Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Արգամ Մանասեանն ու Մհեր Սամսոնեանը տակաւին կը գտնուին «Օճախ» ճաշարանը ու կը խօսին Արգամին գալիք հարցաքննութեան մասին:
***
«- Ո՞վ է կանչելու:
– Դատախազի օգնական Վարազդատ Գաբրիէլեանը:
Մհեր Սամսոնեանը տեղից վեր թռաւ.
– Վարա՞զը: Մեր կուրսից (դասարան) էր: Ա՜յ, տականք… Փող ունե՞ս: Ուզո՞ւմ ես խօսեմ հետը: Նա փողի համար հարազատ հօրն էլ կը ծախի: Նրա մասին մի բան են պատմում եւ բոլորը կարծում են, թէ անեկդոտ (մանրավէպ) է: Այնինչ՝ սուրբ ճշմարտութիւն է: Ծանօթներից մէկը գալիս է Վարազդատի մօտ իբրեւ միջնորդ, չորս կողմը նայելով գրպանից հանում է փողը, զգուշօրէն դնում սեղանին ու ասում. « Այսինչ գործի համար եմ բերել, հազար ռուբլի է, վերցրու, ոչ մէկը չի իմանայ»: Վարազդատը ծիծաղում է ու ասում. «Տօ գնա՛ մի հազար մանէթ էլ բեր ու թէկուզ ռատիոյով յայտարարի»: Այ թէ ով է Վարազդատ Գաբրիէլեանը: Մի ժամանակ Ուսանողական շրջանում դատաւոր էր: Հանդիպեցի, հարցրեցի՝ ո՞նց ես: «Ո՞նց պիտի լինեմ, կեղտոտ շրջան է, – ասաց, – ով միջնորդութեան է գալիս, փոխանակ գրպանից փող հանի, այցեքարտն է հանում: Է՜, վիզիտկաներով (այցեքարտ) ապրե՞լ կը լինի»:
– Ու այդպէս ազատ-անվախ խօսո՞ւմ էր, – ակամայ սթափուելով, զարմացած հարցրեց Մանասեանը:
– Ազատ, անվախ եւ արժանապատուութեամբ, – աւելացրեց նկարիչը: – Հիմա ի՞նչ ես ասում, փող ունե՞ս: Ես իսկապէս կարող եմ խօսել հետը:
Արգամ Մանասեան ակամայ ժպտաց.
– Նոյնիսկ չես էլ հարցնում, թէ ի՞նչ մեղադրանքներ են:
– Դա կարեւոր չէ, – ասաց Մհեր Սամսոնեանը: – Մեղադրանքները որքան ծանր լինեն, այնքան Վարազդատը գոհ կը լինի: Որովհետեւ գումարն էլ համապատասխանաբար կը մեծանայ: Դէ, լաւ, ասա տեսնենք ինչ մեղադրանքներ են:
Եւ Արգամը պատմեց ինչ գիտէր, բաց թողնելով միայն Սուսաննային եւ Մարիամին վերաբերող հարցերը:
Մհեր Սամսոնեանը լրիւ սթափուել էր եւ իր տարերքի մէջ էր: Նա նոյնիսկ հանեց գրիչն ու սկսեց ինչ որ նշումներ անել անձեռոցիկի վրայ:
– Խրթին պատմութիւն է, – ասաց նա, երբ Արգամն ամփոփեց իր խօսքը: – Բոլորովին չե՞ս կռահում, թէ ով կը լինի հեղինակը:
Արգամը բացասաբար թափահարեց գլուխը:
-Իսկ ես համոզուած եմ, որ մօտիկ մարդ է գրել, – ասաց նկարիչը: – Ներսի մարդ, ամէն ինչ իմացող մարդ:
– Այդ ամէն ինչ իմացող մարդը ինչպէ՞ս կարող էր չիմանալ, որ իմ մայրը երբեք մեր տանը գրանցուած չի եղել, – բարկացաւ նա: – Կամ ինչպէս կարող էր չտեսնել, որ երբեք, երբեք մտքովս էլ չի անցել կապ հաստատել քարտուղարուհուս հետ:
Նկարիչը ուրախ ծափ զարկեց:
– Ուրեմն այդ մասի՞ն էլ կայ: Բա ինչո՞ւ չէիր ասում: Տեղն է քեզ, տեղը: – Նա միանգամից էլ լրջացաւ ու աւելացրեց: – Փուչիկ է:
– Ինչ է՞…
– Փուչիկ: Գրողն իմացել է, որ հենց այդ հարցերին մօտենան, փուչիկը կը պայթի…
– Ուրեմն ինչո՞ւ է գրել:
– Որպէսզի քեզ նման միամիտին համոզի, թէ ինքը այնքան էլ մօտիկ չէ… Իսկ քո հօր գերեզմանի հետ կապուած այդ պատմութի՞ւնն ինչ է: Յուշարձանի կառուցման թղթերը չունե՞ս:
– Չէ, – ասաց Արգամ Մանասեանը:
– Իսկապէ՞ս աչքի ընկնող արձան է:
– Փառահեղ: Ամբողջ պատուանդանը սեւ մարմարից է: Հսկայական սալերը լեռների նման կիտուած են իրար վրայ եւ իրենց վերեւում բարձրացած պահում են սպիտակ մարմարից քառակուսի մի ուրիշ սալ, որի վրայ գրուած է «Պետրոս Մանասեան»: Հա, ի դէպ, ցանկապատն էլ մոխրագոյն կրանիթէ սալերից է կազմուած, որոնք իրար միացած են պրոնզէ շղթաներով: Արուեստի գործ է:
Նկարիչը սուլեց:
– Կարծես թէ տեսել եմ: Փոքրիկ հրապարակի աջ մասում չէ՞:
– Դա է: Անստորագիր նամակի հեղինակը նոյնիսկ տեղն էլ է նշել:
– Եւ ի՞նչ արժէ:
– Դէ այն ժամանակ էժան էր ամէն ինչ: Հիմա մօտաւորապէս յիսուն հազար կը գնահատեն:
– Կորար, իմ ախպեր, – գլուխը թափահարեց նկարիչը: – Գոնէ կարո՞ղ ես ասել, որ հայրդ ժառանգութիւն էր թողել…
– Բացառուած է:
– Բա ի՞նչ պիտի ասես:
– Պիտի ասեմ, որ դա իմ հօր գերեզմանը չէ:
Նկարիչը զարմացած նայեց նրան.
– Է, յետոյ, կը հաւատա՞ն:
– Սիրելի Մհեր, հաւատան թէ չհաւատան, բայց դա իսկապէս իմ հօր գերեզմանը չէ:
– Ո՞նց թէ, – տեղից վեր թռաւ Մհեր Սամսոնեանը ու նրա աչքերը փայլեցին:
– Իմ հայրը մեր գիւղի գերեզմանատանն է թաղուած»:
***
Ահա Քալանթարեանի առկախում (suspense) ստեղծելու տաղանդը: Մինչ բոլորս ալ սկսած ենք հաւատալ, որ նկարագրուած գերեզմանը Մանասեանը ամբաստանող նամակին մէջ նշուածն է՝ անակնկալի կու գանք: Արգամ Մանասեան կը պատմէ, թէ ինչպէս օր մը, գործարանի բանուորներէն մէկուն յուղարկաւորութենէն վերադարձին, մէկը նկատեր է յուշարձանին վրայի անունը եւ հարցուցեր է թէ իր հօ՞րը դամբարանն է: Ինքն ալ կատակով «լաւ յուշարձան չէ՞» հարցուցեր է, առանց մտածելու ըսածին հետեւանքներուն մասին:
***
«Նկարիչը քրքջում էր. չէր կարողանում զսպել իրեն՝ երկտակւում էր ծիծաղից՝ ձեռքերը քարերին քսելով:
– Այս փաստը… պահիր… վերջում, – ասում էր նա ծիծաղի արանքում: – Սա… սա… ինչ ասես արժէ: Դու ձայն չհանես… թող իրենք ստուգեն, Արգամ Պետրովիչ:
– Էհ, – ձեռքը թափ տուեց Մանասեանը: – Իսկ ես գիշեր-ցերեկ մտածում եմ, թէ իմ կողքին կանգնած մարդկանցից ո՞վ է գրել այդ նամակը: Ո՞վ: Ի՜նչ կեղտոտ բան է կասկածը:
Նկարիչը եկաւ եւ ուղիղ կանգնեց իր պետի առջեւ:
– Իսկ քո կողքին սովորաբար ովքե՞ր են լինում, ընկեր Մանասեան: Եկ մէկ-մէկ թուենք: Ե՛ս: Բայց ես թաղմանը չեմ մասնակցել: Վռամ Մաշուրեանը… Իսկ ինչո՞ւ ոչ…
– Վերջ տուր, – բարկացաւ Արգամ Մանասեանը: – Վռամը կարող է գրել, թէ համոզուած է, որ ես կապուած եմ իր կնոջ հե՞տ:
– Օհօ՜, կենացները քանի գնում՝ քաղցրանում են, – գլխով արեց նկարիչը: – Չեղաւ, Արգամ Պետրովիչ, թունդ խաղամոլի նման թղթերը մէկ-մէկ ես գրպանիցդ հանում…
– Դէ, դա այնպիսի ապուշութիւն է, որ… – շփոթուեց Արգամը»:
նկար
0000Krataran