
ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ
Սասունն ու դրա անունը հայկական հաւաքական յիշողութեան մէջ միանշանակ կապւում է աննահանջ պայքարի, դիմացկունութեան, յամառութեան ու տեղ-տեղ կոպիտ, բայց վեհ ու գրեթէ բոլորի կողմից հիացմունքի արժանացող մի իւրայատուկ կեցուածքի հետ:
Դա, անշուշտ, գեղեցիկ է, ոգեւորող ու գօտեպնդող, հպարտութիւն ու հիացմունք ներշնչող, բայց` միայն այդքանը, եթէ շարունակում ենք, սովորութեան համաձայն, մնալ ձեւի, բայց ոչ բովանդակութեան մէջ:

Սակայն արդեօք կարո՞ղ ենք Սասունը ներարկել մեր մտածողութեան, ապրելակերպի, ազգային նպատակների ու, ամենակարեւորը, գործողութիւնների մէջ: Սա է հարցը, որ ամէն օր տալիս էինք ինքներս մեզ, երբ տպարանում էր «Սասուն. 100ամեայ դիմադրութիւն» հատորը, որտեղ փորձել էինք ամփոփել «Հորիզոն»ում եւ այլ հարթակներում տեղ գտած մեր ուսումնասիրութիւնները, ճամբորդական ակնարկներն ու մէկ դար անց Սասունի լեռներում գտած մեր բացառիկ կերպարները:
Առաջինն այն մտահոգութիւնն էր, թէ արդեօք հիմա, Հայաստանի ու աշխարհասփիւռ հայութեան համար դարի, թերեւս, ամենածանր փորձութեան վերապրումի շրջափուլում իսկապէս տեղն ու ժամանա՞կն է խօսելու այսօր արդէն շատ հեռաւոր ու անհաս թուացող մէկ այլ հայրենիքի, այնտեղ մնացած ու այդպէս էլ չիրականացած յոյսերի, կիսատ մնացած դիմադրութեան, կէս-կէս ապրուած ճակատագրերի ու մարդկանց մասին: «Պէտք է», պիտի պնդէին ընկերներս: «Բայց հիմա՞», կրկին պիտի տարակուսէի ես: «Հէնց հիմա է, որ պէտք է». բոլորի պատասխանը միանշանակ էր:
***
Սասունը` որպէս աշխարհագրական տարածք եւ երեւոյթ, առանձնայատուկ կարեւորութիւն ունի հայկական ենթագիտակցութեան մէջ: Դա միայն պատմական գաւառ չէ, որի լեռները, մարդկանց կամ պատմութիւնը մենք կարող ենք սիրել կամ չսիրել, մօտ կամ հեռու զգալ, հիանալ Սասնայ գոյամարտի նկարագրութիւններով ամենատարբեր գրքերում կամ բացարձակապէս չհետաքրքրուել թեմայով` համարելով այն հեռաւոր, անշօշափելի ու անիրական անցեալի մի մասնիկ:
Սասունը նախ եւ առաջ գիտակցութիւն է հայրենիքի հանդէպ մեր հաւաքական վերաբերմունքի: Եւ էական չէ, թէ ձեր պատմական հայրենիքը կամ ներկայի բնակութեան վայրը Սասունից որքան քլմ․ է հեռու: Ճանաչել Սասունը` նշանակում է ճանաչել հողի հանդէպ ամենահիմնական ու իրական կապուածութեան ու հողին պատկանելիութեան ընկալման այն ձեւը, որը յատուկ է հէնց այս լեռներում ձեւաւորուած մտքին ու ապրելակերպին:
Նրանք, որոնք եղել են Սասունում, կը հաստատեն, որ Սասունը բնաւ երանելի, դրախտային ու ճոխ բնապատկերներով յագեցած տարածք չէ: Սա գուցէ ձեր կեանքի ամենամեծ հիասթափութիւնը լինի, բայց սա գիտակցելն աւելի կարեւոր է, քան` նրբիկ ու անուշիկ տեսարաններով հիանալու մեր խիստ անձնական փափաքն ու եսասիրական մղումը Էրգիրը միմիայն մեր անձնական կամ ընտանեկան տրաման յաղթահարելու:
Ի՛նչ արած. շշմեցնող գեղեցկութիւն, եդեմական այգիներ ու անսասան երջանկութիւն չկայ Սասունում: Կարո՞ղ ենք սիրել այդ երանելի, փափաքուած, կարօտելի Սասունը հէնց այդպէս: Փորձենք: Փորձէք: Հէնց այսօրուանից փորձէք:
Անշուշտ Սասնայ լեռներն անսպառ խրոխտ են ամառ, ձմեռ եւ աշուն, Սասնայ բարձունքներից հոսող աղբիւրներն ու գետերը կենարար, կախարդական են գարնան ամիսներին, իսկ ամէն քար ու թուփ շնչում է պատմութեամբ միշտ` լեռնային այս մեկուսի կղզուն տալով առանձնակի խորհրդաւորութիւն:
Դուք կարող էք ձեզ ֆիտայապետ երեւակայել, հետաքրքիր ու ամբողջ կեանքի համար անմոռանալի արկածներով լի ճամբորդութիւն կազմակերպել դէպի Ծիրնկատարի փէշերին թաքնուած Մշոյ Առաքելոց, ուխտի գնալ Մարաթուկի վանք ու յետոյ Օթնակ եայլայում տեղի իսլամացուած կամ արաբախօս հայերի հետ մատաղ անել եւ համեղ խաշլամայ ուտել, խօսել հայի ինքնութեան ձեր պատկերացումներից, կարող էք բարձրանալ նաեւ Գոմոց վանք` ի սրտէ անիծել թուրքերին, քրտերին ու ամբողջ աշխարհը, որ լուռ է, երբ Սասնայ աշխարհի հոգեւոր կենտրոնը այծի թրիքների մէջ լքուած է ու աւերուած:
Դուք կարող էք իսկապէս երբեք չմոռանալ Սասունը այն մէկ անգամ այցելելուց յետոյ: Բայց հինգերորդ, վեցերորդ կամ եօթներորդ օրը դուք կը հեռանաք: Կը վերադառնաք Մոնթրէալի, Պոսթընի, Փարիզի, Մոսկուայի կամ Երեւանի ձեր աղմկոտ առօրեային եւ Կիրակի օրերին գուցէ, ազատ ժամանակ ունենալու պարագայում, երբեմն վերընթերցէք Ռուբէնի յիշատակարանի այն տողերը, որոնք նուիրուած են Սասունին:
Իսկ երբ մնաք ինքներդ ձեզ հետ, ձեր խորքում ու ձեր աշխարհում, անկեղծ լինէք ձեր ու ձեր ներսի «հայորդու» հետ, անպայման ներքուստ խոստովանելու էք, որ Սասունն ամենալաւ վայրը չէ ապրելու համար: Դուք անպայման մեծագոյն հպարտութեամբ կը պատմէք ձեր բոլոր սփիւռքահայ ընկերներին, որ հանդիպել էք Սասունի լեռներում ծուարած մի գիւղակում ապրող ու ձեզ հայերէն ողջունած հայ Կիւլպահար տատիկի, հայերէն երգող Ահմետ պապիկի, իր հայ լինելու մասին ձեզ շշուկով ասած ինչ-որ խարտեաշ տղայի: Բայց հոգու խորքում այդ նոյն տատիկին ու պապիկին, այդ նոյն խարտեաշ տղային դուք անկեղծօրէն չէք նախանձի, եւ եթէ է՛լ աւելի անկեղծ լինէք ինքներդ ձեզ հետ, կը ցանկանայիք նրանց տանել ձեզ հետ Ամերիկա, Գանատա, Ֆրանսա, ի վերջոյ` գոնէ Հայաստան: Որովհետեւ դուք անկեղծօրէն չէք հասկանայ, թէ ինչո՛ւ են նրանք մնում այստեղ: Եւ միայն այդ պահին դուք անկեղծ կը լինէք ձեր ու ձեր երազներում անշօշափելի մնացած Սասունի հետ: Այո՛, Սասունը ապրելու լաւագոյն վայրը չէ այս երկրագնդի վրայ:
Այսօր Սասունի` որպէս գաղափարախօսութիւն ամուր ու կարեւորագոյն տեղը մեր համազգային նոր գիտակցութեան մէջ, հէնց սրա մէջ պիտի փնտռենք. այն շատ պատճառներ չունի իրեն սիրել տալու համար, այն սիրում են հէնց այնպէս: Առհասարակ հայրենիքը սիրում են հէնց այնպէս:
Բանալին հէնց այստեղ է. սասունցիները չեն սիրում Սասունը Վանի պէս գեղեցիկ, Մշոյ դաշտի պէս բարեբեր, Զանգեզուրի լեռների պէս կանաչ լինել-չլինելու համար: Նրանք սիրում են այն ուղղակի: Նրանք հայրենիքից չունեն եղածից աւելի մեծ ակնկալիք, որովհետեւ գիտեն, որ հայրենիքը սովորաբար մեզ պարտք չէ, մենք ենք նրան պարտք: Նրանք չեն փնտռում այնտեղ բարեբերութիւն, որովհետեւ հայրենիքը արժանիք է, ոչ թէ` իրաւունք: Նրանք չեն համեմատում իրենց անշուք հայրենիքը հարեւան աւելի գեղեցիկ գաւառների, երկրների ու ժողովուրդների հետ, որովհետեւ այս լեռներում վաղուց, հազարաւոր տարիներ առաջ են հասկացել, որ սէրն առ հայրենիք նախապայմաններ չի պահանջում:
Ահա թէ ինչո՛ւ է պէտք Սասունն ու դրա դիմադրող բնոյթը ոչ թէ գովերգել, այլ` ներարկել մեր ազգային ենթագիտակցութեան մէջ հէնց այսօր ու հէնց հիմա: Ահա թէ ինչո՛ւ Սասունի ու դրա անցեալի հանդէպ հիացմունքը պիտի ապրի ոչ թէ ձեւի, այլ բովանդակութեան մէջ:
Այսօրուայ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան` մեր հոգու մէջի Սասունը: Այն շատ բան չունի մեզ տալու, բայց այն փրկելու են միայն նրանք, որոնք ոչինչ չեն ակնկալելու այն սիրելու դիմաց: Նրանք, որոնք ունակ կը լինեն սիրել Հայաստանը հէնց այսօր ու հէնց այսպէս. պարտուած, մասնատուած, լքուած, յուսահատ Հայաստանը: Միայն այդ դէպքում Հայաստանը կ՛ունենայ առիթ ու հնարաւորութիւն` երկրորդ Սասուն չդառնալու: Միայն այն ժամանակ, երբ մեր հոգու Հայաստանն ու նրա հանդէպ սէրը ձեւից կը դառնայ բովանդակութիւն:
«ԱԿՈՒՆՔ»