
Ներկայացրեց` Արմինէ Կ. Կունդակջեան
Ինչպէս գիտենք, Յովհաննէս Թումանեանի յայտնի «Վերնատուն»ը, Թիֆլիսում, տարիներով հաւաքավայրն էր իր մտերիմ, սիրելի գրական մեր մեծերին՝ Ղ. Աղայեանին, Ա. Իսահակեանին, Դ. Դեմիրճեանին, Լ. Շանթին, Ն. Աղբալեանին։
Դերենիկ Դեմիրճեանը կատակով յաճախ ասում էր. «Օլյա (Յովհաննէս Թումանեանի կինը), քո համբերութեան կենացը», իսկ Թումանեանի կենացին ասում էր. «Քո տասնմէկերորդ երեխայի կենացը…»
Խրիմեան Հայրիկի մասին շատ ուշագրաւ պատմութիւններ կային, որոնք սիրում էր պատմել Թումանեանը: Մի անգամ, երբ Խրիմեանը գտնուում էր Թիֆլիսում, խնդրում է, որ Թումանեանն իրեն հիւր գնայ, երեխաների հետ:
Զոյգ-զոյգ շարք կազմած 10 երեխաները մտել են հիւրասենեակ: Տեսնելով 10 երեխաներին, Խրիմեան Հայրիկն ասել է, որ չնայած եկեղեցին դժուարութեամբ է տալիս ապահարզանի իրաւունք, բայց եթէ Օլյան խնդրի, իրենք անպայման կը տան: Եւ աւելացրել է, որ դժուար է պահել այսքան մեծ ընտանիքը, իսկ առաւելի դժուար է՝ պոետ (բանաստեղծ) պահելը:
Թումանեանը սիրում էր իր երեխաներին պատմել մի ուսանելի պատմութիւն կաթողիկոսի հետ իր հանդիպման մասին: Մի անգամ կաթողիկոսը խնդրել է, որ Թումանեանը լսի իր գրած պոեմը (բանաստեղծութիւն): Կաթողիկոսը սկսել է ընթերցել: Չգիտեմ ինչպէս է պատահել, բայց Թումանեանն այդ ընթացքում սկսել է ննջել: Կաթողիկոսն ընդհատել է կարդալը եւ, ի հարկէ վիրաւորուել՝ տեսնելով քնած բանաստեղծին:
Այդուամենայնիւ ոչինչ չի ասել եւ կրկին հրաւիրել է Թումանեանին՝ խնդրելով, որ իր բանաստեղծութիւններից մէկը բերի եւ կարդայ: Հենց նրանք հանդիպել են, կաթողիկոսը յարմար տեղաւորուել է աթոռին, որ ունկնդրի: Բայց երբ Թումանեանը սկսել է կարդալ, նա տեղից վեր է կացել, մօտեցել պատի վառարանին, սկսել ածուխները շուռումուռ տալ: Յետոյ սկսել է հազալ, մտել է հարեւան սենեակը, տեղաշարժել գրապահարանի գրքերը, այդ ընթացքում ասելով, որ Թումանեանը շարունակի կարդալ: Յանկարծ Թումանեանը նկատել է, որ կաթողիկոսն ընդհանրապէս շէնքում չէ: Պատուհանից նայել ու տեսել է, որ այգում է, որտեղից էլ ասել է. «է~, շատ սիրուն պոեմ գրեր ես: Կ՛երեւա աւելի շատ գրել գիտես, քան ունկնդրել»:
Այս պատմութիւնը, թէ ինչպէս է իրեն դաս տուել կաթողիկոսը, Թումանեանը պատմում էր իր երեխաներին, որպէս բոլորի համար ուսանելի դաս: Եւ եթէ մէկը մի բան էր պատմում, եւ նրան չէին լսում, տատս յիշում էր Խրիմեան Հայրիկին: Իսկ Թումանեանն այդ պատմութիւնը ծիծաղելով էր պատմում: