Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Անցեալ շաբթուան «Քննութիւն» հատորիամփոփումին մէջ ներկայ եղանք Արգամ Մանասեանի տարեդարձին առթիւ կազմակերպուած խնճոյքին: Բոլորը ծխախոտի գործարանի տնօրէնի կենացը խմեցին: Երբ կարգը վերջապէս իրեն հասաւ, Արգամ Մանասեան գործէն արձակուած ըլլալուն լուրը տուաւ: Հիւրերու մեկնումէն ետք ինքն ու կինը՝ Յասմիկը մտերմիկ խօսակցութիւն մը ունեցան եւ Յասմիկը խոստացաւ ամէն գնով թիկունք կանգնիլ ամուսնոյն:
***
«Արգամ Մանասեանը գիշերը չքնեց:
Նա պառկել՝ բաց աչքով առաստաղին էր նայում ու մտածում: Բայց չէր կարողանում կենդրոնանալ: Մտքերը ոստոստում էին խառնիխուռն, հրում, հեռացնում, խանգարում իրար, ուղեղի ծալքերում ինչ-որ դէմքեր էին յայտնւում, աւելի շատ՝ անծանօթ դէմքեր, որոնք բեկբեկւում էին յանկարծ՝ երկարում ու լայնանում, ինչպէս ծուռ հայելու մէջ, բայց ծիծաղ չէին առաջացնում, ընդհակառակը, նրանց անկանոն, մոլագար շարժումներից պտտւում էր սիրտը եւ մաշկը փշաքաղւում էր թաքուն, անբացատրելի, անհասկնալի ահից:
(…)
Արգամ Մանասեանը խոհանոց գնաց, թունդ սուրճ եփեց իր համար, տարաւ իր առանձնասենեակը, վառեց գրասեղանի լուսամփոփը, դեռ ոտքի վրայ մի կում արեց, սուրճը սեղանին դրեց, նստեց ու բռնեց գլուխը:
Եւ անմիջապէս էլ հասկացաւ թէ ինչ է եղել:
Զեկուցագիրը:
Ոչ մի կասկած, սա իր զեկուցագրի արձագանգն է: Եւ ինչպէ՞ս մինչեւ հիմա մտքով չէր անցնում: Դէ, ի հարկէ, զեկուցագիրն է: Թշուառական, ամբողջ մինիստրութեան (նախարարութեան) ձեռնարկութիւնների վերակառուցման ծրագիր է առաջարկում: Հազար ու մի տեսակ հարցեր է բարձրացնում»:
***
Արգամ Մանասեան կը յիշէ, թէ ինչպէս նախարար Սամսոն Իվանիչը կարմիր մատիտով մակագրութիւններ կատարած էր ներկայացուցած զեկուցագրին լուսանցքներուն մէջ, թէ ինչպէս վիճաբանած էր հետը, դէմ արտայայտուելով առաջարկած փոփոխութիւններուն: Ա. Մանասեան առաջարկած էր, որ իւրաքանչիւր բանուոր իր շահաբաժինը ունենայ գործարանի ընդհանուր եկամուտին մէջ: Նախարարը դէմ կեցած էր: Ա. Մանասեան գրած էր, որ բանուորները ծխախոտ կը գողնան եւ ինք որոշած էր գողութիւնը կանխարգիլելու համար իւրաքանչիւր բանուորի երկու տուփ ծխախոտ տալ:
***
«- Հա, ի դէպ գողութեան մասին: Էս ինչե՞ր ես գրել, այ տղայ: Բաց-բաց զեկուցագիր ես գրում ու մէջն էլ հպարտութեամբ ընդգծում, թէ թոյլ ենք տալիս, որ ամէն մի աշխատող տուն գնալիս հետը երկու տուփ սիկարէ՞թ տանի:

– Այո, թոյլ եմ տալիս, – ասաց Արգամ Մանասեանը: – Եւ դուք էլ գիտէք, որ այդպէս է:
– Ես ոչինչ չգիտեմ: Լսո՞ւմ ես, ես ոչինչ չգիտեմ: Եթէ իմանայի, ամենայն խստութեամբ կը պատժէի քեզ:
– Ասենք թէ պատժեցիք, Սամսոն Իվանիչ, դրութիւնը կը փոխուի՞: Իմ աշխատանքի ընթացքում առնուազն տասն անգամ արգելել եմ գործարանից թէկուզ մի տուփ սիկարէթ դուրս բերել: Ինձ թոյլ եմ տուել անձամբ կանգնել մուտքի մօտ ու խուզարկել դուրս եկողներին: Մէկ առ մէկ: Եւ պարզուել է, որ փրկել եմ մօտ երկու հազար տուփ սիկարէթ:
– Մի օրում երկու հազա՞ր…
– Երկու հազար: Ի հարկէ, չէի կարող գործարանը փակել ու հեռացնել բոլորին: Հեռացրեցինք մի քանի հոգու, որոնք փորձել էին շատ դուրս բերել: Տարբեր տոյժերի ենթարկեցինք մի երեսուն-քառասուն հոգու: Արդի՞ւնքը: Արդիւնքը եղաւ այն, որ մի քանի հոսքային գիծ դուրս եկան շարքից, որ արտադրուած սիկարէթների որակը միանգամից ընկաւ, որ սիկարէթների միջից սկսեցին դուրս յայտնաբերուել հազար ու մի տեսակ առարկաներ:
– Բա դա սապոտաժ է (խափանարարութիւն), դրա համար դատ է հասնում, – կարմրատակեց մինիստրը: – Արա, դրանք վախ չունե՞ն:
– Չէ, ասաց գործարանի տնօրէնը:
– Իսկ որտե՞ղ են ձեր կուսակցական, հասարակական կազմակերպութիւնները, վերահսկիչները, «Լուսարձակը»…
– Գրեթէ բոլոր պայուսակներում ու գրպաններում սիկարէթներ յայտնաբերեցինք:
– Ուրեմն վատ էք աշխատում: Ուրեմն հեղինակութիւն չունէք, ընկեր տնօրէն: Ուրեմն դա ձեր տեղը չէ: Նամուս (պատիւ) ունեցէք, դիմում տուէք, գնացէք գործ գտէք ձեր համար:
– Մտածում եմ. -հանգիստ ասաց Արգամ Մանասեանը: – Իմ այս զեկուցագիրն էլ հենց դրա արդիւնքն է: Ես ուզում եմ մէկընդմիշտ փակել գողութիւնների ճանապարհը եւ ուզում եմ, որ հենց իրենք՝ գողացողները շահագրգռուած լինեն փակելու այդ ճանապարհը:
– Էդ, ո՞նց, է, ո՞նց…
– Սամսոն Իվանիչ, ենթադրենք, թէ մենք փակեցինք մեր աչքերը, աշխարհը կը փոխուի՞: Ասենք թէ ձեւացրինք, թէ մեզ մօտ գողութիւն չկայ, գողութիւնները կը դադարե՞ն: Իր ստեղծման օրուանից՝ հացի գործարանի աշխատողները, ամէնաքիչը, տուն գնալիս երկու հատ հաց են ցուցադրաբար դնում թեւի տակ ու դուրս գալիս: Նոյնը միսի կոմպինատում (ձեռնարկութիւն): Նոյնը պահածոների գործարանում: Փորձե՞լ են արգելել նրանց: Հազար անգամ (…): Ուրեմն ուրիշ ելք է հարկաւոր… (…) Մինչեւ նրանք շօշափելով չհամոզուեն, որ գործարանի տէրերը իրենք են, որ գործարանի վնասի դէպքում իրենք են տուժում եւ օգուտը՝ նաեւ իրենց օգուտն է, բան դուրս չի գայ, Սամսոն Իվանիչ: Իսկ դրանից յետոյ, համոզուած եղէք, նրանք ամէն ինչ կ՛անեն՝ իրենք կը բարձրացնեն արտադրողականութիւնը, իրենք կը հետեւեն որակին, իրենք կը հսկեն, որ ոչ մի պտղունց ծխախոտ չկորչի: (…)
– Վերջացնենք, ընկեր Մանասեան, – ասաց մինիստրը: – Ես ֆանթազիայով (երեւակայութեամբ) չեմ կարող պետական առաջադրանքներն ապահովել: Ես քո այս զեկուցագիրը չեմ տեսել, պա՞րզ է: (…) Քո առաջարկութիւնները բարեփոխութիւններ չեն, դու հիմքերին ես ձեռք տալիս: Իսկ դա վտանգաւոր բան է, ընկեր Մանասեան, շատ վտանգաւոր…
– Այդ դէպքում թոյլ տուէք զեկուցագիրը ուղարկել Կենտկոմ եւ Մինիստրների սովետ…
– Իսկ եթէ թոյլ չտա՞մ:
– Միեւնոյն է՝ կ՛ուղարկեմ, Սամսոն Իվանիչ:
– Ես ձեռքերս լուանում եմ , – Պիղատոսի հանգստութեամբ ասաց մինիստրը: – Ես որեւէ տեղեկութիւն չունեմ: Միայն թէ երբ օրը գայ, կը յիշես, որ ես զգուշացնում էի քեզ:
…Ահա, ուրեմն, օրն եկել է»: