2022ի Նոյեմբերի 9ին լրացաւ երկրորդ տարելիցը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ կնքուած հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի, ըստ որի կողմերը վերջ են դնելու Լեռնային Ղարաբաղի զինուած հակամարտութեանը: Սակայն ադրբեջանական ուժերը շարունակում են Լեռնային Ղարաբաղից բնիկ հայերի էթնիկ զտումը եւ տեղահանումը` բռնագրաւելով նրանց բնակավայրերը եւ գիւղերը, ոչնչացնելով հայկական պատմական-մշակութային, կրօնական ժառանգութիւնը: Առնուազն 113 հայ ռազմագերի եւ քաղաքացիական անձ դեռեւս գտնւում են գերութեան մէջ Ադրբեջանում, որը ոչ միայն եռակողմ պայմանագրի 8րդ կէտի, այլ նաեւ ռազմագերիների վերաբերեալ Ժընեւի երրորդ համաձայնագրի կոպիտ խախտում է:

2022 Սեպտեմբերի 13ին, ադրբեջանական ռազմական ուժերը ձեռնարկեցին նոր, չհրահրուած եւ լայնամասշտաբ յարձակում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք` հատելով Հայաստանի արեւելեան սահմանը եւ կիրառելով ծանր հրետանի, եւ գրոհային անօդաչու սարքեր: Ադրբեջանական զինուած ուժերը գնդակոծեցին 36 բնակավայր, այդ թւում` դպրոցներ, հիւանդանոցներ, հիւրանոցներ, տներ եւ խանութներ: Վերջին ներխուժման հետեւանքով զոհուած զինծառայողների եւ խաղաղ բնակիչների թիւը գերազանցում է 210ը, կան տասնեակ անյայտ կորած եւ առնուազն 35 հոգի գերեվարուել է: Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է 5 կին զինծառայողների անուններ, ովքեր զոհուել են վերջին յարձակման ժամանակ` Սուսաննա Գրիգորեան, Անուշ Ապետեան, Ալիսա Մելքոնեան, Իրինա Գասպարեանը եւ Գայիանէ Աբգարեան: Նրանցից առնուազն երեքը ենթարկուել են դաժան խոշտանգումների, որոնցից մէկը լուսանկարում պատկերուած Անուշ Ապետեանն է:
Սեպտեմբերի 14ին ադրբեջանցի զինեալների կողմից սարսափելի տեսանիւթ հրապարակուեց համացանցում, որտեղ նրանք մերկացրել էին գերեվարուած մի կնոջ, բռնաբարել նրան եւ գրառումներ արել նրա մերկ մարմնի վրայ: Այնուհետեւ նրանք հանել էին կնոջ աչքերը, քարեր տեղադրելով նրա ակնախորշերում, իսկ կտրուած մատը դրել բերանի մէջ: Ադրբեջանցի զինուորները վայրենաբար միզում են նրա դիակի վրայ, հրճուելով իրենց վայրագութիւններից: Հետաքննութեան արդիւնքում պարզուել է, որ տեսանիւթում պատկերուած երիտասարդ կինը Անուշ Ապետեանն է (ծնուած 1986ին)` երեք անչափահաս երեխաների մայր (16, 15 եւ 4 տարեկան): Անուշը զինուորական բուժքոյր էր եւ ծառայում էր Ջերմուկի շրջանում` Սեպտեմբերի ապօրինի յարձակման թէժ կէտերից մէկում, որտեղ աչքի էր ընկել իր երկաթեայ կամքով ու եզակի խիզախութեամբ:
Սեպտեմբերի 22ին, Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում պատգամաւոր Քրիս Լոուն (Շոտլանդական Ազգային կուսակցութեան), խստիւ դատապարտեց Ադրբեջանի զինուած ուժերի գործած բարբարոսութիւնները` նկարագրելով Անուշ Ապետեանի վերոյիշեալ խոշտանգման եւ հայ տարեց տղամարդու սահմռկեցուցիչ գլխատման դէպքերը: Լոուի օրինակին պէտք է հետեւի Բրիտանիայի ողջ խորհրդարանը:
Սակայն ցաւով արձանագրում ենք, որ մինչ օրս Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը` ի տարբերութիւն Ամերիկայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների, պատշաճ արձագանգ չի տուել Հայաստանի հանդէպ Ադրբեջանի ապօրինի յարձակումի վերաբերեալ: Մինչդեռ նախագահ Ալիեւը շարունակում է բռնութեամբ եւ ռազմական ուժի կիրառումով` յաւելեալ զիջումներ պահանջել Հայաստանից, սպառնալիքի լեզուով եւ ատելութեան քարոզչութեամբ վհատութեան մատնել հայ հասարակութեանը:
Նոյեմբերի 15ին` Ֆրանսիայի Ծերակոյտը քուէարկելու է Ադրբեջանի բռնապետութեան դէմ պատժամիջոցներ որդեգրելու մասին օրէնքը: Բրիտանահայ մարդասիրական խմբակցութիւնը կրկին յորդորում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին եւ նոր վարչապետի կառավարութեանը`
– Պահանջել ադրբեջանական իշխանութիւններից` ողջ զօրքերի անյապաղ դուրսբերումը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից,
– Պահանջել Բաքուից` շուրջ երկու տարի ապօրինի ազատազրկուած ԲՈԼՈՐ հայ քաղաքացիական անձանց ու ռազմագերիների անյապաղ վերադարձը,
– Դատապարտել եւ պատժամիջոցների ենթարկել Ալիեւի բռնապետութիւնը` պատերազմական յանցագործութիւնների, մարդու իրաւունքների կոպիտ խախտումների եւ ՄԱԿի անդամ պետութիւնների պարտաւորութիւնները քամահրելու համար` ապակայունացնելով Կովկասի տարածաշրջանի խաղաղութեան, տնտեսական կայունութեան եւ ժողովրդավարութեան գործընթացը:
Մասնակցէ՛ք մեր ստորագրահաւաքին` chng.it/RDJGymybNN
ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ
Twitter: twitter.com/arm_brit
Facebook: facebook.com/BritishArmenian
Instagram: instagram.com/british_armenian