Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան, անդրադառնալով Ատրպէյճանի կողմէ Շուշի քաղաքի բռնագրաւման երկրորդ տարելիցին՝ «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է, որ այսօրուան բռնագրաւուած եւ հայաթափուած Շուշին Արցախը ցեղային զտման ենթարկելու թուրք-ատրպէյճանական դարաւոր եւ անփոփոխ քաղաքականութեան իրական օրինակ է: Ըստ «Արմէնփրէս»ի՝ Ստեփանեան իր էջին վրայ գրած է հետեւեալը.
«2020 թուականի աշնանն Արցախի ժողովրդի դէմ սանձազերծուած պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից բռնազաւթուել են Արցախի Հանրապետութեան շուրջ 200 բնակավայրեր` այդ թւում հայկական մշակոյթի կենտրոն Շուշին:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերեալ 1921 թուականի Յուլիսի 5ի ապօրինի որոշման մէջ որպէս ձեւաւորուելիք հայկական ինքնավարութեան կենտրոն էր սահմանւում Շուշի քաղաքը: Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրութեամբ 1923ին, երբ Արցախի մի փոքրիկ հատուածում ձեւաւորուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձաւ ոչ թէ Շուշին, այլ Ստեփանակերտը:
«Շուշին զաւթելու, նրա հայկականութիւնը աղաւաղելու եւ այն ադրբեջանական ներկայացնելու ուղղութեամբ Ադրբեջանը գործել է մշտապէս: Քաղաքը իւրացնելու ընթացքում, ինչպէս 1900ականների սկզբին, այնպէս էլ 2020ին թուրք-ադրբեջանական տանդեմի (լծակից զոյգի) հիմնական գործիքները եղել են էթնիկ (ցեղային) զտումն ու ցեղասպանութիւնը` հայ բնակչութեան ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան (տարագրութիւնը), նրանց ստեղծած հոգեւոր-մշակութային արժէքների ոչնչացումն ու աղաւաղումը:
«Շուշիի մշակութային ժառանգութիւնը քաղաքի հայկական պատկանելութեան ինքնատիպ վկայութիւն է: Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտաւորեալ թիրախաւորուել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից յետոյ շարունակաբար պղծուել են Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին եւ Շուշիում գտնուող բազմաթիւ հայկական մշակութային արժէքներ: Ադրբեջանը շարունակաբար աւերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցուածքները, տները, բազմաբնակարան շէնքերը:
«Այսօրուայ օկուպացուած (գրաւուած) եւ հայաթափուած Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարաւոր եւ անփոփոխ քաղաքականութեան իրական օրինակ է:
«Տարբեր առիթներով միջազգային պատուիրակութիւններ տանելով Շուշի` Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել (օրինականացնել) իր ագրեսիան (յարձակումը): Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով յանցակից են դառնում մարդկանց տեղահանութեանը եւ լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան եւ օկուպացիան:
«Այսօրուայ բռնազաւթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետութեան անբաժանելի մասը»։