ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏՆԵՑ ՆՐԱ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրարշաւում Ամերիկայի Արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախումբն իր զօրակցութիւնն յայտնեց հայ համայնքի վաղեմի բարեկամ Քեւին Դէ Լէոնին: Այս մասին յանձնախմբի նախագահ Նորա Յովսէփեանը յայտարարեց Փետրուարի 8ին` Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու եւ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս կրթական համալիրի բակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Քեւին դէ Լէոնը հայ համայնքի հաւատարիմ բարեկամն ու դաշնակիցն է եղել իր քաղաքական երկարատեւ գործունէութեան ողջ ընթացքում` որպէս Կալիֆորնիայի նահանգային օրէնսդիր մարմնի անդամ եւ զեկավար, եւ ներկայում էլ` որպէս Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: Նրա հայամէտ գործունէութիւնը ներառում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ ոգեկոչման աշխատանքները, վճռական աջակցութիւնն Արցախի ժողովրդի անկախութիւնն ու ինքնորոշման իրաւունքն ամրագրող օրէնքին, ինչպէս նաեւ` տեղական մակարդակում հայ համայնքին առնչուող ծրագրերին զօրակցութիւնը», ներկայացնելով Քեւին Դէ Լէոնին նշեց Ամերիկայի Արեւմտեան շրջանի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Նորա Յովսէփեանը:
«Կալիֆորնիայի հայ համայնքին ներկայացնելը մեծ պատիւ է եղել իմ համար», իր խօսքն այսպէս սկսեց Քեւին Դէ Լէոնը` նշելով, որ այդ առումով առաւել զգացուած է Հայ Դատի յանձնախմբի զօրակցութիւնից: «Միասին մենք քարտէզի վրայ դրեցինք Հոլիվուդում Փոքր Հայաստանը, եւ որպէս Կալիֆորնիայի Ծերակոյտի ղեկավար, ես առաջնորդեցի մեր նահանգը` պաշտօնապէս ճանաչելու Արցախի Հանրապետութիւնը: Գործունէութեանս ընթացքում բազմաթիւ հայերի նշանակել եմ պետական յանձնաժողովներում, եւ աշխատել` համոզուելու, որ Կալիֆորնիայի բոլոր աշակերտները դպրոցներում կը տեղեկանան Հայոց Ցեղասպանութեան մասին` այդպիսով նաեւ սովորելով միշտ պայքարել անարդարութեան դէմ: Որպէս քաղաքապետ, ես կ՛ապահովեմ, որ իմ հայ եղբայրներն ու քոյրերը հնչեղ ձայն ունենան քաղաքապետարանում», յայտարարեց Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածու Քեւին Դէ Լէոնը` հայ համայնքի ներկայացուցիչների` Հայ Դատի յանձնախմբի անդամների, լրագրողների, հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով նախընտրական ծրագրերին, Քեւին Դէ Լէոնը նշեց, որ ծնուած լինելով Լոս Անջելեսում եւ մեծանալով աշխատաւորների ընտանիքում, լաւատեղեակ է քաղաքի մարտահրաւէրներին եւ պատրաստ է լուծել առկայ խնդիրները`գործելով արտակարգ իրավիճակներում: «Աշխատելու եմ, որ Լոս Անջելեսը յարմարաւէտ բնակավայր լինի, ոչ միայն մեծահարուստների, այլեւ` քաղաքի բոլոր աշխատաւոր բնակիչների համար` կենսակերպը դարձնելով մատչելի, շրջակայքը`ապահով ու մաքուր»:
Քեւին Դէ Լէոնը պատասխանեց նաեւ «Ասպարէզ»ի հարցերին: Անդրադառնալով ընտրաշրջանների վերաձեւաւորման հարցին, ինչն ազդեցութիւն է ունեցել ամերիկահայ ընտրողի որոշման կայացման հարցում, նա յայտնեց, որ ընտրովի պաշտօնեաներն ազդեցութիւն չունեն այդ գործընթացի վրայ, սակայն խոստացաւ, քաղաքապետ ընտրուելու դէպքում, հնարաւորինս շատ հայ աշխատակիցներ ներգրաւուել իր աշխատակազմում եւ քաղաքապետարանի տարբեր բաժանմունքներում:
Քեւին Դէ Լէոնին ուղղուած միւս հարցն առնչւում էր ադրբեջանցիների կողմից Արցախի գրաւեալ տարածքներում հայկական մշակութային եւ կրօնական կոթողներից հայկականութեան հետքերի ջնջման Ադրբեջանի պետական քաղաքականութեանը: «Մեծապէս մտահոգ եմ Արցախի անկախ հանրապետութիւն ադրբեջանցիների բռնի ներխուժմամբ եւ խորը ցաւ եմ ապրում աւելի քան հինգ հազար հայ զոհուածների, ադրբեջանի կողմից պահուող ռազմագերիների համար: Աւանդական եղանակներով, զէնքով սպաննում են մարդուն, մշակութային կոթողները վերացնելով, որ մեծ հոգեւոր նշանակութիւն ունեն ազգերի համար, փորձում են վերացնել ցեղը: Սա նոյնն է, երբ քաղաքական ուժերը չեն ցանկանում ճանաչել Ցեղասպանութիւնը, ինչը նշանակում է` չենք ճանաչում, այսինքն` դուք գոյութիւն չունէք: Կալիֆորնիան ճանաչել է Արցախի հանրապետութիւնը եւ ես ներկայացրել ու ներկայացնելու եմ հայ համայնքին, որ ներառում է նաեւ արցախցիների շահերը բոլոր ուղղութիւններով:

Տեղեկանք․- Քեւին դէ Լէոնը Կալիֆորնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների տան անդամ է եղել 2006-2010 թուականներին` 45րդ շրջանից, որ ներառում է Հոլիվուդը եւ, մասնաւորապէս, Փոքր Հայաստանը, որտեղ գտնւում են Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս հայկական կրթօջախը եւ «Ասպարէզ» օրաթերթի խմբագրատունը: 2010ից 2018 թուականներին Դէ Լէոնը սկզբում ծառայել է որպէս Կալիֆորնիա նահանգի Ծերակոյտի անդամ` ներկայացնելով 22րդ, իսկ աւելի ուշ` 24րդ ընտրաշրջանները: 2020 թուականից Դէ Լէոնը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ներկայացնում է 14րդ շրջանը:
Քեւին Դէ Լէոնն իր պաշտօնավարման ընթացքում ներկայացրել է Լոս Անջելեսի ամերիկահայ համայնքի տարբեր հատուածներ եւ քաջատեղեակ է ամերիկահայ համայնքի առաջնահերթութիւններին ու շահերին: Դէ Լէոնը պարգեւատրուել է Հայ Դատի Արեւմտեան յանձնախմբի` «Տարուայ Օրէնսդիր» մրցանակով` ամերիկահայ համայնքը ներկայացնելու իր երկարամեայ յանձնառութեան եւ Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման գործում ունեցած դերի համար: Նրա գործուն աջակցութեամբ, տասը միլիոն դոլար է յատկացուել Հայոց Ցեղասպանութեան մասին կրթութիւնը հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում ներառելուն ուղղուած ծրագրերին: Քեւին Դէ Լէոնը նշանակալի դեր է ունեցել հայ-ամերիկեան թանգարանի կառուցման աշխատանքներում` ապահովելով երեք միլիոն դոլար:
2014թ.ին Դէ Լէոնը ընտրուել է Կալիֆորնիայի Ծերակոյտի ժամանակաւոր նախագահ (Pro-Tempore): Բազմազանութեանն ու համայնքի հզօրացմանն ուղղուած նրա ջանքերն անմիջական ազդեցութիւն են ունեցել իր ընտրողների վրայ` Հայ Օգնութեան Միութեան Հոլիվուդի Ընկերային Ծառայութիւնների կենտրոնին օգնութիւն ցուցաբերելուց մինչեւ Լոս Անջելեսի մշակութային կեանքում հայ համայնքի նշանակալի ազդեցութիւնը ընդգծելը: Նրա շնորհիւ Փոքրիկ Հայաստանը յայտնուել է Հոլիվուդի քարտէզի վրայ եւ Շարլ Ազնաւուրին նուիրուած աստղը` Հոլիվուդի «Փառքի Ծառուղի»ում: