինձնից ո՞ւր պիտի փախչի»: