ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` «ՀԱՅ ՎԻՐԱՒՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամը համահայկական տիրոյթում բացառիկ է` հայկական զինուած ուժերին աջակցութեան հարցում բազմակողմանի գործունէութեամբ: 2016 թ.ի քառօրեայ պատերազմից յետոյ, հայ զինուորին օժանդակելու նպատակով, ամերիկահայ Ռազմիկ Արզումանեանն ու Քրիս Պետրոսեանը հիմնադրեցին «Հայ Վիրաւորուած Հերոսներ» հիմնադրամը: Կազմակերպութիւնն իրականացնում էր առաջին բուժօգնութեան պարագաների տրամադրում զինուորներին, եւ աջակցում վիրաւորուածների վերականգնմանը: Ելնելով առաջնայնութիւններից, Հիմնադրամն այնուհետ ընդլայնեց գործունէութեան շրջանակները` ներառելով արտադրութիւնների ստեղծում Հայաստանում, ռազմավարական նշանակութեան ոլորտներում գիտութեան եւ տեխնոլոգիաների (արհեստագիտական) զարգացման ծրագրեր` Սփիւռքի եւ Հայաստանի մասնագէտների համախմբմամբ:
«Հայաստանը կանգնած է ադրբեջանական զաւթիչ բանակի դէմ գոյատեւման տեւական պայքարի առջեւ: Թշնամին մեծ քանակի զօրք է կուտակում սահմանին, եւ մեր ընտրութիւնն է` նորից բախուել ցեղասպանութեան, կա՛մ պայքարել մեր պետականութիւնը պահելու համար: Պէտք է մեր ուժերով պատրաստուենք դիմագրաւելու թշնամուն` առանց ակնկալելու այլոց օգնութիւնը: Աշխարհը սկսեց աջակցել Ուկրաինային միայն այն բանից յետոյ, երբ վերջինս համախմբուելու եւ հակահարուած տալու կամք դրսեւորեց», նշում է հիմնադրամի համահիմնադիր Ռազմիկ Արզումանեանը` տեղեկացնելով, որ «Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամը մեծ եռանդով եւ յոյսով 24 ժամ պատրաստւում է պայքարին, եւ յորդորում է միանալ իրենց նախաձեռնութիւններին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամը ստեղծուել է հայ զինուորի կողքին կանգնելու առաքելութեամբ: Հիմնադրումից ի վեր, ձեր գործունէութիւնն ընդլայնուել է` ելնելով` պահի անհրաժեշտութիւնից: Որո՞նք են այսօր ձեր առաջնային ծրագրերը:
ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- «Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամի ներկայի ամենակարեւոր ու հիմնական նպատակը սահմանում կանգնած մեր զինուորներին աջակցութիւն հասցնելն է: Այդ ուղղութեամբ իրականացնում ենք մի քանի ծրագիր, որոնցից առաջնայինը` Հայաստանում բալիստիկ (փամփշտարգել) զրահաբաճկոնների եւ սաղաւարտների արտադրութիւնն ու մատակարարումն է: Վերջին շրջանում արտադրել ենք բաւականին մեծ քանակութեամբ եւ տրամադրել թէ՛ Զինուած ուժերին, թէ՛ կամաւորների: Ես նոր եմ վերադարձել սահմանից, եւ համոզուել եմ, որ դրանք հասել են տղաներին, ովքեր շատ շնորհակալ են ծրագիրը իրականութիւն դարձրած բոլոր մասնակիցներին:
Զրահաբաճկոնների դէպքում, մեր համար շատ կարեւոր է, որ ամենաբարձր որակի լինեն: Այդ նպատակով, համագործակցում ենք միջազգային մի կազմակերպութեան հետ, որը միակն է, որ ամերիկեան բանակի ամենաբարձր` չորրորդ մակարդակի պաշտպանողական զրահաբաճկոններ արտադրելու արտօնագիր ունի: Վերջին մէկ ու կէս տարուայ ընթացքում աշխատել ենք իրենց հետ, որ օգնեն Հայաստանում գործարան ստեղծենք, տեղադրենք համապատասխան սարքաւորումներ, եւ իրենք ամբողջ ժամանակ մեր հետ միասին Հայաստանում արտադրել են զրահաբաճկոնները: Փորձարկումների ժամանակ էլ, տեսանք, որ դրանք շատ բարձր պաշտպանողական յատկութիւններ ունեն:
Զրահաբաճկոնների արտադրութիւնը սկսեցինք Հայաստանում, քանի որ 2020ի պատերազմի ժամանակ, երբ փորձեցինք այդ նոյն որակի զրահաբաճկոններ ներմուծել Ամերիկայից, վերջին պահին մեզ արգելեցին արտահանել: Որոշեցինք, որ նման խնդիրներից խուսափելու համար` արտադրութիւն հիմնենք Հայաստանում:
Մեզ հիմա շատերն են դիմում, բայց ստեղծուած զրահաբաճկոնների խմբաքանակը սպառուել է, եւ այս պահին չունենք: Կարող ենք նոր խմբաքանակ պատրաստել, քանի որ կարողութիւն ունենք շարունակելու արտադրութիւնը` ֆինանասների առկայութեան դէպքում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր հիմնական գործունէութիւնն ուղղուած է եղել հայկական զինուած ուժերին առաջին անհրաժեշտութեան բուժօգնութեան պարագաների տրամադրումը: Այս ծրագիրը շարունակւո՞ւմ է:
ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Ելնելով ներկայում Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, այո, շարունակում ենք այդ ծրագիրը: Առաջին բուժօգնութեան փաթեթներում գլխաւոր տեղում են արիւնահոսութիւնը դադարեցնող սարքերը, որոնք նուազեցնում են հրազէնային կամ այլ ծանր վնասուածքների ճակատագրական ելքով դէպքերը:
Մարտի դաշտում, զոհերի 90 տոկոսը, սովորաբար մահանում է արիւնահոսութիւնից` զինուորները երբեմն 3-4 րոպէ ունեն արիւնը կանգնեցնելու, եւ բուժօգնութիւն ստանալու համար: Մեր տրամադրած բուժսարքերը հնարաւորութիւն են տալիս զինուորին ինքնուրոյն կիրառել դրանք` նշուած չորս րոպէն երկարաձգելով մինչեւ 8-10ը ժամի, հասնել հիւանդանոց ու փրկուել:
Ռազմաբժշկական այդ պարագաները Հայաստան ենք ներմուծում Ամերիկայից: Ուկրաինայի պատերազմի պատճառով, դրանց հասնելու ժամանակը երկարել է, սակայն մենք լաւ կապեր ունենք, եւ համապատասխան ֆինանսաւորման դէպքում, կարող ենք բաւական արագ հասցնել մեր տղաներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախեան պատերազմից յետոյ, հիմնադրամը նախաձեռնեց փոփոխուած սահմաններում զինուորների համար կացարանների կառուցում: Ի՞նչ ընթացքի մէջ է այդ նախագիծը:
ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.-2020 պատերազմից յետոյ, նոր սահմանների պայմաններում, համապատասխան ենթակառուցուածքներ գրեթէ չկան: Սահմանապահ մեր զինուորներն ապրում են վրաններում, որոնք զուրկ են տարրական յարմարութիւններից: Այս հարցը լուծելու համար, «Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամը որոշեց շտապ կարգով զբաղուել սահմանների կահաւորմամբ եւ մինչ օրս կառուցել եւ տեղակայել ենք շուրջ հարիւր «պաշտպանութեանը աջակցող կացարան-ստորաբաժանումներ» (Defense Support Units-DSU): Դրանք մեծապէս օգնել են մեր զինուած ուժերին առաջնագծում դիմակայելու ձմեռային դաժան պայմանները:
Այսօր, ռազմական ակտիւ (խիստ, աշխոյժ) իրավիճակում, այդ մոդելն այդքան էլ չի աշխատում, եւ փոխել ենք ու նոր իրավիճակին համապատասխան, շարժուն մոդելներ ենք պատրաստում` առաւել ճկուն գործառոյթներով: Մանրամասներ չեմ կարող հրապարակել, բայց կ՛ասեմ այն, որ ստեղծել ենք մեխանիզմը (գործիքակազմը), եւ ունենք արտադրական կարողութիւններ: Իւրաքանչիւր կացարանն արժէ շուրջ տասը հազար դոլար, եւ այսօր հնարաւորութիւն ունենք ստեղծելու հնարաւորինս շատ` համապատասխան գումարի դէպքում: Կացարանները ֆինանսաւորել են հիմնականում անհատներ, ովքեր այս կերպ իրենց ներդրումն ունեն մեր սահմաններում:
Նաեւ ակտիւօրէն աշխատում ենք պաշտպանութեան նախարարութեան` մասնաւորապէս բուժվարչութեան հետ` տրամադրելու շտապօգնութեան մեքենաներ: Քանի որ սեպտեմբերեան պատերազմի ժամանակ թշնամին թիրախաւորել էր այդ մեքենաները` շտապ կարիք կայ վերականգնելու: Պատերազմը, իմ կարծիքով շատ մօտ է, եւ մենք արագօրէն փորձում ենք համալրել:
Միաժամանակ, շարունակում ենք նաեւ վիրաւորուած զինուորներին աջակցութիւնը: Շատ կարեւոր է, որ իրենց կողքին կանգնենք: Ունենք վերականգնողական կենտրոն, որը շատ ակտիւ աշխատում է, պրոթօզներ (մարմինի անդամի արհեստական փոխադիր) ենք տուել, արդէն լաւ քայլում են, վերադառնում են աշխատանքի, եւ ուժեղանում են: Հայ կրթական հիմնադրամի միջոցով, հիմնադրամը համալսարանական ուսման կրթաթոշակներ է տրամադրել պատերազմի վետերանների:
Շատ կարեւոր է, որ մեր զինուորը տեսնի, որ իր կողքին կանգնած ենք ոչ թէ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ` թիկունքում, եւ իրենց հետ կը լինենք մինչեւ լիարժէք վերականգնում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք Միացեալ Նահանգներից այս պահին տեղափոխուել էք Հայաստան` համակարգելու հիմնադրամի տարբեր ուղղութիւններով աշխատանքները: Նշեցիք, որ լինում էք նաեւ սահմանում: Ինչպէ՞ս է տրամադրութիւնը:
ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Այստեղ հիմնականում տիրող է այն մտայնութիւնը, որ պէտք է պատրաստ լինենք իւրաքանչիւր յարձակման: Մենք մենակ ենք, եւ չենք ակնկալում, որ մեծ պետութիւնները պէտք է միանգամից գան մեր համար կռուեն: Եթէ նայենք Ուկրաինայի փորձը, յիշո՞ւմ էք, որ առաջին երեք օրերին նրանք մենակ էին, բայց քանի որ սկսեցին դիմադրել եւ կռուել, աշխարհը սկսեց հետաքրքրուել եւ օգնել: Նոյնը մեր մօտ է սպասւում այսօր, վաղը, կամ մի քանի ամսից: Պէտք է պատրաստուենք ամենավատ սցենարին (բեմագրութեան), քանի որ մեր հարեւանները չեն փոխւում, շարունակում են իրենց թշնամական քաղաքականութիւնը: Զօրքերը, որ կուտակում են մեր դէմ, հսկայական քանակի է, եւ պէտք է կարողանանք ինքներս դիմադրել, եւ պայքարել, եւ յետոյ ակնկալել աջակցութիւն, եւ հէնց այդ ուղղութեամբ էլ աշխատում ենք:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարելի է աջակցել «Հայ Վիրաւորուած Հերոսներ» հիմնադրամին, որը համահայկական տիրոյթում բացառիկ կազմակերպութիւն` առկայ մարտահրաւէրներին իր համակողմանի մօտեցմամբ եւ լուծումներով:
ՌԱԶՄԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ.- Եթէ ցանկութիւն կայ մեզ աջակցելու ֆինանսապէս, կարելի է նուիրատուութիւն կատարել կայքի միջոցով : Միաժամանակ, կարիք ունենք նաեւ մասնագիտական օժանդակութեան: Տարբեր ոլորտի մասնագէտները կարող են դիմել մեզ կայքի միջոցով:
Հիմնադրամը հաստատուած է ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ Հայաստանում, եւ ֆինանսական նուիրատուութիւնները շատ արագ ու արդիւնաւէտ տեղ են հասնում: Հիմնադրամի գործունէութիւնը բաց եւ թափանցիկ է, գործում ենք նուազագոյն վարչական ծախսերով, որոնք ամբողջութեամբ իրականացւում են համահիմնադիրների կողմից: Որպէս 501(c)(3) կազմակերպութիւն, նուիրաբերուած իւրաքանչիւր գումարը նուազեցնում է հարկերն ու 100 տոկոսով ուղղւում մեր զինուած ուժերին աջակցելու համար:
Գործում ենք մեծ եռանդով եւ յոյսով 24 ժամ, որ մեր ուժերով կարողանանք դիմադրել թշնամուն, եւ ակնկալում ենք բոլորի հնարաւորինս հրատապ աջակցութիւնը: Մեծ կուտակումներ կան սահմաններին, եւ պէտք է պատրաստուենք պատմական օրերի, երկարատեւ դիմադրութեան: Մեր ժողովուրդը էլ կառչած է իր հողին: Երէկ Վարդենիսում էի, հանդիպեցի տեղաբնակներին, եւ նրանք ասացին, որ պատրաստ են ամէն գնով պաշտպանելու իրենց հողն ու ջուրը: Մենք էլ պիտի կանգնենք նրանց կողքին, օժանդակենք, որ պաշտպանութիւնը լաւագոյնս իրականացուի, մինչեւ վերջին մարդը կարողանայ դիմադրել: Եթէ յուսահատուենք`միանգամից բացում ենք դռները թշնամու առջեւ, բայց եթէ համախմբուենք, աշխատենք միասին` կը յաղթենք:
Շատերը հիասթափուել են, կորցրել են վստահութիւնը, սակայն մեր կազմակերպութիւնը շարունակում է լայնածաւալ օգնութիւնը` թէ՛ բանակի հոմանիտար կարիքները հոգալու, թէ՛ վիրաւորների համար վերականգնողական բուժօգնութեան, թէ՛ գիտական, տեխնոլոգիական ուղղութիւններով` ներգրաւուելով Սփիւռքի ներուժը Հայաստանում նշուած ոլորտներում նաեւ արտադրութիւն զարգացնելու նպատակով:
One of the Most important and Patriotic Association, to help Armenian
fighting soldiers protection and wounded CARE; this project MUST BE
SUPPORTED FOR FINAL SALVATION, turning INDEPENDENT after ALL
SORT OF CALAMITIES, INCLUSIVE TRAITOR ASSOCIATIONS WITH
MORTAL HYENAS FOR POWER AND MONEY; WE HOPE THIS WAKE UP
WILL BE VERY SOON, WHEN THERE IS THIS KIND SEVERAL PATRIOT
GROUPS: GOD BLESS THEIR EFFORTS, HELP THEM URGENTLY.