
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Իւրաքանչիւր մարդ պէտք է յիշի իր արմատները, հաւատարիմ մնայ նրանց ու փոխանցի յաջորդ սերունդին, իր փիլիսոփայութեամբ կիսւում է արուեստագէտ Շանթ Կիրակոսեանը: Այս մասին իր մտորումները նա արտայայտել է մէկ տասնեակից աւելի նկարներում, որոնք «Արմատներ» խորագրով անհատական ցուցահանդէսի շրջանակներում կը ներկայացնի հանրութեանը Յունիսի 9-24ը Գլենդելի «Գլենմարկ» հիւրանոցի սրահում:
«Արմատը, լինելով բոյսի ստորգետնեայ հատուածը, բոյսը խարսխում է հողում եւ ապահովում ջրով ու սննդանիւթերով: Արմատները, միաժամանակ, ոգեշնչման աղբիւր են արուեստագէտների համար` ուսումնասիրելով արուեստի արմատները, մենք կարող ենք աւելին իմանալ մեր ստեղծագործական աշխատանքի ակունքների եւ շրջակայ միջավայրի վրայ նրա ազդեցութեան մասին: Փոխաբերական իմաստով արմատը նաեւ կարող է ներկայացնել, թէ ինչպէս է մարդը կապուած ինքն իր հետ` արմատի հետ կապի մէջ լինելու միջոցով իւր բնական աշխարհի եւ ներքին ռեսուրսների հետ վերամիաւորուելու առումով: Ինչպէս բոյսի արմատը, մենք աճում ենք եւ զարգանում, երբ ճանաչում ենք մեր արմատները եւ հասկանում, թէ ինչպէս են դրանք կապում մեզ շրջապատող աշխարհի հետ», նշում է Կիրակոսեանը:
Գլենդելում նախատեսուած ցուցադրութեանը կը ներկայացուեն արուեստագէտի շուրջ 16 աշխատանքներ, որոնք ժամանակակից դասական ոճում են: Դրանք ստեղծուել են մէկ տարուայ ընթացքում: Շանթ Կիրակոսեանը խոստովանում է, որ երկար է աշխատում մէկ կտաւի վրայ` կատարելութեանն այն մօտեցնելու նպատակով, եւ ժամանակի ընթացքում ներդնում է սէր ու դրական լիցքեր` նկարի ապագայ սեփականատիրոջը փոխանցելու նկատառումով նաեւ: Կիրակոսեանի ցանկութիւնն է, որ ներկայացուած աշխատանքները, բացի գեղագիտական զգացումներից, դիտողներին յիշեցնեն իրենց արմատների մասին:
Մասնագիտութեամբ ներքին յարդարման ձեւաւորող Շանթ Կիրակոսեանը խոստովանում է, որ արմատներն իրեն ոգեշնչել են ստեղծագործական կապ ստեղծել մարդու արմատների եւ ուրբան (քաղաքային) դիզայնի (ձեւաւորման), միջավայրի հետ, ինչը նոր միտում է դիզայնի, շինարարարութեան, արուեստի ոլորտներում:
Շանթ Կիրակոսեանն առաւել աշխուժօրէն սկսել է զբաղուել նաեւ նկարչութեամբ` կառոյցների ներքին յարդարումն իր տեսլականով ամբողջացնելու նպատակով: Կիրակոսեանը բազմամշակոյթ արուեստագէտ է, քանզի ներքին յարդարման (Interior Design) ոլորտում մասնագիտացել է Դամասկոսի, այնուհետեւ նաեւ Հռոմի Մեդիչի համալսարաններում: Հայկական ինքնութիւնն էլ` արմատներից է ու սերմանուել է մանկուց:
Իր ծննդավայր Սիրիայում Շանթ Կիրակոսեանը բաւական հանրածանօթ է: Մեր հայրենակցի հարիւրաւոր աշխատանքների թւում են` Սիրիայի նախագահական կալուածքների ձեւաւորումները, բազմաթիւ յայտնի հիւրանոցներ, ճաշասրահներ Սիրիայում, Դուբայում, եւ ԱՄՆ տեղափոխուելուց յետոյ` նաեւ Միացեալ Նահանգներում:


Ներկայում, Կիրակոսեանն իր «Շանթ Կիրակոսեան Ինթերիերզ» ընկերութեան միջոցով առաւել կենտրոնացած է բնակելի շէնքերի, բանկերի, հիւրանոցների, մեծ գրասենեակների ներքին յարդարումների, բնատեսարանների ձեւաւորման, կառոյցների ճարտարապետական արտաքին տեսքի (facade) ուղղութեամբ: Շանթ Կիրակոսեանը նշում է, որ փորձում է իր բոլոր աշխատանքներում արուեստ ներմուծել, եւ անձամբ է ստեղծում նկարներ, քանդակներ, ինչը բացառիկ է դարձնում տուեալ նախագիծը: Իր ստեղծագործական ճանապարհին նրան է միացել նաեւ կինը` ձեւաւորող Զարմինէ Պոյաճեանը, որ անհրաժեշտութեան դէպքում իր հպումով ամբողջացնում է ամուսնու բազմաթիւ աշխատանքներ:
Շանթ Կիրակոսեանը, իր փիլիսոփայութեանը հաւատարիմ, մշտական կապի մէջ է իր արմատների հետ, եւ անձամբ մասնակցում է հայկական արմատների սնուցման գործին: Բազմաթիւ հայկական կառոյցների համար նրա տեղծագործութիւնների շարքում է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որի գլխաւոր որմնանկարների հեղինակներից է Շանթ Կիրակոսեանը: Տարիներ շարունակ, կամաւոր հիմունքներով, Կիրակոսեանը նաեւ նկարչութիւն է դասաւանդել Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Գլենդելի մասնաճիւղում:
Արուեստագէտի ստեղծագործական վերջին զարգացումներին հայ համայնքը կարող է ծանօթանալ Յունիսի 9ից:
Տեղեկանք․-1985 թուականից ի վեր, Շանթ Կիրակոսեանը մասնակցել է աւելի քան 700 անհատական եւ խմբակային ցուցահանդէսների: Նրա կողմից արտադրուած նկարների ու տարբեր արուեստի գործերի թիւն անցնում է 8000ից: Գործունէութեան ընթացքում Շանթ Կիրակոսեանն արժանացել է բազմաթիւ մրցանակների ու պատուոգրերի: Դամասկոսի համալսարանում ներքին յարդարման պրոֆեսոր է:

