
Նիհարել ցանկալիս մենք շատ ենք լսել այս խորհուրդը. «Պէտք է աւելի շատ կալորիաներ (ջերմուժ) այրել, քան ստանում ենք սննդից»: Ինչպէ՞ս հասկանալ եւ ինչպէ՞ս կազմակերպել սա:
Կալորիաները կարելի է համեմատել վառելիքի հետ, որ մարմնի ստանում է սննդի միջոցով եւ օգտագործում կենսական գործառոյթները ապահովելու համար: Եթէ սնուէք անհրաժեշտից աւելի շատ` ապա այդ «վառելիքը» կը կուտակուի ճարպային բջիջներում` յետագայում օգտագործելու համար: Եթէ մշտապէս սնուէք աւել` քան պահանջում է ձեր մարմինը` ապա կը սկսէք գիրանալ:
Մարմինը սնունդը վերածում է էներգիայի (ուժ), ինչը կոչւում է նիւթափոխանակութիւն: Դա սնունդը էներգիայի վերածելու համակարգ է: Ձեր մարմինն անընդհատ էներգիա է օգտագործում, նոյնիսկ երբ դուք քնած էք: Կալորիաների որոշ մակարդակը նիւթափոխանակութեան արդիւնքում սպառւում է, մարմնի բոլոր հիմնական գործառոյթները շարունակելու համար: Սա ներառում է շնչառութիւնը, սրտի բաբախիւնը, նեարդային (ջղային) համակարգը եւ մնացած բոլոր ինքնակամ գործողութիւնները: Մարսողութեան ողջ գործընթացի վրայ, օրինակ` ծախսւում է ընդունուած սննդի կալորիականութեան մինչեւ 10 տոկոսը:
Դուք կարող էք մօտաւոր գնահատել, թէ քանի կալորիա է պէտք ձեզ. դա կախուած է տարիքից, քաշից եւ սեռից: Օրինակ, 50ամեայ տղամարդը, ով ունի 180 սմ. հասակ եւ կշռում է 75 կիլոգրամ, կարող է օրական այրել մօտ 1650 կալորիա: 50ամեայ կինը, ով ունի167 սմ․ հասակ եւ 60 կգ. է, կարող է օրական այրել մօտ 1400 կալորիա: Երիտասարդ մարդիկ աւելի շատ կալորիաներ են սպառում, քան տարեցները:
Մարմնամարզութիւնն աւելացնում է ձեր օրգանիզմի այրած կալորիաների քանակը: 72 կգ. կշռող մարդը 1 ժամ վարժութիւն կատարելով ծախսում է ներքոյիշեալ չափաքանակի կալորիա.
– Վազք (5 մղոն/ժ)՝ 606 կալորիա
– Քայլք (3.5 մղոն/ժ)` 314 կալորիա
– Հեծանուավազք (մինչեւ 10 մղոն/ժ)` 292 կալորիա
Կալորիաները չկուտակելու եւ առողջ մարմին ունենալու համար հարկաւոր է պարբերաբար մարզուել: Մարզուած մկանը աւելի շատ կալորիա է սպառում:
Որոշ առողջական խնդիրներ նուազեցնում են նիւթափոխանակութեան մակարդակը, ինչպիսիք են՝ վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարումը, «պոլիկիստոզային» ձուարանների համախտանիշը կամ շաքարախտը:
Յուսանք, որ դուք չունէք այդ խնդիրը: Եթէ դուք մտահոգուած էք, որ կարող էք ունենալ այս խնդիրներից որեւէ մէկը, կարող էք հետազօտուել խնդրել բժշկից: