ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Իւրաքանչիւր գործ սկսելուց առաջ, կարեւոր է պարզել, թէ կա՞յ արդեօք պահանջարկ, փոխարէնը` ներդրումներ կատարելուց եւ գործ հիմնելուց յետոյ դա փորձել հասկանալ, քանզի շատ են դէպքերը, երբ մեծ ջանքեր ու ներդրում կատարելուց յետոյ պարզւում է, որ տուեալ գործը կամ արտադրանքը պահանջուած չէր»: Իր փորձով եւ գիտելիքներով Գլենդելի Հանրային Քոլեջի ուսանողների հետ կիսուեց «Օշընվիւ Քեփիթըլ Փարթնըրզ» ընկերութեան հիմնադիր ու գործադիր տնօրէն Արմէն Վարդանեանը:
Գլենդելի Հանրային քոլեջի «Բիզնես Ակումբ»ը կազմակերպել էր ձեռնարկ` որպէս բանախօս հրաւիրելով կրթօջախի նախկին ուսանողներ, իրենց ոլորտում յաջողութիւնների հասած Արմէն Վարդանեանին ու Կատեա Կարապետեանին` ներկայացնելու ձեռներէցութեան ոլորտում իրենց փորձը, խորհուրդներ տալու քոլեջի ներկայի ուսանողներին, ովքեր որոշել են իրենց ուղին շարունակել որպէս գործարար: «Մեր ակումբի առաքելութիւնն է ուսանողներին ծանօթացնել ձեռներէցութեամբ զբաղուող մարդկանց հետ, արհեստավարժների, ովքեր կ՛ուղղորդեն մեր ուսանողներին իրենց խորհուրդներով եւ կ՛օգնեն մուտք գործել համապատասխան շրջանակներ», տեղեկացրեց «Բիզնես Ակումբ»ի նախագահ Սոֆիա Արբրահամեանը:
Արմէն Վարդանեանը, քոլեջն աւարտելուց յետոյ ընդունուել է Բերքլիի համալսարանի «Հաաս» բիզնես ի դպրոցը, այնուհետեւ` մագիստրոսի կոչում ստացել Փենսիլվանիայի «Վարթոն» համալսարանում: Վարդանեանի մասնագիտական կենսագրութիւնը ձեւաւորուել է յայտնի մասնաւոր բաժնետիրական ընկերութիւններում եւ ներդրումային բանկերում: Նա քոլեջի ուսանողներին պատմեց, որ ինքն այդուհանդերձ, ցանկանում էր ստեղծել սեփական ընկերութիւնը: Կարճ ժամանակում Վարդանեանի հիմնած «Օշընուիւ Քեփիթըլ Փարթնըրզ»ը հաստատուն տեղ է զբաղեցրել ոլորտում` յաճախորդների ցանկում ունենալով բազմամիլիոն արժողութեամբ Ամերիկեան ճանաչուած ընկերութիւններ: Այն գործում է հիմնական ուղղութեամբ` խորհրդատուութեան տրամադրում եւ ներդրումներ: «Իմ բոլոր բիզնեսները յաջողել են, այլ հարց է, թէ որը ինչքանով է յաջողել, եւ իմ մշտական հաշուարկներն այն մասին են, թէ որտեղ ներդնեմ ջանքերս` բոլոր ուղղութիւններով առաւելագոյն արդիւնքի հասնելու համար», իր գործելաոճի որոշ մանրամասներ ներկայացրեց Վարդանեանը:



Յաջողութեան նրա չափումը կայանում է մարդկանց օգտակար լինելու մէջ: Վարդանեանը կարեւորում է խորհրդատու լինելու հանգամանքը: Նրա աշխատակիցների շարքում շատ են երիտասարդներ, այդ թւում` հայեր, ում ուսուցանել է եւ օգնել մուտք գործել տարբեր ոլորտներ:
Կատեա Կարապետեանն էլ պատմեց իր անցած ճանապարհի եւ մարտահրաւէրների մասին, որոնք յաղթահարել է մասնագիտական գործունէութեան ընթացքում: Նա ներկայում հանդիսանում է «Ռոս» վաճառասրահների ցանցի «Փեթիթես Րեք»ի Արեւմտեան շրջանի գնումների հարցով պատասխանատուի օգնականը: Գլենդելի հանրային քոլեջն աւարտելուց յետոյ, Կատեան նոյնպէս ուսումը շարունակել է Բերքլի համալսարանի «Հաաս» բիզնեսի դպրոցում:
«Բիզնես Ակումբ»ի բանախօսները նաեւ պատասխանեցին ուսանողների հարցերին: Իւրաքանչիւր գործում յաջողութեան գլխաւոր գրաւական նրանք համարում են համապատասխան շրջանակներում ներգրաւումն ու շփումները, ծանօթների ձեռքբերումը: Յաջողակ գործարարները նշեցին, որ բիզնես մտածողութիւնն կարելի է ձեռք բերել ժամանակի ընթացքում: Վարդանեանն էլ խորհուրդ տուեց ուսանողներին աշխատանքի դիմելիս, իրենց մասին ծանօթագրումներում լինել հակիրճ եւ թիրախային` յստակ նշելով, թէ որոնք են հիմնական նպատակները, որ տուեալ անձը ցանկանում է ներգրաւուել տուեալ ընկերութիւնում:
Ուսանողներն առիթ ունեցան բանախօսների հետ զրոյցն անձնապէս շարունակելու հիմնական ծրագրի աւարտից յետոյ:

