
ԳԼԵՆԴԷՅԼ․- Յունուարի 31ին․ Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնում գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր դոկտ․ Յովհաննէս Յովհաննիսեանի, ԵՊՀ միջազգային Համագործակցութեան գրասենեակի ղեկավար դոկտ․ Ալեքսանդր Մարկարովի եւ ԵՊՀ Ամերիկեան ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն դոկտ․ Վահագն Ագլեանի հետ: ԵՊՀ պատուիրակութիւնը Լոս Անջելես է ժամանել Արիզոնայից, որի պետական համալսարանի հետ ԵՊՀն ունի ամուր համագործակցային յարաբերութիւններ: Յովհաննիսեանը եւ պատուիրակութեան անդամները դեսպան Բայբուրդեանի հետ քննարկեցին Կալիֆորնիայի պետական եւ մասնաւոր լաւագոյն համալսարանների եւ կրթական այլ հաստատութիւնների հետ համագործակցութիւն հաստատելու մտադրութեան գործնական ուղղութիւնները:
Համագործակցութեան օրակարգի կիզակէտում էր նաեւ ամերիկեան կրթական հաստատութիւնների հայագիտական կենտրոնների հետ սերտ կապերի հաստատումը:
Դեսպանը պատրաստակամութիւն յայտնեց աջակցել ԵՊՀ նախաձեռնութեանը` կրթական ոլորտում սերտ կապեր հաստատելու գործում:
Հիւպատոսութեան կազմակերպմամբ հանդիպում կայացաւ Նորթրիջում Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSUN) ռեկտոր դոկտ․ Էրիկա Բեքի, պրոռեկտոր դոկտ․ Մերի Ուոքերի եւ Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար Վահրամ Շեմմասեանի հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման մասնակիցները փոխադարձաբար ներկայացրին Երեւանի եւ Կալիֆորնիայի պետական համալսարանները, ուրուագծեցին բնագաւառները, որոնք հեռանկարային են համագործակցութեան համար: Կալիֆորնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճիւղում սովորում են մի քանի հազար հայ ուսանողներ, ինչը լրացուցիչ գործօն կարող է ծառայել սերտ գործակցութիւն ծաւալելու համար: Բեքը սիրով ընդունեց Յովհաննիսեանի առաջարկը` աշնանն այցելել Հայաստան` տեղում ԵՊՀ հնարաւորութիւններին ծանօթանալու եւ համագործակցութեան յետագայ ձեւաչափը յստակեցնելու համար:
ԵՊՀ պատուիրակութիւնը` դեսպանին ուղեկցութեամբ, այցելեց Կալիֆորնիայի Հայ-ամերիկեան թանգարան ու մշակութային կենտրոնի Գլենդէյլ քաղաքում գտնուող շինհրապարակ: Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետեանը եւ թանգարանի շէնքի ճարտարապետ Արամ Ալաջաջեանը Յովհաննիսեանին ներկայացրին նախագծի մանրամասները` կոչուած համաշխարհային ամենաբարձր մակարդակի մշակութային ու կրթական կենտրոնի ստեղծման:
Գլխաւոր հիւպատոսութիւնում շարունակուած հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ Երեւանի համալսարանի մասնագէտները կ՛աջակցեն Հայ-ամերիկեան թանգարանի պատասխանատուներին բովանդակային նախագծերի իրականացման գործում: Բացի այդ, ԵՊՀ ուսանողները կարող են վերապատրաստում անցնել թանգարանում` այն կեանքի կոչուելուց յետոյ:
Փետրուարի 1ին, դոկտ․ Բայբուրդեանի նախաձեռնութեամբ ԵՊՀ պատուիրակութիւնն այցելեց նաեւ Գլենդէյլի Հանրային քոլեջ (GCC), որտեղ հանդիպում տեղի ունեցաւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինէ Յակոբեանի, խորհրդի անդամ Սեւան Բենլեանի, քոլեջի նախագահ Դէյվիդ Վայարի եւ ուսումնական հարցերով փոխնախագահ Մայքլ Ռիթթերբրաունի հետ: Գլենդէյլի հանրային քոլեջի պատասխանատուները ներկայացրին քոլեջի կառուցուածքը, առանձնայատկութիւնները, կրթական հնարաւորութիւններն ու բազմազգ ուսանողներին մատուցուող ծառայութիւնները:
Քոլեջում սովորում է 4600 հայ ուսանող, ինչը քոլեջի ղեկավարութեան համար եւս մէկ խթան է ԵՊՀ հետ գործակցելու կամուրջներ ստեղծելու համար: Յովհաննիսեանը մանրամասն ներկայացրեց ԵՊՀը` նախաձեռնուած բարեփոխումների ուրուագիծը, կրթական ծրագրերն ու օտարերկրեայ ուսանողների ուսուցման հնարաւորութիւնները: Դոկտ․ Մարկարովը ծանօթացրեց ԵՊՀ միջազգային համագործակցութեան բնագաւառում արձանագրուած տպաւորիչ ձեռքբերումների հետ: Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ ամռանն արդէն Գլենդէյլի հանրային քոլեջի ուսանողները հնարաւորութիւն կ’ունենան մէկ եռամսեակ ուսումն անցկացնել ԵՊՀում:
Համագործակցութիւնը կանոնաւոր հիմքերի վրայ դնելու համար, հանդիպման մասնակիցները պայմանաւորուեցին յաջորդ հանդիպմանը ստորագրել համագործակցութեան յուշագիր` նախապէս համաձայնեցնելով փաստաթղթի նախագիծը եւ յստակեցնելով փոխադարձ հետաքրքրութեան ոլորտները:
Դեսպան Բայբուրդեանի ուղեկցութեամբ` ԵՊՀ պատուիրակութեան անդամները հանդիպում ունեցան նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի հետ:
ԵՊՀ պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Փրոմիս» հայկական ինստիտուտի տնօրէն Անն Քարակէօզեանի, ինչպէս նաեւ նոյն համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների Նարեկացի ամբիոնի վարիչ պրոֆ․ Փիթեր Քաուիի հետ: Քննարկուեցին համագործակցութեան հարցեր:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)