Հայաստանի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան արդիւնաւէտ նկատեց Ատրպէյճանի նախագահի օգնական Հիքմետ Հաճիեւի հետ հանդիպումը, զոր կազմակերպած էր Միացեալ Նահանգներու նախագահի Ազգային ապահովութեան հարցերու խորհրդական Ճէյք Սալըվընը: Լուրը կը հաղորդէ «Արմէնփրէս»ը:
Գրիգորեան անդրադարձաւ հանդիպումէն ետք Սաըիվընի գրառման, ըստ որուն, անոնք քննարկած են յստակ քայլեր, որոնք կրնան յանգեցնել խաղաղութեան։ «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման օրակարգը, ինչպէս նաեւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման թեմաներն ենք քննարկել: Այդ թեմաները առնչւում են ապաշրջափակումը, դելիմիտացիան (սահմանազատման) եւ սահմանային անվտանգութիւնը, ինչպէս նաեւ այլ հարցեր, որոնք տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն են բերում: Սրանք են այն հիմնական թեմաները, որ քննարկել ենք: Նաեւ շեշտադրում է եղել վերջին լայնածաւալ ագրեսիայի (յարձակման) հետեւանքների վերացման վրայ: Գիտէք, որ այս առումով Միացեալ Նահանգները բազմիցս յայտարարել է, որ Ադրբեջանը պէտք է վերադարձնի իր զօրքերը ելման այն կէտեր, որտեղից սկսել է ագրեսիան», ըստա «Արմէնփրէս»ի՝ «Ամերիկայի Ձայն»ին տուած հարցազրոյցին ընթացքին ըսաւ Գրիգորեան:
Վերջինս յայտարարեց, որ Հայաստան եւ Ատրպէյճան քննարկած են 5 օրակարգեր, որոնք փոխկապակցուած են: «Դրանցից մէկը հումանիտար (մարդասիրական) հարցերն են, այսինքն՝ գերիներին վերադարձ եւ բոլոր այն հումանիտար հարցերը, որոնք գոյութիւն ունեն: Կայ ապաշրջափակման հարցը, դեմարկացիայի (սահմանագծման) եւ դելմիտացիայի հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցը: Կայ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիրը: Այս ուղղութիւններով փորձել ենք յստակութիւն մտցնել, թէ ինչպէս ենք առաջ շարժւում: Սրանք իրար հետ փոխկապակցուած են: Այսինքն՝ կոնկրէտութիւնը հէնց այս թեմաների շուրջ է եղել, թէ մենք ինչպէս ենք առաջ շարժւում», ըսաւ ան:
Ըստ Գրիգորեանի՝ կան տարբեր ձեւաչափեր, ուր տարբեր մակարդակներով քննարկումներ տեղի կ՛ունենան: «Դրանք արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետերի, ինչպէս նաեւ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնների մակարդակով ընթացող քննարկումներն են: Կան նաեւ բարձր մակարդակում քննարկումներ, այսինքն՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումներ: Այս պահին քննարկում ենք, որպէսզի մնացած այլ ֆորմատներում առաջընթաց ունենանք, որպէսզի հնարաւորութեան դէպքում նաեւ բարձր մակարդակի հանդիպում ունենանք», մանրամասնեց Գրիգորեան: