Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Արտաշէս Քալանթարեանի «Քննութիւն» «թերթօն»ի առաջին բաժնով տեղեկացած էիք թէ ինչպէս ծխախոտի գործարանի տէր Արգամ Մանասեան անսպասելի ձեւով արձակուած էր գործէն եւ չէր գիտեր ո՛ւր երթալ:
Ահա շարունակութիւնը:
***
«Գնում եմ մօրս մօտ, վճռեց Արգամ Մանասեանը: Գնում եմ հենց հիմա, առանց վայրկեան իսկ կորցնելու: Նա բարձրացրեց ձեռքը եւ մի «Մոսկվիչ» ճռնչալով արգելակուեց նրա կողքին: Վարորդը միջահասակ, ճերմակած մազերով մարդ էր:
– Ինձ Ուջան կը տանէ՞ք – հարցրեց Արգամը:
– Ուջա՞ն,- հետաքրքրուեց վարորդը: Աշտարակի՞ Ուջան:
– Աշտարակի:
– Մենակ տանելո՞ւ եմ, թէ՞ տանելու եմ՝ բերեմ:
– Միայն տանելու էք, – ասաց Արգամ Մանասեանը:
– Տասնհինգ ռուբլի կը տա՞ք:
– Պայմանաւորուեցինք,- անմիջապէս համաձայնուեց Արգամը ու որպէսզի յանկարծ չտատանուի՝ տեղաւորուեց վարորդի կողքին: -Գնացինք, բարեկամ, գնացինք:
Աւտոմեքենան պոկուեց տեղից ու աղմկելով սլացաւ Սայաթ-Նովայի փողոցով: Հին, մաշուած, իր դարն ապրած աւտօ էր: Վարորդը, իբր հայելին է ուղղում, թեքուեց ու նայեց իր ուղեւորին: Չբաւարարուեց, շրջեց դէմքն ու աւելի ուշադիր նայեց, յետոյ հազաց ու հարցրեց.
– Մի բան հարցնեմ, չնեղանաք, ընկեր ջան. դուք հեռուստացոյցով չէ՞ք խօսում:
– Ոչ, – ասաց Մանասեանը: – Ինչի՞ց ենթադրեցիք:
– Ռատիոյի շէնքի մօտից էիք գալիս:
– Ոչ, – կրկնեց Մանասեանը,- ես հեռուստատեսութեան հետ կապ չունեմ:
Վարորդը շունչ քաշեց թեթեւցած:
-Խառը ժամանակներ են, ասաց,- մարդ չգիտի ինչ անի: Մէկը կանգնեցնում է՝ թէ խնդրում եմ, տար էսինչ տեղը, շատ եմ շտապում, կինս հիւանդ է, երեխաս ուշանում է դպրոցից եւ այլն, եւ այլն: Ինչեւիցէ: Իսկ իջնելու ժամանակ վկայական է ցոյց տալիս, թէ դու անաշխատ եկամուտով ես ապրում եւ ուրեմն քո մեքենան պիտի պետականացնենք: Էդպէս ո՞նց կը լինի: Դրա համար էլ, կը ներէք, ես ռատիոյի շէնքի մօտից մարդ չեմ վերցնում: Ի՞նչ գիտես՝ ինչ մարդ է: Բայց դուք էնքան ազնիւ ու լուրջ տեսք ունէք, որ… ինչեւիցէ:
Արգամ Մանասեանն ակամայ ժպտաց: Շա՜տ լուրջ տեսք ունի: Լուրջ կը լինի տեսքդ, եթէ քեզ էլ հինգ րոպէում իջեցնեն ղեկից:
– Յետոյ, ախր ճիշդը որ խօսենք, սա ի՞նչ անաշխատ եկամուտ է, -շարունակեց վարորդը: – Էս երկու-երեք թիթեղին մի մեշոկ («միշոկ» ռուսերէնով՝ տոպրակ) փող եմ տուել: Պենզինն էլ թանկ ու կրակ: Ինչեւիցէ: Իմ աւտոն մաշելով, իմ պենզինը ծախսելով, իմ հանգստի ժամանակի հաշուին օգնում եմ մարդկանց, որոնց դու, յարգելի պետութիւն, տաքսիով ապահովել չես կարողանում: Դրանից յետոյ ես դարձայ անաշխատ եկամուտով ապրո՞ղ: Անաշխատը ո՞րն է: Չեմ աշխատո՞ւմ:
Յայտնի չէ, Արգամ Մանասեանը ուրիշ ժամանակ կամ նոյնիսկ առաւօտեան կը կարողանա՞ր լսել ու հասկանալ նման խօսքեր, բայց հիմա հասկացաւ: Ինքն էլ իր հերթին կողքանց նայեց կնճռապատ դէմքով, մտահոգ մարդուն, կարեկցանքով լցուեց նրա նկատմամբ ու մխիթարեց.
– Դա լուրջ հարց է, – ասաց, – պետութիւնն էլ է մտածում այդ մասին: Մի երկու քաղաքում արդէն փորձեր են անում, որպէսզի Շաբաթ ու Կիրակի օրերին, ովքեր ցանկութիւն ու հնարաւորութիւն ունեն, իրենց մեքենաներն աշխատեցնեն իբրեւ տաքսի, ի հարկէ, հարկ վճարելով պետութեանը:
– Ճի՞շդ, – ղեկը բաց թողեց վարորդը:
– Լրագրում եմ կարդացել, – ասաց Արգամ Մանասեանը:
Բայց վարորդը նրան նայեց այնպիսի մի երախտագիտութեամբ, ասես Արգամ Մանասեանն էր նման որոշում կայացրել:
– Ես ձեր ցաւը տանեմ, – ասաց կերկերուն ձայնով: – Ուրեմն մեր մասին էլ մտածող կա՞յ:
– Ուրեմն՝ կայ, – պատասխանեց Արգամը:
(…)
– Գրասենեա՞կ տանեմ, – հարցրեց վարորդը:
– Չէ, ասաց Արգամ Մանասեանը, – այստեղ կ՛իջնեմ: Շատ շնորհակալութիւն:
Նա գրպանից տասնհինգ ռուբլի հանեց ու մեկնեց վարորդին:
– Կը հաւատա՞ք, – մի տեսակ ամաչելով ասաց վարորդը, -ինչեւիցէ, չեմ ուզում ձեզանից փող վերցնել:
– Եղա՞ւ, – մեքենայից իջաւ գործարանի տնօրէնը»:
***
Նախքան մօրը հետ հանդիպման տեսարանին անցնիլը կ՛արժէ ներկայացնել Նորայրը, որ վէպին առանցքային տիպարներէն է: Նորայրը Արգամ Մինասեանին մտերիմ ընկերը եղած է մինչեւ այս վերջինին գործարանի տնօրէնի պաշտօնին ստանձնումը:
«Մի ժամանակ միշտ կողքիդ էի, իսկ յետոյ ինչքան ուզում էի նստել, կողքերդ զբաղուած էին լինում», պիտի ըսէ Նորայրը տեղ մը:
Իրենց ընկերութիւնը սկսած էր Արգամի ուսանողական տարիներուն, երբ Արգամ շահած էր հեծանիւի քսան քիլոմեթրի մրցում մը եւ դիմում կատարած էր մասնակցելու վեց քաղաքներու աւանդական մրցոյթին: Հաւաքականին գլխաւոր մարզիչը Նիկողայոս Յովհաննիսեանն էր. տասնչորս թեկնածուներ ընդունուած էին արդէն եւ կը մնար միայն մէկ տեղ: Այդ տեղին համար կային երկու թեկնածուներ, որոնցմէ մէկը Արգամն էր, իսկ միւսը Աբրահամ կոչուող հեծանուորդ մը: Ի միջի այլոց ըսեմ, որ Արտաշէս Քալանթարեան իր կեանքի ընթացքին շա՛տ լաւ հեծանուորդ եղած է եւ իր բոլոր վէպերուն («Մարաթոն», «Իսկ Դուք Որտեղ էիք», եւ այլն.) գլխաւոր հերոսը մի՛շտ ալ սիրահար եղած է հեծանիւի եւ մասնակցած է մրցոյթներու: Քալանթարեանի գործերը ուսումնասիրողը հաւանաբար խորունկ իմաստ մը գտնէ հեծանուորդի տիպարին, մրցոյթին յաղթելու նպատակին եւ Հայաստանի քաղաքական, տնտեսական, բարոյական անկումին դէմ պայքարող հաւատաւորին միջեւ:
Ուրեմն, մրցումին օրը կու գայ եւ այնպէս մը կը պատահի, որ Արգամը եւ Նորայրը վերջին մրցողները կ՛ըլլան: Նորայրը՝ բացառիկ հեծանուորդ, դիւրութեամբ կրնար յաղթել Արգամին եւ այս վերջինը շա՛տ լաւ կը զգայ ատիկա. «Երկար ժամանակ նրանք հաւասար էին ընթանում, կողք-կողքի, բայց երբ եզրագծին էին մօտենում, հեծանուահրապարակին անսովոր Արգամը զգաց, որ ծնկները թուլանում են: Եւ հենց այդ ժամանակ էլ լսեց կողքից.
– Աշխատի՛ր, աշխատի՛ր, արագ…»:
Նորայրը եթէ ուզած ըլլար, անցած կ՛ըլլար Արգամին, բայց չ՛անցնիր եւ երկուքը միասին, միաժամանակ կը հասնին եզրագիծին. մարզիչը կը հասկնայ, որ Նորայրը Արգամը «ընտրած» է որպէս հաւաքականի մասնակից եւ Աբրահամին յաղթելէ ետք, դիտմամբ չէ յաղթած նորեկին:
Նորայրն ու Արգամը կը դառնան մտերիմ: Այդ օրերուն Արգամը աղքատ ուսանող էր եւ ո՛չ ոք ունէր Երեւանի մէջ: Ուսանողի իր սենեակին մէջ կ՛ապրէր հինգ այլ անօթի ուսանողներու հետ: Նորայր շուտով կ՛անդրադառնայ ընկերոջը վիճակին եւ զայն յաճախ իրենց տունը կը տանի:
«Այդ տարիներին երեւանցիները ոչ սուրճ էին օգտագործում, ոչ էլ ձիթապտուղ: Արգամն առաջին անգամ Նորայրենց տանը նողկանքով կերաւ սեւ, փայլուն ձիթապտուղը եւ առաջին անգամ սուրճ խմեց՝ բառացիօրէն այրելով շրթունքները: Բաժակն այնքան փոքր էր, որ հազիւ էր տեղաւորւում մատների մէջ եւ Արգամի մտքով չէր էլ անցնում, թէ փոքրիկ բաժակի մէջ լցուած սեւ ջուրն այդքան տաք կը լինի: Դրա համար էլ կուլ տուեց միանգամից:
Նորայրը փռթկաց ու ծիծաղեց, տեսնելով ընկերոջ տառապանքը: Իսկ Արգամը նեղացաւ.
– Չե՞ս ամաչում, արա, – ասաց վառուած շրթունքներով, -ասէիր, որ տաք է էլի:
Եւ Նորայրը նորից ծիծաղեց.
– Սովորութիւն ունեցիր, որ մի բան նոր ես տեսնում, միանգամից վրայ մի՛ տուր: Փորձի՛ր, նոր խմի… »:
***
Սիրելի՛ ընթերցող,
Նորայրի նման ընկերները գրեթէ անգտանելի դարձած են այս օրերուս: Արգամի ընկեր Նորայրը ազնուութեան խորհրդանիշն է: Ան շուքին մէջ երկա՜ր պիտի սպասէ հին ընկերոջ «վերադարձ»ին եւ շարունակէ օգնել անոր մօր եւ ընտանիքին, երբ ծխախոտի գործարանի տնօրէնը անգիտակ է կատարած բարիքներուն, «շա՜տ կարեւոր» գործերով զբաղած ըլլալուն: