(Մեծ Բանաստեղծ Յիշատակին)
Ծաղկում չի լինի, չի լինի ծաղկում
Թէ չփրեցնես սուրբ հողը խղճիդ
Ռազմիկ Դաւոյեան
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Ոգեղէ՜ն հաց, ոգեղէ՜ն հաց, մտքի, երեւակայութեան աննիւթական հաց, ինչպէս նաեւ հաւատի հաց եւ նշխար, ու այնքա~ն շօշափելի, որ կարծես իրական մեղրահաց են դրել առջեւդ:
Համաշխարհային երկրորդ պատերազմի նախադռանը ծնուած բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը դեռ մանկուց է երազել իրական, շօշափելի հաց ուտել, տնական կաթի սէրով թոնրի լաւաշ ճաշակել, բայց աւա~ղ, սնուել, սնուել սովորական առօրեայ հացով։ Այնքան էլ դիւրին չէր այդ տարիներին` Լոռու Մեծ Պարնի գիւղում ծնուած երեխայի համար, երբ գիւղում գրեթէ գործ անող տղամարդ չէր մնացել: Բոլորը հայրենիքի պաշտպանութեան դիրքերում էին: Ուշիմ, խելացի երեխան շատ շուտ հասկացաւ, որ սովորական հացից բացի, կայ նաեւ ոգեղէն, հոգու հաց, որին պիտի տիրանալ ընթերցանութեամբ, իր նման լոռեցի ՄԵԾՆ Թումանեան կարդալով:
Ռազմիկ Դաւոյեանը փոքրուց ընդունեց Աստծոյ պատուիրանը. որն ասում է «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Ամբողջ կեանքում է առաջնորդուել Ռազմիկ Դաւոյեանը Ոգեղէնով, հոգեկան հացով: Պատահական չէ, որ նա իր կեանքի վերջալոյսին ասել է.
– Ես աչքը կուշտ մարդ եմ, ակնկալիքներ էլ չունեմ:
Եւ սակայն`
Հիմա նայում եմ հեռու մանկութեանն իմ փշրուած
արի~ւն…սարսա~փ, ու մի փշուր մաքուր հաց:
Ու այդ` «մի փշուր» հացով իմաստնացաւ, հզօրացաւ, առնականութիւն, ոգեղէն ուժ, բանաստեղծելու երկնային կարողութիւն ձեռք բերեց Դաւոյեանը ու դարձաւ ՌԱԶՄԻԿ, ռազմիկ` պայքարելու, յաղթելու համար, ինչո՞ւ չէ, պարտուելու նաեւ, պարտուելու, որպէսզի միշտ մնայ յաղթական.…
Ի՞նչ,` յաղթակա~ն, ի՞նչ յաղթող, երբ պարտուած է մի ամբողջ ժողովուրդ, իր ժողովուրդը…, եղած յաղթանակներն էլ այն չեն…, դրանց մէջ անգամ տառապում է բանաստեղծի հոգին:
Առաջին օրը տառապանքի ցաւ
եւ վերջին օրս տառապանք ու ցաւ
Ի՞նչ է սա, իրերի, իրականութեան բացայայտո՞ւմ` ո՜չ: Ուրի~շ է բանաստեղծի միտքը, առաջին օրը տառապանք էր ու ցաւ` իրական հացի պատճառով, իսկ այսօ~ր` ցաւ ու տառապանք է ոգեղէն հացի, ոգեղէն սովի պատճառով: Իր ոգեղէն հացով լեցուն հոգին տառապում է ուրի~շ-ուրի~շ ցաւերի համար, այնքա~ն խորն է բանաստեղծի ցաւը, որ վստահ լինելով, թէ մենք տեղեակ ենք այդ ցաւին, սակայն վստահ չէ` գիտե՞նք արդեօք այդ ցաւի տարողութիւնը:
Իմ խուլ ցաւերով տառապողն անգամ
ցաւերիս ցաւին անտեղեակ է միշտ
Շաբաթը վեց օր տառապող բանաստեղծը պէտք ունի մխիթարութեան: Ո՞վ կարող է դա անել, եթէ ոչ Տէրը` Յիսուս Քրիստոսը, որին էլ պիտի դիմել․
Ո՞ւր է` տառապանքի Կիրակին, ՏԷ~Ր ԻՄ
Սա արդէն ՆԱՐԵԿԱՑԻ է, մեր օրերի Նարեկացին:
Ընդհանրապէս, Ռազմիկ Դաւոյեանը շատ է խօսում Տիրոջ հետ: Ինչպէս Նարեկացին, թողութիւն խնդրում չգործած մեղքերի համար, որոնք իրենը չեն, մարդկութեանն են, որոնց պառճառով`
Հայոց աշխարհ-եկեղեցի`գմբէթներով բազում
Զանգերդ սուրբ ղողանջիւնով պատարագ են ասում
Այո՜ , մի ողջ Հայաստան աշխարհ պատարագ է մատուցում` կորցրածի համար,- հե՞շտ է ասել «կորցրածի»,- այդ մե՜նք գիտենք, թէ ի~նչ ենք կորցրել, ու կորցնում ենք նաեւ այսօ՜ր, ամէ՜ն օր, ամէ՜ն ժամ:
Ա՜յս է ուզում ասել Ռազմիկ Դաւոյեանը, ՌԱԶՄԻԿ բանաստեղծը:
Ռազմիկ` մարտնչող բանաստեղծներ շատ են եղել, սակայն ուրիշ է Դաւոյեանի ՌԱԶՄԻԿ լինելը, որովհետեւ նա ծնուեց հենց այդպէս` որպէս ռազմիկ` մարտնչող մարտիկ: Պարզապէս կեանքն ու դառն իրականութիւնը նրան այդպիսին դարձրին: Արդիւնքում` ՌԱԶՄՒԿ անունը իրական կերպարանք առաւ, թէ՛ որպէս անուն եւ թէ որպէս անձին բնորոշող շոյիչ ածական:
1960ականների սկիզբներին Հայաստանում մէջտեղ ելաւ Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմը: Սա իրական յեղափոխութիւն էր հայ գրականութեան մէջ: Ծփում էր Երեւանը, ուրախութիւնից արբեցած մարդիկ, Սեւակի հատորեակը ձեռքներին, միմեանց ողջունելով, կարծես թռչկոտելով էին քայլում ապրիլեան շնչով լցուած Աբովեան փողոցով: Քաղաքի բոլոր գրախանութներում վայրկեանների ընթացքում չքացել էին Սեւակի հատորները:
Եւ այդ ժամանակ էր, որ հազիւ երրորդ տասնամեակը ոտք դրած երիտասարդ Դաւոյեանը, կեանքի դաւերին դեռեւս անտեղեակ, այդ գիւղացի տղան գրեց իր առաջին մեծածաւալ «Ռէքուիեմ» պոեմը: Բանաստեղծը ամբողջ ձայնով մարդկանց երեւակայութեան մէջ մեխեց արտաքուստ յայտնի, մինչ այդ չասուած ճշմարտութիւններ.
Մի ծառ ծաղկում է,
երկրորդը ծաղկում է,
երրորդը ծաղկում է,
հարիւրը, միլիոնները
բոլորը ծաղկում են:
Մի ծառ չորանում է,
երկրորդը չորանում է,
երրորդը չորանում է
հարիւրները, միլիոնները,
բոլորը չորանում են:
Ովքե՞ր են այդ բոլորը, միլիոնները,- այդ մե՜նք ենք, մե՜նք` մեր միլիոններով: Մենք` որ տխուր ենք նաեւ այսօր, յաւիտենական տխրութեամբ պարուրուած…
Միշտ լոյս փնտռեց Ռազմիկ Դաւոյեանը, երբեմն էլ, յուսահատական պահերին բղաւեց.
Ո՞ւր է Արարիչը, որ խեղդուելով մթից,
Գոռաց` «Եղիցի լոյս…» եւ « Լոյս եղեւ
Գոռաց` «Համակարգուիր, քաոս…»
Ինչի՞ համար է լոյս փնտռում հայրենասէր բանաստեղծը, այն էլ Արարչի «միջնորդութեամբ»,- որովհետեւ քաոս է իրական կեանքը, երկրային, քաոս, որ չի համակարգւում գէթ մե՜զ համար, հայ ազգի համար, որ, թէեւ ունի «Դրախտի երկիր», սակայն մատնեմատի չափ բախտ անգամ չունի:
Դրախտի երկիր, անհուն դրախտ,
մեծ երազների փոքրիկ օրրան,
քո մէջ ծնուեցին քաղցր յոյսեր, եւ քո վիհերում անդարձ կորան:
Դրախտի երկիր, անհո~ւն դրախտ,
մեծ օրհնութիւն քեզ, եւ… փոքրի~կ բախտ:
Արարիչ, լոյս, հաւատ․ այս եռանկիւնով է պայմանաւորուած հայրենասէր բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի հաւատամքը: Եթէ մարդկութիւնը այսօր աւերներ է գործում, չարիք տեղում անմեղ ազգերի գլխին, դա նրանից է, որ նրանք չեն ճանաչում Արարչին, չեն հաւատում Արարչի գոյութեանն ու նրա աչք շլացնող լոյսին, որովհետեւ այդ նոյն մարդիկ`
Մարդիկ աշխարհը ծաղկեցնում արեամբ
վիշտ ու հառաչանք ծածկում են գոյնով
մէկտեղ ծիծաղում, առանձին լալիս,
խեղդում են իրար միեւնոյն արիւնով:
Սարսափազդու, եւ, դժբախտաբար մեր դարի համար միանգամայն ճիշդ այս բնորոշման մէջ, Ռազմիկ Դաւոյեանը առանձի~ն միտք, առանձի~ն մտածում ունի իր ժողովրդի մասին: Հայաստանը ամէ~ն, ամէ~ն ինչ է նրա համար:
– Հայաստան աշխարհն ինձ համար,- ասում է նա,- ամենաթանկագին բանն է մոլորակի վրայ․ այս աշխարհից դուրս ես իմ կեանքը չեմ պատկերացնում առանց նրա:
Ու` այս «արեամբ ծաղկած» աշխարհում, բանաստեղծ Դաւոյեանը իր հոգու ամէնանուրբ անկիւնում մի լուրջ խրատ ունի մեզ համար, իր ժողովրդի համար՝
Աստծոյ նման խաղաղ պահիր քեզ
Աստծոյ նման եղիր բարեսիրտ
նրա պէս եղիր հաւասարատես
ու ծաղկեցրու նշխարը լոյսիդ:
Ռազմիկ Դաւոյեանի ընդգրկած նիւթերի մէջ բարձրակէտը հայրենասիրութեան թեման է: Ամէն, ամէն ինչ` սէր, բնութիւն, ընտանիք, փիլիսոփայութիւն, անցնում են «հայրենասիրութիւն» պրիսմակի միջով: Դաւոյեանի անեզր հայրենասիրութիւնը չափազանց ուսանելի է ու վարակիչ նաեւ:
Դժբախտաբար, մէկ ամիս առաջ, 81 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տուեց տաղանդաւոր բանաստեղծ, քաղաքական գործիչ, հրապարակագիր, բազմաթիւ շքանշանների եւ պատուգրերի արժանացած Ռազմիկ Դաւոյեանը, իմ պատանեկութեան եւ երիտասարդական տարիների լաւագոյն ընկերներից մէկը:
Յիշողութեանս մէջ է Ռազմիկ Դաւոյեանի անչափ այժմէական, Սիլվա Կապուտիկեանի ոճով յօրինուած բանաստեղծութիւն-պատգամը, որ ուղղուած է մեր զաւակներին, որոնք, կեանքի դժուարագոյն պայմանների պատճառով (մանաւանդ` ՍՓԻՒՌՔՈՒՄ) օրէ օր հեռանում են տնից, հայրենական օճախից: Ահա այդ Պատգամը.
Քեզ ի՞նչ տամ զաւակս,
Ի՞նչ տամ քեզ…, ի՞նչ ասեմ
Աշխարհին այս չարակամ,-
Ի՞նչ զաւակ, որ իր մօր օճախում
Չկտրի մի պատառ հաց անգամ:
* * *
Սոյն յօդուածի առաջին տարբերակը տպագրուել է խորհրդային օրերին` 1987ի Յունիսին, Կալիֆորնիայի «Նոր Կեանք» շաբաթաթերթում: Մինչ օրս չգիտեմ, թէ ով էր Ռազմիկ Դաւոյեանին հրաւիրել Լոս Անջելես` իրեն նուիրուած երեկոյի, բայց այն անակնկալը, որն ինձ ապշեցրեց ու զարմացրեց` հաճոյքով եմ յիշում:
Հեռաձայնում է իմ պատանեկութեան տարիների ընկերներից շնորհալի քանդակագործ Երուանդ Գոջաբաշեանը:
– Հենրիկ, ճիշդ է, վաղուց չենք խօսել միմեանց հետ, բայց հիմա իսկ, գործ-բան թող ու արի «Կարուսել» ճաշարան, գիտես ի հարկէ, քո տնից շատ մօտ է, ես ու Ռազմիկ Դաւոյեանը քեզ ենք սպասում:
– Ի~նչ, Ռազմիկն այստեղ է եւ ես տեղեակ չե՞մ… ե՞րբ է եկել:
– Ի՞նչպէս տեղեակ չես… չէ՞ որ երկու օր հայրիկիդ հիւրն է եղել, ձերոնք բան չեն ասե՞լ:
– Չէ, ո՜չ, չեն ասել, զարմանալի է: Հիմա գալիս եմ:
Յաջորդիւ զգացի, որ թէ հայրիկս եւ թէ Ռազմիկ Դաւոյեանը խուսափում են իրենց հանդիպման մանրամասնութիւնների մասին ինձ տեղեակ պահել: Ակամայ մոռացութեան տուի եղածը, սակայն այսօր, հոգուս խորքում ի մի բերելով Ռազմիկ Դաւոյեանի անցած կեանքի ուղին, գիտեմ թէ ինչի համար է եղել այդ օրերի համար յոյժ գաղտնի այդ հանդիպումը` անուանի պատմաբան, հայագէտ, մատենագէտ Յակոբ Անասեանի հետ: