
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՔԱՂԱՔԱԳԷՏ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ստորեւ կը հրապարակենք Հայաստանի եւ Արցախի քաղաքական իրադարձութիւններուն վերաբերեալ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի՝ «Ասպարէզ»ի հետ ունեցած հարցազրոյցը.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ադրբեջանը պահանջել էր, որ մինչեւ Օգոստոսի 25ը հայ բնակչութիւնը հեռանայ Բերձոր քաղաքից, նոյն շրջանի Ներքին Սուս, Աղաւնոյ գիւղերից: Ադրբեջանի այս պահանջը պայմանաւորուած է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի իր հատուածի շինարարութեան աւարտով: Ի՞նչ փաստաթղթի հիման վրայ են Բերձորն ու յարակից գիւղերը յանձնւում Ադրբեջանին, եւ բնակիչները տարհանւում:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ.- Նոյեմբերի 9ի լոյս 10ի գիշերը ստորագրուած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ գրաւոր յայտարարութեամբ նախանշուած էր ժամկէտ, որ պէտք է քննարկուի նոր, այսպէս ասած, միջանցքի երթուղին` Լաչինի միջանցքի երկայնքով (բնօրինակ լեզուից` ռուսերենից հէնց այսպէս է ճշգրիտ թարգմանութիւնը): Տարածուած մոլորութիւն է, թէ իբր նոյն այդ փաստաթղթով Բերձորն արդէն յանձնուած էր: Ինքնին ոչ մի փաստաթղթում չի կարող նշուած լինել, որ էթնիկ զտում պէտք է լինի: Միջազգային իրաւունքում չկայ նման բան, եւ ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրուած է միջազգային իրաւունքի սկզբունքների խախտմամբ`արդէն զրօ է: Ոչ մի իրեն յարգող մեծ, այն էլ միջուկային պետութիւն, ինչպիսին Ռուսաստանն է, նման բան չէր ստորագրի: Փաստաթղթում գրուած չէ որեւէ բնակավայրի յանձնման մասին, աւելին, այնտեղ գրուած է, որ նոր ճանապարհի մասով էլ համաձայնութիւն պէտք է կայացուի որոշակի ժամանակահատուածում:
Վերջին շրջանում սակայն ականատես եղանք, որ Ադրբեջանը սկսեց արագացնել նոր երթուղու կառուցման թեման, իսկ հայկական կողմից քաղաքական ուղիղ պատասխան Ադրբեջանին չեղաւ, եւ փոխարէնը մեղքը բարդուեց ռուս խաղաղապահների վրայ: Արդիւնքում հասանք մի իրավիճակի, երբ հէնց հայկական իշխանութիւնները, այս դէպքում` Ստեփանակերտը, որ Երեւանի թելադրանքով է գործում, յայտարարեց, որ իր վարչական տարածքում գտնուող առնուազն երեք բնակավայր պէտք է հայաթափուի: Սա յատուկ եմ ընդգծում, որովհետեւ պատերազմից յետոյ, օրինակ, երբ մարդիկ վերադարձել էին Արցախի Հանրապետութեան Վազգէնաշեն գիւղ, ադրբեջանցի զինուորականները եկան եւ ծաղրելով նրանց այնտեղից հանեցին ու նկարահանեցին: Ադրբեջանցիները, իրենց եւ մեր սխալներից սովորելով հասկացան, որ ապագայում մի օր, երբ Հայաստանում լինեն ազգային ներհայեցողութիւն եւ ազգային նպատակներ ունեցող իշխանութիւններ, կարող են Ադրբեջանին դատի տալ դրա համար իրաւական, քաղաքական մակարդակներում` յիշեցնելով, որ գործ ունենք ցեղասպան պետութեան հետ, որը 21րդ դարում էթնիկ (ցեղային) զտումներ է իրականացնում, եւ այդ ամէնը փաստագրուած է:
Այս անգամ, ադրբեջանական կողմը որոշեց Երեւանի դէ ֆակտօ (իրողական) կապիտուլեացիոն (անձնատու) վարչակարգի ձեռքով դա անել, որ եթէ մի օր նման հարց ծագի, ադրբեջանցիներն ասեն, մենք ի՞նչ ենք արել` ամբողջ աշխարհը, ներառեալ ՄԱԿը, Ռուսաստանը, ընդունում են, որ այդ տարածքն Ադրբեջանինն է, եւ մենք մեր տարածքում վարչակարգ ենք հաստատում, եւ եթէ իրենք իրենց բնակչութեանը հանել են` իրենց խնդիրն է: Ադրբեջանական կողմը նաեւ կ՛ասի, որ բնակիչները գուցէ ահաբեկիչներ էին, ինչի մասին վերջերս յայտարարեց Ադրբեջանի նախագահ Ալիեւը` նշելով, որ նրանց համարում է ռազմական յանցագործ, թէեւ միջազգային որեւէ կոնվենցիայով (պայմանագիրով) անհնար է ասել, որ այսպէս ասած վիճելի կամ օկուպացուած (գրաւուած) տարածքում ապրող քաղաքացիական անձը ռազմական յանցագործ է: Եւ այս դէպքում եւս մեղքը կ՛ընկնի հայկական կողմի վրայ:
Այսինքն, սա Ադրբեջանի կողմից մտածուած քայլ էր, եւ հետեւանքն էր հայկական կողմը ներկայացնող Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնների կոպտագոյն սխալների:
Երեւանի կողմից էլ որոշում կար, որ այդ տարածքները պէտք է յանձնուեն, եւ դիտմամբ հասցրեցին այն վիճակին, որ դա նաեւ ռազմական ուժով արուի: ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հաստատեց, որ Արցախում մնացել են ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանումներ, եւ շուտով Հայաստանը նրանց կը հանի, եւ այն պահին, երբ հանեցին` Ադրբեջանը զինուած գործողութիւններ սկսեց Օգոստոսի սկզբին: Արդիւնքում, ադրբեջանական կողմն ունեցաւ ոչ միայն այն, ինչը, կոպիտ ասած, յանձնուած էր արդէն` միջանցքն ու երեք բնակավայրերը, այլ նաեւ Սարիբաբա բարձունքը, որը կարեւոր նշանակութիւն ունի ներկայի Լաչինի միջանցքի ուղղութեամբ հատուածում, Մարտակերտի եւ Քարվաճառի սահմանին գտնուող Սառցասար լեռը, որ կրկին շատ կարեւոր է, Քոլատակի ուղղութեամբ բարձունքը: Այս գործողութիւնն օգուտ էր Ադրբեջանին, նաեւ` ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւններին, որ կ՛ասեն, որ ադրբեջանցիները զէնքով վերցրին, եւ կը յաւելեն աւանդական դարձած տեքստը (բնագիրը, բնաբանը), թէ եթէ առանց կռուի տայինք` կ՛ասէիք դաւաճան ենք, զէնքով են մտել, թող ռուսները պահեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմն ի՞նչ պարտաւորութիւններ եւ իրաւունքներ ունի:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ.- Ռուս խաղաղապահներն ունեն որոշակի գործառոյթ, եւ անունն ինքնին յուշում է` խաղաղութեան պահպանում, եւ ըստ այդմ, առաջնահերթն այս դէպքում ենթադրում է քաղաքացիական բնակչութեան պաշտպանութիւն մեծ հաշուով, ինչն իրականացւում է: Աւելին, ռուս խաղաղապահները փաստացի, առանց որեւէ թղթի, չեն խոչընդոտում, որ Արցախի պաշտպանութեան բանակը գոյութիւն ունենայ իրենց վերահսկողութեան տակ գտնուող տարածքում: Այսքանից աւելին, ի՞նչ պիտի անեն խաղաղապահները, Ադրբեջանի հետ պատերազմե՞ն:
Առկայ խօսոյթն այն մասին, թէ իսկ խաղաղապահներն ինչ են անում, շատ թունաւոր է: Եթէ նկատել էք, ե՛ւ Արցախի պարագայում, ե՛ւ երբ Հայաստանի Հանրապետութեան դէմ է Ադրբեջանի ոտնձգութիւնները, միշտ դա ասւում է: Այս դէպքում հարց է առաջանում, թէ ՀՀ այսպէս կոչուած իշխանութիւնները ինչի համար են, եթէ ամէն ինչ պէտք է ռուսները անեն: Տրամաբանական է, որ եթէ ռուսները յաճախ լսեն այս մասին, կ՛ասեն` կողմնորոշուէք, դուք ինքնիշխա՞ն պետութիւն էք, թէ՞ ձեզ ընկալում էք որպէս իմ տարածք, կամ, ինքնիշխան պետութիւն էք եւ ցանկանում էք ինձ հանել ձեր տարածքից, եւ այդ պատճառով ինչ լինում է ինձ էք մեղադրում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհն ի՞նչ է իրենից ներկայացնում: Հնարաւո՞ր էր այս հարցի շուրջ բանակցել` հայկական կողմի համար հնարաւոր լաւագոյն տարբերակն ունենալու համար:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ.- Իրավիճակը մտահոգիչ է, որովհետեւ Աղաւնոյի, Բերձորի, Սուսի հետ ամբողջութեամբ յանձնւում է կարեւոր կենսական նշանակութեան ենթակառուցուածքներ, հոսանքալարեր, գազատար, հեռախօսային եւ համացանցային կապի մալուխներ: Յայտարարուել է, որ նշուածները պէտք է տեղափոխուի նոր ճանապարհի վրայ, բայց իրենց ասածներին անիմաստ է հաւատալ: Երբ ամբողջ ազգը Շուռնուխի հարցն էր քննարկում, ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւններն ասացին, որ նոր թաղամաս կը կառուցեն, եւ երկու տարի է անցել ու չկայ նման բան, եւ նման օրինակները բազմաթիւ են:
Նոր ճանապարհի մասով էլ պարզ չէ, թէ ինչ ռելիէֆով (մակերեսով) է անցնում: Եթէ նախկինում Գորիսից ճանապարհ էինք ընկնում եւ հասնում էինք Տեղ գիւղ, եւ դէպի ձախ թեքուելով` ճանապարհը ոլորաններով տանում էր Աղաւնոյ, այնուհետեւ Բերձոր, Շուշի, Ստեփանակերտ: Հիմա Տեղ գիւղից էլ ենք անցնում Կոռնիձոր, էլի ճանապարհն իջնում է ձոր, եւ այդտեղից նոր ճանապարհ է բացուած, որ Արցախի բռնազաւթուած տարածքներում Ադրբեջանն է կառուցել, եւ որի ստոյգ ռելիեֆները բարդ է հասկանալ: Այդ նոր ճանապարհը շարունակւում է, եւ ինչ որ տեղ միանում է հին ճանապարհին, բայց այստեղ անհասկանալի է իրաւական ռեժիմը (դրութիւնը)` արդեօք դա կլինի՞ այնպէս ինչպէս առաջ ներկայի միջանցքի դէպքում էր:
Լրագրող Նաիրի Հոխիկեանը հարցում էր ուղարկել ՀՀ դէ ֆակտօ Ազգային անվտանգութեան ծառայութեանը, եւ այնտեղից ասել էին, որ իբր Հայաստանի Հանրապետութեան համար հիմք են ծառայել Արցախից եւ Ադրբեջանից ստացած առաջարկները, թէ ճանապարհը որտեղով պիտի անցնի, եւ նաեւ Արցախի ղեկավարն է ասել, որ այլ տարբերակներ էլ կային, բայց մեզ համար ամենանախընտրելին սա էր:
Բայց ինքնին այս երեւոյթը խնդրայարոյց է, որովհետեւ պէտք է հայկական կողմն ամէն ինչից յստակ տեղեակ լինէր: Նաեւ, եռակողմ յայտարարութեան մէջ ընդամէնը գրուած է, որ որոշակի ժամկէտում պէտք է հաստատուի նոր ճանապարհը, կառուցման մասին բան չկայ գրուած, եւ այս հարցում շտապեցրել է Ադրբեջանը: Իսկ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները դրան չեն դիմադրել: Աւելին, Ադրբեջանն օրինակ չի կատարել այդ նոյն փաստաթղթով նախատեսուած գերիների վերադարձը: Մենք տեսնում ենք, որ դէ ֆակտօ Երեւանից այդ թեմայով ոչ մի խօսք չկայ:
Սակայն, այսօրուայ աշխարհում, միտումներին հետեւելով կարող ենք տեսնել, որ փաստաթղթերը շատ քիչ նշանակութիւն ունեն, այսինք, ոչ մէկը դրանք հաշուի չի առնում երբ ներխուժում է Սիրայի եւ Իրաքի տարածք, խօսքը Հայաստանի թշնամի Թուրքիայի մասին է:
Հիմնուելով նոյեմբերեան փստաթղթում նոր ճանապարհի ստեղծման ժամկէտի մասին կէտի վրայ, հայկական կողմը կարող էր ժամանակ շահել, եւ յետագայում էլ բանավիճել այդ ճանապարհի շուրջ` ըստ հայկական կողմի յարմարութեան, միաժամանակ դաշնակցելով ռուսական կողմի հետ, որը ակնյայտօրէն Ադրբեջանի հետ խնդիր ունի: Միջազգային իրականութեան մէջ կայ համագործակցող թշնամիներ երեւոյթը, ե՛ւ Ռուսաստանն ու Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր համագործակցող թշնամիներ են:
Այսինք, թղթում ճանապարհի մասին կէտը հնարաւոր էր նոյնիսկ չեղարկել: Սակայն սա այն դէպքում էր հնարաւոր, երբ լինէր Հայաստանի շահերը հետապնդող իշխանութիւն, ինչը չկայ: Քաղաքական փաստաթղթերը երբ կազմւում են երկիմաստութեամբ, երկու կողմն էլ պէտք է փորձի դա իւրովի մեկնաբանել: Հայաստանը կարող էր գնալ քննարկումների, բայց մինչ այդ բարձրացնէր գերիների վերադարձի հարցը ըստ բազմաթիւ աղբիւրներով հաստատուած ցուցակի, որտեղ հայ գերիների թիւը հարիւրից աւելի է: Այնինչ, Հայաստանը կրկնում է ադրբեջանական կողմից թիւը` երեսուն: Այսինք, իրենք չեն հետապնդում ՀՀ շահերը, եւ եթէ դու չես պաշտպանում, ոչ մէկը քո շահը չի պաշտպանելու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հաշուի առնելով Հայաստանի կողմից իրականացուող անկանխատեսելի արտաքին քաղաքականութիւնը, դեռ կա՞ն երկրներ, ում շահը եթէ նոյնիսկ համընկնում է Հայաստանի հետ, ցանկանում են դաշնակցել:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ.- Այսօրուայ աշխարհում, արտաքին քաղաքականութեան մէջ, կանխատեսելիութիւնը գործընկերների, դաշնակիցների համար շատ կարեւոր է: Հայաստանը ինչպէ՞ս էր կարողանում 1998-2018 թթ.ին խուսափել կատակլիզմներից (աղէտէն), եւ հասնել նրան, որ իր դիրքորոշումը լսելի լինի միջազգային բանակցութիւնների սեղանին, առ այն օրինակ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 1998 թ.ից այս ուղղութիւնն էր որդեգրուել եւ 2008թուականին, երբ տեղի ունեցաւ (բանակցող) անձի փոփոխութիւն` ուղղութիւնը մնաց նոյնը, աւելի զարգացուեց, եւ միջազգային գործընկերներն այդ հետեւողականութեան հետ հաշուի էին նստում: Հայաստանն այդ տարիների ընթացքում ո՛չ միլիարդների զէնքի ներհոսք է ունեցել, ո՛չ միջուկային զէնք է ստեղծել, բայց փորձ է արել պահել ռազմական հաւասարակշռութիւնը, եւ ամենակարեւորը` հետեւողականութիւնը:
Երբ Արցախեան բանակցային գործընթացի տապալման համար էլ այս իշխանութիւնները փորձում են մեղադրել Ռուսաստանին, այս առումով պատմութիւնը շատ յստակ է, եւ դա ռուսները պաշտօնապէս ամրագրել են` մինչեւ 2018 թ. բանակցութիւնները տարուել են այն տրամաբանութեամբ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: 2018 թ.ից է գործընթացը փոխուել:
Այս քարոզը, որ ներկայի իշխանութիւններն իրականացնում են, թէ մենք դատապարտուած ենք` սուտ է, որովհետեւ Հայաստանն ունի շահակիցներ: Իրանը, օրինակ, անընդմէջ կրկնում է, որ միջանցք կոչուածն իրենց համար անթոյլատրելի է, բառացի այսպէս չեն ասում, այլ յայտարարում են, որ Հայաստանի հետ սահմանի փակումն անթոյլատրելի է: Հայկական կողմը ոչ մի պատասխան չի տուել Իրանի այս յայտարարութեանը: Եւ սա այն բարդ պայմաններում, երբ ՀՀ զինուած ուժերը վերականգնուած չեն եւ միտումնաւոր կերպով այս իշխանութիւնների կողմից, որ յանկարծ իրենց դէմ յեղաշրջում չանեն, երբ լրջագոյն անվտանգային մարտահրաւէրներ կան, երբ երկու թշնամական պետութիւններ ակնյայտօրէն ասում են, որ ուզում են գան մեզ գրաւեն: Այս դէպքում Իրանին միակ պաշտօնական արձագանգն այն է եղել, որ ասել են, միջանցք չկայ:
Իրանից բացի, որպէս շահակից կայ Ռուսաստանը, որի հետ տեսնում ենք, թէ ինչպէս են վերաբերւում: Նախ յայտարարում են ՀՀ առաջին դէմքի մակարդակով, որ Ռուսաստանի հետ պէտք է նստել եւ լուրջ խօսել խաղաղապահների մասով: Ռուսաստանի պատասխանը լինում է, որ առաջարկ ներկայացնեն` ակնարկելով, որ իրենց ձեռնտու է դա, քանի որ Ադրբեջանի հետ բարդութիւններ կան, բայց Հայաստանի կողմից ոչ թէ կառուցողական արձագանգ է լինում, այլ ասում են` մենք 2021թ.ի Փետրուարին ուղարկել ենք ձեզ դիմում, գնացէք լաւ նայէք: Այստեղ տեսնում ենք ոչ թէ հակաթուրքական, հակաադրբեջանական, այլ` հակառուսական հետեւողականութիւն:
Տարուող անհետեւողական, անկանխատեսելի եւ գաւառական մակարդակի դիւանագիտութիւնը միայն նոր չարիքներ է բերելու, որոնցից ամենակարեւորն այն է, որ Հայաստանն ուղղակի այլեւս դաշնակից չի ունենալու: Որքան Հայաստանը թուլանում է, այնքան նրա գրաւչութիւնն է փոքրանում, եւ բիզնես լեզուով ասած` այլեւս օպտիմալ (ամէնէն նպաստաւոր) չի դառնում Հայաստանի հետ դաշնակցելը, որովհետեւ դաշնակցել նշանակում է որոշակի ներդրում` ինչ-որ բան անում ես եւ ինչ-որ բան ստանում, բայց եթէ դիմացինդ այնքան է թուլացել, որ տալու բան չունի, արդէն հետաքրքիր չի դաշնակցելը:
Հայաստանի այսօրուայ դէ ֆակտօ իշխանութիւններն այդ ճանապարհն են բռնել, եւ իրենք դա յատուկ են անում, որպէսզի ներքաղաքական կեանքում միշտ կարողանան ասել, թէ երբ նոր ուժեր գան, ի՞նչ պիտի փոխուի: Սա յատուկ է արւում, եւ կոչւում է «այրուած հողի մարտավարութիւն», երբ քո հետեւից լրիւ ամայացնում ես, ջրհորները թունաւորում, ցանքատարածութիւններն այրում, որ նոյնիսկ թշնամական բանակ չկարողանայ բնակուել ամայի տարածքում: Իրենք դա անում են, որ իրենցից յետոյ, կամ իրեն հետ մրցակցութեան մէջ ոչ մի էլիտա (ընտրանի) մեծ շահագրգռուածութիւն չունենայ իշխանութեան համար պայքարելու` անկախ նոյնիսկ ամենավեհ նպատակից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ներկայի աշխարհաքաղաքական եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պայմաններում հնարաւո՞ր է փոխել ընթացքն ի նպաստ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի շահերի:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ.- Մենք տեսնում ենք, որ դինամիկան (ուժաբանութիւնը) ի վնաս մեզ է` ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ` երկարաժամկէտ կտրուածքով, որովհետեւ գոյութիւն ունի մարդկային ուղեղի հակուածութիւն կարծելու, որ ամէն ինչ լաւ է: Սա գալիս է նրանից, որ ժողովրդական լեզուով ասած` մարդիկ ապրում են այսօրուայ օրով, իսկ այդ դէպքում դինամիկան չես տեսնում: Բացի այն, որ միջնաժամկէտ դինամիկան է վատ, օրինակ` 2020 թ.ի պատերազմի ընթացքում 8 հազար քառակուսի կիլոմետրից աւելի հող ենք կորցրել, նաեւ դրանից յետոյ ենք կորցրել` առնուազն հարիւր քկմ. ե՛ւ Հայաստանի Հանրապետութեան տարածքից, ե՛ւ Արցախից: Ժամանակային աւելի մեծ կոնտեքստում (պարունակին մէջ, համաբնագիրին մէջ) էլ եթէ դիտարկենք, հայ ժողովրդի ազգագոյացման պահից մինչեւ այսօր, հայ ժողովուրդը երբեք հայկական լեռնաշխարհի արեալում (երկրագունդի մակերեսի հատուած) այսքան փոքր տարածք չի զբաղեցրել: Սա պատմական մինիմումն (նուազագոյնն է) է` նոյնիսկ աւելի քիչ, քան Ցեղասպանութիւնից յետոյ իրավիճակում էր: Միտումն էլ այս պահի դրութեամբ ի վնաս մեզ է, եւ շարունակելու է այդպէս մնալ, քանի դեր երկրի իշխանութեան գլուխ են էութեամբ պրոթուրքական (թուրքերուն համակիր) ուժեր, որոնք համարում են, որ Հայաստանը պէտք է ինտեգրուած (համարկուած) լինի թուրքական աշխարհին, եթէ կարճ ձեւակերպեմ: ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորն է ասում, որ պէտք է թուրքի ցաւով ցաւենք, եւ նման օրինակները բազմաթիւ են:
Միաժամանակ, սխալ է նաեւ այն կարծիքը, երբ ասում են, որ երբ աշխարհը խառնուել է իրար, ինչ կարող են անել փոքր պետութիւնները: Այս կամ այն չափով աշխարհը միշտ էլ խառն է եղել. մինչեւ 1998 թուականը Հայաստանը նոյն պարտուողական քաղաքականութիւնն էր վարում եւ Լեւոն Տէր Պետրոսեանն ասում էր, որ աշխարհը մեր դէմ է, եւ պէտք է յանձնել, եւ չէր համաձայնում Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Վազգէն Սարգսեանի հետ, ովքեր վեց ամիս ժամանակ էին խնդրում, որ բանակն ամրացուի, տնտեսութիւնը ոտքի կանգնի: Տէր Պետրոսեանին շատ արդարացիօրէն գահընկէց արեցին, որովհետեւ եթէ չես կարողանում երկրի շահը հետապնդել` չես կարող լինել իշխանութեան, եւ 1998-2018 թթ. տեսանք, որ նա ստում էր: Նոյն ձեւով հիմա այս իշխանութիւններն են ստում, չնայած Հայաստանն այժմ շատ թուլացած է, քան 1998ին Ադրբեջանի հետ համեմատ: Սակայն միեւնոյնն է իրենք ստում են ասելով, թէ փոքր երկրները պէտք է մի կերպ շարունակուեն, որպէսզի մարդկանց դիմադրելու կամքը կոտրեն առ այն, որ եթէ փոփոխութիւններն անհնար են, ինչ տարբերութիւն, ով կը լինի իշխանութեան:
Ես ամենայն պատասխանատուութեամբ ասում եմ, որ նոյնիսկ այսօր, այսքան կորուստներից յետոյ, միեւնոյնն է, շատ բան է հնարաւոր փոխել, եւ դա շատ լաւ հասկանում են մեր թշնամիները, եւ այդ պատճառով այսքան շտապում են` իրենց հետ քաշելով նաեւ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւններին:
ԲԵՐՁՈՐԻ ՄԱՍԻՆ` ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ԲԱՑԱՏՐԱԳՐԻՑ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ
Բերձոր քաղաքը գտնւում է Գորիս-Ստեփանակերտ աւտոմայրուղու վրայ: Այս քաղաքը, որ Ադրբեջանը կոչում է Լաչին, հայկական ուժերի կողմից ազատագրուել է 1992 թ.ի Մայիսին, ինչի շնորհիւ Արցախի հիմնական հատուածը ցամաքային կապ ստացաւ Հայաստանի հետ: Դրանից յետոյ քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող աւտոմայրուղին, դարձաւ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցուածքը: Այս պատճառով այն ստացաւ նաեւ «կեանքի ճանապարհ» ժողովրդական անունը: Աւելին, յետագայում հէնց այս քաղաքով եւ յարակից հատուածով են անցնում Հայաստանի Արցախը սնուցող այլ ենթակառուցուածքները` էլեկտրականութեան, գազամատակարման ինչպէս նաեւ` հեռախօսային եւ համացանցային կապի մալուխները:
Արցախի համար ռազմավարական կարեւորութեամբ պայմանաւորուած, 1990ականներից ի վեր, արցախեան համակարտութեան կարգաւորման բոլոր բանակցային շրջափուլերում, Բերձորը եւ նրա շրջակայքի հատուածը «Լաչինի միջանցք» անուամբ (20-40 կմ. լայնութեամբ), ենթադրուել են թողնել հայկական կողմին` որպէս Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններն իրար կապող անխափան ցամաքային կապ:
Նոյեմբերի 9ի եռակողմ գրաւոր յայտարարութեան մէջ հաստատուեց «Լաչինի միջանցք»ը 5 կմ. լայնութեամբ, որը գտնւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ: Բերձոր քաղաքը եւ դրան յարակից մի քանի գիւղեր չընկան ադրբեջանական օկուպացիայի (գրաւման) տակ: 2020 թ. Նոյեմբերին, Բերձոր քաղաքի բնակչութիւնը յարակից գիւղերի` Աղաւնոյի, Եղծահողի, Ներքին Սուսի հետ միասին կազմում էր աւելի քան երեք հազար մարդ:
Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող ներկայիս հիմնական մայրուղին` «Լաչինի միջանցք»ը շրջանցող ճանապարհ` յղում կատարելով կապիտուլեացիոն (անձնատուութեան) փաստաթղթի 6րդ կէտին, ըստ որի «կողմերի համաձայնութեամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկայ երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»: Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով` կապելով Գորիսի Կոռնիձոր գիւղը Շուշիի Հին Շէն գիւղի հետ` այդպիսով շրջանցելով Բերձորն ու յարակից գիւղերը: Ճանապարհի մեծագոյն մասն արդէն պատրաստ է շահագործման: Ստացւում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ յայտարարութիւնը, քանի որ ոչ միայն խախտուած են ժամկէտները (ըստ յայտարարութեան, նոր ճանապարհի հարցը պէտք է քննարկուէր 2023 թ․ի Նոյեմբերից ոչ շուտ), այլեւ նախնական պայմանաւորուածութիւնն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պէտք է համաձայնեցուած լինի կողմերի միջեւ: Թէ՛ Արցախի Հանրապետութեան ղեկավարութիւնը, թէ՛ ՀՀ դ էֆակտօ իշխանութիւնները պաշտօնապէս չէին խօսում որեւէ նման համաձայնեցման մասին:
Յունիսի 27ին ՀՀ դէ ֆակտօ վարչապետն իր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ «երթուղու (նկատի ունի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը) փոփոխութիւն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնւում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մէջ` անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեանը»: Այսինքն փաստեց, որ ՀՀն Ադրբեջանին է յանձնելու Բերձոր քաղաքն ու յարակից գիւղերը: