ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

«Վերջին օրերս բազմաթիւ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, թէ Ջեմալ փաշան՝ Սիրիայի դահիճը, մահուան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի եւ մեղադրանքի պատկերները ես թաքցրել եմ գօտուս տակ: Մեսքենէի եւ Հալէպի ճամբարներում հաւաքեցի բազմաթիւ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մէջ, որպէսզի հասցնեմ Կոստունդնապոլսի ամերիկեան դեսպանատուն, քանի որ փոստով անհնար էր դրանք ուղարկել: Ես վայրկեան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դաւաճանական քայլ եմ կատարում, բայց եւ այնպէս այդ թշուառներին գէթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցումը համակում է ինձ աւելի մեծ երջանկութեան զգացումով, քան որեւէ այլ բան…»:
Օսմանեան Թուրքիայի դաշնակից եւ Հայոց Ցեղասպանութեանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով սեփական բնօրրանում հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, անհնարին ջանքեր գործադրեցին հայութեան սպանդը կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեգները, ով Առաջին աշխարհամարտի տարիներին որպէս գերմանական առողջապահական ծառայութեան սպայ ծառայում էր Միջագետքում: Ծառայութեան ընթացքում, անտեսելով թուրքական իշխանութիւնների սպառնալիքներն ու յարուցած արգելքները, պայուսակում բժշկական միջոցների տակ թաքցրած լուսանկարչական գործիքով կարողանում է ժապաւէնի վրայ վերցնել պատկերներ‘ հայերի կոտորածների, հիւծուած ու մեռնող գաղթականների, մահուան ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրաւիրել Գերմանիայի հանրութեան ուշադրութիւնը անսանձօրէն կատարուող բարբարոսութիւնների վրայ, ազնուարիւն բուժակ-սպան այդ լուսանկարների մի մասն ուղարկում է գերմանական մամուլին, հանրային գործիչներին, սակայն գերմանական իշխանութիւնները խոչընդոտում են դրանց հրապարակմանը: Աւելին, 1918ին արիասիրտ գերմանորդին ձերբակալւում է: Վճիռը՝ վերադարձնել իր երկիր, իսկ նրա ձեռամբ արուած աւելի քան 2000 լուսանկարների մեծ մասը բռնագրաւուում եւ ոչնչացւում է: Այդուհանդերձ, բուժակին յաջողւում է որոշ լուսանկարների ապակէ բնօրինակներ, գօտու մէջ թաքցրած, դուրս բերել հայակեր բորենիների կայսրութիւնից:
Պատերազմի աւարտից յետոյ՝ 1919ին, Վեգները դասախօսութիւններով հանդէս է գալիս Գերմանիայի քաղաքներում, պատմում անապատներ քշուած եւ կոտորածների ենթարկուած տասնեակ հազարաւոր հայերի ոչնչացման ու տառապանքների մասին: Նոյն թուականին հրապարակում է բաց նամակ Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնին («Կտակ Անապատում»), որը թարգմանուել է ֆրանսերէնի, անգլերէնի, իտալերէնի, իսպաներէնի: Նամակում խստագոյնս դատապարտում է երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով Ցեղասպանութիւնը վերապրած հայերին բարոյական եւ նիւթական օգնութիւն ցուցաբերելու, բռնի իսլամացած հազարաւոր հայերի քրիստոնէութեանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու եւ կորցրած ունեցուածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրաւունքի հարցերը: Նամակում Վեգները փաստերով հաստատում է թուրք կառավարողների ծրագրած Հայոց Ցեղասպանութիւնը եւ խարազանում արեւմտեան պետութիւններին՝ որպէս մեղսակիցների: «1915 թուականի գարնանը,- գրել է նա,- երբ թուրքական կառավարութիւնը ձեռնամուխ եղաւ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրէշաւոր ծրագրի իրականացմանը, չկար մէկը, որ խանգարեր խելագարուած յանցագործների գործողութիւնները…»:

Վեգները գրի էր առել մահուան ճամբարներում իր տեսածն ու ապրածը: Յետագայում այդ ամէնը՝ լուսանկարների զուգորդմամբ, հրատարակւում է նրա «Անվերադարձ Ճանապարհ» գրքում:
1921ին, Բերլին: Եղեռնատես քաջորդին, որպէս վկայ, ներկայ է լինում հայ պաշտամունքներից մէկի՝ Թալէաթ կոչուած բորենուն շանսատակ արած Սողոմոն Թեհլերեանի դատավարութեանը, հաւաքում սղագրուած նիւթերը, գրում առաջաբան («Արդար Վճիռ») եւ հրատարակում առանձին գրքով՝ «Թալէաթ Փաշայի Դատավարութիւնը» (1921): Մէկ տարի անց լոյս է տեսնում Վեգների «Ճիչ Արարատից» գրքոյկը, որում ներկայացնելով Զմիւռնիայի կոտորածները, վերստին դատափետում է Թուրքիայի կառավարող շրջանների հայատեաց քաղաքականութիւնը, արեւմտեան երկրների յանցաւոր անտարբերութիւնը:
1933ին, Գերմանիայում ֆաշիստների իշխանութեան գլուխ գալուց յետոյ, Հիտլերին ուղղուած բաց նամակում Հայոց Եղեռնի սարսափների ականատես Վեգները դատապարտում է հրէական կոտորածները: Հետեւանքը՝ դատապարտւում է եւ ընկնում համակենտրոնացման ճամբար: 1934ին կարողանում է փախչել Գերմանիայից եւ տեւական զրկանքներից ու չարչարանքներից յետոյ հաստատւում Հռոմում՝ Պերսի Էքշտայն անուան տակ:

Հայերիս մեծ բարեկամը մէկն է 250 այն գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելուել եւ այրուել են ֆաշիստական Գերմանիայում: Իսկ նա գրել է բանաստեղծութիւններ, պատմուածքներ, յօդուածներ, վիպակներ, ճանապարհորդական նօթեր, որոնց բնորոշ են մարդասիրութիւնը, եղբայրութեան գաղափարը, որեւէ ազգի հալածանքի մերժումը: Բանաստեղծութիւնների առաջին գրքոյկը հրատարակուել է դեռեւս դպրոցական տարիներին: 1910ին լոյս է տեսել նրա «Արձակ Բանաստեղծութիւններ» ժողովածուն: Յիշատակենք բանաստեղծ Արմին Վեգների միւս ժողովածուները՝ «Երկու Քաղաքների Միջեւ», «Լսիր Իմ Խօսքը, Աննա Մարիա», «Քաղաքների Դիմապատկերը», «Հազար Նպատակներով Փողոցը»՝ չափածոյ գրքեր, որոնցով գերմանական գրականութիւն է բերել մեծ քաղաքի թեման: Այդ թեման շօշափուած է նաեւ գրողի լաւագոյն վէպերում՝ «Խոստովանութիւն», «Մոնի Կամ Աշխարհը Ներքեւից»: Նրան հետաքրքրել է նաեւ արեւելեան թեման, որն ինքն առաջինն է ներկայացրել առանց վարդագոյն երանգաւորումների՝ «Երանութեան Տանը», «Պատանի Հուսէյնը», այլ պատմուածքներ: Վեգների ստեղծագործական ժառանգութեան մէջ զգալի տեղ են գրաւում ճանապարհորդական նօթերը՝ «Աշխարհների Խաչմերուկում», «Պատուի Առնել», «Մեքենաները Տափաստանում», «Որս Հազարամեայ Երկրում»:
1927ին, խորհրդային կառավարութեան հրաւէրով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկուա, մասնակցել ռուսական յեղափոխութեան 10րդ տարեդարձի հանդիսաւոր արարողութիւններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին՝ Կարապետ Մելիք-Օհանջանեանին, Յակոբ Զօրեանին, որոնց հետ ծանօթացել-մտերմացել էր 1918-1920ին, Բերլինում: Երեւանի համալսարանում դասախօսութիւններ է կարդացել գերմանական նորագոյն բանաստեղծութեան եւ հին Յունաստանի թատրոնի ու թատերգութեան մասին, նիւթեր հաւաքել հայերի մասին եղերգութիւն գրելու նպատակով: Նախաձեռնութիւնը, սակայն, մնացել է անաւարտ՝ տպագրուել է մի հատուած միայն՝ «Պատանի Ադամը» վերնագրով: Վեգների երկրորդ այցը Հայաստան 1968ին էր. այցելել է Եղեռնի յուշահամալիր, հիւրընկալուել ընկերների օջախներում, սքանչացել վերյառնած հայութեան նուաճումներով:
Հարազատ դարձած հայութիւնն ու Հայաստանը հետաքրքրել են նրան մինչեւ իր ապրած օրերի վերջը: Հանդէս է եկել մեզ ու մեր երկրին վերաբերող յօդուածներով, յուշերով: 1972ին, 86ամեայ ասպետ-ծերունին Միացեալ Նահանգների տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Հայաստանի մասին:
Երկրորդ այցին Հայաստան ու Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, մեզ համար խնկելի անուն դարձած մեծ գերմանացին գրելու էր. «Ծնկի եկայ անգերեզման հայերի յաւիտենական կոթողի առջեւ ու խոնարհուեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: Աչքերիս առջեւով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…:
1978ին, Հռոմում, 92 տարեկան հասակում վախճանուած Արմին Վեգների գերեզմանից 1996ին բերուած մի ափ հողն ամփոփուած է Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի Յուշապատի մէջ: Այցելելիս՝ չմոռանանք խոնարհուել հայոց ճակատագրով ապրած գրողին, ասպետ սպայ-բուժակին, խիզախ լուսանկարչին, ով մարդկութեանն ի ցոյց արեց հայոց մեծ ոճրագործութիւնը…
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»