ՑՈՒՑԱԴՐՈՒԵՑ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ԴՐՕ ԽԱՅԱԼԵԱՆԻ ԱՐՈՒԵՍՏԸ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Աբստրակտ նկարչութիւնն ինքն ազատութիւնն է՝ կարող եմ անել ինչ զգում եմ, այն ինչ կայ մտքումս», ստեղծագործելու իր փիլիսոփայութեամբ կիսւում է արուեստագէտ Դրօ Խայալեանը: «Աբստրակցիա» (Abstraction-Վերացում) խորագրով անհատական ցուցահանդէսի շրջանակներում ներկայացուած Խայալեանի նկարներն ու քանդակներն ազատութեան գաղափարի իւրատեսակ դրսեւորումներ էին, որ բազմախորհուրդ լիցքերով պարուրել էին Գլենդելի «Գլենմարկ» հիւրանոցի նախասրահը:
Արուեստի հանդէպ Դրօ Խայալեանի հետաքրքրութիւնն առաջացել է առաջին դասարանում, երբ նա հրապուրուել է գոյների միախառնումից առաջացած զգացողութիւններով: «Տասներկու տարեկան էի, երբ սկսեցի ստեղծել արուեստի փոքրիկ նմուշներ տարատեսակ մետաղներից: Հայրս մեքենաների վերանորոգման կենտրոն ունէր, ուր ամէն շաբաթ այցելում էի նրան օգնելու, եւ սկսեցի ուսումնասիրել այնտեղ առկայ մետաղները, համակցել դրանք ու ստանալ փոքրիկ պատկերներ», պատմում է Խայալեանը: Նրա պատանեկական հետաքրքրութիւնը ժամանակի ընթացքում նոր ձեւեր է ստանում՝ արտայայտելով Խայալեանի տարբեր հոգեվիճակները, մտածումներն ու ստեղծելով արուեստի իւրօրինակ աշխարհ՝ կազմուած մետաղէ քանդակներից ու աբստրակտ ոճի նկարներից:
Խայալեանը կտաւի վրայ օգտագործում է նաեւ կաւիճ, թանաք, ածուխ, իսկ քանդակները պատրաստւում եմ մեքենաների վերամշակուած մասերից, խոհանոցային պարագաներից, մետաղէ ջարդոններից: Արուեստագէտի ձեռքերում դրանք նոր շունչ են ստանում՝ վերածուելով մեծադիր արուեստի գործերի:
Ցուցահանդէսին ներկայացուած Խայալեանի հաւաքածուն, որ արուեստագէտի վերջին եօթ տարիների աշխատանքներն էին, բազմազան էր՝ կազմած կենդանիների, գիտական տեխնոլոգիական երեւոյթների, ֆուտուրիստական (ապագայապաշտ) քանդակներից ու նկարներից: «Ներկայացուած աշխատանքները մէկ հաւաքածուի մաս չեն, ստեղծուել են տարբեր ժամանակներում: Նկարների դէպքում փորձել եմ գոյներով ստանալ այդ պահի մտքերս, յոյզերս. սա է ստեղծագործելու իմ ձեւը», խոստովանում է Դրօ Խայալեանն ու հետեւեալ կերպ ձեւակերպում ուղերձը՝ «հաւատարիմ լինել ինքդ քեզ, ստեղծել ու ազատ լինել»:
Մայիսի 19ին, Դրօ Խայալեանի ցուցահանդէսին ներկայ արուեստասէրներն ու Խայալեանի ընկերները բարձր գնահատեցին նկարիչ-քանդակագործի իւրայատուկ ոճով ստեղծագործութիւնները: