ԵՐԵՒԱՆ, «Նոյեան Տապան».- Հոկտեմբեր 27ին Ազգային ժողովի պատգամաւորները, աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանին մէջ հաւատարմագրուած լրագրողները յարգանքի տուրք մատուցեցին 7 տարի առաջ նոյն օրը ահաբեկչութեան զոհ դարձած 8 պետական-քաղաքական գործիչներու յիշատակին:
Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղուեցան խորհրդարանի բակի յուշակոթողին:
«Անկախ այն բանից, որ 7 տարի է անցել այս որբերգութիւնից, բայց մարդիկ, ովքեր ճանաչում էին այդ ահաբեկչութեան զոհերին, ովքեր աշխատել են նրանց հետ, առաւել եւս՝ ովքեր այդ ողբերգական օրը խորհրդարանում էին, դահլիճում էին, վստահ եմ, որ իրենց ամբողջ կեանքում տանելու են ե՛ւ ցաւը, ե՛ւ ապրումները, որ ունեցել են այդ դահլիճում», լրագրողներուն ըսաւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսեան:
Ըստ Թորոսեանի, ամենակարեւորը հետեւութիւններ կատարելն է, որպէսզի Հայաստանի մէջ երբեք այլեւս նման ողբերգութիւն տեղի չունենայ. «Մարդիկ, ովքեր զոհուեցին այդ դաժան օրը, ինքնանպատակ չէին ապրում, ապրում էի յանուն գաղափարների, յանուն ծրագրերի, յանուն սկզբունքների, եւ ամենամեծ յիշատակի տուրքը իրենց համար, կարծում եմ, կը լինի Հայաստանի զարգացումը, այսինքն, այն ծրագրերի, գաղափարների ու նպատակների իրագործումը, որոնք դաւանում էին այդ դաժան օրուայ զոհերը», ըսաւ ԱԺ նախագահը:
Նշենք, որ երէկ վարչապետ Անդրանիկ Մարգարեան նախարարներուն հետ այցելեց Եռաբլուր պանթէոն, ուր յարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբեր 27ին զոհուած պետական գործիչներուն յիշատակին: