Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Անցեալ անգամ կարդացինք Արգամ Մանասեանի եւ Մհեր Սամսոնեանի հեռաձայնային խօսակցութեան մասին:
Երբ նախկին փաստաբան, այժմ՝ նկարիչ Սամսոնեանը կը հասնի իր ինքնաշարժով, կ՛առաջարկէ Ուջան երթալ. Արգամը կը մերժէ. «Չէ՛. չեմ ուզում, որ մայրս ինձ այսպէս տեսնի, կ՛ըսէ։ Կ’որոշեն երթալ «Օճախ» ճաշարան: Դէպի Սեւան ճանապարհին՝ կը զրուցեն:
***
«- Ի՞նչ կայ գործարանում, Մհեր, – չդիմացաւ, հարցրեց Արգամը:
– Ստուգումներ, – ասաց նկարիչը: – Քրքրում են ամէն ինչ: Ըստ որում ինձ էլ կանչեցին. հարցնում էին, թէ ինչն է պատճառը, որ նկարչական պատուէրների մեծ մասը տնօրէնը ինձ է յանձնարարել կատարելու:
– Եւ դու ի՞նչ պատասխանեցիր:
– Ասացի, որ դա լիովին հասկանալի է ու բնական, որովհետեւ այսօրուայ վիճակով, ես հանրապետութեան ամենաճանաչուած ու ամենատաղանդաւոր նկարիչներից մէկն եմ:
Մհեր Սամսոնեան ծիծաղեց.
– Դրանց հետ ուրիշ տեսակ չպիտի խօսես: Հենց որ սկսեցիր մարդու տեղ դնել ու խոնարհել գլուխդ, տեղնուտեղը կ՛ուտեն: Սրանց համար ախր ոչ մի նշանակութիւն չունի թէ ով ես դու՝ գրող ես, նկարիչ ես, լուսանկարիչ ես, թէ՝ կօշկակար: Նրանք էլ իրենց ծրագիրն ունեն ու պիտի կատարեն այդ ծրագիրը, եթէ չեն ուզում քաղցած մնալ: Իսկ եթէ յատուկ յանձնարարութեամբ են գալիս՝ վերջ. մինչեւ իրենց նպատակին չհասնեն՝ հիմնարկից դուրս չեն գայ: Գիտե՞ս գործարանում ի՞նչ են արել:
– Ի՞նչ…
– Երկու-երեք տեղ արկղ են կախել, մեր այն չեղած ընտրութիւնների արկղներից, ու վրան գրել. «Գործարանի կառավարութեան թերութիւնների եւ չարաշահումների մասին ձեր գրաւոր կարծիքը, թէկուզ անստորագիր, անվախ նետէք այս արկղի մէջ»: Պատկերացնո՞ւմ ես: Իսկ դա գիտե՞ս ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ նրանք գործ են սարքում: Գործ: Եւ ինչպէս դու ես սիրում ասել՝ միջոցների մէջ խտրութիւն չեն դնում:
– Իսկ Վռա՞մն ինչ է անում, ինչո՞ւ է թողնում, որ…
– Վռամ Մամբրէիչը, Արգամ, առայժմ ժամանակաւոր պաշտօնակատար է եւ ինչպէս քաջ յայտնի է քեզ, շատ է ուզում տնօրէն դառնալ:
– Լաւ, բայց չի՞ հասկանում, որ եթէ ծանրանայ իմ մեղքերի նժարը, ինքն էլ որպէս տեղակալ պատասխան պիտի տայ:
– Երեւի հասկանում է, – ասաց Մհեր Սամսոնեանը: – Իմ կարծիքով նա ամէն ինչ հասկանում է:
(…)
Հացատանը ոչ ոք չկար: Մատուցողուհին առանց հարցուփորձի անմիջապէս բերեց սառը խորտիկները՝ ղաւուրմա (խորոված), թփով տոլմա (խաղողի տերեւով), քամած մածուն, շուշանի թթու, կարմիր լոբի (լուբիա), լոլիկ ու վարունգ եւ մի մեծ սափոր սառը թան: Ու միանգամից տրամադրութիւն ստեղծուեց:
– Ա՛յ աղջիկ, էն անտէրից բեր, շուտ արա, – անհամբեր բղաւեց Մհեր Սամսոնեանը:
Իսկ երբ արդէն խմել էր մի քանի բաժակ, ետ ընկաւ նստարանին, նայեց շուրջը, քարէ պատրհաններում (պատի մէջ շինուած պահարաններ) դրուած աղամաններին, պղնձէ թասերին ու կժերին, փայտէ գրտնակներին( խմոր բանալու կլոր փայտ), պատից կախուած հացի տաշտակին, չորացած կարմիր պղպեղի շարաններին եւ ցորենի հասկերին. նայեց, նայեց ու ասաց.
– Զզւում եմ:
– Իսկ ինձ դուր է գալիս, – ասաց Արգամը:
– Որովհետեւ դու գեղացի ես: Ոչ թէ՝ գիւղացի, այլ՝ գեղացի, – ասաց Մհեր Սամսոնեանը: – Այսինքն, ոչ թէ ծնունդով, չէ, ծնունդը կապ չունի: Փուշկինն էլ էր գիւղացի: Այլ՝ մտածողութեամբ: Դրա համար էլ սենտիմենտալ (զգացական) ես: Պահ-պահ-պահ, տեսնո՞ւմ էք, հին կուժ է: Օհ-օհ-օհ, քարերը տես ոնց են շարուած, ինչպէս Աշոտ Երկաթի օրօք: Բայց սուտ է, չէ՞, սուտ, հեռուից էլ զռռում է, որ սուտ է, կարկատան է, խաբէութիւն է: Եթէ ես իրաւունք ունենայի, կ՛արգելէի, որ վերականգնեն խորտակուած տաճարները, այլ ծածկի տակ կ՛առնէի ու կը պահպանէի այնպէս, ինչպէս կան: Ես Զուարթնոցի հողի մէջ կիսաբաց ընկած, մաշուած մի քարը չեմ փոխի մեքենաներով տաշտշուած ու կռունկներով (cranes) վեր բարձրացրած քարերով, իբր թէ վերականգնուած ամբողջ նոր Զուարթնոցի հետ: Որովհետեւ երբ նայում ես ընկած քարին՝ աւելի շատ բան ես տեսնում ու զգում եւ աւելի շատ երեւակայում ու պատկերացնում, քան թէ երեւի նոյնիսկ իրականում եղել է:
Արգամ Մանասեանը ծիծաղեց.
– Հիմա մեզնից ո՞վ է սենտիմենտալը, ե՞ս, թէ՝ դու:
– Դո՛ւ, – գոռաց Մհեր Սամսոնեանը եւ յանկարծ անկապ-անկապ մի այնպիսի բան ասաց, որ Արգամ Մանասեանի մազերը փշաքաղուեցին: – Դո՛ւ: Էն աղջիկը պտտւում էր չորս կողմդ, նայում էր աչքերիդ ու հոգոց էր քաշում, իսկ դու ոնց որ պատը, աւելի ճիշդ, կեղծ բարեպաշտ էիր խաղում: Հա՛, աչիկ ջան, ի հա՛րկէ, բալիկ ջան…
– Ո՞վ , – զարմացաւ Արգամը:
– Սուսաննան: Ո՞վ:
– Սուսաննա՞ն: Մեր քարտուղարուհի՞ն:
-Այո՛, հա՛, ձեր քարտուղարուհին: Երկու օրուայ մէջ Վռամ Մաշուրեանի սիրուհին դարձաւ:
(…)
– Ի՜նչ նողկալի բաներ ես ասում, Մհեր, – խոժոռեց Արգամը: – Սուսաննան նրան երեխայ կը սազի:
– Բա որ ասում եմ՝ գեղացի ես:
– Սպասիր, բայց նա սիրած տղայ ունէր, յանկարծ յիշեց Արգամը:
Մհերը ծիծաղեց:
– Մէկը միւսին խանգարո՞ւմ է:
(…)
– Գուցէ բամբասա՞նք է, Մհեր:
– Ի՞նչ ասեմ, – ձեռքերը տարածեց նկարիչը: – Գուցէ եւ բամբասանք է: Գուցէ նրանք անցած երեկոյ արուեստանոցում երեք ժամ իմ կտաւներով էին հիանում:
Արգամ Մանասեանը նստել էր՝ առաջ թեքուած ու ձեռքերով գլուխը բռնած:
– Մի տափակ անեկդոտ (մանրավէպ) կայ: Շատ եմ սիրում: Ուշքս գնում է, ասաց Մհեր Սամսոնեանը: Աւտոպուս (հանրակառք) է բարձրանում հարբած մի մարդ. Պղտորուած աչքերով նայում ուղեւորներին ու ասում. «Բարեւ ձեզ, աւտոպուսի ժողովուրդ»: Նրան ոչ ոք չի պատասխանում: Կարծում է՝ չլսեցին, բարձրացնում է ձայնը. «Ասում եմ՝ բարեւ ձեզ, աւտոպուսի ժողովուրդ»… Դարձեալ ոչ ոք չի պատասխանում: Եւ հարբած մարդը զարմացած քրթմնջում է ինքն իրեն. «Արա, կարո՞ղ ա, ես սխալմամբ տրոլեպուս (trolley-bus, ելեկտրական հանրակառք) եմ նստել»:
Արգամ Մանասեանը լուռ էր:
– Այնպէս մի ձեւացրու, թէ սխալմամբ տրոլեպուս ես նստել ու մի զարմացիր, – ծիծաղեց նկարիչը: Քո սովորական հարազատ աւտոպուսի մէջ ես: Ու առաջին ստորութիւնը չէ, որի մասին լսում ես: Եղա՞ւ: Դէ հիմա արի խմենք ազնուութեան կենացը:
Նա լցրեց բաժակները՝ ցանկանալով էլի ինչ-որ բան ասել, բայց նայելով նախկին տնօրէնի տխրած, մելամաղձոտ դէմքին, վճռեց փոխել խօսակցութեան նիւթը:
– Անցնենք միւս ուղեւորներին: Ո՞նց ես, Արգամ Պետրովիչ: Ճի՞շդ է, որ քրէական գործ են ուզում յարուցել քեզ վրայ:
նկար
0000Krataran