Մարիա Աղասարեանն Ախալքալաքի թիւ 2 հանրային դպրոցի սան է: FLEX ծրագրով ԱՄՆի Մերիվիլ քաղաքի դպրոցում մէկ տարի սովորելուց յետոյ վերադարձել է Ախալքալաք` ոգեշնչուած նոր ծրագրերով ու նպատակներով:
16 տարեկանում Մարիան մեկնել էր FLEX ծրագրով ԱՄՆ` սովորելու ամերիկեան դպրոցում: Նա վերջերս է վերադարձել Ախալքալաք, սկսել է իր կեանքի որոշ պահերին այլ կերպ նայել, նոր ընտանիքում անկախութեան մէկ տարին նրան մեծ փորձ է տուել:
Մարիայի յարմարուելու շրջանն արագ է անցել, գրեթէ մէկ ամսում նա ընտելացել է նոր կեանքին:
«Ինձ մեծ ջերմութեամբ դիմաւորեց իմ հիւրընկալ ընտանիքը: Հիւրընկալող մայրս ինձ համար հանդիպում էր կազմակերպել դասընկերներիցս մի քանիսի հետ, եւ երբ ես դպրոց գնացի, մի քանիսին արդէն ճանաչում էի, եւ ուսմանս առաջին իսկ օրերից ես ինձ մենակ չէի զգում: Մարդիկ շատ շփուող են, ընկերասէր եւ շատ ինքնուրոյն, ինչպէս եւ ես ենթադրում էի: Իմ հիւրընկալ ընտանիքը շատ լաւն է եւ բարի: Նման մի դէպք եղաւ` վերադարձիցս երկու ամիս առաջ ես զբաղւում էի վազքով: Ինձ համար շատ դժուար էր, ես շատ էի յոգնում եւ ցանկացայ թողնել այն: Բայց հիւրընկալող մայրս ասաց, որ որքան էլ դժուար լինի, երբեք չպէտք է յանձնուել եւ միշտ պէտք է աւարտին հասցնել այն, ինչ արդէն սկսել ես: Դա շատ լաւ դաս էր ինձ համար:
Դասերը սկսւում են ժամը 7:45ին եւ տեւում մինչեւ 4ը: Դպրոցում առաջին բանը, որ ես նկատեցի, էլեկտրոնային կրթական համակարգն էր: Իւրաքանչիւր աշակերտ ունէր իր անհատական համակարգիչը, իսկ ուսուցիչները` smart գրատախտակ: Դպրոցում գործում էր նաեւ գրասենեակային համակարգ: Ուսուցիչների եւ աշակերտների ոչ-ֆորմալ (ոչ-պաշտօնական) փոխյարաբերութիւններն ինձ շատ զարմացրեց: Դպրոցական օրուայ աւարտից յետոյ մեծ ուշադրութիւն էր դարձւում արտադասարանական պարապմունքներին… սպորտին, տարբեր խմբակներին: Ես զբաղւում էի թիմային վոլէյբոլով եւ վազքով: Ամէն ինչ լաւ էր, եւ չնայած այնտեղ ուսուցիչները շատ լաւն էին, ի տարբերութիւն նրանց, մեր ուսուցիչները փորձում են գիտելիքները հասցնել մինչ իւրաքանչիւր աշակերտը: Նրա համար տարօրինակ էր, որ ունենալով մեծ հնարաւորութիւններ` ամերիկացի աշակերտները չեն ձգտում ստանալ առաւելագոյնը եւ օգտագործել այդ գիտելիքները: Ի վերջոյ, Ամերիկայում աշխատանքով եւ հաստատակամութեամբ իսկապէս կարելի է հասնել մեծ բարձրունքների: Դա նկատելի էր պարապմունքների ժամանակ, երբ երեխաները մեծ ջանքեր չէին գործադրում այս կամ այն առարկան ուսումնասիրելու համար: Ինձ շատ դուր եկաւ մարդկանց մտածելու թեթեւութիւնը, մարդկանց վերաբերմունքը միմեանց նկատմամբ, նրանց բարեացակամ լինելը, բացութիւնը, անկախութիւնը, սեփական կարծիքն ազատօրէն արտայայտելու եւ ապրելուց հաճոյք ստանալու ունակութիւնը»:

Մարիան վերադարձել է Ախալքալաք` հասկանալով, թէ որքան կարեւոր է զարգացնել սեփական «տունը»` հայրենիքը:
«Այո, իմ սպասելիքները լիովին արդարացան: Եւս մէկ անգամ ես համոզուեցի, որ անհասանելի ոչինչ չկայ: Իմ երազանքն էր տեսնել Ամերիկայի մայրաքաղաքը, եւ American Councils-ը մրցոյթ յայտարարեց Վաշինգտոն մեկնելու համար բոլոր ֆլեքսերների (Flex ծրագիրին մասնակցողները, նաեւ՝ ճկուն ժամերով ուսանողներ կամ աշխատողներ) միջեւ: Իմ գրած շարադրութիւնն ընտրուեց եւ ես անմոռանալի շաբաթ անցկացրեցի Վաշինգտոնում: Սեմինարների ժամանակ ես հասկացայ, որ երիտասարդ սերունդը կարող է հիմնովին շատ բան փոխել իր երկրում, քաղաքում եւ գիւղում: Եւ ապագան, որը մենք կը ստեղծենք, կախուած է միայն մեզանից: Ես, ի հարկէ, կը ցանկանայի շարունակել իմ յետագայ ուսումնառութիւնն ԱՄՆում, բայց ես մեծ կապուածութիւն եմ զգում այն վայրերի նկատմամբ, որտեղ ծնուել ու մեծացել եմ, որտեղ ապրում են իմ հարազատները, մտերիմ ընկերներս ու ծանօթներս»:
ԱՄՆում մէկ տարի անց նա հասկացաւ, թէ կոնկրետ (ճիշդ, յստակ) ինչ է պէտք փոխել հայրենիքում:
«Ինձ թւում է, որ մեծ եւ կարեւոր խնդիրներից մէկը գենդերային (սեռային) անհաւասարութիւնն է Վրաստանում եւ ոչ միայն: Թէեւ, կարծում եմ, Վրաստանն այս ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել, կան որոշակի կէտեր, որոնց վրայ պէտք է աշխատել մեր երկրի բարգաւաճման եւ զարգացման համար: Կարծում եմ, գենդերային անհաւասարութիւնը շատ շօշափելի է բազում ընտանիքներում, որտեղ աղջիկներն ու կանայք իրաւունք չունեն կարծիք յայտնելու, կրթութիւն ստանալու, վաղ ամուսնանում են, երբեմն` առանց սիրոյ»:
Եւ վերջում, Մարիան նոր ֆլեքսերներին խորհուրդ տուեց բաց լինել նորարարութիւնների համար:
«Իմ խորհուրդն է մեր երեխաներին` փորձել ստանալ բազում նոր գիտելիքներ, տպաւորութիւններ, ակտիւօրէն (աշխուժօրէն) մասնակցել արտադասարանային աշխատանքներին, փորձել շատ շփուել ընտանիքի եւ ընկերների հետ, հնարաւորինս շատ տեղեկանալ ամերիկեան աւանդոյթների եւ մշակոյթի մասին: Միշտ յիշել նպատակը, ինչի համար նրանք գնացել են Ամերիկա եւ երբեք չյանձնուել, նոյնիսկ երբ ամէն ինչ դժուար է թւում»:
Մարիային առջեւում դեռ սպասւում է դպրոցական եւս մէկ տարի, նա փոխադրուել է 12րդ դասարան, որն անցկացնելու է Ախալքալաքում: Նրա խօսքով` այս ժամանակը բաւական է կողմնորոշելու, թէ ինչ է իրեն պէտք ապագայում: