Կեանքի Եւ Մահուան Առջեւ

ՀԱՍԱՆ ՂԱԼԱՅԻ ԲԱՆՏՈՒՄ (Բ.)
Հասան Ղալայի բանտը քառակուսի մի մեծ շէնք էր՝ մէկ կողմը բաւական ընդարձակ բակով, շրջապատուած քարէ բարձր պարիսպներով: Պատերի եւ տանիքի վրայ կանգնած էին հրացանաւոր պահակներ: Փայտէ հաստ դարպասը ամուր գոցուած էր՝ նոյնպէս զինուած պահակի հսկողութեան տակ: Ներսը ինչ կար՝ դեռ չգիտէինք. բայց յետոյ տեսանք, որ ներսը բաղկացած էր մի մեծ սրահից եւ մի քանի առանձին, առանց պատուհանի խուցերից: Սրահը լեցուած էր ամէն ազգի բանտարկեալներով, որոնք տեղաւորուած էին ըստ դասակարգային աստիճանի: Թուրք եւ քիւրտ աղաները բռնել էին ամենալաւ անկիւնները, հայերը խմբուած էին առանձին, միւսները՝ ցրուած տեղի համեմատ:
Բանտարկեալները ապրում էին իրենց սեփական տնտեսութեամբ – կերակուր էին եփում, թէյ շինում, լուացք անում – ամէն բան նոյն սրահում: Աղաները ծառաներ էին պահում բանտարկեալներից, որոնք աշխատում էին մի փոր հացի համար: Կառավարութիւնից յատկացուած սնունդի դրամը, մեծ մասով, մտնում էր Հասան աղայի որկորը: Հասան աղան իր բանտարկեալ հպատակների համար հաստատել էր ճորտատիրական կարգեր. ո՛չ միայն կառավարութեան դրամն էր իւրացնում, այլ եւ մարդագլուխ տուրք էր դրել բանտարկեալների վրայ. հարուստները դրամով էին վճարում, իսկ չունեցողները՝ աշխատանքով:
Պարտազանցներին ծեծում էր, կամ ծեծել էր տալիս անխնայ: Պէտք էր լսել, թէ հայհոյանքների ի՜նչ հեղեղ էր թափւում այդ հրեշտականման հրէշի բերանից:
Եւ հայհոյանքն ու կռիւը միայն Հասան աղայի մենաշնորհը չէին: Բանտում օր ու գիշեր կռիւ ու հայհոյանք անպակաս էին: Անգործութիւնից ու նեղութիւնից անասնացած մարդիկ՝ ուրիշ հաճոյք չունէին, բայց եթէ հայհոյանքը, իրար դէմ չարախօսելն ու դաւեր լարելը: Կռիւն ու ծեծկտուքը մեծագոյն հաճոյքն էր բանտարկեալների:
Մեր առաջին տպաւորութիւնը, սակայն, կարելի է ասել՝ նոյնիսկ հաճելի էր: Մեր սենեակը լուսաւոր էր ու մաքուր: Դիմացի բակը ոչինչ ունէր խոտելի (արհամարհելի): Արեւը ճառագայթներ էր ուղարկում դէպի մեզ, եւ բաց պատուհանից լսւում էր թռչունների ճռուողիւնը: Դեռ ժամանակ չէինք ունեցել անդրադառնալու մեր վիճակին, – ինչո՞ւ էին բերել մեզ այստեղ, – միայն սկսում էր զգալ տալ անօթութիւնը: Ի՞նչ պատահեց մեր Հասան աղային. ինչո՞ւ չէր երեւում. ինչո՞ւ ուշացաւ ուտելիքը: Կէսօրն անցաւ. բանտարկեալների մի մասին հանել էին բակը օդ առնելու – ցնցոտիապատ, գազանացած ամբոխ, որի տեսքը ահ էր ազդում մարդու վրայ: Բակում երեւաց ե՛ւ Հասան աղան, որ աջ ու ձախ հայհոյելով եւ այս ու այն բանտարկեալին մտրակելով՝ մտաւ ներս:
Մեղմ ձեւով հասկացրինք, որ անօթի ենք, մինչեւ այժմ կերակուր չեկաւ: Պարզուեց, որ մեր տուած դրամը իր նպատակին չէր ծառայել: «Անզգամ մարդը» դրամը առել ու փախել էր: Եթէ ուզում էինք, կարող էինք նորից դրամ տալ, որ ուրիշ մէկին ուղարկէր կերակուր բերելու:
Ո՞վ էր այդ «անզգամ մարդը» եւ ի՞նչպէս էր պատահել, որ փախել էր, որի պատճառով մենք անօթի էինք մնացել – չիմացանք երբեք, բայց ստիպուած եղանք նորից դրամ տալ եւ սպասել
Երեկոն հասաւ, բայց կերակուրը չեկաւ: Հասան աղան նորից ներս մտաւ՝ սուրբի պէս անմեղ տեսքով: Հազիւ պրն. Ապուլեանը բերանը բացել էր, որ դժգոհութիւն յայտնէր, մէկ էլ մեր Նիկողայոս Սքանչելագործը սկսեց պոռալ.
– Ի՞նչ է, «միսաֆի՞ր» (հիւր) էք եկել. Այստեղ բանտ է. մի քիչ էլ անօթի մնացէք… Այս էֆենտիներուն նայէ՛ – անօթի են եղել… Հայտէ՛, «փասա-փուսան» (ապրանքները) հաւաքեցէք, ձեր տեղը այստեղ չէ:
Պրն. Ապուլեանը ափ ի բերան, ապշած նայում էր դէմքին ու խօսք չէր գտնում պատասխանելու:
– Հայտէ՜, – աւելի կատաղած պոռաց Հասան աղան, շուտ փասա-փուսա հաւաքեցէք ու… բաց արաւ դուռը, որ դուրս գնանք:
«Փասա-փուսա» չունէինք, որ հաւաքէինք: Շարժուեցինք դէպի դուռը:
– Ահա՛, այստեղ է ձեր տեղը, ցոյց տուեց նա կողքի խուցի դուռը: «Անօթի» են մեր էֆենտիները, լսեցի՞ք մի, «փախլաւա» կ՛ուզեն. «Միւհալէպի» (անուշեղէններ) կ՛ուզեն – Տէ՛. մտէք ներս:
Բոլորովին մութ, անլուսամուտ մի զնտան՝ հեղձուցիչ, անշնչելի օդով: Դուռն էլ որ փակուեց, ո՛չ մի տեղից օդի հոսանք չմնաց: Չեմ կարծում, թէ Գրիգոր Լուսաւորչի վիրապը սրանից վատ լինէր:
Դեռ ուշքի չէինք եկել, մէկ էլ խորքից հնչեց մի խռպոտ ձայն.
– «Քտօ տամ» – ո՞վ է այդտեղ: Ու եօթը յարկանի ռուսերէն մի հայհոյանք: Ա՛հ, սքանչելի ռուս ժողովուրդ: Ի՜նչ հայհոյանքներ գիտես:
– Դո՞ւ ով ես, հարցրի ես ռուսերէն:
Մարդը ուրախ ճիչ արձակեց եւ, ըստ երեւոյթին, ճիգ արաւ տեղից ելնելու, բայց հայհոյելով գետին ընկաւ: Խարխափելով մօտեցայ նրան – անկիւնում դիակի պէս պառկած, ծանր շնչում էր՝ դժուարանալով խօսել: Կցկտուր բառերով պատմեց իր գլխին եկածը, որ շատ էլ մխիթարական չէր մեզ համար. մեզ էլ կարող էր նման բան պատահել:
Կովկասեան ռուս բանակի զինուոր էր – սովորական մի Իվան: Ինչ որ հակակարգապահական յանցանքի համար, պատժից վախեցած՝ փախել էր Թուրքիա: Սահմանի վրայ թուրք իշխանութիւնները բռնել էին եւ մի լաւ ծեծ քաշելուց յետոյ, ուղարկել էին Էրզրում: Եւ ահա, ամսից աւելի է, նրան տանում էին բանտից-բանտ՝ ամէն տեղ ծեծ քաշելով: Մի քանի օր է այստեղ է, անօթի, թշուառ: Չէր իմանում՝ ինչ պիտի լինի իր վերջը: Հայհոյանք չկար, որ չթափէր «անհաւատ թուրքերի» գլխին, եւ աղերսում էր, որ փրկենք իրեն…
Հիանալի՜ էր – մե՞նք պիտի փրկէինք: Եւ ո՞ւմ միջոցով – մեր անզուգական Հասան աղայի՞: Արդէն անօթութիւնից ու յուզումից մենք էլ ողորմելի վիճակ ունէինք: Պրն. Ապուլեանը հազիւ ոտքի վրայ էր մնում. ես աւելի լաւ չէի: Մի կերպ տեղաւորուեցինք պատի տակ եւ փորձեցինք քնել: