ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ

Լաչինի միջանցքի հարցն այսօր միայն տուեալ տարածքի վրայ եղած բնակավայրերի հայկական պատկանելութեան հարց չէ, ինչպէս ներկայացնում են մեր հանրային-քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները։ Այն Ադրբեջանի համար Արցախի պատկանելիութեան որոշման, Արցախի հնազանդեցման ու Արցախի հայաթափման առանցքային կէտն է։ Դա ընկալելու համար ամբողջ տրամաբանութիւնը ստորեւ պէտք է փորձեմ ներկայացնել։
Լաչինի միջանցքի հետ կապուած ներկայիս զարգացումների քաղաքական տրամաբանութիւնն այնտեղ է, որ թուրքերը գտել են ծուատուած հայկական Արցախն իրենց վերահսկողութեան տակ բերելու ճանապարհը։ Ըստ Նոյեմբերի 9ի զինադադարի տեքստի (բնագիրի)՝ Ադրբեջանը ճանաչում է Լաչինի միջանցքի գոյութիւնը, որտեղ ինքը չի կարող որեւէ վերահսկողութիւն ունենալ։ Զուտ իրաւական առումով հարցը փակուած է։ Ուստի թուրքերը գնացել են իրենց յուզող խնդիրը փաստացի լուծելու՝ Լաչինի միջանցքը իրենց վերահսկողութեան տակ վերցնելու ճանապարհով։ Բայց այդ դէպքում փաստացի որեւէ լուծում, որտեղ ի յայտ կը գար Ադրբեջանի վերահսկողութիւնը Լաչինի միջանցքի նկատմամբ, կը հակասէր իրաւական ամրագրուած պարտաւորութիւններին։ Ուստի թուրքերն այդ խնդիրը փորձել են լուծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը փողով գնելու ճանապարհով։ Դրա արդիւնքում գործող ՀԷԿերը չապամոնտաժելու (չքանդելու), բնակավայրերում տների ու այլ տեսակի անշարժ գոյքը չպայթեցնելու դիմաց եւ յանուն խոստացուած բազմամիլիոնանոց դոլարների՝ Արցախի ներկայիս ղեկավարութիւնն է շահագրգռութիւն ցուցաբերում օր առաջ անցնել նոր երթուղով երթեւեկութեանը։ Սակայն, ըստ Նոյեմբերի 9ի զինադադարի տեքստի՝ նոր ճանապարհը Ադրբեջանին հնարաւորութիւն չի տալիս վերահսկողութիւն սահմանել դրա նկատմամբ։ Եւ պաշտօնական Բաքուի ու նրա ետեւում կանգնած ուժերի խելամտութիւնը բաւարարել է հէնց միջանցքի հարցը սարքեն չկարգաւորուած ու խճճուած այնպիսի խնդիր, որ փաստացիօրէն ստացուի, թէ հայերն են իրենց ձեռքով պատրաստ գնալ մի լուծման, որտեղ Ադրբեջանն ինքնաբերաբար դառնում է Լաչինի ճանապարհի նկատմամբ վերահսկող կողմ։
Տրամաբանութիւնը հետեւեալի մէջ է. նոր երթուղին ամբողջութեամբ պատրաստ չէ, հետեւաբար այն չի կարող շահագործուել։ Ըստ ՀՀ ղեկավարութեան պատկերացումների՝ ՀՀ տարածքում շինաշխատանքները կ՛աւարտուեն միայն 2023թ.ի վերջին, իսկ լաւագոյն դէպքում 2023թ. ամրանը։ Արցախի ղեկավարութիւնը համաձայնել է, որ մինչեւ այս ամսուայ վերջ Արցախը որպէս շահագրգիռ կողմ անցնի նոր՝ Ադրբէջանի կառուցած երթուղուն, որը տանում հասցնում է մի կէտի, որից յետոյ ճանապարհ չկայ։ Դրանից յետոյ լաւագոյն դէպքում մի 4-5 կիլոմետր գրունտային (հողային կամ աւազէ գետին ունեցող) աւերակ ինչ-որ կածանով, մի կերպ մեքենաները պէտք է հասնեն «լույս աշխարհ»՝ Գորիսի Տեղ գիւղի մօտ եղած ասֆալտապատ ճանապարհին։ Բնականաբար նման ճանապարհը երբեք չի կարող գործել ու բանուկ ճանապարհ դառնալ։ Հայկական կողմը ստիպուած է լինելու կամ չերթեւեկել, կամ գնալ հին Լաչինի ճանապարհով, որն արդէն կը լինի Ադրբեջանական վերահսկողութեան տակ։ Ադրբեջանը բնականաբար կը տեղադրի ուղեկալներ ու երթեւեկող անձանցից կը պահանջի անձնագրեր։ Ֆիզիկապէս տեղաշարժուելու բարդութիւններ Ադրբեջանը չի ստեղծի, կը ստեղծի միայն իրաւական լրջագոյն բարդութիւններ։ Արցախի բնակիչների ՀՀ անձնագրերի հարցը կը դառնայ լուրջ խնդիր։ Հայերը ստիպուած կը լինեն ճանաչել Ադրբեջանի իրաւասութիւնները Արցախի նկատմամբ, որպէսզի կարողանան երթեւեկել։ Նմանապէս նոյն կերպ կը դրուեն գազի, ելեկտրականութեան, բջջային մալուխների (cable-ներու) հարցերը։ Այդ ենթակառուցուածների հարցում նոր գծերի բացակայութիւնը կը ստիպի, որ հայկական կողմն իր ձեռքով գնայ հնի գործարկմանը ու պաշտօնական Բաքուի՝ Լաչինի հին ճանապարհով անցնող այդ ենթակառուցուածների նկատմամբ վերահսկողութեան ճանաչմանը։ Այդ ամէնը շաբաթներ կամ ամիսներ յետոյ կը դառնայ Ադրբէջանի յաղթաթուղթն առ այն, որ.
ա. Հայերն իրենք են համաձայնել Ադրբէջանի՝ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան ճանաչմանը (հին, թէ նոր ճանապարհը կը լինի, դա այդ ժամանակ ոչ մէկին արդէն չի յուզի, անգամ բոլորը կը խճճուեն, թէ Լաչինի միջանք ասելով խօսքը որ ճանապարհի մասին է), եւ
բ. Ադրբեջանը ոչ մի վտանգ չի ներկայացնում ֆիզիկական տեղաշարժերի համար եւ հետեւաբար “Լաչինի միջանցք”, որպէս այդպիսին չի կարող լինել, քանզի միջանցքի խնդիրը կոնֆլիկտներում հենց կապուած է անվտանգային խնդիրների առկայութիւնից ու «միջանցք»ի որպէս խնդրի լուծմանը հասնելու բացառիկ հնարաւորութիւնից։
Այսքանը ամբողջական չէր լինի, եթէ ես չխօսէի ռուս խաղաղապահութեան մասին։ Ըստ Նոյեմբերի 9ի փաստաթղթի՝ Լաչինի միջանքի տէրը պէտք է լինի Ռուսաստանը։
Թուրքերը երբեք չէին կարող հասնել Արցախի ղեկավարութեան հետ նման գործարքներ կնքելուն, եթէ չստանային Կրեմլի համաձայնութիւնը։ Նմանապէս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը երբեք չէր գնայ Բաքուի հետ նման գործարքների, եթէ չստանար ռուս խաղաղապահութեան համաձայնութիւնը։ Ըստ էութեան, փաստացիօրէն, բայց ոչ իրաւաբանօրէն, Ադրբեջանը ստանում է Արցախը իր վերահսկողութեան դաշտ բերելու ու նաեւ հայաթափելու հնարաւորութիւնը։ Դա շատ մեծ գին արժի Կրեմլի հետ պայմանաւորուելիս։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Թուրքիայի աջակցութիւնը վայելող Կրեմլի համար հայկական մանրադրամները միշտ տեղին են։ Բայց խնդրի նրբութիւնն այնտեղ է, որ աչքերը փակելով ու ջայլամային վարք ցուցաբերելով ռուս խաղաղապահութիւնը (Կրեմլը) շահած է դուրս գալու բոլոր դէպքերում։ Լաչինի միջանցքը թանկ վաճառելով թուրքերին՝ Ռուսաստանն այդ խնդրին ապագայում անդրադառնալու իրաւական բոլոր թելերը պահում է իր ձեռքում։ Ըստ ռուսական մտածողութեան՝ երբեւէ կարող է հարկ լինի պահանջել որպէսզի Ադրբեջանը չունենայ որեւէ վերահսկողութիւն միջանցքի նկատմամբ եւ դրա համար Նոյեմբերի 9ի փաստաթուղթը լիովին բաւարար է։ Իսկ մինչ այդ Բաքուն կը կենտրոնացնի իր դիւանագիտական ջանքերը միջազգային հանրութեան մօտ Լաչինի միջանցքի իմաստը արժեզրկելու եւ կամ համազօր՝ Մեղրիի միջանցքի ճանաչումը պաշտօնական Երեւանից ստանալու վրայ։ Կարեւորը ոչ ոք չխօսի Ռուսաստանի այդ խնդրում ունեցած «անգործութեան» մասին։ Ռուսներն անգամ պատրաստ են եղածը ներկայացնել որպէս իրենց անզօրութեան ցուցիչ, կամ հայկական կողմի Բաքուի հետ սեպարատ (առանձին) համաձայնութեան դաշտում, միայն թէ չերեւայ իրենց ուղղակի մասնակցութիւնը նշածս գործարքների կնքման գործում։ Ի դէպ, այս ամէնը ներկայացրածս տրամաբանութեամբ կարող էր տեղ գտնել իրական կեանքում, եթէ պաշտօնական Երեւանը իսկապէս հաւատացած լինէր, որ Լաչինի նոր երթուղու հաստատման պլանը ու ճանապարհի կառուցումը պէտք է լիներ ոչ շուտ, քան 2023թ. աշնանը։ Ռուս-թուրքական դաշինքը, ինչպէս նախկինում բազում անգամներ, այս անգամ նոյնպէս մատ արեց հաւկուրութեամբ տառապող հայ տհաս վերնախաւին, ովքեր պատրաստ են ուտել ամէն տեսակ կտեր, որը նրանց առաջ շաղ են տալիս թուրքերն ու ռուսները։
Վերջում նշեմ, որ թուրքերի կառուցած նոր ճանապարհը չի համապատասխանում ճանապարհաշինական որեւէ ստանդարտի (չափանիշի)։ Այն ընդամէնը շատ լաւ գեղանկար է, որը անպիտան կը դառնայ արդէն ձմրան վերջում՝ սառցակալումից յետոյ սկսուած հալոցքի ու ջրահոսքերի արդիւնքում։ Այն չի կառուցուել այնտեղով երթեւեկելու համար, այն կառուցուել է հայերին կուտ տալու ու համոզելու, որ իբրեւ թէ Բաքուն իր բոլոր պարտաւորութիւնները կատարել է։
Սարօ Սարոյեանի «Ֆէյսպուք»ի էջէն