ԷԼԵՈՆՈՐԱ ՆԵՐՍԻՍԵԱՆ

Պատահում է այնպէս, որ հեղինակն ու ստեղծագործութիւնն ապրում են իրարից անկախ, այսինքն՝ հասարակութիւնը ճանաչում է հեղինակին, բայց տեղեակ չէ նրա ստեղծագործութիւններից կամ ճանաչում է ստեղծագործութիւնը, բայց չգիտէ՝ ով է հեղինակը, յաճախ հասարակութեանը չի էլ զբաղեցնում հեղինակին ու ստեղծագործութեանը միմեանց հետ կապելու միտքը. սա արդէն կրթուածութեան խնդիր է…
Այդպէս պատահեց եւ Արա Սարգսեան քանդակագործի հետ. նա Եւրոպայից եկել էր Հայաստան՝ այստեղ ապրելու եւ աշխատելու վճռականութեամբ. անհրաժեշտ էր փակել կենսագրական մի էջ, որը խրախուսելի չէր խորհրդային կարգերի համար, իսկ Հայաստանում շատ գործ կար անելու այնպիսի հայրենասէրի ու տաղանդաւոր անձնաւորութեան համար, ինչպիսին Արա Սարգսեանն էր: Ծնուած լինելով (1902ի Ապրիլի 7) Օսմանեան կայսրութիւնում՝ նրա զգայուն հոգին տակնուվրայ էր եղել Առաջին համաշխարհայինի ու Հայոց Եղեռնի սահմռկեցուցիչ պատկերներից, որոնք այդ շրջանի ստեղծագործութիւնների հիմնական թեման էին, սակայն միայն ստեղծագործելով անհնար էր ներաշխարհից հանել մարդկայինը խաթարող բացասականը. պայքարի ոգին հանգիստ չէր տալիս սկսնակ արուեստագէտին, պէտք էր գործել, ինչ-որ շօշափելի բան անել…
Թէեւ Մուդրոսի զինադադարից յետոյ՝ 1919ին, Թուրքիայի զինուորական դատարանը՝ արտաքին ճնշումների ներքոյ, հեռակայ կարգով մահուան դատապարտեց Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներին, իսկ Մեծ Բրիտանիան էլ՝ իր հերթին, կալանք սահմանեց Մալթա աքսորուած մի քանի յանցագործների նկատմամբ, նրանք, այնուամենայնիւ, կարողացան խուսափել սահմանուած պատիժներից եւ այլ անուններով թաքստոցներ գտնել Եւրոպայի զանազան վայրերում, յատկապէս՝ Գերմանիայում:
Սա էր պատճառը, որ հէնց նոյն՝ 1919ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նիստ գումարեց Երեւանում եւ որոշում ընդունեց ի կատար ածել երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը. ինչպէս գիտենք, գործողութիւնն իրականացնելու ծրագիրը կոչուեց յունական վրէժխնդրութեան աստուածուհու անունով՝ «Նեմեսիս»:
Ծրագիրը բարդ էր, գաղտնի եւ նուրբ գործողութիւններ էր պահանջում:
Պէտք էր յայտնաբերել այլ անունների տակ ծպտուած յանցագործներին, պարզել նրանց ուղեւորութեան քարտէսը եւ մահապատիժն ի կատար ածել առանց կողմնակի ու անմեղ զոհերի, հասցնել ժամանակին թաքնուել:
Ծրագրին զինուորագրուեցին ոչ միայն զուտ կուսակցական գործիչներ, այլեւ տարատեսակ մասնագիտութիւնների հայորդիներ, ովքեր վրէժխնդրութիւնը ազգային պարտք էին համարում:
Արնախում հրէշը չպէտք է գլուխը հանգիստ դնէր բարձին. միլիոնաւոր էին անմեղ զոհերը, սակայն կային քչեր, որ պիտի արեան վրէժ հանէին ոճրագործներից եւ աշխարհին ցոյց տային նրա անտարբեր, գազանային բնոյթը:
«Նեմեսիս» ծրագրի իրագործման գործօն մասնակիցներից էր եւ Արա Սարգսեանը. լեզուների՝ յատկապէս թուրքերէնի լաւ իմացութիւնը նրան օգնում էր տեղեկութիւններ հաւաքել անմիջապէս թուրքերից, ովքեր իրենց մասնաւոր խօսակցութիւններով գլխի էլ չէին ընկնում, թէ ինչպէս են մատնում իրենք իրենց: Այսպէս էլ Գրիգոր Մերճանովն, Արայի օգնութեամբ եւ նրա հետ միասին, սրճարանային մի խօսակցութիւնից պարզում է Թուրքիայի նախկին վարչապետ, հայերի աքսորի ու ոչնչացման որոշումը ստորագրած Սայիդ Հալիմի գտնուելու վայրը, իսկ Արշաւիր Շիրակեանն էլ 1921ին իրագործում է ոճրագործի պատիժը: Բացի լեզուների իմացութիւնից, յանցագործներին ճանաչելու հարցում Արային օգնում են եւ արուեստագէտի աչքն ու յիշողութիւնը:
Նա որոշում է ուսումը շարունակել Վիեննայում, որտեղից աւելի հեշտ ու մօտ էր Բեռլին գնալ-գալը: Այդպէս էլ՝ 1922ին Արա Սարգսեանը Գերմանիայում մասնակցում է Ջեմալին ու Բեհաէդդին Շաքիրին ոչնչացնելու գործողութեանը:
Ու թէեւ «Նեմեսիս»ի գործողութեան մասնակիցները Սփիւռքում հպարտութեամբ էին ներկայացնում իրենց կեանքի այդ էջը՝ բացայայտ պատմելով ու յուշեր գրելով, Արա Սարգսեանը, սակայն, նախընտրելով գալ Հայաստան, շատ լաւ գիտակցում էր, որ այդ էջը պէտք է փակ լինի բոլորի համար, այլապէս չի կարողանայ ոչ միայն անխռով ապրել, այլեւ իրագործել այն ծրագրերը, որ կապուած էին հայրենիքի հետ: Նրա մասին յիշատակելիս էլ գաղափարակիցները զուտ անուանատառերն էին նշում՝ Ա. Ս., ընկերոջը հարուածի տակ չդնելու համար:
Զուր չէ, որ Արա Սարգսեանը 1924ին Վիեննայում ընդունեց խորհրդային քաղաքացիութիւն եւ 1925ի Ապրիլի 26ին ժամանեց Երեւան: Այստեղ նա դրեց հայկական արհեստավարժ քանդակագործութեան հիմքը. 1925-30ին Երեւանի գեղարուեստական «տեխնիկում»ում բացեց քանդակագործութեան բաժին ու սկսեց դասաւանդել, իսկ 1932ին Գաբրիէլ Գիւրջեանի, Միքայէլ Արուտչեանի հետ միասին հիմնադրեց Հայաստանի նկարիչների միութիւնը եւ միաձայն ընտրուեց նրա առաջին քարտուղար՝ գլխաւորելով այն մինչեւ 1937 թուականը:
Սակայն արուեստագէտի մասնագիտական հետաքրքրութիւնների ու նպատակների շրջանակը լայն էր եւ նա չսահմանափակուեց ստեղծագործելով. 1945ին, նրա գլխաւորութեամբ հիմնադրուեց Երեւանի գեղարուեստական հիմնարկը: Արա Սարգսեանը դարձաւ հիմնարկի առաջին տնօրէնը եւ այդ պաշտօնն զբաղեցրեց մինչեւ 1959, իսկ քանդակի ամբիոնն ու արուեստանոցը ղեկավարեց մինչեւ կեանքի վերջը. 1947ից նա ունէր պրոֆեսորի կոչում:
Բացի մանկավարժական, վարչական, ազգային-հասարակական աշխատանքներից, Արա Սարգսեանը լրջօրէն զբաղուած էր ստեղծագործութեամբ՝ իր տաղանդը դրսեւորելով քանդակագործութեան բոլոր ժանրերում. օգտագործում էր մարմար, փայտ, շամոտ (chamotte), բրոնզ, բազալտ: Նրա աշխատանքների վրայ չէր գրւում քանդակագործի անունը. անգամ մեզ շատ յայտնի ու սիրելի Երեւանի Օպերայի ու բալետի թատրոնի առջեւ տեղադրուած ու թատրոնի շէնքին այնպէս ներդաշնակ Յովհաննէս Թումանեանի ու Ալեքսանդր Սպենդիարեանի արձանների հեղինակը շատերի համար մնում էր անյայտ: Նրա կոթողներից յիշատակելի է ԵՊՀ առջեւ դրուած՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի խմբաքանդակը. հայոց երկու մեծ այրերին միաւորում է գիտութեան լոյսը՝ բաց գիրքը, որ բռնել են երկուսով: Ուշադրութիւն է գրաւում Գիւմրիի «Մայր Հայաստան» յուշարձանը, որ պատկերանում է սէրն ու հոգատարութիւնը խորհրդանշող՝ կուրծքը բաց կնոջ տեսքով, ում մի ձեռքին արմաւենու ճիւղն է, որպէս սուրբ ծննդի ու կեանքի խորհրդանիշ, միւսին՝ Զուարթնոցից խոյաքանդակ՝ որպէս մտքի ու ազգային ստեղծագործութեան խորհրդանիշ:
Արա Սարգսեանի ձեռքի տակ մեր երկրի քարերը մարմնաւորեցին մեր մեծերին ու կենդանացան նրանցով՝ մեր յիշողութեան մէջ յաւերժացնելով նրանց կերպարը:
Ցաւօք, արդէն Խորհրդային Հայաստանում ԽՄԿԿ անդամ դարձած Արա Սարգսեանին չյաջողուեց մինչեւ վերջ գաղտնի պահել նախկինում Դաշնակցութեանը յարելը եւ «Նեմեսիս» ծրագրի իրագործմանը մասնակցելը. պատճառը դարձաւ 1959ի Բրիւսել այցելութիւնը եւ դաշնակ եղբօր հետ պատահական հանդիպումը:
Այնուհետեւ նա անվտանգութեան կոմիտէի ուշադրութեան կենտրոնում էր: Նրա ճակատագիրը կտրուկ փոխուեց, նա դարձաւ կասկածելի ու անցանկալի անձնաւորութիւն…
Ոտքի կոտրուածքի պատճառով հիւանդանոցում յայտնուած քանդակագործը ոչ միայն յուշեր է գրում այնտեղ, այլեւ կտակ, որում պահանջում է իր մահուանից յետոյ անպայման դիահերձում կատարել, ու թէեւ ոտքի կոտրուածքն ապաքինւում է, եւ նա դուրս է գրւում հիւանդանոցից, սակայն նոյն օրն իսկ բարձր ջերմութիւն է ունենում եւ վախճանում երկու օր անց՝ 1969ի Յունիսի 13ին:
«ԱԿՈՒՆՔ»