Բժշկութեան մէջ կենդանիների օգնութեամբ բուժման զանազան միջոցներ կան: Ֆելինօթերապիան (լատիներէն felinus therapy` «կատուային բուժում» բառերին) հոգեբանական ուղղութիւն է, որի հիմքում ընկած է մարդու շփումը կատուի հետ:
Կատուն միշտ դառնում է ընտանիքի լիիրաւ անդամ, բարելաւում է տան հոգեբանական մթնոլորտը. տանն աւելի քիչ են վիճում, աւելի շատ` ժպտում: Մարդիկ նրանց հետ միայնակ չեն զգում: Յատուկ ցեղատեսակներ աւելի մտերիմ են մարդկանց հետ եւ շատ արդիւնաւէտ է նրանց ընկերակցութիւնը: Օրինակ Նորվեգիայում փորձ է կատարուել ոգելից խմիչքների կախուածութիւնը բուժելու համար, այդ մարդկանց պարտաւորեցրել են զբաղուել կենդանու խնամքով: Պատասխանատուութիւնը երկար ընկերութեան հիմք է դարձել, օգնել հրաժարուել խմիչքից:
Կատուները փոխանցում են զգացմունքների դրական լիցք: Եւ ոչ միայն տրամադրութիւնն է բարձրանում. նրանց բարձրաձայն մլաւոցը նպաստում է ուժերի արագ վերականգնմանը: Հետազօտողները պարզել են, որ կատուների մլաւոցի տիրոյթը (27ից մինչեւ 44 հերց) համապատասխանում է ուլտրաձայնային թերապիային (գերձայնային բուժման):
Կատուները նաեւ բուժում են իրենց մարմնի ջերմութեամբ: Նրանք շատ զգայուն եմ մարմնի ջերմաստիճանի տատանումներին եւ սիրում են տաք տեղեր: Մարդու մարմնի ցաւոտ կէտերը բորբոքման պատճառով յաճախ աւելի տաք են լինում եւ կատուները տեղաւորւում են հէնց այդ մասում եւ իրենց մարմնի կենդանի ջերմութեամբ բուժիչ ազդեցութիւն թողնում: Նոյնիսկ իրենց տէրերին՝ կատուների «կատարած մերսումը»` թաթերով եւ ճանկերով սեղմելով որոշ կէտերը, մարդու օրգանիզմին օգնում է ակտիւօրէն (աշխուժօրէն) պայքարել հիւանդութիւնների եւ վատ ինքնազգացողութեան դէմ:
Պատմութեանը յայտնի են դէպքեր, երբ կատուները աուտիզմով հիւանդ երեխաներին օգնել են կարգաւորել ծնողների եւ հասակակիցների հետ յարաբերութիւնները: Կատուի հետ շփուելով` այդպիսի երեխաները դադարում են վախենալ իրենց զգացմունքներն արտայայտելուց, ընդ որում` նրանց գործողութիւններն աւելի զգոյշ են դառնում, քանի որ կտրուկ շարժումների դէպքում կատուն կարող է ճանկռել կամ փախչել: Երեխաները չեն ամաչում իրենց խօսքի անխուսափելի սխալներից, քանի որ կատուները երբեք մարդուն չեն ընդհատում եւ մշտապէս ուշադիր լսում են:
Յիշէ՛ք, որ կատուները տանել չեն կարողանում իրենց հանդէպ կոպիտ վերաբերմունքը: Ձեր կենդանին լիարժէք հանգստի, քնի եւ լաւ սնունդի կարիք ունի, ինչպէս նաեւ պատասխան գուրգուրանքի եւ խնամքի: