ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Վերջին շրջանում, մահերի անհատնում լուրերից իւրաքանչիւրս առանձնացնում ենք ծանօթ սիրելիների անունները, սգում ենք իւրովի, մեր ցաւը մեղմում ենք այլոց հետ միանալով ու ծանր ու թեթեւ անելով, թէ ո՛վ անժամանակ հեռացաւ, ո՛ւմ վիշտն է աւելի խորը։ Արդիւնքում՝ մնում է մեր կապուածութեան աստիճանը այդ հեռացած անձի հետ։
Շաքէի հետ կապուած էին բոլորը։
«Ասպարէզ» օրաթերթի ծանուցումների բաժնի աւելի քան 30 տարիների հաւատարիմ աշխատակից Շաքէ Աճէմեանը չունէր չսիրած մարդ։ Իր շրջապատի ազգային կառոյցներում, ծանուցումների համար այցելած հաստատութիւններում նրա ժպիտը եւ ազնիւ վերաբերմունքը իր առջեւ բացում էին բոլոր դռները։ Ամենաանկարեւոր թուացուող հարցին անգամ նա վերաբերւում էր մեծ զգուշութեամբ՝ յանկարծ որեւէ մէկը չվիրաւորուի, ուզում էր բաւարարել բոլորի պահանջները, հոգ չէ թէ ինքը յոգնէր։ Զոհողութիւնը իր նկարագրի անբաժան մասն էր։
Նրա մասին արդէն խօսում ենք անցեալով, սակայն ծանր ու թեթեւ անելու կարիք չկայ։ Եթէ կապուածութեան աստիճանն է որոշում կորստի չափը՝ այսօր սգում ենք շատ-շատերս. ամէնքին սիրող Շաքէն դարձել է բարի յիշատակ։