Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

Ստորեւ՝ Կոմիտասի մասին Սիմոն Վրացեանի յուշերէն հատուածներ․
«Եթէ հաճոյ է վեհին ինձ չկորցնել, այլ եւ գտնել, արտասուելով աղերսում եմ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնի միաբանութեան ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ մենաստանի մենակեաց: Քսան տարի կորցրի, գուցէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները, իբրեւ առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ եկեղեցւոյ եւ գիտութեան:
Վեհափառութեանդ ծառայ եւ որդի՝
Կոմիտաս Վարդապետ
Միաբան
Ս. Էջմիածնի»:
«Սեւանայ մենաստանի մենակեաց»ը, ի հարկէ, խօսք էր: Հազիւ թէ Կոմիտասը ինքն էլ լուրջ կերպով հաւատում էր իր ասածին: Նրան, անկասկած, ուրիշ ապրումներ էին յուզում եւ ուրիշ ձգտումներ:
Սեւանի մենաստանում պարտկուող մարդը չէր նա, ոչ էլ մենակեցութեան ընդունակ: Կասկածից դուրս է, որ նրան հրապուրում էին ազատ աշխարհը եւ ազատ արուեստի ասպարէզը, «Հին Աստուածները»: Այդտեղ նա կարող էր աւելի մեծ յաջողութեամբ շահեցնել իր «ուսումնասիրութիւնների պտուղները» ի փառս հայ ազգի եւ «տառապեալ սուրբ եկեղեցւոյ»:
Ինչպէս եւ բնական էր սպասել, Իզմիրլեանը մերժեց Կոմիտասի խնդրանքը: Յաջորդ տարի, 1910ի աշնան, Կոմիտաս թողեց Էջմիածինը իր ծննդավայրը այցելելու պատրուակով: Այնտեղից անցաւ Պոլիս, ուր ընկաւ իր փնտռած տարերքի մէջ, իր «Գուսան» համբաւաւոր երգչախումբով գերեց պոլսահայութեան սրտերը: Համերգներ տուեց նաեւ Իզմիրում եւ Եգիպտոսում, նոյնպէս արտասովոր փայլով:
Կոմիտասը պոլսում էլ ունեցաւ հակառակորդներ: Ի միջի այլոց, նրա համերգների դէմ ելաւ այն օրերի պատրիարքական փոխանորդ, տխրահռչակ Ղեւոնդ եպս. Դուրեանը, բայց ժողովրդական խանդավառ ոգեւորութեան մէջ խեղդուեցին այդ թշուառականների ոտնձգութիւնները։ Կոմիտասը իր փառքի գագաթնակէտին էր:
Եթէ չեմ սխալւում, նա մի անգամ էլ վերադարձաւ Էջմիածին՝ չեմ իմանում ինչ ակնկալութիւններով, բայց այս անգամ էլ այնտեղ չգտաւ իր որոնածը: Եւ այնուհետեւ, թօթափելով իր ոտքերի փոշին, ընդմիշտ հեռացաւ Էջմիածնից:
1914ի Յունիսին, Ամերիկայից դէպի Կարին անցնելիս, ես Կոմիտասին հանդիպեցի Փարիզում: Բուլվար Սէն Միշելով բարձրանում էի վեր: Մի էլ, Բուլվար Մոնփառնասի մօտերը նա դիմացս ելաւ, աշխարհականի սեւ հագուստով, յարդի գլխարկը գլխին, սիրուն գաւազանը ձեռքին: Այնքան անակնկալ էր մեր հանդիպումը, որ մի պահ երկուսս էլ շուարած ու լուռ մնացինք: Ապա՝ բուռն թափով ողջագուրուեցինք:
– Վայ, «մաթռաբազ» («մատրապազ» թրքերէնով կը նշանակէ միջնորդ կամ խաբեբայ. Կոմիտաս այդ անունով «մկրտած» էր Վրացեանը), դու Փարիզու՞մ, ի՞նչ ես անում այստեղ:
Եւ թեւիցս բռնած՝ քաշեց մօտակայ սրճարանը՝ «Քլոզի Տէ Լիլա», Սէն Միշելի եւ Մոնփառնասի անկիւնում, ուր մի քանի ժամ անցկացրինք միասին: Ես պատմեցի իմ մասին: Շատ գոհ չմնաց իմ պատմութիւնից: Նա ինձ ուրիշ ասպարէզ էր ցանկանում։ Դաշնակցական գործիչ դառնալու համար, նրա կարծիքով, պէտք չկար ճեմարան աւարտելու եւ համալսարանական կրթութիւն ստանալու…:
Ինքը եկել էր Փարիզ երաժշտական ինչ որ համագումարի մասնակցելու: Իր զեկուցումները մեծ հետաքրքրութիւն էին առաջ բերել համագումարում: Ուրախ էր այնչափ: Կեանքով եւ աշխոյժով այս մար՞դն էր, որ ուզում էր Սեւանի մենակեաց դառնալ…
Ես յաջորդ օրը պիտի մեկնէի Փարիզից եւ ուրիշ հանդիպում չէի կարող ունենալ հետը: Բաժանուեցինք Պոլսում տեսնուելու խոստումով: Եւ․․․ էլ չտեսնուեցինք:
Բայց ոչ, ես մի անգամ էլ տեսայ Կոմիտասին, իսկ նա ինձ տեսա՞ւ, չեմ կարող ասել: Մի օր այցելեցի նրան Վիլ Ժուիֆի հոգեբուժական հաստատութեան մէջ, բայց երանի թէ այցելած չլինէի, այնքան ճնշիչ եղաւ իմ տպաւորութիւնը: Եւ մինչեւ այսօր էլ, ամէն անգամ, երբ յիշում եմ նրան, ճեմարանի շէնշող ու լուսախինդ Կոմիտասի կողքին, առջեւս է գալիս Վիլ Ժուիֆի նրա քայքայուած ու մաշուած ստուերը, եւ սարսուռ է գալիս վրաս:
Հոգեբուժարանի պաշտօնեան դժկամութեամբ յանձն առաւ առաջնորդելու ինձ Կոմիտասի մօտ։ Նա, ասում էր, չի ուզում տեսնուել մարդկանց հետ, «հանգիստ ձգեցէք նրան»: Բայց ես պնդեցի եւ հետեւեցի պաշտօնեային: Ընդարձակ բակի մի ծայրում, ծառի տակ, կծկուած էր մի ուրուական՝ անշարժ, անորոշ հայեացքը յառած տարածութեան մէջ: Ծերացած, նիհար, մազերը քունքերի վրայ ճերմկած, միայն աչքերը Կոմիտասի վառվռուն աչքերն էին յիշեցնում:
Յուզումով մօտեցայ ու կանգնեցի առջեւը: Ոչ մէկ շարժում, ուշադրութեան ոչ մէկ նշոյլ:
– Աստուած օգնական, հայր սուրբ, ասացի յուզուած:
Ոչ մէկ շարժում եւ ոչ մէկ պատասխան:
– Հայր սուրբ, «մաթռաբազ»ն է: Ես եմ, հայր սուրբ:
Կարծես մի կայծ ցոլաց աչքում, կարծես շրթունքները շարժուեցին, ժպտաց կարծես, կամ թերեւս, ինձ այդպէս թուաց: Եւ դարձեալ անտարբերութիւն: Լուռ նստած էր հայեացքը անհունութեան մէջ:
Մի տարօրինակ դող անցաւ մարմնովս: Հոգեկան անբացատրելի խռո՞վք արդեօք, թէ սարսուռ ու վախ սիրելի անձի մը, սարսափելի ճակատագրի առջեւ:
Մէկ էլ, առանց ինձ հաշիւ տալու, ուզեցի բռնել ձեռքը եւ համբուրել, այն քնքուշ մատները, որոնք երբեմն այնպիսի ճարտարութեամբ թռչկոտում էին դաշնամուրի ստեղնաշարի վրայով:
Բայց հազիւ էի շարժուել, Կոմիտասը ընդոստ վեր թռաւ տեղից՝ աչքերը կատաղութեամբ լեցուն, բռունցքը ճօճելով օդի մէջ,
– Հեռացիր, պոռաց նա սպառնական, կորիր աչքիցս: Ի՞նչ ես ուզում… ես չկամ, չկամ, հասկանում էք, թուհ թշուառականներ…
Եւ վազելով փախաւ, հեռացաւ:
Ես կեանքումս մղձաւանջային շատ ծանր վայրկեաններ եմ ապրել, շատ տագնապներ եմ անցկացրել, մահուան աչքերին եմ նայել, բայց ինչ որ տեսայ Վիլ Ժուիֆում, Կոմիտասի մօտ, ինչ որ զգացի այդ սարսափելի վայրկեանին, անպատմելի է:
Ամբողջ այդ տեսարանին լուռ հանդիսատես ֆրանսացի պաշտօնեան, կարեկցութեամբ բռնեց թեւս եւ առաջնորդեց զիս դէպի հաստատութեան ելքը:
– Ես ձեզ նախազգուշացուցի, ասաց նա դրան մօտ: Ուրիշների հետ աւելի վատ է վարւում, հանգիստ ձգեցէք նրան:
«Հանգիստ ձգեցէք»․ այդ օտարականը չգիտեր, չէր կարող ըմբռնել, թէ ինչ էր Կոմիտասը մեզ համար: Հայ ժողովրդի եւ հայ մշակոյթի համար:
1935 թուականի ձմեռնամուտի մի անձրեւոտ օր էր: Փարիզի եկեղեցում, Ժան Գուժոն փողոցի վրայ, ասեղի տեղ չկար: Փողոցն էլ բերնէ բերան բռնուած էր ամեն սեռի, հասակի ու դասակարգի հայերի բազմութեամբ, Կոմիտասի յուղարկաւորութիւնն էր:
Վերջապէս նրա տանջուած մարմինը հանգիստ էր գտել: Հոգեւոր մեղեդիներ էին երգում նրա վրայ: Ա՛հ, եթէ, յանկարծ, կարողանար վեր կենալ դագաղից, լսել ինչ են երգում, ինչպէ՛ս են երգում: Այդպէ՞ս կ՛երգեր ինքը: Ով լսել էր նրա «Ի վերին Երուսաղեմ»ը, չէր կարող սարսուռ չզգալ Փարիզի հայոց եկեղեցում, Կոմիտասի դագաղի մօտ:
Մի բանում, սակայն, Կոմիտասը բախտաւոր եղաւ: Նրա տառապած մարմինը չյանձնուեց օտար հողին: Նա այսօր հանգիստ ննջում է հայրենի հողի ծոցում: Մասիսի հովանու ներքեւ, զնգուն Զանգուի եզերքին:
Դարեր կը գան ու դարեր կ՛անցնեն, եւ քանի կանգուն է հայոց Մասիսը, քանի ապրում է հայութիւնը իր աննման հանճարով եւ պողպատէ կամքով, Կոմիտասի լուսապայծառ յիշատակը կը մնայ անթառամ Հայկի զաւակների բաբախուն սրտերում: