
Հասան պէյը զարգացած եւ լուսամիտ մարդու տպաւորութիւն էր թողնում: Լաւատեղեակ էր միջազգային դէպքերին եւ Թուրքիայի ներքին կացութեան: Ծանօթ էր նաեւ Կարնի վերջին իրադարձութիւններին եւ մեր «Իթթիհատ»ի փոխյարաբերութիւններին: Ինքը իթթիհատական չէր, բայց իր ասելով, հայրենասէր թուրք էր: Կարնում, մեր տեսակցութիւնների միջոցին, նա ջերմօրէն եւ անկեղծ երեւոյթով պաշտպանում էր թուրք-հայկական բարեկամութիւնը:
Յիշողութեանս մէջ մնացել էր նրա մէկ խօսքը. «Թուրքերը եւ հայերը կա՛մ պիտի ապրեն միասին, կա՛մ միասին պիտի մեռնեն»: Այժմ յիշեցրի նրան այդ խօսքը:
– Այո՛, պատասխանեց նա վճռական շեշտով, ես այսօր էլ նոյն համոզման եմ: Դուք՝ հայերդ մեծ ոյժ էք, բայց սխալ քաղաքականութեան էք հետեւում: Դուք կարծում էք, որ եւրոպացիները կամ ռուսն են ձեր բարեկամը: Ձեր իսկական բարեկամը մենք ենք՝ թուրքերս – ոչ այն «տէօնմէ»ները (ծածուկ հրեայ), որ այսօր կառավարութեան գլուխն են, – դրանք թուրքերի էլ թշնամի են, – այլ բուն թուրք ժողովուրդը: Անիծուեն նրանք, որ մեզ ուզում են բաժանել միմիանցից: Ռուսը ձեր ձեռքով ձգտում է մեզ կործանել: Տեսէք թէ ինչ է կատարւում այժմ Կովկասում:
Ես լուր չունէի, թէ ինչ էր կատարւում Կովկասում, եւ Հասան պէյից իմացայ, որ այնտեղ հայ կամաւորական խումբեր էին կազմւում Թուրքիոյ դէմ, որ Անդրանիկը եկել էր Թիֆլիս կամաւորների գլուխը անցնելու համար եւ որ այդ բանը վատ հետեւանքներ կարող էր ունենալ:
– Ուրեմն, դուք կարծում էք, որ պատերա՞զմ տեղի պիտի ունենայ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, հարցրի ես:
– Եթէ դէպքերը այս ընթացքով շարունակուեն, պատասխանեց նա, ի հարկէ, տեղի կ՛ունենայ: Մերոնք յիմարացել են. կրակի հետ են խաղում: Ռուսների ուզածն էլ այդ է:
– Այդ դժբախտութիւն կը լինի թուրքերի եւ հայերի համար:
– Այո՛, դժբախտութիւն: Ես գիտեմ, որ դուք Կարնում խորհուրդ էք տուել մերոնց պատերազմից հեռու կենալ, բայց ո՞վ է լսողը: Պոլսի մեր տաք գլուխները կարծում են, թէ ժամը հասել է ռուսների հետ հաշիւ տեսնելու: Այո՛, դժբախտութիւն է, ձեզ համար էլ, մեզ համար էլ: Պատերազմը դժբախտութիւն է ամբողջ մարդկութեան համար:
Այո, Հասան պէյը համոզուած էր, որ Օսմանեան կայսրութեան շահը պահանջում էր չէզոք մնալ սկսուած պատերազմում:
– Այս պատերազմում ով էլ յաղթէ, այնքան պիտի տկարանայ, որ այլեւս վտանգաւոր չի լինի մեզ համար: Չէզոք Թուրքիան կը մնայ զօրաւոր եւ պատերազմից աւելի կ՛օգտուի, քան եթէ մասնակցի պատերազմի:
– Մենք էլ ենք այդպէս կարծում:
– Այո՛,այո՛, ես գիտեմ, բայց…, շարժեց նա ձեռքը՝ առանց խօսքը վերջացնելու:
Զարմանալի էր թուրք սպայի բերանից լսել նման մտքեր:
Խօսքի ընթացքին նա յայտնեց, որ իր նախահայրը աբխազ է եղել: Թերեւս այդ էր պատճառը, որ նա ուրիշ թուրք սպաների պէս չէր մտածում:
Ճաշը վերջանալու վրայ էր: Պրն. Ապուլեանը, որ լուռ հետեւում էր մեր խօսակցութեան, սկսեց անհանգստութեան նշաններ ցոյց տալ: Խորովածը, անշուշտ, համեղ էր, թուրք սպայի յայտնած մտքերն էլ հաճելի էին, բայց սա մեր հարցը ինչ պիտի լինէր: Պիտի սպասէի՞նք մինչեւ երեկոյ, թէ՞…
Երբ ճաշը կերել-վերջացրել էինք, Հասան պէյը դարձաւ ինձ:
– Հիմա՛ ասացէք, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ:
Պարզ չէ՞ր միթէ, թէ ինչով: Խնդրեցի, որ մեզ անմիջապէս սահմանն անցկացնեն, առանց գիշերուան սպասելու:
– Շա՛տ բարի, սիրով:
«Միւտիր»ը (տնօրէն) անհանգստացաւ, փորձեց միջամտել, աշխատեց արգելել. Կարնից հրամայուած էր գիշերը անցկացնել…
– Հայտէ՜, պոռաց Հասան պէյը: Ու մի թունդ հայհոյանք էլ ուղղեց կարնեցիների հասցէին:
Կանչել տուաւ մի չաւուշ ու հրամայեց.
– Այս րոպէիս, այս էֆենտիներին կը տանես սահմանի միւս կողմը, կը յանձնես ռուս հրամանատարին եւ նրանից ստացական կ՛առնես ու կը բերես ինձ: Եթէ էֆենտիներին մի բան պատահի, գլխովդ պատասխանատու ես:
Միւտիրը սմքած՝ ատամներն էր սեղմել:
Առատօրէն վարձատրեցի մեզ ուղեկցող չաւուշին ու ոստիկաններին: Ջերմօրէն սեղմեցինք Հասան պէյի ձեռքը եւ չաւուշի առաջնորդութեամբ ուղղուեցինք դէպի ռուսական հողը:
– «Ս պոգո՛մ» (Աստուած ձեզ հետ), եղաւ Հասան պէյի վերջին խօսքը:
Միւս կողմը մեզ դիմաւորեցին ռուս սահմանապահները եւ առաջնորդեցին սպայի մօտ, որ մի համակրելի վրացի երիտասարդ էր: Բարեկամաբար ընդունեց մեզ, ստացական տուեց չաւուշին: Հիւրասիրեց մեզ թէյով, լսեց մեր պատմութիւնը, հարցուփորձ արաւ Թուրքիայի ներքին վիճակի, զօրքերի դասաւորման մասին եւ ազատ արձակեց:
– Ս պոգո՛մ:
Դուրս եկանք: Կարա-Ուրգանում էինք, ռուսական հողի վրայ: Արեւոտ, պայծառ օր էր: Բնութիւնը կարծես ծիծաղում էր: Ծիծաղում էր եւ պրն.Ապուլեանի մինչեւ այդ մռայլ դէմքը:
Նա կանգ առաւ: Նայեց շուրջը: Նայեց երկնքին եւ ֆէսը գլխից պոկելով՝ ուժով նետեց գետին ու ոտքով կոխեց վրան.
– Նզովեա՛լ լինես: Երեսո՛ւն տարի կրեցի քեզ գլխիս: Երեսուն տարի ծառայեցի այդ շներին… Թո՛ւհ, թքեց նա Թուրքիոյ ուղղութեամբ, մէկ էլ ոտքով տրորեց ֆէսը եւ գլխաբաց՝ առաջ քայլեց: Ես հետեւեցի նրան:
– Ա՛յս էլ մեր ճակատագիրը, շշնջաց Ապուլեանը:
Այո՛, ճակատագիր: Մարդուս ճակատին ինչ որ գրուած է՝ այն էլ կը լինի: