Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Ինչպէս արդէն գիտէ ընթերցողը, ծխախոտի ընկերութեան տնօրէնի պաշտօնէն ազատ կացուցուած Արգամ Մանասեան իր տարեդարձին առթիւ իրենց տունը հաւաքուած հիւրերուն մէկական անուշ խօսք կ՛ըսէ եւ շնորհակալութիւն կը յայտնէ: Մինչեւ հիմա կեդրոնացած էինք միայն իր յիշատակներուն վրայ, բայց այս անգամ, նախքան անցեալ մուտքը, պիտի մնանք ներկային մէջ: Արտաշէս Քալանթարեան նուրբ հիւմըրով (կատակաբանութեամբ) գիտէ զուարճալի կերպարներ մէջտեղ բերել, միաժամանակ բարակ սլաքներ նետելով իր ներկայացուցած տիպարներու հասցէին:
Այսօրուան բաժնով պիտի կեդրոնանայ իր շատ սիրած վարորդ Աշոտ Ալոյեանին վրայ. սակայն, նախքան անոր կենացը խմելը պիտի յիշէ իր նախկին վարորդները, որոնցմէ գոհ չէ մնացած: Ամէն անգամ որ վարորդի մը մասին պատմէ, տեղակալը՝ Վռամ Մաշուրեան կը գուշակէ անոր ով ըլլալը եւ խնդալով կու տայ անունը:
***
« – Աշոտ ջան, շնորհակալ եմ, որ դու այսօր այստեղ ես,- ասաց Արգամ Մանասեանը՝ դառնալով վարորդին:
– Ե՞ս,- անկեղծօրէն զարմացաւ Աշոտը,- բա որտե՞ղ լինեմ:
– Ի՞նչ իմանամ: Քի՞չ տեղ կայ, որտեղ մարդ կարող է լինել:
– Եղա՞ւ, Արգամ Պետրովիչ, – լրջօրէն վիրաւորուեց վարորդը:
– Ինձ համար շատ հաճելի է քեզ հետ աշխատելը, – ասաց Արգամ Մանասեանը:- Ժողովուրդ ջան, ինձ գիտէք, ես, սատանի ականջը խուլ, ընդհանրապէս բախտաւոր մարդ եմ: «Բախտաւոր էի»,- մտքում ասաց գործարանի տնօրէնը: Բայց զարմանալիօրէն վարորդների հարցում բախտս չէր բերում: Վռամ, յիշո՞ւմ ես Հմայեակին, չէ՞:
– Ո՞նց չեմ յիշում, Արգամ Պետրովիչ,- նախապէս ծիծաղեց Վռամ Մաշուրեանը:
– Էդ անխիղճը այնքան մռայլ էր, որ ամէն անգամ, երբ նստում էի կողքին, ինձ թւում էր, թէ ուրիշի մեքենայ է եւ վարորդն էլ համոզուած է, թէ փող չեմ տալու:
Ծիծաղ բարձրացաւ:
– Երբ հեռու ճանապարհ էինք գնում, ստիպուած անեկդոտներ էի պատմում, որ նրա տրամադրութիւնը մի քիչ բարձրանայ: Հենց յոգնում էի ու լռում, ասում էր. «Իմացածդ է՞դ էր, էլ բան չգիտե՞ս, Արգամ Պետրովիչ»: Երկրորդը հայրենադարձ էր: Այնքան անթերի էր հագնւում, այնքան ճաշակով, նորաձեւ փողկապով ու փայլուն կօշիկներով, որ երբ որեւէ տեղ էինք գնում՝ ի՛նձ էին վարորդի տեղ դնում: Պատահել է, որ ամաչել եմ ու նրա փոխարէն ես եմ, ասենք, անիւը փոխել կամ էլ մեր գնած ապրանքները տեղաւորել մեքենայի մէջ, որ յանկարծ նրա հագուստը չկեղտոտուի: Եւ ընդհանրապէս, այնքան լաւ էր հագնւում, որ անյարմար էիր զգում որեւէ գործ յանձնարարել:
– Պօղոսն էր, Պօղո՜սը, – բղաւեց Վռամ Մաշուրեանը:
– Իսկ Աշոտից առաջ մէկն էլ կար, որ չգիտես ինչու համոզուած էր, թէ կադրերի (ղեկավար) տեղաբաշխման հարցը իր իրաւասութեան տակ է գտնւում: Նստում էի մեքենայ, թէ չէ, ծանր-ծանր ասում էր, – «Արգամ Պետրովիչ, լաւ չէ՞ր լինի, եթէ չորրորդ արտադրամասի պետ Ճուղուրեանին տանենք երկրորդ արտադրամաս, գլխաւոր տեխնոլոկ (արուեստաբան) Պապիկեանին նրա տեղը դնենք, իսկ երկրորդ արտադրամասի պետ Իփեկչեանին նշանակենք գլխաւոր տեխնոլոկ»: Տեսնենք, ասում էի ես համեստօրէն: «Ես երկար եմ մտածել, Պետրովիչ, ասում էր, լաւ վարիանտ է (տարբերակ): Այնքան խօսեց, այնքան «վարիանտներ» առաջարկեց, որ ի վերջոյ մի վարիանտ էլ ես գտայ եւ նրան տեղափոխեցի երկրորդ արտադրամաս՝ էլեկտրաքարշի վրայ աշխատելու:
– Գրիգորն է, Գրիգորը, – ծափ զարկեց, քրքջաց Վռամ Մաշուրեանը:
– Եւ ահա յայտնուեց մեր Աշոտը…
– Ինձ խնայէք, Արգամ Պետրովիչ, – տեղից վեր թռաւ վարորդը…
***
Հոս, Քալանթարեանի գործածած յետադարձի միջոցը կը յայտնուի կրկին եւ գործին գլխաւոր հերոս Արգամ Մանասեանը կը յիշէ Աշոտին հետ իր առաջին հանդիպումը: Այն ատեն հազիւ քսանվեց տարեկան երիտասարդ՝ Աշոտ Ալոյեան գրասենեակը մտած էր տնօրէնի վարորդ ըլլալու դիմումնագիրը լեցնելու, բայց սկիզբէն իր թերահաւատութիւնը ցոյց տուած էր եւ ըսած. «Գրէ՛ք, որ աշխատանքի տեղ չունէք: Ես գնամ»: Հոս պզտիկ բացատրութիւն մը անհրաժեշտ է. Աշոտը բանտ մնացած էր եւ բանտէն դուրս ելլելէն ետք չէր կրցած գործ գտնել այդ պատճառով: Գործարանի տնօրէնը զարմացած էր նոր գործի դիմողին այդ տարօրինակ վարուելակերպէն եւ հրաւիրած էր նստելու եւ զրուցելու:

***
«- Աշխատանքի փորձ ունե՞ս, – հարցրեց Արգամ Մանասեանը:
– Հա, գաղութում աւտօ էի քշում:
– Բեռնատա՞ր, թէ մարդատար…
– Գաղութի պետին էի տանում-բերում:
– Դէ ուրեմն համարեա թէ ազատութեան մէջ ես եղել, էլի…
Եւ յանկարծ տղան հառաչեց.
– Ընկեր Մանասեան, դուք ի՞նչ գիտէք, թէ ինչ է ազատութիւնը…
– Հա, բայց միտք ունի՞ (իմաստ ունի՞) ինձ հետ այդպէս նախատինքով խօսել…
Տղայի աչքերում կրկին չարութիւն փայլեց.
– Իսկ եթէ ես մի սխալ եմ արել, միտք ունի՞ անընդհատ երեսովս տալու: Դուք տասնութերորդ տնօրէնն էք, որի մօտ ուղարկում են: Կադրերի բաժնի վարիչները չեն էլ լսում ինձ, տնօրէններու մօտ են ուղարկում: Իսկ տնօրէններն էլ լսում-լսում են, բայց հենց իմանում են, որ բանտարկուած եմ եղել, պարզւում է, որ նրանց մօտ աշխատանքի տեղ չկայ: Այնինչ ես լաւ գիտեմ, որ կայ: Ի՞նչ անեմ, ասէք: Միլիցիան (ոստիկանութիւնը) խեղդում է, թէ անմիջապէս աշխատանքի անցէք, իսկ աշխատանք չեն տալիս, որովհետեւ, գիտէ՞ք ինչ, գող եմ եղել: Էնպիսի զզուանքով են նայում, կարծես թէ իրենք գողեր չեն…
– Ամուսնացա՞ծ ես:
– Հա, մենակ ինքը հաշուի չառաւ անցեալում իմ գող լինելը…
– Ես կը լինեմ երկրորդը:
Արգամ Մանասեանը ուղեգրի վրայ շեղակի մակագրեց. «Ձեւակերպել որպէս մարդատար աւտոմեքենայի վարորդ», ուղեգիրը տղային մեկնեց ու ասաց.
– Տար կադրերի բաժին:
– Ո՞նց թէ, ընդունո՞ւմ էք,- ապշեց Աշոտ Ալոյեանը:
– Ընդունում եմ:
– Ճի՞շդ, – յանկարծ միանգամից խեղճացած հարցրեց տղան:
Արգամ Մանասեանը գլխով արեց:
Աշոտ Ալոյեանի աչքերում արցունք յայտնուեց: Նա արագ շուռ եկաւ ու նայեց պատուհանից դուրս: Ու խօսեց խզուած ձայնով՝ առանց գործարանի տնօրէնին նայելու.
– Ընկեր Մանասեան… Ես էնքան էլ վատ տղայ չեմ, ինչքան երեւում եմ: Շատ ջահել էի ու կարծում էի, թէ գողից գողանալը մեղք չէ: Յետոյ իմացայ, որ դա էլ է յանցանք: Որ օրէնքը մեծ գողերին պաշտպանում է փոքր գողերից:
– Չի կարելի, – ասաց Արգամ Մանասեանը:- Չի կարելի մի օրինակով այդպէս մտածել:
– Իսկ ես ի՞նչ անեմ, որ այդ մի օրինակը խորտակեց իմ կեանքը:
Արգամ Մանասեանը ուզեց ասել՝ յիմարութիւն է, քեզ ի՞նչ է պատահել, քո կեանքը նոր է սկսւում: Բայց ամաչեց:
– Նստիր, – ասաց նա: – Նստիր ու պատմիր տեսնենք ինչ է եղել:
Աշոտ Ալոյեանը սկսեց»:
***
Յաջորդ բաժնով պիտի տեղեկանանք Աշոտին կատարած գողութեան պատճառին ու հետեւանքին ցաւալի եւ ընդվզեցուցիչ պատմութեան: