Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Արցախեան պատերազմում վիրաւորուած զինուորները ոչ միայն սկսել են երազել, նաեւ՝ հնարաւորութիւն են ստացել ստեղծել ու իրականացնել իրենց երազանքները, որ հայրենիքի զարգացմանն են ուղղուած նաեւ: Նրանց այդ հնարաւորութիւնն ընձեռել է ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբեանը՝ իրականացնելով իր որդու երազանքը: Մեհրաբեանը ազգային հերոսի մարմնաւորումն է. լինելով բարձրակարգ մասնագէտ, նա ներդրում ունի Հայաստանի գիտական ոլորտում: Նա նաեւ մասնակցել է հայրենիքի պաշտպանութեանը՝ Արցախեան պատերազմներին, եւ հայրենիքի նկատմամբ պատասխանատուութեան զգացումը փոխանցել զաւակներին: Այդ զգացումով էր, որ Մհեր Մեհրաբեանի 18ամեայ որդին՝ Արենը, կիսատ թողնելով ուսումը Միացեալ Նահանգներում, վերադառնում է Հայաստան՝ ծառայելու հայոց բանակում, եւ ցաւօք զոհւում է 2020 թուականի արցախեան պատերազում: Արենի երազանքները կապուած էին Հայաստանի հետ, հայրենիքի զօրացման հետ՝ գիտութեան միջոցով, եւ հայրը՝ Մհեր Մեհրաբեանը կնոջ հետ միասին հաստատակամ են լինում իրականացնելու զաւակի ցանկութիւնները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարոն Մեհրաբեան, ո՞րն էր Արենի երազանքը:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ. – Արենի երազանքը, եթէ կարճ սահմանեմ, Հայաստանի տիեզերական ծրագրի իրականացումն էր, հայկական աերոտիեզերական մեքենաշինական արդիւնաբերութեան ստեղծումը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր որդու երազանքը կեանքի կոչելու համար հիմնադրեցիք «Արեն Մեհրաբեան հիմնադրամը»: Ովքե՞ր են հիմնադրամի շահառուները, որո՞նք են հիմնանպատակները:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ. – Պատերազմից յետոյ, ես ու կինս՝ Սաթիկ Նայիրեանը, գիտակցում էինք, որ Արենի երազանքները պիտի իրականացուեն եւ նախաձեռնեցինք «Արեն Մեհրաբեան» բարեգործական հիմնադրամը, որի գլխաւոր նպատակն է Հայաստանում իրականացնել տիեզերական ծրագիրը: Հիմնադրամի այսօրուայ խնդիրն է համապատասխան կրթութիւն տրամադրել երիտասարդներին՝ առաջնայնութիւնը տալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողութիւնների հետեւանքով հաշմանդամութիւն ձեռք բերած ու դրա արդիւնքում գործազուրկ դարձած անձանց, ինչպէս նաեւ՝ զոհուած զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր ցանկանում են փոխել իրենց մասնագիտութիւնը, կամ՝ մասնակիցը դառնալ Հայաստանի աերոտիեզերական ոլորտի զարգացմանը, ինչպէս նաեւ աշխատել այլ ոլորտներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կրթական ի՞նչ ծրագրով են սովորում ձեր ուսանողները:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ. – Մանրամասն ուսումնասիրել ենք միջավայրը, խնդիրները յետ-պատերազմական շրջանում եւ յանգել ենք այն եզրակացութեան, որ Հայաստանում երեսուն տարի անորակ կրթութիւն եւ կառավարում է եղել, ինչը յանգեցրել է այն խնդրայարոյց իրավիճակին, որ այսօր ունենք: Ամենավտանգաւոր եւ ցաւալի կէտն այն է, որ մարդիկ կորցրել են երազելու ունակութիւնը: Բազմաթիւ երիտասարդների հարցրել ենք, թէ որն է իրենց կեանքի երազանքը, եւ մեծամասնութիւնը չգիտի էլ դա ինչ է: Սա մեր սերնդի ողբերգութիւնն է, մեր սերնդի խնդիրն է, եւ մեր հիմնադրամի կրթական ծրագրի միջոցով փորձում ենք այդ սխալները շտկել:

Մեր մօտ կրթութիւնն անվճար է, եւ աշխատում ենք, որ որակը շատ բարձր լինի: Հաւատում ենք այն մտքին, որ լաւ կրթութիւնը պէտք է անվճար լինի երիտասարդների համար, եւ հիմնուած իրենց երազանքների վրայ: Եթէ մարդը երազում է ինչ որ մասնագիտութիւն ձեռք բերել, կամ ինչ որ ոլորտում աշխատել՝ մեր սերունդը պարտաւոր է այդ երազանքն իրականութիւն դարձնի, այդ հնարաւորութիւնը տայ, եւ այս փաստերն է, որ մենք հիմք ենք վերցրել մեր կրթական ծրագրի կազմակերպման համար, որը ոչ-բարձրագոյն կրթութիւն է տրամադրում:
Շատ կարճ ժամանակում՝ չորս ամսուայ ընթացքում, մեր ուսանողներին կրթելով եւ աշխատանք տրամադրելով հնարաւորութիւն ենք տալիս մուտք գործել իրենց երազած ոլորտ: Մեր մօտ քննութիւններից կտրուողներ չկան, վատ սովորողները դուրս չեն մնում ծրագրից, նրանց ժամանակ է տրւում, որ յաջորդ փուլում իրենց վերագտնեն եւ փորձեն յաջողել: Առաջին չորս ամսուայ անվճար ուսումից յետոյ, մեր ուսանողներին տեղաւորում ենք աշխատանքի՝ աշխատավարձով: Ուսման յաջորդ՝ երկրորդ փուլում, աշխատանքին զուգահեռ նրանք կրկին սովորում են, եւ այդպէս շարունակ՝ աշխատել, սովորել: Երկրորդ փուլի աւարտից յետոյ, ստացած գնահատականների հիման վրայ պատասխանատուութիւնն էլ աշխատավայրում մեծանում է, աշխատավարձն էլ՝ համապատասխանաբար բարձրանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մասնագիտութիւններ են դասաւանդւում, եւ ի՞նչ ոլորտներում են ձեր ուսանողները ներգրաււում աշխատանքի:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.– Մենք սկսել ենք աերոտիեզերական ոլորտի մասնագէտների պատրաստումից: Սա լայն ոլորտ է եւ ներառում է գիւղատնտեսութիւնից մինչեւ ծրագրաւորում, բայց սահմանել ենք առաջնայնութիւններ: Երկու մասնագիտութիւններով ենք սկսում՝ եռաչափ ճարտարագիտական մոդելաւորում եւ ծրագրաւորում, եւ սրանց զուգահեռ կ՛ունենանք նաեւ աերոտիեզերական եւ ճարտարագիտութեան ու այլ դասընթացներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնադրամի երկարաժամկէտ ծրագրերն ի՞նչ են նախատեսում:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.- Այսօր, պատերազմի մասնակից երիտասարդներին, փորձում ենք կարճ ժամանակահատուածում կեանքի ճանապարհ ցոյց տալ՝ ներառելով նաեւ հոգեբանների եւ ապաքինման համար անհրաժեշտ այլ բժշկական ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւնների: Իմ համոզմամբ, երբ մարդուն ցոյց ես տալիս ապրելու, կեանքի ճանապարհը, եւ իր երազանքներին հասնելու ճանապարհը, այսպէս է, որ բուժւում են պատերազմի ժամանակ ստացած վէրքերը:

Ինչ վերաբերում է երկարաժամկէտ ծրագրերին, նախատեսում ենք մեր կրթական ծրագիրը դարձնել կրթական հաստատուած համակարգ: Մեր հասարակութեան շրջանում կայ մի մտայնութիւն, որ ամենալաւ կրթութիւնը վճարովի կրթութիւնն է: Այսօր Հայաստանում կանգնած ենք կրթական ճգնաժամի առաջ, երբ պետական եւ մասնաւոր համալսարանները վճարովի են դարձել, եւ հիմնականում անորակ են: Թէեւ փորձեր արւում են շտկելու, բայց եթէ հիմնաւոր մօտեցում չի ցուցաբերւում հարցին՝ այս խնդիրը շարունակում է անլուծելի մնալ: Մեր կրթական ծրագիրը շատ հետաքրքիր է, եւ ցանկացողներ կան փորձարարական տարբերակով այն ներդնել ընդհանուր կրթական համակարգում:
Երկարաժամկէտ ծրագրերի շարքում է գիտակրթական կենտրոնի՝ թանգարան-լաբորատորիայի կառուցումը, եւ այդ նպատակով արդէն ձեռք ենք բերել 80 հեկտար հողակտոր Աշտարակից Էջմիածին ճանապարհին: Դրանք մարդկային մտքի զարգացման կենտրոններ են լինելու, որտեղ ցուցադրուելու են ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանութեան այն բոլոր գիտափորձերը, որ մարդկութիւնը կատարել է, եւ որոնք ապահովել են մարդկային մտքի զարգացումը: Այս միջոցով մանկահասակ երեխաները, դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները, դասախօսները, գիտնականները, ինչպէս նաեւ՝ թեմայով հետաքրքրուած անհատները հնարաւորութիւն կ՛ունենան տեղում տեսնելու եւ մասնակցելու յայտնի գիտնականների կատարած փորձերին եւ ապրելու նոյն զգացումներն ու բերկրանքը, որ ժամանակին ունեցել են այդ յայտնագործութիւնների, գիւտերի հեղինակները:
Այսպիսով մենք ցանկանում ենք մեր սերունդների շրջանում արթնացնել սէր գիտութեան նկատմամբ, նաեւ՝ ուսուցիչներին ու դասախօսներին հնարաւորութիւն ընձեռել իրենց հիմնականում միայն տեսական գիտելիքները իրականացնել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նախաձեռնութիւնները պահանջում են բաւական ֆինանսական միջոցներ: Ինչպէ՞ս էք լուծում այս հարցը: Ինչպէ՞ս կարող է Սփիւռքը մասնակից դառնալ բնոյթով համահայկական ձեր ծրագրերին:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.- Մինչ այսօր «Արեն Մեհրաբեան հիմնադրամ»ի հիմնական նուիրատուները Մեհրաբեան մեծ ընտանիքն է, մեր ընկերներն ու մեր ծրագիրն իրենցը համարող մարդիկ: Մենք գումար չենք ուզում նրանցից, այլ առաջարկում ենք Արենի երազանքի մաս դառնալ եւ այն դարձնել նաեւ իրենց երազանքը: Հարցը միայն ֆինանսական չէ, կարիք ունենք մասնագէտների: Մենք շատ լաւ մասնագէտներ ունենք արտերկրում, եւ կը ցանկանայինք, որ նրանք ներդրում ունենան մեր ծրագրում, օրինակ՝ կարճատեւ, մէկշաբաթեայ դասախօսութիւններ անցկացնեն Երեւանում, մեր կենտրոնում՝ իրենց փորձն ու ձեռքբերումները փոխանցեն մեր տղաներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ստեղծման կարճ ժամանակահատուածում Հիմնադրամը կարողացել է լուծել ամենակարեւոր հարցը՝ ձեզ յաջողուել է համապարփակ աջակցութիւն ցուցաբերել վիրաւորուած զինուորներին՝ թէ՛ բարոյահոգեբանական, առումով եւ թէ տրամադրել կրթութիւն ու աշխատանք: Ձեր ուսանողների մասնակցութեամբ նրանց ուսման ու աշխատանքի արդիւնքնե՞ր կան:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.- Շատ ոգեւորուած եմ այն փաստից, երբ մարդը տեսնում է իր երազանքի իրականացումը, եւ թէ ինչպէս է սիրով աշխատելն այլ արդիւնք ունենում: Փորձում եմ հասնել նրան, որ մարդիկ սիրով աշխատեն, չհետեւեն ֆինանսկան ծուղակներին, կամ ինչպէս ասում ենք եօլայ գնալու կամ գոյատեւելու մեխանիզմներին: Մարդն իրականում գիտական, ինժեներեկան մտքի, շատ մեծ ներուժ ունի, բայց առաջնայնութիւնը տալով առօրէական հարցերին՝ բաւարարւում են վարորդի, բանուորի աշխատանքով եւ աւելին չեն անում: Սրա արդիւնքում մենք մարդկային ռեսուրս ենք վատնում, եւ այդ իմաստով շատ կարեւոր է, որ մասնագիտական կրթութեան հետ մէկտեղ նաեւ աշխատելու հնարաւորութիւն տալ մարդուն: Մենք նաեւ սովորեցնում ենք աշխատանքի մշակոյթ: Տղաներին առաջադրանք տալով, եւ խնդիրները յստակեցնելով, սովորեցնում ենք խնդիրների ուսումնասիրման մեխանիզմները, փորձում ենք իրենց հնարաւորութիւն տալ խնդիրները լուծելու իրենց ճանապարհով, եւ մենք ուղղակի ուղղորդում ենք:
Ունենք արդիւնք՝ նախաձեռնել ենք հիդրոպոնիկ սարքերի արտադրութիւն: Պատերազմից յետոյ արօտավայրերի շատ մեծ կորուստ ունեցանք եւ գիւղատնտեսութիւնը, մասնաւորապէս՝ անասնապահութիւնը յայտնուեց անասնակերի պակասորդի եւ չոր խոտի գնաճի ճգնաժամի առջեւ: Մենք նախաձեռնեցինք հայկական հիդրոպոնիկ սարքերի արտադրութիւնը, որոնք արտադրում են օրեկան 500 կգ. անասնակեր, եւ սա մեծ հնարաւորութիւն է տալիս, եւ օգնում է գիւղացուն, որ աւելի էժան եւ որակով ու սննդարար անասնակեր ունենան:
Մենք չենք յայտնաբերել հիդրոպոնիկան, եւ քանի որ Հայաստանում չկար այդ սարքերի արտադրութիւն, ՀՀ կառավարութիւնը սուբսիդաւորում (նպաստ կը յատկացնէ) է հիդրոպոնիկ սարքերի գնումը, որ հիմնականում՝ շուրջ 90 տոկոսը ներկրւում է Թուրքիայից: Մենք մեր առջեւ խնդիր դրեցինք արտադրութիւն սկսել Հայաստանում, եւ լուծեցինք այդ հարցը: Մեր կողմից արտադրուող սարքն աւելի լաւն է՝ էներգախնայող (ուժանիւթ խնայող) է, փոքր տեղ է զբաղեցնում եւ աւելի հեշտ է օգտագործել: Սարքերը մենք արդէն վաճառում ենք:
Հայկական հիդրոպոնիկ սարքերի նախագծման եւ արտադրութեան մէջ ներգրաւուած են հիմնականում պատերազմին մասնակցած եւ վիրաւորուած զինուորները: Նրանք սովորեցին եւ ստեղծեցին, եւ փաստօրէն, պատերազմի մասնակից տղաներն օգնում են գիւղացուն խնդիրները լուծելու:
Այսօր շատ խնդիրներ կան, եւ մենք էլ ձեռքը զարկերակին պահած, փորձում ենք առաջադրել լուծումներ եւ այդ նպատակի համար նաեւ կրթել ու պատրաստել մարդկանց:



Պատերազմը չի աւարտուել, այն վերջանում է, երբ յաղթում ես: Պատերազմը ժամանակաւորապէս տեղափոխուել է կրթութեան եւ գիտութեան ոլորտ եւ մենք պէտք է պատրաստուենք ու չմոռանանք, որ ամէն օր պատերազմ է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանում աերոտիեզերական ոլորտն ի՞նչ վիճակում է այսօր:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.- Ընդհանրապէս, ամբողջ աշխարհում, այն ոլորտները, որոնք կապուած են տեխնոլոգիաների, գիտութեան, ճարտարագիտութեան հետ՝ հինգ տարին մէկ խնդիրները վերաձեւակերպւում են: Կան ոլորտներ, որ ամբողջութեամբ են փոփոխւում՝ դա տեղեկատուական տեխնոլոգիաների, աերոտիեզերական ոլորտն է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, չունենք աերոտիեզերական մեքենաշինութեան արդիւնաբերութիւն՝ չունենք մասնագէտների շտեմարան, համապատասխան ենթակառուցուածքներ, սակայն այս կարգի խնդիրը մի կողմից հեշտ է լուծել՝ նոր ձեւակերպումներով: Այսինքն, այն պահանջարկը, որ կար այս ոլորտից 2000ականներիի սկզբներին, հիմա նոր ձեւակերպում է ամբողջովին ստանում, խնդիրները փոխւում են՝ պայմանաւորուած տեխնոլոգիական առաջընթացով: Օրինակ, 1900ականներին տիեզերքում հաղորդակցութեան կամ տեսահսկման գործառոյթների համար անհրաժեշտ էին մեծ արբանեակներ, որովհետեւ էլեկտրոնային բոլոր բաղադիչները մեծ ծաւաներ ունէին, բայց հիմա, հեռախօսները, համակարգիչները, մեզ շրջապատող այլ սարքերը փոքրացել են ծաւալով, որակն էլ՝ բարձրացել է: Նոյնն էլ տեղի է ունենում տիեզերական համակարգերում, մասնաւորապէս արբանեակներն այսօր կարիք չունեն մեծ լինեն, եւ կարելի է փոքր չափերի մեծ քանակի արբանեակներ ունենալ: Սա հեշտ է պատրաստել ու կառավարել: Մենք պէտք է նոր վերաձեւակերպումով ոլորտ մտնենք, եւ սա մի կողմից մեզ առաւելութիւն կը տայ՝ կարճ ժամանակում շատ մեծ արդիւնքի հասնելու: Եւ մեր դէպքում եւս մէկ առաւելութիւն է, որ հին տեխնոլոգիաների աւանդոյթ չկայ, ինչի առկայութեան դէպքում կը դժուարանար նորի մուտքը: Հայաստանում նոր տեխնոլոգիաների համար մեր դռները բաց են եւ շատ փոքր դիմադրութեամբ կարելի է նուաճել ամբողջ աշխարհը, եւ մենք էլ դառնանք շարժիչներից մէկը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նշած ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում:
ՄՀԵՐ ՄԵՀՐԱԲԵԱՆ.- Մենք հիմա փորձում ենք փոքր արբանեակների տեխնոլոգիաների ստեղծման համար համապատասխան կրթութիւն տրամադրել, ունենանք պատրաստ մարդկանց խումբ՝ արտադրութիւնը սկսելու համար: Նախատեսում ենք սկսել տիեզերական համակարգերի համար անհրաժեշտ սարքերի, փոքր արբանեակների արտադրութեան: Այդ հարցում մենք մասնակից դարձերցինք նաեւ պետութեանը՝ փորձելով պետութեան համար էլ ստեղծել երազանք, եւ փոխանցել այդ միտքը, որ առանց երազանքի պետութիւն չի լինում:
Արեն Մեհրաբեանի մասին.- Հարազատների շրջանում յայտնի էր իր անվերջ պրպտող, երազող տեսակով, գիտութեան նկատմամբ սիրով ու նուիրումով: Ընկերները փաստում են նրա մարդկային արժանիքների մասին, որոնք յետագայում արտայայտուեցին սեփական կեանքն անձնուիրաբար զոհաբերելու վեհ առաքելութեամբ:
Արեն Մհերի Մեհրաբեանը ծնուել է 1997 թ.ին Երեւանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է Երեւանի Անանիա Շիրակացու անուան ճեմարանում, որն աւարտելուց յետոյ տեղափոխուել է ԱՄՆ՝ աստղաֆիզիկոսի մասնագիտութիւն ստանալու համար: 2018 թ.ին, ուսումը կիսատ թողնելով, Արենը վերադառնում է Հայաստան՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու: Ծառայութեան ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում եւ պարգեւատրուել է պատուոգրերով բարեխիղճ ծառայութեան, զինուորական կարգապահութեան եւ մարտական պատրաստութեան հարցում ցուցաբերած բարձր արդիւնքների համար:
2020 թ.ին Արենը մասնակցում է Արցախեան երկրորդ պատերազմի ռազմական գործողութիւններին՝ առաջին իսկ օրերից լինելով մարտի ամենաթէժ կէտերում: Հոկտեմբերի 28ին Արեն Մեհրաբեանը զոհւում է Մարտակերտում՝ անօդաչու թռչող սարքի հարուածից՝ հասցնելով ծառայակից ընկերների հետ միասին փրկել երեք վիրաւոր հրամանատարների կեանքը: Արենը յետ մահու արժանացել է «Հերոսի» կոչման՝ պարգեւատրուել է «Մարտական ծառայութեան» մեդալով եւ «Հայրենիքի պաշտպանութեան» շքանշանով:
«Արեն Մեհրաբեան հիմնադրամ»ի մասին մանրամասներին կարող էք ծանօթանալ այստեղ: