Հայաստանի վետերանների աջակցութեան հիմնադրամի (Veterans of Armenia Foundation) աշխատանքները սկսուել են Արցախի 44օրեայ պատերազմի հէնց առաջին օրերից: Պատերազմի հետեւանքները վերացնելու, վետերաններին եւ նրանց ընտանիքներին օգնելու համար մինչեւ այսօր հիմնադրամն աշխուժօրէն իրականացրել է բազմաթիւ ծրագրեր, որոնք առանձին ուղղութիւններով հարիւրաւոր վետերանների օգնել են ինչպէս ֆիզիկական եւ հոգեկան առողջութեան, այնպէս էլ նրանց ընկերային կարիքների բաւարարման հարցերում: Բազմաթիւ ծրագրեր մինչեւ այսօր էլ գործում են` նպաստելով վետերանների բնակարանային հարցերի լուծմանը, յետ-պատերազմեան իրականութեան հետ նորովի յարմարուելուն, զբաղուածութեան ապահովմանը եւ այլն:
Վերջերս, երբ տեղի ունեցաւ ադրբեջանական նոր յարձակումն արդէն Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի վրայ, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արագ որոշում կայացրեց` սեփական միջոցներից 50,000 ամերիկեան դոլար յատկացնել այս նոր յարձակումից տուժած մեր հայրենակիցներին աջակցելու ծրագրերի համար: Այնուհետեւ համացանցային դրամահաւաքի մասին յայտարարեցին, որի շրջանակում արդէն աւելի քան 40,000 ամերիկեան դոլար է հաւաքուել:
«Ընդհանուր թուով 100,000 ամերիկեան դոլար մենք յատկացնելու ենք Սեպտեմբերի 13ին ու դրան յաջորդած օրերի ընթացքում տուժած մեր հայրենակիցներին: Ցաւօք սրտի այս անգամ եւս մենք ունեցանք զոհեր, հարիւրաւոր տեղահանուած ընտանիքներ, վիրաւորներ։ Մենք տեղում ունենք մեր ներկայացուցիչներին, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրում են, հետաքրքրւում: Երբ իրավիճակը կայունանայ, վնասներն աւելի ճշգրիտ գնահատուեն, մենք վստահաբար, աւելի մանրակրկիտ կը ներկայացնենք այս ուղղութեամբ տարուող մեր աշխատանքները: Այնտեղ հիմա մեր ներկայացուցիչներից մարդիկ կան, ովքեր ուսումնասիրում են, հետաքրքրւում` տեղում անձամբ ծանօթանում են իրավիճակին», ասում է Ֆրեդ Սարգսեանը, ով VOA-ի հիմնադիր անդամներից մեկն է։

Սարգսեանի խօսքով` հիմնարդամի անդամները պարբերաբար այցելում են Հայաստան, տեղում ծանօթանում իրավիճակին եւ մշակում աջակցութեան ուղղութիւնները, նաեւ` ուսումնասիրում արդէն իսկ իրականացրած ծրագրի արդիւնքները: Սա նպաստում է ինչպէս հիմնադրամի արդիւնաւէտութեանը, այնպէս էլ վստահութեան բարձրացմանը:
Յատկանշական է, որ Հայաստանի վետերանների աջակցութեան հիմնադրամն իր թափանցիկութեան, պարբերական հաշուետուութիւնների եւ վստահութեան բարձր ցուցանիշի համար արժանացել է Guidestar Platinium Seal of Transparency համաշխարհային բարձր պարգեւին, որը տրւում է հիմնադրամներին` հաշուի առնելով նրանց աշխատանքի թափանցիկութիւնն ու հանրութեան վստահութիւնը: