
Պույուրուն (Հրամեցէ՛ք) (Բ.)
Արդէն մութը ընկել էր եւ Կարինի փողոցները գրեթէ ամայի էին, երբ հասանք Փիլոսենց բնակարանը: Այստեղ հաւաքուել էին Ռոստոմին հրաժեշտ տալու եկած ընկերներն ու բարեկամները. Արմէն Գարոյի եղբայրը՝ դեղագործ Խաչիկը իր կնոջ՝ Հայկանուշի հետ, տոքթ. Տէր Մկրտիչեանը եւ իր կինը, Ջնդին եւ իր կինը՝ Հեղինէն. կարծեմ եւ ուրիշներ: Ռոստոմը չկար. գնացել էր «մնաս բարով»ի այցելութեան բարեկամներին եւ շուտով պիտի վերադառնար: Միասին պիտի ընթրէինք, վերջին թելադրութիւնները պիտի անէր ինձ ու Փիլոսին եւ առաւօտ կանուխ կառքով պիտի մեկնէր դէպի Տրապիզոն:
Նստած էին խօսք ու ծիծաղով: Փիլոսի մայրն ու Վարսենիկը ընթրիքի պատրաստութիւն էին տեսնում: Մէկ էլ դուռը ծեծեցին: Ներս մտան երկու ոստիկաններ՝ մէկը զինուոր, միւսը՝ սովորական: Վերջինը հարցրեց.
– Վրացեան Էֆենտին այստե՞ղ է:
– Ես եմ, ասացի, Վրացեան Էֆենտին:
– Փիլոս Էֆենտի՞, հարցրեց զինուորականը:
Փիլոսը առաջ անցաւ, թէ՝ «ես եմ»:
Մարդիկ եկել էին մեզ ոստիկանապետին մօտ հրաւիրելու – շատ կարեւոր գործի համար: Մէ՛կ վայրկեանով միայն` «Պիրթազիզա»:
Ասացինք, թէ հիւրեր ունինք, վերջը կու գանք:
– Չէ՛, չէ՛, մէկ վայրկեանի համար միայն: Սէր քոմիսէրը ձեզ երկար չի պահի: Շատ կարեւոր է եւ շատ շտապողական: Կէս ժամից տուն կը վերադառնաք ձեր հիւրերի մօտ:
Ճար չկար՝ պէտք էր երթալ: Ինչպէս որ կայինք, սենեակի թեթեւ հագուստով, այնպէս էլ դուրս եկանք՝ առանց որեւէ բան առնելու մեզ հետ:
Դուրսը ցուրտ էր: Սարերից պաղ քամի էր փչում: Երկինքը ծածկուած էր մռայլ ամպերով, եւ փողոցները՝ մութ: Մարդ-մարդասանք չէր երեւում: Մէկ ոստիկանը առջեւից, միւսը՝ յետեւից՝ անխօս գնում էինք: Մէկ էլ Փիլոսը յանկարծ կանգ առաւ.
– Ո՞ւր էք տանում մեզ. ոստիկանապետի տեղը այն կողմն է:
– Չէ՛, չէ՛, սէր քոմիսէրը այս կողմն է, պատասխանեց զինուորականը. գնա՛նք:
Քիչ վերջը Կարինի նշանաւոր բանտին առջեւն էինք: Յանկարծ, մեզ շրջապատուած տեսանք բանտապահերով: Մեր բողոքն ու դիմադրութիւնը լսող չեղաւ: Փիլոսն առին ու մէկ կողմ տարին, ինձ էլ ուրիշ կողմ քաշեցին: «Սիմո՜ն, մնա՛ս բարով», դեռ այսօր էլ հնչում է ականջիս Փիլոսի աղեկտուր ճիչը: Ու այլեւս չտեսայ նրան…
Իմ առջեւը բացին մի մռայլ դուռ եւ – «պույուրո՛ւն»՝ ներս հրեցին ու դուռը յետեւիցս ամուր փակեցին: Մութ զնտան էր. աչքդ որ մատ կոխէին՝ չէիր տեսնի: Ձայն հանեցի – պատասխան չեկաւ: Նշանակում էր, որ մենակ էի: Շօշափելով շարժուեցի – ամայութի՜ւն. ոչ աթոռ, ոչ սեղան, ոչ թախտ (տախտակէ բազմոց):
Մէկ էլ դուռը բացուեց եւ ներս մտաւ անկերպարան մի մարդուկ՝ մէկ ձեռքին աղօտ լոյսով լապտեր, միւսին՝ ինչ որ մի փալաս (հին լաթի կտոր): Լապտերի լոյսը պարզեց զնտանի տեսարանը – ընդարձակ, առանց լուսամուտի պարապ մի սենեակ, փոշոտ յատակով, մռայլ պատերով եւ առաստաղով – ո՞վ գիտէ քանի դժբախտներ տարիներով չարչարուել էին այս դաժան կացարանում: Մարդուկը իր ձեռքի փալասը ձգեց սենեակի մէջտեղը, ձեռքով նշան ըրաւ, թէ՝ «պառկիր վրան» եւ հեռացաւ: Սենեակը նորէն թաղուեց անթափանց խաւարի մէջ:
Ուրեմն, բանտարկուած էի: Ահա քեզ սէր քոմիսէր. ահա՝ «կէս ժամից կը վերադառնաք»: Եւ ինչո՞ւ, իմ ո՞ր յանցանքի համար: Ի՞նչ էի արել ես «օսմանեան հայրենիք»ին, կամ սէր քոմիսէրին անձնապէս:
Բայց փիլիսոփայելու ժամանակը չէր: Յոգնած էի ու պարտասած: Ջղերս լարուած էին: Մարդկային արժանապատուութիւնս վիրաւորուած էր, բայց ի՞նչ կարող էի անել: Սպասենք, տեսնենք, վերջը ի՞նչ կը լինի:
Եւ պժգանքով տարածուեցի «անկողնի» վրայ: Բայց հազիւ պառկել էի՝ մի տարօրինակ շարժում սկսուեց ողջ մարմնիս վրայ: Զնտանի բնակները, երեւի ուրախացած՝ նորեկ հիւրի այցելութիւնից, ամէն կողմից արշաւանքի դիմեցին ռազմական կարգ ու սարքով .- առաջ հեծելազօրքը՝ ոստոստուն լուերը, ապա հետեւակները՝ գարշահոտ մլուկները, վերջը օսմանեան հրետանին՝ ոջիլները- օ՜, Կարինի բանտի ոջիլները՝ հսկայամարմին ու անողորմ… Անկարելի էր պառկել. Ամբողջ մարմինս այրւում էր խայթոցներից: Ելայ ոտքի ու սկսեցի խարխափելով՝ «զբօսնել» խաւարի մէջ՝ կոյրի պէս ձեռքերս առջեւ պարզած:
Ժամերը անցնում էին, բայց ոչ մէկ շարժում դրսից: Մարդու սիրտը պայթում էր մութ մենութեան մէջ: Գոնէ ծղրիթի ձայնը լսուէր: Մի շարժում գոնէ: Գերեզմանայի՜ն լռութիւն: Երեւակայեցէք թաղուած մէկը, որ արթնանում է գերեզմանում – ահաւոր գերեզման էր իմ զնտանը:
Քանի՞ ժամ անցաւ – չիմացայ: Մէկ էլ դուռը բացուեց ու նորէն նոյն մարդուկը:
– Պույուրո՛ւն:
Հրեշտակի փողը աւելի քաղցր չէր կարող հնչել – «պույուրուն»…
Դուրս եկայ: Երկու ոստիկաններ առաջս անցան ու նորից.
– Պույուրո՛ւն:
Մութ փողոցներից անցանք, այս անգամ, իսկապէս դէպի ոստիկանատուն: Կենդրոնական ոստիկանատունը, հակառակ ուշ գիշերուան, լուսաւորուած ու եռուզեռի մէջ էր: Մարդիկ արագ ելեւմուտ էին անում. Լսւում էին ճնշուած ձայներ: Ինչ որ խորհրդաւոր բան էր տեղի ունենում:
Ոստիկանները ինձ առաջնորդեցին ուղիղ դէպի սէր քոմիսէրի սենեակը: Այդ պարոնին ես ճանաչում էի. հետը նոյնիսկ աղ ու հաց էի կերել: Սելանիկի տէօնմէ (առերես իսլամ դարձած հրեայ) էր: Ինձ որ տեսաւ.
– Վա՛հ, Վրացեան Էֆենտի, դո՞ւք այստեղ ինչ գործ ունիք այս ժամին. Ի՞նչ թիւրիմացութիւն է այս…
Ու բարկացած՝ գոռաց ոստիկանների վրայ.
– Ինչո՞ւ էք անհանգստացրել էֆենտին. Տարէք սրահը, թող հանգստանայ:
Ոստիկանները անվրդով առաջնորդեցին ինձ հիւրասրահը – երկար եւ ընդարձակ մի սենեակ՝ կակուղ կարասիներով կահաւորուած: Այս սրահում քանի՜ անգամներ սէր քոմիսէրը ընդունել էր Ռոստոմին, Ատրունիին, Փիլոսին: Ինձ էլ…
նկար
0211simonvratsian.png