ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ, Ազգային ժողովի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի մշտական հարցերու յանձնաժողովի անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Էլինար Վարդանեան Արցախի պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ Ատրպէյճանի կատարած վանտալիզմի եւ ոչնչացման քաղաքականութեան գծով հետեւեալ դիմում-նամակ յղեցին ԵՈՒՆԵՍՔՕի Ընդհանուր տնօրէն Օտրի Ազուլէյին.
«44օրեայ պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաեւ մշակութային ահռելի կորուստներ: Ադրբեջանի կողմից գրաւուած տարածքներում է մնացել հսկայածաւալ մշակութային ժառանգութիւն, որի հանդէպ Ադրբեջանը որդեգրել է բացայայտ ոչնչացման քաղաքականութիւն: Պղծման եւ վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղուած է նաեւ գիտական զեղծարարութեամբ: 2022ի Փետրուարի 3ին ադրբեջանական եւ միջազգային լրատուական աղբիւրներից յայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետութեան մշակոյթի նախարար` Անար Քեիմովի որոշմամբ ձեւաւորուել է աշխատանքային խումբ, որը պատրաստւում է Արցախի Հանրապետութեան ներկայումս գրաւուած տարածքներում «աղուանական ճարտարապետական յուշարձաններից» վերացնել հայկական արձանագրութիւնները:
«Ադրբեջանի իշխանութեան նման գործելաոճը ունի մէկ նպատակ` վերացնել Արցախի Հանրապետութեան բռնագրաւուած տարածքներում առկայ հայկական պատմամշակութային ժառանգութիւնը:
«Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանութիւնները նախկինում եւս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգութեան համար մեծ նշանակութիւն ունեցող արժէքներ: Մասնաւորապէս` Ադրբեջանի իշխանութիւնները 2002 եւ 2005 թուականներին, խաղաղ ժամանակահատուածում ոչնչացրել են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրուած էին հազարաւոր արժէքաւոր խաչքարեր: Խաչքարերը ոչնչացուել են, իսկ յետագայում օգտագործուել որպէս շինանիւթ:
«ՄԱԿի Միջազգային արդարադատութեան դատարանը Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործով իր 2021ի Դեկտեմբերի 7ի միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ որոշմամբ պարտաւորեցրել է Ադրբեջանին` «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման բոլոր գործողութիւնները, որոնք կատարուել են հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, այդ թւում` եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, յուշարձանների, բնութեան վայրերի, գերեզմանների եւ այլ արտեֆակտների (արուեստի գործեր, հնութիւններ)»: Այդ թւում մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութիւնը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերեալ:
«Ադրբեջանական իշխանութեան վանդալիզիմի եւ պղծման գործողութիւնները հայկական մշակութային արժէքների նկատմամբ կրում են շարունակական բնոյթ, ինչով Ադրբեջանը կոպտօրէն խախտում է ՄԱԿի Միջազգային արդարադատութեան դատարանի վերոնշեալ որոշման պահանջները: Ադրբեջանի իշխանութիւնը շարունակաբար վարում է ցեղային զտման եւ մշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութիւն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի եւ Արցախի բնակչութեանը:
«Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, ակնկալում ենք ԵՈՒՆԵՍԿՕի գործնական միջամտութիւնը` Ադրբեջանի իշխանութեան կողմից Արցախի Հանրապետութեան գրաւուած տարածքներում հայկական պատմական եւ մշակութային նշանակութիւն ունեցող արժէքների պաշտպանութեան հարցում, որոնք նաեւ համամարդկային մշակութային ժառանգութեան մասն են կազմում:
«Ընդգծում ենք նաեւ, որ 1954ի Հաագայի դաշինքի 23րդ յօդուածի համաձայն ԵՈՒՆԵՍԿՕն կարեւոր յանձնառութիւն ունի` հնարաւորինս արագ անկախ առաքելութիւն իրականացնելու Արցախի Հանրապետութեան այն տարածքներում, որոնք պատերազմի արդիւնքում անցել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ինչպէս նաեւ իրականացնելու պատմամշակութային ժառանգութեան ներկայ վիճակի գնահատման փաստահաւաք առաքելութիւն»: